Խաչելություն
Երբ իններորդ ժամն անցավ,
մութն էր դեռ շուրջն ու խավար,
Գողգոթայում մերկալանջ
մարմրվում էր մի անուն`
Նիկոդեմոսն այն բարի
և Հովսեփը բարերար
Կարկառեցին դեպի վեր
ձեռներն իրենց դողդոջուն:
Այնտեղ, երկրի անհունում,
խաչափայտին երկնաձիգ
Ինքն իր խորքում Անսփոփ,
ինքն իր ներսում Մենակյաց,
Շրշում էր հեզ մի Ոգի`
մարմնավորված գեղեցիկ,
Սահմաններում մեկուսի
հավերժության ու կենաց:
Ինքն էր: Այնտեղ իր երկրորդ
նախաշեմին գալստյան,
Իր երկրային կյանքն արդեն
խաչի վրա ավարտած,
Երբ տվել էր ողջը մեզ`
իմաստությունն իբրև Բան,
Արյունն` Ուխտի թունդ գինի
և մարմինը որպես հաց:
Փշե պսակն իր գլխին:
Առած մարդու մեղքը մեծ`
Բաբելոնյան ժանտ ոգով,
ահագնությամբ անհամար,
Մեղք, որ դեռ հին դարերից
մռնչում էր դառնահեղձ
Եվ դժոխքից վիժելու
ելք էր փնտրում ու հնար:
Մեղք, որ հացին մեր օրհնյալ
թույն էր խառնում դառնամած,
Մինչև երկնի փեշերին
բոցն էր հանում մորմոքի`
Խաչի վրա երկնուղեշ
բեկբեկում էր Նա կամաց,
Որ հովանի լինի մեզ:
Ու մեր սիրտը ամոքի:
«Կատարված է ամեն ինչ»
վերջին պահին լուռ շրշաց`
Փորձության մեջ ահարկու
հոգին պահած անխաթար:
Ով էր` խոցեց սուր տեգով:
Ով` բարբառեց վշտամած.
– Սա էր աստծո սուրբ որդին
և՛ ճշմարիտ, և՛ արդար:
Սա էր, այո, Սուրբ Որդին`
և՛ ճշմարիտ, և՛ արդար,
Եկավ` վառման կրակով
սրբի վիշտը մեր սրտում,
Եկավ` մարդու իղձը վառ
սրբագործի դարեդար,
Հանց ուղարկած Ռահվիրա
և Ուսուցիչ իմաստուն:
Մարդու համար` դա Վինչի
ու Նյուտոններ ծնի Նա,
Նարեկացի ու Մոցարտ,
Նապոլեոն ու Հոմերոս,
Իմաստնության իր գործով
Նա հավերժ կյանք ունենա:
Ու փրկվի հավիտյան:
Ոչ թե կորչի բարբարոս:
Հիմա մարդկանց համար այդ`
գուցե խեղճ ու աններում,
Ովքեր գուցե լուսաստղով
մեկնեցին ու չհասան`
Փակ աչքերով նա փառքի
սյունն էր պահում վերևում,
Փակ շուրթերով նա սիրո
հիմն էր երգում սրբազան:
Հարություն
Երեք օր էր անցել դեռ
մահվան շեմից ահարկու,
Ու պատռվել մեջտեղից
վարագույրը հինավուրց,
Ճամփա ընկան դեպի խորշ
Մարիամները այն երկու`
Պատշաճ կարգով խնամեն
տիրոջ մարմինն անտերունչ:
Մի հրեշտակ կար այնտեղ,
ասաց նրանց սրտահույզ.
– Հարություն է առել Նա:
Այստեղ Նրան մի՛ փնտրեք:
Այսինքն` ինքն իրենով
և իրենից ելած դուրս`
Բարեխոս է դարձել Նա
մեր մարդկության համար հեգ:
Միաշաբթի իրիկուն
աշակերտներն իր ուսյալ
Սեղանի շուրջ բոլորած
խորհում էին վշտաբեկ.
– Առեք,- ասաց,- Սուրբ Հոգին,
ու չեք լինի կորուսյալ:
Ես եմ: Սիրտը ձեր իզուր
կասկածներով մի՛ նեղեք:
Միս ու ոսկորն ահա իմ,
շոշափեցեք,- հորդորեց,-
Այս եմ եղել, ինչպես կամ,
այս էի, երբ խուց մտա:
Կփրկվի նա, հարկավ,
ով Հավատն է պահում մեծ,
Իսկ եթե ոչ` երկնքում
դատապարտվի պիտի նա:
Խաղաղություն ձեզ,- ասաց,-
ձեր երկրային գործերում,
Որ օգտվեք իմ այգու
որթատունկի պտուղից,
Ինչ որ չար ու ամբարիշտ`
կկործանվի իր որջում,
Եթե բարիք` հավիտյան
վերադառնա պիտի ինձ:
Ինքն էր` վերուստ Սուրբ Հոգին,
որ հեղվում էր անընդմեջ,
Փռած մեր դեմ կարոտի
հայտնություններն իր կանաչ,
Ի՜նչ անկումներ ու թախիծ,
որ կրում էր ինքն իր մեջ,
Ի՜նչ թռիչքներ ու բարձունք,
որ բացում էր մեր առաջ:
Նա էր` մարդու հեզ Որդին,
հավերժորեն ճառագած,
Վշտակիրը: Անսփոփն:
Ամենակյացն անձնվեր:
Գնում էր Նա մեր հոգուց
առած սկիզբ ու ընթացք,
Գնում էր Նա լուսաստղի
ցոլացումով դեպի վեր:
Օրհնյալ լինի Հարության
թող հրաշքը հիմա մեծ,
Ուր տրվում է սերը մեզ
ու մարմինը որպես հաց,
Օրհնյալ լինեն խնդության
արշալույսներն իր անեղծ`
Վաղորդյան նոր ճառագող
հոգիներում մենակյաց:
Եվ մեզ հետ է Նա հիմա
վերհառնումով կարեվեր,
Հար եղել ու կլինի
օրերի մեջ մեր բոլոր`
Շունչը շնչին մեր ձուլած,
փառքը պարզած դեպի վեր,
Հանուն ոգու մեր արդար,
սուրբ հայտնության ու սուրբ Հոր:
Հոգեգալուստ
Առած, ահա, հարություն
մեռյալներից կարեվեր,
Ինչ գրված էր նախապես
Օրենքներում Մովսեսի,
Տիրոջ աջում բազմելու
գնում էր Նա դեպի վեր,
– Քո կամքով, հայր,- որ ասաց`
ընկած մի օր երեսի:
Ճաճանչափայլ լույսի մեջ,
մտքով պայծառ և արթուն,
Գնում էր Նա անտրտունջ
տիրոջ փառքին ընդառաջ,
Լեռը չուներ ինքն իր մեջ
այդքան խոնարհ լռություն,
Չուներ ծովը իր խորքում
այդքան հուզում ու շառաչ:
Գնում էր Նա մեր հոգու
հիացումով փառավոր,
Ու գաղտնալից երկնքում
մարմրվում էր լուսերես`
Սերմանելով մեր հոգում
իմաստության հունդը խոր`
– Սիրեք միմյանց,- որ ասաց,-
ձեզ սիրեցի ինչպես ես…
Սա է միակ ճշմարիտ
ընթացքը մեր և ուղին`
Թովմասի պես թեկուզ մեր
կասկածանքով նախօրոք,
Երբ անցնում ենք ի վերուստ
ուղիներով երկրային
Միշտ կենդանի ջրի պես`
հավերժ հմա ու նորոգ:
Ու թե տաճար սրբության.
այն մեր հոգին չէ՞ արդյոք,
Որտեղ բավ է հագեցման
լոկ երկու ձուկ ու հինգ հաց,
Երբ թոթափենք պիտի մենք
անդարձության լաց ու ողբ`
Մաքրագործիչ լույսերով
վշտերը մեր ամոքած:
Անբաժան է հիմա Նա
մեր սրտերից ու երթից`
Ճշմարտության ու Սիրո
լույս կանթեղներն իր վառած:
Անհուն: Անծիր: Անսահման:
Մեզ է նայում այնտեղից,
Ուր ձգտում է մեր ուղին`
անկոտրում ու փառապանծ:
Ինչ էլ լինի, հուսանք մենք`
երանություն, ոգու սով,
Մեզ հետ է Նա ամենուր:
Եռամեծար: Եռամեծ:
Ով մտնում է դեպի ներս
Երիքովի դարպասով
Եվ իր հոգում քաղաքի
դրոշմն ունի նախաստեղծ:
Նա` Սկիզբն ու Վախճանը:
Նա` Ալֆան ու Օմեգան:
Վերադարձող անվերջ մեզ:
Ու երբևէ չմեկնած:
Պարզած ձեռքերն ապահով,
նրանց, ովքեր պիտի գան`
Ազատաբաղձ իր ոգով
մկրտելու նորմեկանց:
Հեղվում է Նա կարոտի
եզերքներից հորդ ու ջերմ,
Ե՛վ Փառք, և՛ Հույս, և՛ Խոստում`
սրբագործում ամեն ինչ,
Նա` Ձիթենյաց մեր հոգու
պարտեզներում երկնաճեմ
Ամենահաս մեր աստված,
Նա` ճշմարի՜տ մեր Փրկիչ: