Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՄԵՌՆԵԼ ՆԱԽԱՊԵՍ» ՎԵՊԸ՝ ՈՐՊԵՍ ՑԱՎԻ ԵՎ ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ԼՈՒՌ ՎԱՎԵՐԱԳԻՐ/ ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Վերջերս «Էջ» հրատարակչությունը լույս ընծայեց արձակագիր Ս․ Հարությունյանի լավագույն վեպերից մեկը, որը, անշուշտ, լրացրեց իննսունականների ծանրագույն տարիների մասին պատմող տարեգրության էջերը։

Թվում է՝ նախորդ դարավերջը մոռացության պիտի տար ապրած ու չապրած տարիները, պատերազմն ու ցավը, անկատար երազանքների բեռը, սակայն դժվար հաղթահարածի մասին բարդ, բայց թեթևացնող է խոսելը։

Վեպն իր պարզ, բայց հարուստ բառային ներդաշնակ երանգավորմամբ, պատկերավորման միջոցների տեղին գործածումով, ազգային բառ ու բանի, պատկեր-նկարագրերի կերտումով, նուրբ հումորով, բուն ասելիքը բազմաշերտության մեջ պարփակելով՝ սեղմ է, ամփոփ, բայց նաև՝ տարողունակ:

Գիրքը բաժանված է մասերի, որոնք տարանջատելով հատվածների՝ կարելի է դիտարկել որպես առանձին նովելներ (ժանգոտած սղոցի, յուղը վրան օժիտացու կարի մեքենայի, այդպես էլ խմորեղեն չդարձած՝ գոլ խմորի, բենզինի սովը ոստիկանությանը հաղորդում տալու պատճառի, էծի ականջներ հիշեցնող մատղաշ ծառերի, մատաղի՝ նմանը չունեցող արարողության պատմությունները, տատի՝ թուրքի հետ առևտուրը, Մատենադարանի «աստվածաշնչերի» արծաթե կազմ հիշեցնող մողեսի պատմությունը և այլն):

Գործողությունները զարգանում են արագ, երբեմն դեպքերն ու դեմքերը, հասնելով հիշողություններից անդին, ընդգծում և վեր են հանում ասելիքի կարևորն ու պարտադիրը, արժեքավորն ու կենսակիրը, ինչը հեղինակը հմտորեն դասդասել է ստեղծագործության առանցքային շերտերում:

Հերոսները ինքնատիպ են ու տարբերվող (փառավոր փետուրը մազերի մեջ խրած Սիրամարգիկը, ճարպիկ բրոկերը,  հորաքույրը, էն որ՝ չի կարելի էշ ասել, պիտի ասես՝ ավանակ, ուլ ու գառ վաճառող եզդին, սումգայիթցիների ընտանիքը․․․), նրանցից յուրաքանչյուրի մասին պատմող պատումներն ամբողջականացնում են պատերազմական, դառն ու դատարկություն ապրող երկրի կենսակերպն ու վաղ կերտելու սպասումը։

Վեպը սկսվում է կյանքի յոթանասունհինգին հասած մորաքույր Նունիկի բանտարկության մասին պատմող անչափ զավեշտալի ու տխուր, բայց և պարզ ու միամտական պատմությամբ: Այստեղ ցցուն ու ակնառու կերպով ընդգծվում է մարդկանց անխարդախ ու շիտակ միամտությունը, որը «նամուսի ու անպատվության» քողի տակ դառնում է ճակատագրեր կործանելու պատճառ։

Մորաքույրն իր աղջկան նեղացնող, անդադար ծեծ ու ջարդի ենթարկող փեսայի գլխին որոշում է չարաճճի կատակ խաղալ: Սակայն մտածածն հանկարծակիորեն վերածվում է անկանխակալ ողբերգության․ փեսան վախից քարանում է տեղում, նրան քարացնում է ոչ թե վախը, այլ՝ մահը: Իսկ մորաքույրը, չհաշված փեսայի դեպքը, «աննկատ կյանքով» ապրած կին էր, ու հանկարծ սկսում է իրեն քաջ զգալ,  ինքնավստահորեն բժիշկների մոտ գլուխ է գովում. «Քո ցռան ինչն եմ ասել, կանանց վրա՞ էր ուժդ պատում: Դե գնա՛, որտեղ քոնը կասես, էնտեղ՝ իմը»։

Մուշեղը «նյարդերի ու զրկանքների» գնով հավաքած գումարը փորձում է տալ մորաքրոջը գրավի դիմաց ազատելու համար։ Դիմում է հարազատներին․ գումարը կլորիկ դարձնելու անհրաժեշտություն է առաջանում, ի վերջո «հանցագործություն» կոծկելն էժան գնով ձեռք չես բերի։

Սակայն հարազատներն իրատեսական չեն համարում «պարտքի տակ ընկնելը»։ «Պիտի պառկի, տնքա,- ասում են,- դուք էլ կերակրեք, հենա՝ թող պետությունը տանի, կերակրի»:

Դատը համարյա շահելու էին, մորաքույրը հինգ տարի «պիտի շալակեր», սակայն ձեռնաշղթաների անպատվաբերությունը դառնում է կնոջ կանխակալ մահվան սկիզբ։ Այս անգամ էլ Մուշեղի գրպանները դատարկվում են մորաքրոջ հոգեհանգստի ու թաղման արարողությունը կազմակերպելիս։

Մուշեղը վեպի գլխավոր հերոսն է, որի կերպարում հեղինակը խտացրել է բարության, անաչառության, սեփականը ուրիշի հետ կիսելու մարդասիրության կարևորագույն գծեր։

Կինը, որն ամուսնու չարքաշ վաստակի լուռ վկան է, այս անգամ էլ ականատես է դառնում դժվար ապրուստը բարեկամներին, անգամ «ծանոթների ծանոթներին» նվիրաբերելու գործին։

Ի վերջո, մեծ դժվարությունների գնով նրանց էլ է հաջողվում քար ու քռա, անապատ հիշեցնող հողակտորը վերածել տուն ու տեղի։ «Հողը պետք է գնել, տուն սարքել, շենացնել, ի՞նչ անենք, որ պատերազմ է: Մարդիկ անգամ դաժան ցեղասպանությունից հետո են ապրել»,- ասում է հերոսը։

Այստեղ ակնառու է հողն ու ջուրը գնահատելու, սեփականը արժևորելու կարևորությունը։ «Ամբողջ աշխարհը պտտվում ու վերջում գալիս ես այն եզրակացության, որ քո օձ ու կարիճոտ քարերից լավը գոյություն չունի»։

Վեպում կարևոր խորհրդանիշ պետք է համարել «դախացած խոտ» հիշեցնող թթի ծառի բարալիկ շիվը, որը Մուշեղն ու կինը ընկեր-բարեկամների հետ խնամքով ու զգուշությամբ, «զենքով-զորքով», քեֆ-ուրախությամբ տանում են տնկելու իրենց՝ ամայությունը այգու վերածած հողում՝ տարիների հեռվից սպասելով ծառի բարին։

Սա ընդգծում է դժվարությունից վեր հառնող դիմադրության ուժը, որը ինչքան էլ հեռու ու անտես թվա, միևնույն է,  պայքարելու ոգի ու կորով է ներշնչում։ Հերոսները մաքառում են, ընդվզում, սակայն այդ ամենի հետ երբեք չեն չարանում։ Այստեղ նուրբ ու հպանցիկ ընդգծվում է նաև սիրո գաղափարը, որը շալակած օրերի հետ համաչափ ընթանալով՝ անտեսում է զրկանքն ու կարիքը, ցուրտն ու մութը,  ռազմադաշտից վիրավորներ տեղափոխող ինքնաթիռների հռնդյունը։

Անխոս, չարքաշ ու դժվար կյանքը, պատերազմի արյունահոտ օրերը գյուղեր են դատարկում, գնալով «ոչ թե գյուղ, հարևան էլ չի մնում»։ «Բա իրենց հոր ծնունդին էլ չգա՞ն,- ասում է։ -Չեն գալիս, պատերազմից, պարտք ու պատասխանատվությունից, հոր ու մորից փախել, ցրիվ են եղել աշխարհով մեկ»։

Գյուղում միայնակ մնացած անատամ ծեր կնոջը տանում են ծերանոց։ Ասում են, որ այնտեղ բուժում են, «․․․եթե, իհարկե, մայր լինելը բուժում ունի»,- գրում է հեղինակը։

Նախորդ դարավերջի վախճանը մի հուզիչ ու պարզ իրողությամբ ներկայացվում է վաճառվող տան դատարկվող նկուղի նկարագրությամբ։

Մի կահույքի գումար են տվել, մեքենա վարձել, որ «նոյի թվի հնոտին» հեռացնեն, ազատվեն արդեն անպիտան դարձած իրերից։ Տարիներով կիտած՝ արդեն աղբ համարվող կահ-կարասուց հրաժարվելը նորը հնից ազատելու բանաձևում է առաջ քաշում։

Դեն նետվող ամեն իր կարծես արձակվող մի ճիչ է ոչ թե ցավից, այլ՝ հավետ մոռացության վախից։ Նորն արդեն կամացուկ գրավում է իր տեղը հնի մնացած խորշերում, սակայն այն դեռևս լի է անցյալի ապրած հիշողություններով։

«- Զարմանում եմ, թե ոնց ես կարողանում էդքան հեշտ բաժանվել քո անցյալից։

․․․Իսկ ի՞նչ կա այնտեղ գուրգուրելու՝ պատերազմ, մահեր, սառնամանիք, սով․․․

Բայց էնտեղ մենք երիտասարդ էինք»։

Սակայն կյանքն առաջ է ընթանում իր բաշխած լավ ու վատ, բարդ ու դժվար օրերին զուգընթաց։ Հեղինակը դիպուկ բնութագրում է տալիս․ «Ծերության համար պետք է մտածել ջահել օրերից»։ Այստեղ ժամանակը դիտարկվում է որպես անհաշտ, բայց արդար ուժ, որը ոչինչ չի մոռանում՝ չէ՞ որ ապագան ստեղծվում է ներկայի աննկատ քայլերով։

«- Վերջ, կնի՛կ ջան, պրծանք։ Հիմա մնաց ամենադժվարը՝ պիտի հաջողենք ծերանալ,-ասում է Մուշեղը»։

Ծերությունը կյանքի ավարտը խորհրդանշող սիմվոլ չէ, այստեղ ընդգծվում է ապրած տարիների արտացոլանքը, ու հենց երիտասարդությունն է որոշում ծերության հասած տարիների որակը։

Սա վեպ է բարության, ազնիվ կյանք որոնելու, փորձությունները համառորեն դիմակայելու մասին, սա վեպ է դեռևս կենսահոտ հիշողությունների մասին, որը հեղինակը համեմատում է վառարանի մոխիրը փորփրելու հետ՝ սկզբում այն հանդարտ է, հանգիստ, իսկ հետո մոխիրների տակ սսկված բոցը անսպասելի սկսում է ուժգնանալ ու «վռթկալ»։