Քիքե Ֆերնանդես (Մալագա, 1992թ.)՝ իսպանացի գրող, լրագրող։ Հրատարակել է պատմվածքների «Վարձով կյանքեր» ժողովածուն (La Discreta, 2025թ.), տարբեր գրական մրցույթների մրցանակակիր է, ինչպես՝ MálagaCrea մրցույթ (Մալագայի քաղաքապետարան, 2024թ.), Energheia մրցանակ (Quimera ամսագիր, 2019թ.)։
Զուգարանը հենց խոհանոցի ներսում է։ Այդ մանրուքը չի վրիպում Մ-ի աչքից, բայց ոչ էլ անհանգստացնում է առանձնապես։ Ի վերջո, եթե սթափ դատենք, ո՞վ կբողոքեր նման անհեթեթությունից՝ ամիսներ շարունակ բնակարան փնտրելուց հետո։ Շաբաթներ շարունակ ամառվա տապին քաղաքը վերից վար չափել, խոսել անշարժ գույքի գործակալների հետ, տանտերերի, շենքերի դռնապանների հետ, ուսումնասիրել լուսացույցներին ու փողոցային լապտերներին կպցրած ամեն հայտարարություն։ Իսկ ի՞նչ էր գտել մինչև հիմա։ Պստլիկ բնակարաններ, կենտրոնից հեռու բնակարաններ, անտրամաբանական գներով բնակարաններ, բնակարաններ, որտեղ չէր ապրի ամենավատ ու բարդ իրավիճակում հայտնվելու դեպքում անգամ։
Դրա համար էլ Մ-ի մտքով անգամ չի անցնում այդ մասին որևէ ակնարկ անել տների վարձակալության գործակալին, որը ձայնին արհեստական հանդիսավորություն հաղորդելով, ցուցամատը տնկած՝ ներկայացնում է բնակարանի ամեն անկյունը։ Բնակարանը այնքան էլ թանկ չէ, կենտրոնին մոտ է, համալսարան գնալու համար՝ հարմար, ունի երեք սենյակ և երեք մահճակալի կմախք։ Դրանից ավելի ի՞նչ է պետք։ Էն վիճակում չեն, որ պահանջներ դնեն՝ մտածում է Մ-ն՝ միաժամանակ գրպանից հանելով դրամապանակն ու վճարելով կանխավճարը։ Ի վերջո, սա էլ յուրահատուկ մի բան է։ Պետք է ընդամենը անցնել խոհանոցով, մտնել զուգարան, փակել դուռը և վայելել ցանկալի առանձնությունը՝ անկախ նրանից, որ մի քանի սանտիմետր այն կողմ ինչ-որ մեկը կարող է ճաշ պատրաստել կամ սառնարանը դասավորել։ Միշտ կլինի մի բաժանող պատ և մի դռան բռնակ, ինչն ավելի քան բավարար է։
Զ-ն ու Գ-ն՝ Մ-ի համակուրսեցիները, վստահել էին ընկերոջը՝ բնակարան գտնելու հարցում, այնպիսի բնակարան, որ կբավարարեր բոլորի նվազագույն պահանջները և բոլորին դուր կգար։ Բայց, քանի որ գիտակցում են, որ իրենք մատը մատին չեն խփել, գրեթե չեն մասնակցել որոնումներին, չեն համարձակվում բերանները բացել ու քննադատել սանհանգույցի անհաջող ու անհեթեթ տեղադրության փաստը։ Էլ չասած մյուս ակնհայտ թերությունները, որոնք ստիպում են նրանց եղունգները լուռ կրծոտել. տանը գրեթե կահույք չկա՝ հյուրասենյակում մի սեղան, մի քանի աթոռ և հին գրապահարան, որ ուր որ է կփլվի։ Եվ, իհարկե, բազմոցը՝ անհարմար, փոքր, կտորը այնքան քրքրքրված, որ հիշեցնում է սպիներով ծածկված մարմին։
Զ-ն, Գ-ն ու Մ-ն առաջին գիշերն անցկացնում են անորոշության մեջ՝ հյուրասենյակի հատակին նստած, հայացքները առաստաղին, առանց մի բառ փոխանակելու։ Վաղը սկսվելու են համալսարանի վերջին կուրսի դասերը, և արդեն պարզ է, որ ամռան սկզբին իրենց առաջ դրված խնդիրը՝ գտնել մի պատշաճ բնակարան՝ մատչելի գնով, ձախողվել է։
Միայն Մ-ն է համարձակվում խախտել լռությունը. հանկարծ կտրուկ կատվային շարժումով ոտքի է ելնում և ուղղվում դեպի խոհանոց։ Անցնում է ընկերների միջով՝ առանց բանի տեղ դնելու նրանց հարցական հայացքները, և զուգարան մտնելուն պես փակում է դուռը ու երկար սևեռուն նայում զուգարանակոնքին։ Այդպես անցնում են վայրկյաններ, րոպեներ․ Մ-ն զննում է ընկերների դժգոհությունների պատճառ դարձած անիծյալ զուգարանակոնքը։ Իսկապե՞ս այդքան մեծ խնդիր է։ Մի՞թե այս բնակարանից ավելի տգեղ ու անհարմար բնակարաններ չկան։ Ախր, պայմանները կարող էին շատ ավելի վատը լինել։
Մ-ն համոզված է, որ ընտրությունը ճիշտ է եղել, և որպես հաստատում՝ քաշում է ջուրը (մտքին եկած առաջին բանը)։ Դա անում է այնպես, ասես նավապետը օծում է իր նավը, ասես հենց նոր մի կարևոր ծիսակարգ կատարվեց։ Զուգարանակոնքը մի քանի վայրկյան ուշ է կլանում ջուրը, ապա նորից ետ տալիս՝ միաժամանակ արձակելով մաշված շարժիչի կամ լարից ընկած գործիքի ձայն։ Մ-ին դա թվում է բանաստեղծական պատկեր, մի տեսարան, որը գուցե խորհրդանշում է սպասվող մեծ իրադարձությունները։ Այդ զգացողությամբ գնում է քնելու՝ ժպիտը շուրթերին։
Շաբաթների ընթացքում Գ-ն ու Զ-ն աստիճանաբար հարմարվում են նոր բնակարանի յուրահատկություններին։ Չեն մասնակցել որոնումներին, բայց ձեռք են բերել ապրելու համար պիտանի մի տարածք՝ գուցե ավելի անհարմար, քան սպասում էին, բայց տանելի։ Քանի որ երեքն էլ համալսարանում առավոտյան ժամերի են դասի, կեսօրից հետո սկսում են կահույք փնտրել՝ բնակարանը մի քիչ կարգի բերելու համար։ Փնտրում են թաղամասի խանութներում, մեծ պահեստներում, վերջապես՝ համացանցով, բայց շուտով բախվում են դաժան իրականությանը․ գները բարձր են, իսկ իրենք չունեն բավարար գումար՝ բնակարանը կահավորելու համար։ Ծայրը ծայրին են հասցնում այն քիչ գումարով, որ ամսական փոխանցում են ծնողները, ու չեն կարող իրենց թույլ տալ ավելորդ ծախսեր։ Վարձը վճարելուց ու միանգամից ամբողջ ամսվա սնունդը գնելուց հետո հազիվ մի բան է մնում՝ գոյատևելու համար։ Բացի այդ, ի՞նչ են անելու կահույքը, երբ դուրս գան այս բնակարանից։ Կբաժանեն իրար մե՞ջ։ Կնվիրեն տանտիրո՞ջը։ Հիմար գաղափար է կահույք գնելը։
Մի գիշեր, երբ ծախսում են գրպաններում մնացած վերջին կոպեկները, բաժակները ձեռքներին, չուպիտոները¹ կլըթկըլթացնելով, Գ-ն, Զ-ն ու Մ-ն գալիս են այն եզրահանգմանը, որ չեն կարող որևէ սեփականություն ունենալ, որ համակարգը նրանց լուսանցքում է թողել ու ստիպել է ապրել վտարանդիների պես։ Ընդունում են դա, հաշտվում դրա հետ՝ կենացներ են ասում ու քթի տակ հարբած մեղեդիներ երգում։
Նույն լուսաբացին Մ-ի գլխում մի միտք է ծագում։ Երբ ընկերների հետ տուն են դառնում գինարբուքից՝ վիսկիից շաղված աչքերով, նա քարանում-մնում է մեծ աղբամանի առաջ, որի մեջ շինարարական աղբ էր լցված։ Գ-ն ու Զ-ն չեն հասկանում ընկերոջ պահվածքը․ ինչպե՞ս կարելի է կանգնել-մնալ այսքան առօրյա տեսարանի առաջ: Նրանք ուզում են որքան հնարավոր է շուտ հասնել տուն ու քնել, հարբածությունն էլ կանցնի, բայց Մ-ի տենդագին հայացքը սևեռված է աղբամանին և ուշադրություն չի դարձնում ընկերների դժգոհություններին, որ թփթփացնում են նրա ուսին, գոռում ականջի տակ, որպեսզի տեղից շարժվի։ Ո՛չ։ Մ-ն կենտրոնացած է ավելի կարևոր գործի վրա, հիմա հանգստանալու ժամանակը չէ, որովհետև շինարարական թափոնի կողքին ամեն տեսակ օգտակար իրեր կան կուտակված՝ բազկաթոռներ, սեղաններ, գրասեղաններ, տարօրինակ պատկերներովկարներով կտավներ, մահճակալի կողքի սեղանիկ, փոքր ու մեծ լամպեր, նույնիսկ օգտագործված հագուստ։ Ամեն ինչ հին ու մաշված է, բայց միանգամայն պիտանի, մտածում է Մ-ն, և կարիք չունի այլ փաստարկների:
– Համ անվճար է, համ էլ միանգամից ազատվում ենք տունը կահավորելու գլխացավանքից, լավ չի՞:
Հաջորդ օրը, թեև գլխացավը ասես մուրճն առած՝ հարվածում է քունքերին, բնակարանի կենվորներից ոչ ոք չի զղջում տեղի ունեցածի համար։ Ընդհակառակը՝ ոգևորված բնակարանն են կահավորում։ Նույնիսկ վիճում են կահույքը տեղավորելիս. թե սա միջանցքում ավելի լավ կերևա, էն աթոռը կտանեմ իմ սենյակ, որովհետև սենյակումս իսկի ընկնել-փռվելու տեղ չկա, էն սեղանն էնքան մաշված է, որ ես կվերցնեմ՝ ձեզ նեղություն չտալու ու փողոցի մեջտեղում նորից չթողնելու համար…
Մի քանի րոպեում բաժանում են ավարը և համաձայնության գալիս․ ամեն անգամ, երբ միասին փողոցով քայլելիս պետքական իր կամ կահույք գտնեն, այն կլինի ընդհանուր օգտագործման համար, իսկ եթե նրանցից մեկը ինչ-որ բան ուզենա միայն իր համար, մի բան, որը չի ցանկանում կիսել, պիտի ինքնուրույն գտնի ու բարձրացնի տուն՝ իր ուժերով ու իր պատասխանատվությամբ, առանց մյուսների օգնության։ Դա արդար, անառարկելի պայման է, որը երեքին էլ գոհացնում է և դնում է խաղաղ ու ջերմ հարաբերությունների հիմքը՝ համատեղ կյանքի ամիսների ողջ ընթացքում, Պիեռ Մենարի փողոցի տասնհինգ համարի նույն տանիքի տակ։
Գ-ն, Զ-ն ու Մ-ն սկիզբ են դնում մի չգրված ծեսի, որը կիրականացնեն այն սակավաթիվ գիշերներին, երբ կարող են իրենց թույլ տալ մի քիչ զվարճանք ու ազատություն։ Ծեսը բաղկացած է մեկ գործողությունից՝ հավաքել ցանկացած կահույք ու դեկորատիվ իր, որ գտնում են աղբամանների ու աղբարկղների շուրջը։ Սկզբում տուն են բարձրացնում միայն այն, ինչն իսկապես անհրաժեշտ է. բազկաթոռներ, բարձեր, բարձիկներ, ձմեռվա համար մի քանի վերմակ, փոքրիկ գրապահարան և հյուրասենյակի համար մի կոմոդ։ Չեն դադարում զարմանալ, թե ինչպես են հարևանները հրաժարվում այսքան օգտակար իրերից․ մի՞թե փողի ավելցուկ ունեն, մի՞թե այնքան շատ կահույք ունեն, որ էլ տեղ չունեն դրանց համար։ Ամեն դեպքում, Գ-ն, Զ-ն ու Մ-ն երջանիկ են, որովհետև կարողանում են բնակարանը կարգի բերել՝ առանց գրպանները դատարկելու։
Եվ հենց այդ նույն երախտագիտության ու լիության զգացումն է, որ նրանց մղում է հաջորդ քայլին։ Ամեն ինչ տեղի է ունենում բնական, մի բնազդով, որը նրանց աչքին իրականությունն աղավաղում է։ Դուրս են գալիս գիշերով ու տունդարձին արդեն՝ ալկոհոլն արյան մեջ եռ է գալիս: Քեֆները լավ՝ հավաքում են ամեն ինչ, ինչ ընկնում է ձեռքները՝ պետք լինի, թե ոչ: Սկզբի համար՝ ծակծակ էկրանով մի հեռուստացույց.
– Լա լիգայի ֆուտբոլի խաղերը կդիտենք,- առաջարկում է Գ-ն։
Հետո՝ մագնիսական գրատախտակ, որի վրա ինչ-որ մեկը առնանդամներ է նկարել.
– Կջնջենք ու մերը կնկարենք,- ասում է Զ-ն։
Այնուհետ Հարուկի Մուրակամիի վեպերի մի ամբողջ հավաքածուի հերթն է գալիս.
– Սրանք էլ կօգտագործենք որպես ծանրություն,- արտասանում են միաբերան։
Նույնիսկ երկու աղբաման են բարձրացրել տուն, նրանցից, որ քաղաքապետարանը դնում է շենքերի մուտքերի, բարերի ու ռեստորանների դիմաց։ Ինչի՞ն են պետք աղբամանները՝ հյուրասենյակի մեջտեղում։ Որպեսզի չտանջվեն աղբի տոպրակները փողոց իջեցնելու համար․ ժամանակի ու էներգիայի անիմաստ կորուստ է՝ պատասխանում է Մ-ն։ Եվ ի՞նչ կանեն, երբ աղբամանները լցվեն՝ հարցնում են Գ-ն ու Զ-ն։ Մ-ի պատասխանը կտրուկ է, դեմքը՝ զայրույթից կարմրած․ կբարձրացնեն նորերը, փողոցում դրանցից տասնյակներ կան, և դրանք բոլոր հարևաններին են պատկանում, հատկապես՝ իրենց։
Այդպես, յուրաքանչյուր շաբաթվա վերջ, իրար հաջորդող գինարբուքներ, հարբած գիշերներ։ Երբեմն լուսացնում են՝ շրջապատված կահույքով ու իրերով, որ չեն հիշում, թե երբ են տուն բարձրացրել․ կրակմարիչ, որի փրփուրը ցփնում են զուգարանում, մեքենայի անվադող, որ կախում են առաստաղից՝ ճոճանակի պես, հսկա չափերի պլաստմասե ագռավ, որ պատին են փակցնում՝ ասես եղջերուի գլուխ է… Գիտակցում են, որ չափն անցել են, միևնույն ժամանակ գոհ են. վարձել էին մի դատարկ ու տխուր բնակարան, իսկ հիմա իրենց ջանքերով ու նվիրվածությամբ կարողացել են այն տուն դարձնել։ Եվ շարունակում են առանց քաշվելու՝ կուտակելով այն, ինչ սկսում են անվանել պաշար կամ պարեն, ասես անկեղծորեն հավատում են, թե աղբամանները փորփրելը կպաշտպանի նրանց ապոկալիպսիսից կամ աղետից։
Այդպես երջանիկ են երեք ընկերները՝ սահմանելով սեփական գոյության կանոնները և անցնելով այն սահմանները, որոնք երբեք չէին պատկերացնում, որ կհատեն։ Այդ պատճառով է, որ նրանց տխրեցնում ու սարսափեցնում է այն միտքը, թե այս շրջանը կտևի ընդամենը ինը կամ տասը ամիս, և որ համալսարանն ավարտելուց հետո յուրաքանչյուրի ծրագրերը նրանց կտանեն տարբեր, գրեթե հակադիր ճանապարհներով։
Գ-ն կվերադառնա ծնողների տուն՝ պետական քննություններին պատրաստվելու² ։ Զ-ն կմեկնի ուրիշ երկիր, որտեղ, ինչպես ասում է, իր մասնագիտությամբ աշխատանք գտնելն ավելի հեշտ կլինի, որովհետև էստեղ երբեք բանի տեղ չեն դրել՝ սովորաբար դժգոհում է նա։ Իսկ Մ-ն դեռ մտածում է․ ուզում է մնալ քաղաքում, դժբախտաբար՝ այլ բնակարանում, ուրիշների հետ, բայց նույն քաղաքում, մի կերպ յոլա կգնա, նայած՝ թե ինչպես կդասավորեն հանգամանքները։
Դասընթացի ավարտին, քննություններից շաբաթներ առաջ, Գ-ն, Զ-ն ու Մ-ն հավաքվում են հյուրասենյակում, ամեն մեկը մի անկյուն քաշված, որպեսզի ստիպված չլինեն տեղաշարժել տարածքը հեղեղած ահռելի քանակի կահույքն ու դեկորատիվ իրերը, և փորձում են համաձայնության գալ։ Այժմ, երբ յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, երբ նրանք վերջնականապես բաժանվում են, երբ էլ երբեք ոտք չեն դնի Պիեռ Մենարի փողոցի տասնհինգ համարի տունը, ինչպե՞ս պետք է բաժանեն ավարը։
Բարդ որոշում է, և նրանք դա հասկանում են բանակցությունների հենց սկզբից, առանձնապես մտադիր էլ չեն ընդհանուր հայտարարի գալ։ Շուտով հրադադարն անհնար է դառնում, երբ երեք ընկերներից յուրաքանչյուրն իր տարբերակն է առաջ քաշում։
– Բաժանենք ամեն ինչ հավասար՝ իրար մեջ,- ասում է Գ-ն,- որովհետև պարզել, թե ով ինչի տերն է, սխալ է ու անիմաստ։ Թերևս, ամենաճիշտը սոցիալական արդարության սկզբունքով բաժանելն է՝ ով քիչ ունի, թող ավելի շատ ստանա․ յուրաքանչյուրից՝ ըստ կարողության, յուրաքանչյուրին՝ ըստ կարիքի։
Ընկերոջ խոսքերը լսելիս Զ-ի դեմքը մթնում է, նա էլ ճիշտ հակառակ կարծիքին է։
– Չեմ նվիրելու էն իրերը, որ ես եմ հավաքել ու բերել, դու ամենաքիչն ես ջանք թափել, ո՞վ ասաց, որ նա, որ ամենաքիչն է չարչարվել, պիտի շատ ստանա։ Մակաբույծներին պարգևատրում չի հասնում:
Գ-ն ու Զ-ն սկսում են վիճել, կամաց-կամաց վեճը թեժանում է՝ վերածվելով հայհոյանքների, հրմշտոցի, գոռգոռոցի ու սպառնալիքների։ Մինչ երկու ընկերները իրար են հրմշտում, սայթաքում ընկնում կահույքի ու տարատեսակ իրերի խճճուկի մեջ, ի՞նչ է անում Մ-ն։ Աչքի պոչով հետևում է այս տեսարանին և, միաժամանակ, լցնում ճամպրուկներն ու ուսապարկը․ մի բան վերցնում է այստեղից, մի բան այնտեղից, երրորդն իջեցնում է մուտքի մոտ՝ քանի դեռ չեն նկատել…
Թող կռվեն, թող շարունակեն կռվել, այդպես ամեն ինչ ինձ կմնա՝ մտածում է նա՝ հաղթական սուլելով:
Մ-ի շուրթերից ծնվող մեղեդին այնքան զորեղ ու կլանող է, որ ընկերներից ոչ ոք չի լսում դռան զանգը, որքան էլ ականջ խլացնող ու չարագուշակ է այն։ Նրանք չափազանց զբաղված են․ Զ-ն փորձում է պոկվել Գ-ից, որը բռնել է նրա օձիքից ու ձեռքերը սեղմել պարանոցի շուրջ՝ որպեսզի խեղդի, իսկ Մ-ն մի կողմից մյուսն է վազվզում՝ ճամպրուկները լցնելով պետքական ու անպետք իրերով։ Երբ նրանք սթափվում են, արդեն ուշ է․ դաժան իրականությունը նրանց է նայում՝ երկու ոստիկանների տեսքով։
– Էս ի՞նչ աղմուկ է գիշերվա հազարին, ձեններդ մինչև փողոց են հասնում։
Նաև բնակարանի տիրոջ տեսքով.
– Հարևանները ամիսներով բողոքում են գարշահոտից, հիմա էլ է՞ս՝ գիշերվա կեսին գոռգոռոց ու կռիվ։ Ու՞մն է էս ամբողջ աղբը։ Կյանքումս նման աղբանոց չեմ տեսել։
Բացատրություն չունեն, ոչ էլ ցանկություն՝ արդարանալու, ներողություն խնդրելու կամ ոստիկաններին ու տանտիրոջը իրենց բարի մտադրությունների մեջ համոզելու համար։ Գ-ն, Զ-ն ու Մ-ն լռում են ու գլուխները կախ լսում տանտիրոջ լուտանքները, որովհետև տանտիրոջ զայրույթը միայն սաստկանում է, երբ նա շրջում է սենյակից սենյակ․ աղբ ամեն անկյունում, անվերջ քանակությամբ աղբ, նաև ուտիճների ու փոքրիկ մկների մի ամբողջ հրոսակախումբ, որ մի կողմից մյուսն են վազում, հսկա չափերի մի շուն, որը սկսում է հաչալ ու գռմգռալ ոստիկանների վրա և մի մորուքավոր տղամարդ, որից խմիչքի հոտ է փչում, որ հանգիստ քնած է պահարաններից մեկի ներսում ու ոչ ոք չի համարձակվում նրան արթնացնել։
– Երկու օր ունեք՝ ամեն ինչ հավաքելու ու էստեղից չքվելու համար։ Մեկընդմի´շտ։
Երկու ոստիկանները տեսարանը դիտում են ձեռքները խաչած, գերեզմանային լռության մեջ։ Բնակարանից դուրս գալուց առաջ նրանցից մեկը թույլտվություն է խնդրում սանհանգույցից օգտվելու համար՝ ներեցեք, բայց էլ չեմ դիմանում, և չի կարողանում թաքցնել իր զարմանքը, երբ անցնում է միջանցքով։
– Տե՛ս, է, ի՜նչ հետաքրքիր է, խոհանոցի մեջ է։ Կարծում եմ՝ սա իմ ծառայության բոլոր տարիների ընթացքում տեսածս ամենատարօրինակ բանն է, որ զուգարան մտնելու համար պիտի խոհանոցով անցնես։
Երեք ընկերները տանտիրոջ հրամանը կատարում են բառացիորեն. երկու օրում դատարակում են բնակարանը՝ թողնելով այն մերկ, կեղտոտ ու էլ ավելի գորշ։ Նրանք բաժանել ու ճամպրուկները լցրել են այն ամենով, ինչ իրենց անհրաժեշտ էր թվում, և միաժամանակ «թաղել են» պատերազմի կացինը։
Իսկ հիմա ի՞նչ են անում, երբ տան հետ կապված հաշիվները մաքրել են, իսկ հորիզոնում նոր խնդիրներ են ուրվագծվում։ Գոյատևում են՝ ինչպես կարողանում են։ Սենյակ վարձելու փող չունեն, ուստի թափառում են փողոցներով, երբեմն մտնում որևէ բար՝ մոտներն եղած մանրադրամը ծախսելով գարեջրի ու չուպիտոների վրա, ժամանակ ձգելով՝ մինչև քննաշրջանի ավարտը, որպեսզի կարողանան վերադառնալ տուն։
Հավաքվում են շինարարական աղբով լցված մեծ աղբամանի մոտ՝ ծխելով այն կիսատ ծխախոտները, որ անցորդները նետում են գետնին։ Միայնակ են, գունատ, կոտրված, մարմինները քոր է գալիս, իսկ վրաներից տհաճ՝ քրտինքի ու խմիչքի հոտ է փչում։ Աչքերն այնքան պղտոր են, որ հազիվ են նկատում աղջիկների մի խումբ, որը կանգ է առնում նրանց դիմաց ու սկսում մատնացույց անել.
– Նայե´ք նրանց… հին են ու մաշված, բայց միանգամայն պիտանի են։
Տղաները չեն արձագանքում, անգամ չեն կարողանում նայել նրանց աչքերին։ Գ-ն, Զ-ն ու Մ-ն զգում են, որ կորցրել են շարժվելու ունակությունը, իսկ ձեռքերը կարծես ոջլոտած լինեն։ Նույնիսկ չեն դիմադրում, երբ աղջիկները կանգնում են նրանցից մեկ քայլ հեռավորության վրա ու սկսում են դիպչել նրանց մատների ծայրերով։ Օտար ջերմությունից հաճելի խուտուտ են զգում, իսկ նրանց շուրթերը դողում են համաձայնության նշանով. ուզում են հեռանալ աղջիկների հետ, ազատվել գարշահոտից, վերածնվել ու ապրել նորից, եթե անգամ մի դատարկ բնակարանի սենյակներն ու պատերն են զարդարելու ընդամենը։
¹ chupito-փոքրիկ՝ օղու, լիկյորի համար նախատեսված բաժակներ:
² oposición -պետական աշխատանքի համար` հատուկ մրցութային քննությունների փաթեթ:
«Վարձով կյանքեր», (La Discreta, 2025թ.)
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
