Սուրէն  ԴԱՆԻԷԼԵԱՆ / ԳԻՏՆԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐՈՒՄ

զատ Եղիազարեանի 80 ամեակի առթիւ)

 

Մեր գրականագիտութեան առաջնակարգ մասնագէտներից Ազատ Եղիազարեանը այդպէս էլ, գրեթէ աննշմար, հատեց աւագ սերնդի գիտնականների շարքը։ Նա յայտնի է գիտական ծանրակշիռ աշխատութիւններով, թարգմանական տեսութեան մէջ նկատելի դերով, ընկերային ու վարչական պաշտօններում քաղաքացիական ակտիւ ու պատասխանատու խառնուածքով, սկզբունքայնութեամբ։ Այս ամէնի մէջ առանձնացնենք, նախ, կրթական ասպարէզին իր բարձր ծառայութիւնը Գաւառի պետական, Վ. Բրիւսովի անուան լեզուաբանական, «Հրաչեայ Աճառեան», յատկապէս վերջին շրջանում՝ Հայ-ռուսական (սլաւոնական) համալսարաններում, ուր տասնամեակներ շարունակ կարդացել է հայ գրականութեան պատմութեան տարբեր շրջաններ ընդգրկող դասընթացներ, գրականութեան եւ թարգմանական տեսութեան մասնագիտացուած առարկաներ։

Բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆեսոր Ազատ Եղիազարեանն այսօր, արդէն որերորդ տարին, գլխաւորում է Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան ամբիոնը՝ կազմակերպելով միջազգային եւ հանրապետական տարաբնոյթ գիտաժողովներ, ուսանողական քննարկումներ, օլիմպիադաներ՝ հետաքրքիր դարձնելով երիտասարդութեան առօրեան, կողմնորոշելով նրանց դէպի իր համար սկզբունք դարձրած «Չափանիշը անհատականութիւնն է» կարգախօսը։ Ի դէպ, երիտասարդ շրջանում, 1974-ին, այդպիսի  նպատակասլացութեամբ առաջնորդուել էր ինքը, երբ միութենական հեղինակաւոր «Дружба народов» ամսագրում նոյնայանգ խորագրով յօդուածը արժանացել  էր  տարուայ  մրցանակի։

Առաւել  բեղուն է գիտնականի՝ ակադեմիական ոլորտին բերած ներդրումը. 1972-ից ի վեր եղել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղեանի անուան Գրականութեան Ինստիտուտի առանցքային գիտաշխատողներից, աշխատել է գրականութեան տեսութեան, հայ հին եւ միջնադարեան գրականութեան բաժիններում, ղեկավարել նոր գրականութեան բաժինը, խմբագրել Ինստիտուտի եւ ՀԳՄ ենթակայութեան «Գրականագիտական հանդէսը»: Շուրջ տասը տարի  եղել  է  Գրականութեան  ինստիտուտի  տնօրէն (1999-2008)։

Ինչ  վերաբերում  է գրականագէտի հետաքրքրութիւնների տեղաշարժին, նշենք գիտական մայրուղու մէջ նրա բռնած ընթացքների ուղղութիւնն ու արագութիւնը, գաղափարական առաջանցիկ «խախտումները» ժամանակի մէջ՝ ի շահ ազգային ինքնութեան   պաշտպանութեան։

Գրականագէտի մասին յոբելենական այս խօսքում առանձնացրել ենք գիտական գնահատութիւնների միայն երեք սահման՝ նրա անցած հարուստ ամբողջական ուղին հնարաւորինս առաւել ամբողջական տեսնելու եւ արժեւորելու ցանկութեամբ։ Նիւթի ժամանակագրական  ընդգրկման  ու  ծաւալումի  յետագծով  դա  դէպի առաջին հերթին Յովհ. Թումանեանի[1] ու Ե. Չարենցի[2]  ծովածաւալ աշխարհներով ամրագրուած, Վ. Տէրեանի, Աւ. Իսահակեանի  աշխարհընկալման  հիմնագծերով խորացած, «Սասնայ ծռեր»ի պօէտիկայով զօրացած եւ նորագոյն բանաստեղծութեան ու արձակի՝ տասնամեակների չափումներով ճանապարհ ընկած Ազատ Եղիազարեանի հիմնարար ուղղութիւնն  է՝  պարբերացումների  արեւելահայ եւ արեւմտահայ յստակ ուրուագծումներով։ Ազատ Եղիազարեանը ժամանակների յաջորդական հերթագայութիւններում  տեսաւ  եւ  իր  հետազօտումների  կենտրոնում շաղկապեց ազգային բանաստեղծութեան հանգրուանների գիտական հանգոյցները՝ ձգտելով նոր տեսողութեամբ բացայայտել գրական շարժման օրինաչափութիւնները, անցեալի աւանդոյթների աղերսների եւ նորարար չափումների միասնութեան մէջ, ինչպէս ինքն է ձեւակերպել, ընդհանրացնելով հայ էպիքական բանաստեղծական ժառանգութեան գեղագիտական ընկալումները։ Նախապէս հասնելով 20-րդ դարասկզբի բանաստեղծական գեղարուեստական մտածողութեան ոսկեդարի ակունքներին՝ նա խորքային ներուժով քննաբանել է եւ գրականութեան միւս դարձերեսը՝ խորհրդային գաղափարախօսութեան պարտադրած գրական անկումի, ինքնութեան յարաբերական կորստի, տեղատուութեան պատճառականութիւնը՝ աշխուժօրէն մասնակցութիւն բերելով յանուն եւ ընդդէմ ռէալիզմի նախահիմքերի շուրջ ծաւալուած հարցադրումներին, 60-ականների ազգային զարթօնքի ճանաչողութեանը։

Անտեսելու չեն 1979-ին ռուսերէն հրատարակած «Բանաստեղծը եւ թարգմանութիւնը» մենագրութիւնը, որը «Բանաստեղծի ստեղծագործական անհատականութիւնը եւ թարգմանութիւնը» թեկնածուական ատենախօսութեան (1974) խմբագրման արդիւնքն էր, ինչպէս նաեւ դոկտորական հիմնարար աշխատանքի նախադրեալ դարձած «Թումանեանի պօէտիկան եւ նրա ժողովրդական ակունքները» մենագրութիւնը (1988) ութսունականների երկրորդ կէսին, որոնցով արժանի տեղ նուաճեց առաջատար թումանեանագէտների շարքում։

Նշենք, որ անհատականութեամբ եւ խառնուածքով Ա. Եղիազարեանը մասնակցել է գրականութեան եւ քննադատութեան միջեւ գիտական փոխճանաչումի նորոգ թափանցումներին, անցեալ  դարակէսին գրականագէտների եւ գրողների միջեւ ծնունդ առած արդիւնաւոր երկխօսութեանը։ Եւ մի իւրայատկութիւն եւս, որ նկատել է ինքը 60-80-ականների առընչութեամբ, նաեւ թախծի որոշ երանգով, արժեւորելով այդ երկու տասնամեակները որպես հայ քննադատութեան իւրատեսակ «ոսկեդար», գտնելով, որ դրանից  յետոյ քննադատութիւնը այլեւս նման  ազդեցութիւն չունեցաւ գրական կեանքի վրայ։ Ուշագրաւ է ազգային գրական երկու «ոսկեդարերի»՝ բանաստեղծական եւ քննադատական մտքի բնութագրերի զուգահեռները վերհանելու ճանաչողական կշիռների միասնութիւնը։

Զուգահեռաբար  հարկ է խօսք բացել Ա. Եղիազարեան տեսաբանի որակների մասին, ինչը նրան անցած յիսուն եւ աւելի տարիներին բերել է լայն ճանաչում։ Առաջին հերթին նկատի ունենք «Սասնայ ծռեր» էպոսի պօէտիկան» աշխատասիրութիւնը (առաջին հրատարակութիւնը՝ 1999-ին, երկրորդը՝ լրացուածն ու բարեփոխուածը՝ 2013-ին)։ Տեսաբանական հարցադրումներով ծանրանիստ այս  մենագրութիւնը Միացեալ Նահանգներում լոյս տեսաւ նաեւ անգլերէն (2008)՝ բերելով արտասահմանեան գիտնականների բարձր գնահատութիւններ (Է. Անդերսոն, Գ. Բարդակճեան, Ժ. Պիէր Մահէ, Թ. վան Լինտ)։  Դա  հնարաւորութիւն  տուեց, որ հայ գիտնականը էպոսագիտութեան միջազգային գիտաժողովներում (Հայաստան, ԱՄՆ, ՉԺՀ) շարադրի նորարար, համադրական  եւ  բանավիճային դրոյթներ՝ համընդհանուր ճանաչման հասցնելով  էպոսի  միջազգային  նշանակութիւնը,  թոյլ  չտալով  Արեւմուտքի գիտնականների շրջանում նրան երկրորդական դեր յատկացնելու փորձերը։ Նրանց գրախօսութիւններում հաստատւում էր այն միտքը, որ Ա. Եղիազարեանի աշխատասիրութիւնը  լաւագոյնս է ներկայացնում հայ էպոսի յատկանիշները։ Ընդ որում՝ եթէ ռուս ականաւոր հետազօտող Աֆանասի  Լոսեւը  հասցրել  էր դժգոհել էպոսների մէջ, այդ թւում՝  Հոմերոսի մշակումներում, տիպարների բարոյական արժէքների կտրուկ նահանջի փաստերից, ինչի հետեւանքով  «ճշմարտութիւնն  ու ազնուութիւնը այնքան բարձր չեն գնահատուել, որքան խորամանկութիւնն ու ճարպկութիւնը», ապա «Սասնայ ծռեր»ի շնորհիւ մարդուն վերադարձել է կորսուող բարոյական դիմագծերի ամբողջութիւնը։ Սա է ուսուցանում Ա. Եղիազարեանը հայկական էպոսի պօէտիկայի դասերից իր հետեւութիւններով։

2019-ին Հայ-ռուսական համալսարանը հրապարակ հանեց գիտնականի «Հայ բանաստեղծութեան  ոսկեդար»  ծրագրային  մենագրութիւնը,  որն ուղղորդում էր դէպի 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծութեան բաւիղները։  Այն  մտայղացուել  է  ամէնից առաջ որպէս  Թումանեան-Տէրեան-Չարենց  առանցքային հարցադրումի քննութեան նորոգ կերպ՝  ելնելով այն հիմնադրոյթից, որ դարասկզբի հայ բանաստեղծութիւնը մի ամբողջական, Վ. Տէրեանի «ուղղորդմամբ»՝ «ունիկում» համակարգ է՝ իր բազմազանութեամբ,  քնարական եւ էպիքական հակասական ընթացքներով, ընդջրեայ, բայց եւ ընդգծուած ենթաբնագրերով։ Դրանց մէջ պիտի ներառել ոչ միայն արեւմտահայ գրական «հեթանոսական» շարժման կենսափիլիսոփայութիւնը, այլեւ, Թումանեանի առաջնորդութեամբ, արեւելահայ «ոսկեդարը»՝ սիմվոլիզմի տարատեսակ պոռթկումներով՝ Լ. Շանթ, Մ. Մեծարենց, մասամբ՝ Արտ. Յարութիւնեան, Յ. Սիրունի, էպիքական ծաւալումներով՝ Սիամանթօ եւ Դ. Վարուժան,  զուգահեռ  ընթացող  տեսաբանական ներհակ որոնումներով, ընդհանրացման ճիգերով (Արտ. Յարութիւնեան, Վ. Տէրեան եւ ուրիշներ):  «Ես  ցանկացել  եմ  տալ ժամանակի պօէզիայի համապատկերի ամբողջութիւնը, կամ, եթէ կ’ուզէք, խճանկարը»[3],- գրում է Ա. Եղիազարեանը՝ խորութեամբ գիտակցելով իր պատասխանատուութիւնը, որ պահանջում էր իրենից ծաւալուն եւ խորքային քննութիւն, յատկապէս  արեւելահայ  եւ  արեւմտահայ  ճիւղերի  բարդ  համադրումներում։

Ուշագրաւ է, որ Յովհ. Թումանեանի եւ Յ. Օշականի աշխարհահոգեբանական երեւոյթների համադրութեան մէջ Ա. Եղիազարեանը չի շրջանցել առիթը խօսելու վարքագրութեան եւ բարքագրութեան բանավիճային տարընթերցումների շուրջ։ Ամենայն հայոց  բանաստեղծի  առիթով  գրում է. «Բարքերը նրա համար սոսկական ֆոն են, որոնք առիթ են տալիս խօսելու մարդու էութեան մասին… Թումանեանը խորութեամբ զգում է իր հերոսի եւ նրա համայնքի ներքին խոր կապը,  բայց դա  բարքագրութիւն  չէ.  եթէ մի քիչ բառախաղ անենք, դա վարքագրութիւն է, մարդու բնոյթի բացայայտում»[4]։ Ա. Եղիազարեանի հմտալի  «բառախաղի»  մէջ  որսում ենք «բարքի» մուտքի իրաւունքի ճանաչումը «վարքին»  զուգընթաց։

Ա. Եղիազարեանն արձանագրել է Թումանեանի յարաբերութիւնը իր ժամանակի բանաստեղծական այլ մեծութիւնների, մասնաւորապէս Տէրեանի հետ. խօսքը գրաւում է, նախ, երկու բանաստեղծների «անհաշտ» շիտակութեամբ, ինչը ընդգծում է նրանց գրական ընկալման հանդիպակաց ափերի «հեռաւորութիւնը», երբ գրականագէտը, աւանդոյթին որոշ չափով դէմ գնալով, համերաշխութիւն է յայտնում տէրեանական սրուած այն ընկալմանը,  թէ  Թումանեանի  «ճանապարհը  չի լինելու ապագայ հայ պօէզիայի ճանապարհ»[5]։ Առաջին հայեացքից ամենայն հայոց բանաստեղծի մասին «օտարոտի» թուացող  այս մտքին յաջորդելու է Ա. Եղիազարեանի անակնկալ մեկնութիւնը՝ «Թումանեանը դպրոց չստեղծեց, դա անհնար էր։ Երեւի նոյնը կարելի է ասել նաեւ Պուշկինի մասին։ Նրանք կարծես ամբողջ ժողովուրդն էին, նրանց աշխարհընկալումը եւ ստեղծագործութիւնը շատ համապարփակ էին, հանգամանք, որը բանաստեղծական մտածողութեան  որեւէ որոշակի, մասնաւոր գիծ չի առաջադրում։ Իսկ դպրոց կարող է ծնուել միայն  այդ  գծի  շուրջ»[6]։

Նկատենք ժանրերի եւ ուղղութիւնների զարգացման քննութեան նորարարութիւնը, երբ թումանեանագէտը  յաղթահարել է ազգային գրականութեան մէջ էպիքականի եւ քնարականի թոյլ յարաբերումի քննական աւանդոյթը՝ այն տեսնելով մեկնական նոր սահմաններում,  երբ  «բարքը»  դպրոցի  ձեւաւորման  յուսալի  աւազան  է։

Թումանեանի պօէզիայում էպիքական մտքի զօրութեան եւ Բակունցի արձակում քնարականի գերակայութեան համեմատական զուգահեռներ տեսնելու կարելիութիւնը Ա. Եղիազարեանը նկատել է դեռ 1974-ին լոյս տեսած գրական ժանրերի պատմական զարգացման մասին ուշագրաւ յօդուածում, ուր ճշդում էր ժանրերի զարգացման միասնութիւնն  ու  անընդհատութիւնը,  որը գալիս է Թումանեանի պահանջից, ինչը դարձել է  կենսական  նաեւ  նոր  օրերում,  Թումանեանի  ընկալման  նոր  հանգոյցներում։

Ա. Եղիազարեան տեսակէտից ստեղծագործական անկիւնագծի վրայ Թումանեանի ժողովրդական տարերքի ակունքները, ունենալով բնապաշտական մտածողութեան խորքեր, դաշինք  են  կնքել  մարդուն  լիարժէք բնութեան զաւակ կարգելու իւրատեսակ խոստումի մէջ, ուր իբրեւ արքետիպեր միախառնուած են Աստուած, բնութեան ու ժամանակի հոլովոյթը։  Մահը,  ինչպէս  եւ կեանքի «հանդերձի» հանգրուանները «մատնում են» մարդու խոնարհումը  բնափիլիսոփայութեան  ուժին, որ գալիս է Արեւելքի բանաստեղծական վաղնջական աշխարհից. յիշենք Թումանյանի անաւարտ եւ անմշակ թարգմանութեան փորձերը Կոնֆուցիոսից, Լի Թաի Պոյից, «Հնդկական վեդաներից», Շէքսպիրի սոնէտներից եւ դեռ ուրիշներից, ուր շեշտադրուած է մարդու մենութեան ու մահուան  դատապարտուածութեան  շուրջ  բանաստեղծի  հայեցումների  ուղղութիւնը։

Կարելի է շատ խօսել Ազատ Եղիազարեանի գիտական հետաքրքրութիւնների մասին, բայց  եթէ գտնում ենք, որ անսպառ է Թումանեան հանճարի հանքի տրուածքը, ուրեմն պիտի  հաւատանք, որ թումանեանագէտը յայտնութիւնների ճանապարհին մեզ զարմացնելու  դեռ  շատ  կեռմաններ  է  անցնելու։

Ուրեմն՝ ուժ ու կորով  ազգային բանաստեղծութեանն ու նրա բարձունքներին անմնացորդ  նուիրուած  հետազօտողին։

[1]․ Չշփոթենք ժամանակագրական նման բաժանումը մատուցման եղանակի հետ. «Սասնայ ծռեր» էպոսի պօէտիկան» (1999) գրքի առաջին հրատարակումից ուղիղ տասը տարի առաջ գիտնականը լոյս աշխարհ էր հանել «Թումանեանի պօէտիկան եւ նրա ժողովրդական ակունքները» մենագրութիւնը, որը յուշում էր գեղագիտական մտածողութեան ընդգծուած նախասիրութեան շարունակականութիւնը, իսկ աւելի ուշ, նոյն ճամբով, «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին…» (2009) եւ նորերս հրապարակուած «Թումանեան եւ Իսահակեան. երկու աշխարհընկալում» (2023) աշխատասիրութիւնները։

[2]․ Նոյնը՝ Եղիշէ Չարենցի պարագային. թումանեանական գրքերին զուգահեռ տրամագծօրէն յաջորդեցին «Չարենցը եւ պատմութիւնը» (1997), «20-րդ դարի հայ գրականութիւն. դէմքեր եւ խնդիրներ» (2002), «Պատմութեան երգեհոնը» (2007) աշխատութիւնները։

[3]Ազատ Եղիազարեան, Հայ բանաստեղծութեան ոսկեդարը, Եր., «Անտարէս», 2019, էջ 4:

[4]Նոյն տեղում, էջ 104։- Ընդգծումը՝ բնագրում։

[5]Վահան Տէրեան, Երկերի ժողովածու չորս հատորով, հ. 3, Եր., «Հայաստան»,  1975, էջ 72-73։

[6]Ազատ Եղիազարեան, Հայ բանաստեղծութեան ոսկեդարը, էջ 108։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։