ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ

ՑՆԾԱ, ՀԱՅԱՍՏԱՆ

Դու պիտի ցնծա՜ս, հայրենի՜ք հայո՜ց,

Մեր պաշտամունքի հնօրյա բագին,

Դու սեր ու սահման հայկազուն որդոց,

Հույսի հորովել Մասիսված թագին:

Դու պիտի հառնե՜ս, սիրո օրորոց,

Տիեզերատաղ հայտնություն վերին,

Մեծահանճար մատյաններ գրոց,

Նոյան ցնծություն` աստվածներին:

Վիշապաքաղի բռունցքդ պարզի՛ր,

Դիմադարձ եղի՛ր փորձություններին,

Հույսերին Հայոց ապավեն դարձի՛ր,

Ազգային ոգու զորությամբ վերին:

 

***

Ես   ո՞ւր հեռանամ,

Երբ այս կապույտը սարերի վրա

Իմ օրորոցի ծածկոցն է եղել,

Սարերից այն կողմ հորս հառաչքի

Ամենակարոտ  երգն է  անթեղվել:

Ուրիշ ի՞նչ երկիր

Այսպիսի  արև-օրոցք կունենա,

Հավիտենության ջահակիր  Մասիս,

Ուրիշ որտե՞ղ են ծիածանները

Ոգու գույների շափաղներ տալիս;

Ես ո՞ւր հեռանամ,

Երբ այս կրակը այրում է հոգիս,

Պատկերն  է  իմ մոր, սրտիս մեջ է տաք,

Հիշողությունն` անցավոր փառքի,

Իմ  մեջ ամբարված լույս  է  ու փեթակ,

Ուրիշ ոչ մի տեղ կապույտը ամպի

Այսքան աստղիկներ ներքև չի հեղել,

Ես ո՞ւր հեռանամ, երբ այս երկինքը

Իմ օրորոցի ծածկոցն է եղել…

 

ՁՈՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հազարահունչ դարերի երկնավառքեր են քո մեջ,

Այս խուռներամ աշխարհի խղճի խորիզն է քո մեջ,

Արյան խինդով արարված, արևհուրքով սավառնող,

Հայոց ուխտին պսակված բախտի արծիվն է քո մեջ:

Հող-հայրենին պաշտելու` պապոնց երդումն է քո մեջ,

Կրակներում մկրտված մայրօրհնանքն է  քո մեջ,

Աստեղամաղ գիշերվա խաղաղությունը հսկող,

Սխրանքներով հրավառ Թուր-Կեծակին է քո մեջ:

Փոթորիկներ ուռկանող էպոսահևքն է քո մեջ,

Հայկանշան ավյունի նիզակաշանթն է քո մեջ,

Վայրենածին ցեղերի ոհմակները ծվատող,

Զինավառված զանգերի ոգեշառաչն է քո մեջ:

Սիրապտղունք մերանի նեկտարի տաղն է քո մեջ,

Հայրենականչ բարձունքի ցնծության ծափն է քո մեջ,

Մեր  սրբտաղ սիրահունչ հորովելները բուրյան,

Հողի խորհուրդը փնջած` փառքի շռինդն է քո մեջ:

Հավերժության երդումի առաքյալներն են քո մեջ,

Վեհաշշուկ ասքերի Սոսյաց անտառն է քո մեջ,

Կրակածին Վահագնի հրակարմիր բոցերով`

Բիբլիական մեր լեռան Նոյն ու Նարեկն են քո մեջ:

Հրաբորբոք, բոցակեզ Հայոց դարերն են  քո մեջ,

Նոր սերնդի հառնումի ճակատագիրն է քո մեջ,

Արդարության, Աստծո և աշխարհի աչքի դեմ

Գալիքների հաղթական փառաշքերթն է քո մեջ:

 

ՄԱՅՐԱՍՊԱՍՈՒՄ

Քեզ սպասում եմ ամեն այգի հետ,

Հովի սրինգով ամենաքնքուշ,

Բայց քեզ տանում են աստղերն առհավետ.

Աշխարհում աշուն, մուժ է ու մշուշ:

Քեզ աղոթում եմ Աստծո գահի մոտ,

Կույր բախտի առջև ծնկաչոք իջած,

Ճակատագիրը գալիս է ոտ-ոտ,

Ճակատամարտի բոցերը փնջած:

Քեզ կարոտում եմ օրոցքիդ լացով`

Օջախաբարուր բույրերով շիկնած,

Ես ամեն գիշեր մտնում եմ բաց ծով`

Ալիքների ողբն իմ հոգում խրձած:

Ես քեզ տենչում եմ հավիտյան ու միշտ,

Քո ուխտավորն ու հավատավորն եմ,

Ինձ պարուրել են տանջահողմ ու վիշտ,

Քեզ աշխարհ բերող քո մեղավորն եմ…

Քեզ աղերսում եմ, լույսդ չմաշես,

Ծարաված սիրտդ օտարին չտա՛ս,

Թե Կոմիտասի «Սոնա յարն» հիշես,

Պսակիդ խաչով` տուն պիտի դառնաս:

Սուրբ աղերսներով ամենակարող,

Խղճիս հրաշքով ո՞ւմ դուռը բանամ,

Այս նավի վրա կրակաշանթող

Ո՞ր մոլորակի ծեգով համբառնամ…

Քեզ հանդիպելու ուխտյալն եմ անկեզ,

Մոր սիրտը երբեք չի լինում անհուշ,

Ինչ էլ պատահի, պիտի գտնեմ քեզ,-

Թեկուզ աշխարհն իմ մուժ է ու մշուշ…

Հայրենի աշխա՜րհ, մշտարա՜ր լույսի,

Վսեմաշուք վարք` տաղարա՜ն ու գի՜ր,

Դյուցազնապատկե՜ր արևախասի,

Դրախտի պարգև` Նաիրյա՜ն երկիր:

Հավերժասլաց հույսի՜ Հայաստա՜ն ,

Ամենալուսեղ հավատի ամրոց,

Մեր պատմությունն ես հազարաոստան,

Միշտ պիտի ցնծա՜ս, Հայրենի՜ք Հայո՜ց:

 

***

Երկրագունդը մեղքերի բեռան տակ է կորացել,

Դավերի հետ ցիրուցան` հանցակից է նա դարձել,

Արյան ծովեր է ծածկել կիսալուսնի քողի տակ

Եվ Աստծո աչքի դեմ` իր անունն է մոռացել:

 

Մոլուցքների մեղսակից` երկրագունդը հղփացել,

Պիղատոսյան պղծված` իր ձեռքերն է լվացել,

Դատաստանի սպասող այս աշխարհի խիղճը փակ-

Տիեզերքի սրտի մեջ գերված Մասիս է դարձել:

 

Երկրագունդը խռոված` մայր աստղից է հեռացել,

Մեծ Եղեռնից այսահար` Հայոց ապրիլն է լացել,

Մեր ողբերը շալակին` հանգիստ չունի աշխարհում,-

Դարերի դարդն ուսերին՝ մեր դռանն է ծերացել:

 

Երկրագունդը երբևէ մեր բախտով չի հիացել,

Ճամփի կեսին մեզ թողած՝ գլուխը կախ հեռացել.

Փորձ է արել հեկեկալ հոգեհացի սեղանին,

Ճոխ թաղումներ ուսերին՝ պանթեոն է նա դարձել:

 

Մեր լեռների հրեղեն կայծակից է նա փախել,

Այլոց դուր գալու համար մեր արտի հույսն է քաղել,

Ուխտադրուժ ճամփեքին քոչվոր, վայրի ցեղերին

Մեր լուսավոր մերանի մյուռոնն ու խաչն է ծախել:

 

Կորցրել ու չի գտել, հիմա գլուխն է քորում,

Իր բզկտված մարմնի կլոր գունդն է գլորում,

Ծնկաչոք է Մասիսին, որ ճամփա է ցույց տալիս,

Եվ Նոյան սուրբ տապանի խղճի խասն է օրորում:

 

Երբ մեր բախտն էին զարկում, կո՞ւյր էիր, թե՞անճարակ,

Միլիոնավոր օջախներ դարձան անբո՜ւյն, անճրա՜գ,

Հիմա հայոց մայրերն են հույսի խաչով երկնաձայն-

Քեզ ապաստան փնտրում` որբևայրի մոլորակ…

 

ՁՈՆ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ

Կապուտաչյա եզերքներից վտարանդի,

Դու խաչվեցիր Հիսուսի պես և անտրտունջ,

Քո դեմ կանգնած դևերն անցան փոշու նման,

Քեզ նախանձող գաճաճներն ո՞ւր ցնդեցին,

Դու մնացիր հայրենաբաղձ երամիդ հետ,

Երկնավսեմ  քո Պառնասի լույսով ծարավ`

Աչքերիդ մեջ կյանքի հուրն էր եռագոտի:

Իսկ քո սերը ցավից ծաղկած երկինք էր ջինջ,

Մեր կարեվեր ու կարոտյալ եզերքներից

Կենաց խոհեր պարգևեցիր բոլոր նրանց,

Ովքեր իրենց հոգու խորքում երդումի պես

Քո երգերը ծրարել են թաքուն սիրով

Եվ տաղերիդ ազգահավաք ոգին անկեզ

Քեզ պահել են Արարատի կատարի պես,

Որ հանճարիդ հավերժափայլ երգ ու հուրքով

Դու քո անհուն խռովքներից  վերադառնաս,

Քո Զանգվի զնգուն ձորով հպարտ քայլես

Եվ քո սիրով հանճարատես՝ հոգով անպարտ՝

Չարենցավառ քո խոհերով խոսքդ ասես.

-Էլի ծաղկուն գարունները կգան, կանցնեն,

Վարդ կբացվի իմ անանուն շիրմաթմբին,

Ես դեռ կգամ սիրեկանի դաղով վառված,

Վանա ծովի արցունքները աչքերիս մեջ`

Մասիսներից կիջնեմ հրե ու անշղթա,

Կմիանամ սերունդների կենաց երթին,

Եվ կհառնեմ նաիրական հրով անշեջ.

– Թո՛ղ ոչ մի՛ զոհ չպահանջվի ինձնից բացի…

Ես կլինեմ Աստծո ամեն լուսաբացի,

Աղոթքի պես կիջնեմ ծաղկած խաչքարերին,

Իմ տաղերով՝ որպես դրոշ վերադարձի,-

Ես կձուլվեմ ամենօրյա ձեր դարերին…

 

ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

(ծառազրույց` ՀԳՄ ստեղծագործական տան պատշգամբից)

Այգաբացի ծրար` զնգուն ու զորավոր,

Ծիրանավոր ծառե՜ր, ծառե՜ր զմրուխտածին,

Ձեր միամիտ հուսո խորաններում

Մեծամեծերն այստեղ հոգու կերոն վառել,

Եկել-անցել, բայց չեն իջել գահից,

Մշտահմա տենչի ավետիս են թողել,

Հուրք են հնձել օրվա լուռ աչքերից,

Խոնարհվել են սիրով ու խարսխվել կյանքին,

Ձեզ են բաշխել այգաշողուն բարև,

Գնացել են զինվորի պես` խոնարհ հավատամքին,

Ծառի շքերթներով` ճակատներին արև:

Ծաղկատարած հողն է շնչում վայելչագեղ,

Էպոսացած խենթ ծռերի ներշնչանքով,

Ամեն ծառի բարձունքներից անդին

Հայոց Գրի Մեծաց փառքի փայլն ենք տեսնում,

Տիեզերաց մրրիկների սանձը ձգող

Նրանց հայացքների ծիրն եմ տեսնում,

Ապա նաև հոգիների ձիրքն անսքող-

Ճյուղատարած` դեպի երկինք, պառնասատե՜ր,-

Նրանց խոհաբարբառ խոսքն եմ լսում,

Որ պահել եք, ծառե՜ր, ձեր տաղերով կարկաչ,

Որ մատյաններ շողվեն այգաբացի գրով,

Թեկուզ դարեր փախչեն կյանքից մշտահառաչ,

Նրանք՝ որպես ներկա, կգան մե՛կ-մե՛կ,

Ձեր հովանու ներքո հանճարախաչ,

Կմյուռոնվեն նորից վերին հրով,

Ոսկե գրով Հայոց` սեր ու երգով անբեկ։

Ժամապահի կամոք, խստաբարո ծառեր,

Տիվ ու գիշեր` խաս ու խանդի հուրք եք վառել,

Ազգանվեր մեր մեծերն են տիեզերքում աշխարհատեր,

Նրանց արև-ժպիտներով տարին բոլոր

Հիշողության գարնանածես տոն եք արել,

Անքուն ծփանքներով կանաչ ձեր դարձերի,-

Հանուն նրանց` առմիշտ շշնջացեք

Հաղորդության փառքի բարձունքներին,

Չէ՞ որ ծաղկուն տաղարանի շող եք ու տեր,

Հոգու խորան, սաղմոս խաչն եք մեր ՄԵԾԵՐԻ,

Ծաղկաձորյան սիրո ոսկեծոցիկ ծառեր…

 

***

Հոգուս մագաղաթը ամպի շիկնած պատառ,

Սուրբ  Գրերի ակոսներով  ծաղկուն,

Շուրջս  ալիքներ են` մայրածոցիկ  ծրար,

Հուսո առագաստներ` երազներով  անքուն…

 

Հոգուս մագաղաթը՝ աստղուն տիեզերք,

Ցոլքեր արեգնածին` լազուրներով անափ,

Ցածում  Վանն   է` աղոթքների եզերք,

Հարահմա կարոտների  կապույտ ծովափ…

 

Հոգուս  մագաղաթը գարնան արահետ  է,

Իմ մանկության ձորում` ճերմակ վրան,

Թե  չլինեմ,  բախտը նրանց առհավետ է,-

Ինչպես  հույս ու խաչի ծաղկած ավետարան…

 

ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ

Արևներից այս աշխարհի իմ բաժինն էր մի բուռ կրակ,

Գիշերները՝ մութ ու մռայլ, աչքիս շողով բարուրեցի,

Ձեր երազած փառքին վայել` գանձ չունեցա, ոչ էլ կտակ,

Ես տուրքերն իմ տարիների լուռ ծափերով հատուցեցի:

 

Երանության եդեմների պապենական հովիտներում,-

Կարոտաբաղձ հորս սրտի շղթայալուռ երգն հյուսեցի,

Կորածների մորմոքներին արյան կանչը չուներ ներում,

Վիշտը նրանց մորս տված երդումներով հատուցեցի:

 

Ես ի՞նչ տարա և ի՞նչ թողի ինքնամոռաց աշխարհներին,

Ո՞վ իմացավ` քանի անգամ չարի ոգին ծվատեցի.

Չտարվեցի մշտահոլով, ոտաբոբիկ շքերթներին,

Իմ բաց սրտի շռայլությամբ, լրիվությամբ հատուցեցի:

 

Հիմա խիղճս հուշերգում է` հոգուդ ծովում խաղաղ մնա՛,

Երկնանվեր խոնարհումով` բարձունքներիդ տերը դարձի՛ր,

Սրտերի մեջ բարությունդ ծաղկալույսով չի ծերանա,-

Չէ՞ որ Աստծո պարտքդ վերին սեր ու գրով հատուցեցի՛ր…