Թռչնին մի դար էլ պահես վանդակում՝ երկնքից չի հրաժարվի։
Պատուհանները անձրևներից չեն արտասվում, ինքնամաքրվում են։
Մտքերդ փորձաշրջան են անցնում՝ առանց քո թույլտվության։
Լինում են ճշմարտության տարբեր տեսակներ։ Ըմբռնելի ճշմարտությունն այն է, որ շնչում ես, որ թթվածին յուրացնես։
Ինքդ քեզ երջանկություն մի պատվաստիր. թող այդ գործը նրան, ով գիտի քո սիրո ուժը։
Եթե սենյակում դու ես և սպիտակ թուղթը, դու արդեն միայնակ չես։
Կյանքին չի տրվել իրավունք՝ օգտագործել «շարունակությունը» բառը։
Հաստատ Սիզիփոսի քարը այնքան է հղկվել, որ Սիզիփոսը սափրվում է՝ նրա մեջ նայելով։
Գրական հերոսը քրտինքի կամ արցունքի կաթիլն է, որն ընկնում է սպիտակ թղթի վրա։
Ինչ պարիսպ էլ ուզում ես սարքիր՝ քարից, փայտից, գրքերից, մի օր մեկը, գետնին հավասարեցնելով պարիսպը, ներս կխուժի և կառաջարկի գնել երջանկություն, քանի դեռ այն մատչելի է։
Ավելի հաճախ արթնացրու քո մեջ ննջող հրեշտակին. մի՛ թույլ տուր, որ նա ծուլանա։
Չեմ կողմնորոշվում, թե ինչ ծառից կախ տամ վերարկուս, որ քաղաքը ցրտից չտխրի։
Ամենապատասխանատու գործերը հանձնարարում են երիտասարդ հրեշտակներին. նրանք դեռ լավ չեն ճանաչում մարդ արարածին։
Եթե ցանկանում ես, որ նախաճաշին որպես համեմունք օգտագործվի փիլիսոփայությունը, կնոջդ մատուցած թեյի մեջ փնտրիր նրա արտացոլանքը։
Չիմանալով, թե տվյալ պահին ինչ տրամադրություն ունի լռությունը, նրան խնդրիր, որ քեզ չխանգարի։
Եթե ուզում ես հրեշտակներից գտնել, թե որն է քո պահապան հրեշտակը, կանչիր ինքդ քեզ, և հրեշտակը կարձագանքի։
Երբ զգում ես, որ երազներդ դարձել են ալարկոտ, ուրեմն, դու թերացել ես՝ կամ սիրո, կամ էլ ինքնագովեստում։
Ինքնաթիռի խռպոտ ձայնը երկինքը դարձնում է ավելի մեղմ՝ հասկացնելով, թե ինչքան փափուկ է երկնքի սերը։
Մենք բոլորս էլ ունենք մեր «սևարկղը», ևերբ բախվում ենք մահվանը, հողին հանձնվելուց հետո բացում են այն՝ կարմիր գինու շշի տեսքով, ևամեն կենացի հետ սևարկղից մի պատառ հանրայնացնում։
Երբ ձեռքերդ վերև ես պարզում՝ ի նշան ինքդ քո հանդեպ տարած հաղթանակի, մի պահ հետ նայիր՝ արդյոք այդ մարտում թույլ չե՞ս տվել մարտավարական կանոնների խախտումներ։
Նույնիսկ մի փոքր ուրախությունը ունակ է մի հսկա տխրություն հալեցնել։
Երբ ձանձրույթը հուժկու հարձակում է գործում, թաքնվիր հաճելի հիշողությունների հետևում և կունենաս ոչ ոք։
Անկեղծանալ ինքդ քեզ հետ կարելի է երեկոյան ընթրիքից հետո, բայց չափավոր, որ չխանգարի մարսողությանդ։
Հաճախ եմ բախվում իմ երկրորդ կեսին. նա ինքնահավան խելագարի մեկն է։ Ինչ լավ է, որ ես նրա հետ շատ ընդհանրություններ չունեմ։
Կան բառեր, որոնց մեջ կարող ես տեղավորվել և քեզ լավ զգալ, բառեր էլ կան, որ ինչքան ուզում ես խորովիր, միևնույն է, հում կմնան։
Խնամքի բոլոր պարագաներն ունեն քծնելու հատկություն։
Լավ թաքնված կոնյակը և լավ պահ մտած տրամադրությունը փնտրելիս մի օգտվիր կնոջ հուշումներից՝ կսթափվես։
Յուրաքանչյուր ժայռ ունի իր բնավորության գիծը. ժայռ կա՝ մարդամոտ է, ժայռ էլ կա՝ սիրում է մարդկանց հեռվից։
Երբեք ինձ չի հանդիպել հեքիաթի հերոս, որի բնավորության մեջ առաջնայինը նախանձն է։
Երբ դու ես քո դատավորը, հիմարություններ չես անի։
Եթե կարողանաս այնքան գեղեցիկ լռել, որ ես հիանամ, նշանակում է՝ հաղթել ես ինձ։
Անկախ ամեն ինչից՝ չեմ սիրում լինել նախահարձակ, որ չսխալվեմ հետհաշվարկում։
Հիման երբեք մի անտեսի, որ վաղը չանտեսվես։
Երբեք մի հանդգնիր բղավել ինքդ քեզ վրա. կողքից դիտողին կթվա, թե ձայնդ տեր չունի։
Երբ տղաս գնում էր պատերազմ, մենք նրան ճանապարհեցինք ծափերով, որ խլացնենք լացը։
Իրականությունից փախչելով՝ լուսնին կհասնես, բայց մոտակա կրպակը՝ ոչ։
Ես ամեն առավոտ ինքս ինձ խնդրում եմ չխանգարել Աստծուն, չխառնվել նրա գործերին, որ չշեղեմ։
Եթե հեքիաթը տխուր ավարտ ունի, դա հեքիաթ չէ, այլ իրականություն։
Եթե փորձում ես բանալու անցքից ներս մտնել, և դա քեզ չի հաջողվում, իմացիր՝ ինչ-որ մեկը ևս փորձել է և մնացել է այնտեղ։
Օտար վայրում հայտնվելիս շնչելով փորձիր հասկանալ՝ վառոդի հո՞տն է գերիշխում, թե՞ վարդի բույրը։
Վատ չի լինի, որ քո երկրում էլ շրջես որպես զբոսաշրջիկ. կկարողանաս քո երկիրը ճանաչել օտարի հայացքով։
Մի ծանրաբեռնիր ինքդ քեզ բազմաբևեռ մտքերով. նրանք, չհամապատասխանելով մեկմեկու, մի օր փուլ կգան, և կմնաս մտքերիդ փլատակների տակ։
Ամենամեծ սուտը այն սուտն է, երբ սկսում ես խաբել ինքդ քեզ։
Ինքդ քեզ պեղելիս բութ գործիքներ զգուշությամբ օգտագործիր, որ չվնասես հուշերդ և չդարձնես դրանք անօգտագործելի։
Երբ փորձում ես բառերիդ հրազենի ուժ տալ, զգուշացիր՝ արձակված փամփուշտը, վրիպելով, հետ չգա և չվիրավորի քեզ։
Եթե հնարավոր լիներ երջանկությունը նվիրել, նվերների պակաս չէինք ունենա։
Երազները չեն վաճառվում՝ զուտ այն պատճառով, որ հրեշտակներին վաճառականի արտոնագիր չեն տալիս։
Երբ սպառել ես հայացքիդ մեջ եղած բոլոր զգացմունքները, փնտրիր հայելին, որը կկարեկցի քեզ։
Մարմնի վրա գոյացած սպիները տեսանելի են, սրտի վրա գոյացածները՝ ոչ։
Ինչ-որ մեկը հեռուստացույցով ասում էր, որ բորենիները այնքան էլ վատ կենդանիներ չեն, և ցույց էր տալիս բորենիներին, որոնցից յուրաքանչյուրին հատկացվել էր մի վանդակ։
Մինչ կամուրջները այրելը գնահատիր դրանց արժեքը և հաշվարկիր՝ անհրաժեշտության դեպքում կկարողանա՞ս վերականգնել։
Քո մտորումներում որքան էլ կաշկանդես գարնանը, նա չի ուշանա։
Գարնանամուտի արևը համաներում է շնորհում բոլոր ձնեմարդկանց, և նրանք հոսում են դեպի ակունքները։
Քո պատյանի մեջ այդքան խորը մի թաքնվիր. պատյանիդ խորքում թթվածնի պակաս կա՝ շնչահեղձ կլինես։
Ինչ տեսակ փականով էլ փակես զգացմունքներդ, կգտնվի մի էակ, որը մի ժպիտով փականը կդարձնի առ ոչինչ։
Քեզ մի թող այնտեղ, որտեղ հիշողությունից նվվում են ոսկորներդ. այնտեղ քեզ հեշտ կլինի կոտրելը։
Երբ ինչ-որ չափի մեջ բառեր ես լցնում և նրանց բողոքը խեղդում ես կետադրական նշաններով, վստահ եղիր՝ բռնապետ դառնալու շանսեր ունես։
Պատրաստվում ես զբոսանքի հանել հոգուդ խորքում թաքնված գազանին, ևորպեսզի նա վախ չտարածի, նմանեցնում ես նրան հայելու մեջ մոլորված արտացոլանքիդ։
Միայն այն, որ արևը մոռացել ես սարի հետևում, բավական է աչքերիդ տխրությունը հասկանալու համար։
Այնքան ժպտուն ես, որ տեսանելի է, թե ինչպես է սերը դեմքիցդ հոսում դեպի խորքդ։
