Մորաքրոջս` Էմմային
Հեռվից տունը տան նման էր: Այգին մի ահռելի տարածություն էր ձգվում, լայնքով ու երկայնքով աչքդ սահմանները գծագրել չէր կարողանում: Որքան հնարավոր էր` վերև-ներքև արեցին, ինչքան խելքները կտրում էր` գնահատեցին տանն ապրելու հնարավոր հարմարությունները և կարծեցին, թե գտել են այն, ինչ որոնում էին:
– Որ տունն եք նայե՞լ,- աչքերը խորամանկ կկոցած` ծառերի տակ թափված խնձորները ձմեռվա տաք խմիչքի համար հավաքող մորաքույրը ներքևից վերև նայեց:
– Էն ձորի գլխի սիրուն տունը, որ մեծ այգի ունի, պտղատու ծառերն էլ լիքը բեռնավորված են:
Մորաքույրը արագաշարժ կին էր, չնայած արդեն ծեր, բայց լեզուդ չէր պտտվում նրան իր տարիքը հիշեցնել, մինչև թոշակի անցնելը հացի գործարանում գիշեր-ցերեկ հերթափոխով աշխատել է, ալյուրի ու հացի մնացորդներով գյուղում խոզ պահող մորն է օգնել, համեղ հաց թխելու վարպետի համբավը հիմա էլ գյուղում է թևածում, հենց փուռը վառում է, գիտեն` նոր թխվող հացի բուրմունքին խառնված` պիտի նաև գյուղական գաթա «նազուկ» սիրուն անունը իր անուշահամի հետ սերնդեսերունդ վայելող թխվածքը թխվի: Եվ հանգիստ հյուր էին գալիս արևկող պատշգամբում հավերժական զրույցների տրամադրող քաղաքային խմիչք սուրճը նազուկի հետ ըմբոշխնելու:
– Էլ տուն չգտա՞ք, ա՛յ բալա, գնացել եք, էդ փնթիների տունն եք հավանել: Ի՞նչ կար այնտեղ հավանելու: Տուն մտել ե՞ք, նրա ծուռտիկ սենյակները տեսել ե՞ք, մի կերպ իրար կպցրած պատեր են, ցածլիկ-մածլիկ, բայց թե, գիտե՞ս ինչ, ասենք, դու մի կարգին կնորոգես, տունը տեսքի կբերես, բայց անունը, միևնույն է, փնթիների տուն է մնալու:- Արագ-արագ գոգնոցը խնձոր էր լցնում, բերում դատարկում մեծ տաշտի մեջ, նորից հերթով անցնում ծառերի տակով ու վրա տալիս մի լավ բանաստեղծություն հուր-հավիտյանի համար անգիր արածի պես:- Էն մեծ պատերազմի ժամանակ ոջիլը վրա էր տվել, բան չունեմ ասելու, բոլորս էլ այդ չարիքի միջով անցել ենք, բայց որ մինչև վերջերս էդ տան պահապան ծերերին ոջլոտ էինք ասում, շատ էլ ճիշտ էինք անում: Թոռները գալիս էին մոտները, ամառ օրով ալարում էին երեխեքին լողացնեն, մաքուր հագցնեն, կողքներովս անց էին կենում, թե չէ, ոջիլի ահից հեռու էինք քաշվում: Հո չեմ ասում, թե երեխեքի գլխին ոջիլը վխտում էր, բայց չեմ էլ ասում, թե չէր վխտում: Որովհետև ահը մեջներս էր: Տունն էլ էդ երեխեքի նման մեզ իրենից հեռու է պահել: Որ սովից մեռնելիս լինեմ, ես նրանց ձեռքից հաց չեմ վերցնի, որ ուտեմ…- կարծես թե գլխավոր որոշողի իրավունքով` կնիքը խփեց, մի կողմ դրեց այդ տունը ևս:
– Լավ, բա ո՞ր տունը նայենք, մի բան ասա, խորհուրդ տուր, որը նայում ենք, մի պոզ ու պոչ կպցնում ես:
– Որն ուզում եք, նայեք, բալա՛ ջան, ես ասել եմ ու էլի եմ ասում` ձեր պապական տունը սա է: Սա պիտի լինի ձեր բոլորին դեպի գյուղ բերող օջախը:
– Հա՛, համաձայն եմ, լավ ես ասում, բայց ի՞նչ վատ կլինի, որ էլի մեկ տուն ունենանք, վաղը, մյուս օրը շատանալու ենք, ամեն մեկս մեր ընտանիքն ենք ունենալու:
– Դուք պետք է այս տան դուռը բաց պահեք: Ձեր պապի անունը բարձր պահեք: Իմ հերը ջահել-ջահել կյանքից հեռացել է, անմեղ մարդուն բռնել, դատել, սպանել են, բայց մեր երդիկից ծուխը չի անհետացել, այգին էլ անմշակ չի մնացել,- ասաց ու զարմանալի հանգիստ` շարունակեց:- Գնացեք, բալա՛ ջան, ման եկեք, գտեք, բան չեմ ասում, թող ձեր սրտով լինի:
Մի վայրկյան դադար չունի, ինքը դեսուդեն է անում քիչ չի, ամառային հովեկ հյուրերին էլ բան ու գործի է դնում:
Տուն եք ման գալի՞ս,- հաջորդ տարի տուն վաճառողներն իրենք մոտեցան, ասացին` գնում են արտերկիր, տունը անխնամ թողնել չի լինի, ափսոս է, ձեռքից կգնա, կփլվի, լսել ենք` տուն եք ման գալիս:
Վերևի թաղերում էր, անտառին կիպ կպած, հնամաշ, փոքրիկ մի բան: Նորոգելու փոխարեն համարյա թե նորը պիտի կառուցեիր, բայց անտառին մոտ լինելը հաճելի առավելություն թվաց:
– Ոնց էլ գտնում եք հենց այն մարդու տունը, ում շեմքից ամեն մեկը չէ, որ ներս կմտնի:- Այգուց ճաշացու եղինջ հավաքող ծեր կինը նույնիսկ չուղղվեց` մի կարգին խոսի, հենց այդպես` արագ-արագ այդ կծան կանաչին պոկոտելով` մի լավ շշպռեց տունը հավանածներին:- Գնացեք, գնացեք փողերը տվեք, հարստացրեք այդ մատնիչի ժառանգներին: Առոք-փառոք ապրել են հերները գլխին, մեզ լայաղ չէ՞ր, որ մենք էլ մեր հոր սերով ու տերով մեծանայինք, մեր մերն էլ մարդ ունենար գլխին, գիշեր-ցերեկ չաներ, որ երեք որբերին սոված չթողնի: Գլխակերի տունն եք առնո՞ւմ… առեք…
Չէ՛, ուղղվեց, հպարտ նայեց իր կոկիկ և նորոգ գլգլան տանը, բարիքներով լիքը այգուն, ծառերի տակ թափված մրգերը հավաքած, նկուղի դիմաց շարված էին, լոբին կախ-կախ սպասում էր հասունանալու և ձմեռվա համեղ պաշար դառնալու իր ժամին…
– Ձեր տունը սա է, պիտի բոլորդ գաք, հաշտ ու համերաշխ վայելեք, իրար հասկանաք, չկռվեք, թև-թիկունք լինեք:
– Ամեն տարի նույնն ես ասում, չես թողնում մի բան հավանենք, ամուսնացել ենք, արդեն շատացել ենք, երեխաներ են ծնվելու, թող իրենց սեփականն ունենան: Ես հո չե՞մ մերժում իմ պապական օջախը: Սա էլ կլինի մեր հյուր գալու տունը:
– Հյուր գալո՞ւ,- ծաղր կար մորաքրոջ արձագանքում:- Դու քո օջախ հյուր ես գալո՞ւ, այ շատ ապրես` տանտեր պիտի լինես, որ տունը պահես: Ուրիշի տունն առնես` նրա տունն ես շենացնելու, հը, ուզածդ դա՞ է… Գնացեք, էդ լավ տղերքի պահած տների հասցեները գիտեք, գնացեք փնտրեք, սա էլ իմ հոր աղջիկների պահածն է, էն հոր, որին բանսարկողն ու մեզ նրանից զրկողը պինդ կողպել է տունը ու փախեփախ` հետ է եկել, որ հողն իրեն ների: Տուն են ման գալիս… էլ բան չեմ ասում,- քթի տակ իրեն-իրեն խոսելով գնաց իր հազար ու մի գործին:
Հացի խմորի պատրաստություն տեսավ, իր շուրջը հավաքեց, գործի դրեց, նազուկն էլ, որպես պարգև, հայտնվեց սեղանին:
– Աչքերս լավ չեն տեսնում, վախենում եմ ափսեները լավ չլվանամ, աղջիկնե՛ր ջան, այս տարվանից այդ գործը ձերն է:
Անսովոր էր նրան խեղճացած տեսնելը: Բայց այգին կոկիկ ցանված էր, բերքը հասել, հյուրերին պատվում էր, ծառերը կարկտահար էին, միրգը պակաս էր, տերևները` վիրավոր, տունը պլպլում էր, անկողինը` խշխշան ճեփ-ճերմակ, սառնարանը` լիքը…
– Ալյուրը բերեք, ես ասեմ` դուք նազուկի խմոր արեք, աղջիկնե՛ր ջան` հերթը ձերն է:
Կանայք դեսուդեն ընկան, տղամարդիկ չուզեցին անգործ մնալ:
– Ասում են` մի կիսատ կառուցած տուն կա, հնարավոր է կարգին մի բան լինի, գնանք տեսնենք, գանք…
Մորաքույրը անտարբեր թվաց, ձայն չհանեց:
Սուսուփուս, քանի դեռ ամպրոպ չէր ճայթել, շտապեցին տնատես: Ամբողջ տարին մտքում տալիս-առնում էին` տունը պետք է, տունը պետք չէ, պետք է, պետք չէ… բայց գյուղ գալով հանկարծ հասկանում էին, որ իրենց սեփականն են ուզում, որ թղթի վրա գրված լինի այսինչի անունով է տունը, որ ինչ ուզենան` անեն, որովհետև իրենցն է լինելու…
Կիսատ տունը գյուղի հակառակ կողմում էր, մեկուսի, դիմացը շքեղ տեսարան: Կանգնել, զմայլվում էին, գին էին սակարկում, շենքն ավարտելու գումարն էին հաշվարկում, բայց ո՞վ է կառուցելու, ո՞վ է գլխներին կանգնելու, դեռևս տաք-տաք են, կարծում են` մի բան կստացվի:
Մորաքույրը պատշգամբում նստած էր այն նույն տեղում, որտեղ թողել, գնացել էին տնատես:
– Աթոռները բերեք, մոտս նստեք ու ինձ լսեք:
Ձայնը տարօրինակ սառն էր, համարյա թե` պաշտոնական:
– Եթե ամեն տարի պիտի գաք տուն որոնելու, ավելի լավ է` այլևս չգաք: Հասկացա՞ք:
– Այ քեզ բան, տնից վռնդո՞ւմ է, բա ասում է` սա է ձեր տունը, ուրեմն ճիշտ են, որ ուրիշ տուն են որոնում: Ճիշտ են, մի օր, ահա, այսպես պիտի ասեն` սա մերն է, մենք ենք այս տան պահապանները, դուք գնացեք ձեր մայրաքաղաք, ոնց որ ժամանակին գնացել եք, իսկ մենք մնացել ենք, ու պապի տան դռան վրա կողպեք չի հայտնվել:
– Հիմա էլ գնացել եք, էդ փսլնքոտների տունն եք ուզում կառուցել, շենացնել, ծուխը ծխեցնել…թող իր ուրացող զավակները ամերիկաներ չփախչեին, կարծում են, թե գյուղը մոռանալո՞ւ է իրենց արածը: Ամերիկացի են դարձել, խեղճ աղջկան պատվազուրկ արել ու երեխեն փորումը թողել` փախել է անպիտանը: Տան տեր է հա՞, տան տղամա՜րդ է, իր հոր ազգանունը շարունակող որդի՜ն է, տեսեք-տեսեք: Նրա տունը պիտի շենացնե՞ք: Հերիք եղավ, բոլ եղավ, ամեն տարի գալիս եք, ներվահան անում, թողնում գնում: Հազար ասացի` սա է ձեր տունը: Սա՛: Քանի ես կամ` ամբողջ տարին աչքս ձեր ճամփին է: Ինձանից հետո իրավունք չունեք տունը դատարկ թողնելու: Չգիտեմ, թե ով, բայց իմ հոր տունը շեն պիտի պահեք` մեծացրեք, ընդարձակեք, շատացած եկեք ու ձեր բունն այս տանն ունեցեք: Իմ հոր տունը նրա ջահել կորստի հուշարձանն է, հասկանո՞ւմ եք, թե՞ էլի հազար անգամ պիտի ասեմ` սա ձեր պապի անուն-ազգանունով պատվարժան օջախ է: Սա անգին հարստություն է: Գնացեք այգի, գրկեք նրա տնկած ծառերը, ու ինձ պես` ձեր մտքում պատկերացրեք նրա գրկում եք, ու որ նա համբուրում է ձեր թշերը, որովհետև շնորհակալ է, որ սիրում եք գյուղն ու տուն եք ուզում ունենալ այստեղ:
Ծառերը կարկտից վիրավոր էին: Այգում երկրորդ ցանքսն էին արել, կարկուտին հաղթածի հպարտություն կար շքեղ կանաչում: Ոտքերի տակի հողը տարօրինակ փուխր ու ջերմ էր: Օդը ավելի քան լիքն էր օդով, որ թեթևորեն մխրճվում ու սուրում էր թոքերիդ միջով: Ծառերի սոսափյունը նվագախմբով հնչող մեղեդի էր` չգիտեք աշխարհի որ խորքերից այգի հասած, մեղմիկ քամուն թևանցուկ պտտվում, պար էր պարում:
Տունը, այգին, ծերունի ծառերը…
Գրկեց, աչքերը փակ` ձուլվեց ծառին:
Պետք է շարունակել տան պատվարժան անուն-ազգանունը:
Շատ թանկ տուն է, անգին: