Վ­լա­դի­միր ­Նա­բո­կով   ՀՈԲԵԼՅԱՆ. 1917 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԹԻՎ

nabokovԱյս օրերին, երբ այնտեղից հոբելյանի մեռելահոտ է գալիս, ինչո՞ւ մենք էլ մեր հոբելյանը չտոնենք: Քամահրանքի տասը տարի, հավատարմության տասը տարի, ազատության տասը տարի. մի՞թե այս ամենն արժանի չէ գոնե մեկ հոբելյանական ճառի:
Քամահրել կարողանալ է պետք: Մենք քամահրելու գիտությունն ուսումնասիրել ենք կատարելապես: Այնքան ենք հագեցած քամահրանքով, որ հաճախ ծուլանում ենք ծաղրել դրա առարկան: Քթանցքերի թույլ դող, աչքերի հպանցիկ կկոցում… և լռություն:
Բայց այսօր եկեք խոսենք:
Քամահրանքի տասը տարի: Ես քամահրում եմ ոչ թե մարդուն, ոչ թե բանվոր Սիդորովին` ինչ-որ Կոմ-պոմ-ցոմի ազնիվ անդամին, այլ՝ այն այլանդակ ու տխմար գաղափարը, որը պարզսիրտ ռուսներին վերածում է կոմունիստական աղքատամիտների, որը մարդկանց վերածում է մրջյունների, նոր տեսակի մրջյունների` formica Marxi var. Lenini: Ինձ համար անտանելի է քաղքենիության այն քաղցրումեղցր համը, որ զգում եմ բոլշևիզմի բոլոր դրսևորումներում: Քաղքենիական ձանձրույթ են տարածում «Պրավդայի» գորշ էջերը, քաղքենիական չարությամբ է հագեցած բոլշևիկի քաղաքական ճիչը, քաղքենիական տխմարությամբ է լի նրա խղճուկ ուղեղիկը: Ասում են՝ Ռուսաստանը հիմարացել է, ուրիշ ի՞նչ էիք սպասում…
Ամբողջ երկիրը պատել է խուլ գավառականությունը` իր առյուծ կտրած հաշվապահով, Վերբիցկայա ու Սեյֆուլինա կարդացող օրիորդներով, խղճուկ-զվարճալի թատրոնով, փոշոտ փողոցի կենտրոնում հարմար տեղավորված քեֆը լավ անշառ մուժիկով:
Ես քամահրում եմ կոմունիստական հավատը` որպես ցածր հավասարության գաղափար, որպես տաղտուկ էջ մարդկության տոնական պատմության մեջ, որպես երկրային ու վերերկրային գեղեցկության մերժում, որպես մի բան, որ հիմարաբար ոտնձգում է իմ ազատ «ես»-ին, խրախուսում է տգիտությունը, բթությունն ու ինքնահավանությունը:
Քամահրանքիս ուժ է տալիս այն, որ ես, քամահրելով հանդերձ, ինձ թույլ չեմ տալիս մտածել հեղված արյան մասին: Ուժ է տալիս նաև այն, որ ես չեմ տրվում բուրժուական հուսալքությանն ու չեմ ափսոսում կալվածքս, տունս, վատերկլոզետի խորքերում թաքցրած ոսկու ձուլակտորս կորցնելու համար: Սպանությունը կատարում է ոչ թե գաղափարը, այլ՝ մարդը, իսկ նրա հետ հաշիվս առանձին է, կներեմ թե չեմ ների` այլ կարգի հարց է: Վրեժի ծարավը չպետք է մշուշի քամահրանքի մաքրությունը: Վրդովմունքը միշտ անօգնական է:
Եվ ոչ միայն քամահրանքի տասը տարին… Հավատարմության տասը տարին ենք տոնում մենք: Մենք Ռուսաստանին հավատարիմ ենք ոչ միայն այնպես, ինչպես հավատարիմ ես լինում հիշողությանդ, սիրում ենք Ռուսաստանը ոչ միայն այնպես, ինչպես սիրում ես մի ակնթարթում անցած մանկությունդ, սրընթաց թռած պատանեկությունդ: Ո՛չ: Մենք հավատարիմ ենք այն Ռուսաստանին, որով կարող էինք հպարտանալ, այն Ռուսաստանին, որը ստեղծվել էր աստիճանաբար ու համաչափ և զորեղ տերություն էր զորեղ տերությունների շարքում: Իսկ հիմա ի՞նչ է, ի՞նչ անի հիմա… սովետական այրին, Եվրոպայի աղքատ ազգականը… Մենք հավատարիմ ենք նրա անցյալին, մենք երջանիկ ենք նրանով և սքանչելի զգացումով ենք համակվում, երբ հեռավոր երկիր հասած նրա համբավը հնչեցնում է մանկուց սիրելի անուններ: Մենք Ռուսաստանի ափերից դուրս եկած ալիքներն ենք, որ ողողել ենք համայն աշխարհը, բայց մեր պանդխտությունը միշտ չէ, որ տխուր է, և հայրենիքի առնական կարոտը միշտ չէ, որ խանգարում է մեզ օտար երկրում վայելել կյանքը, նրբախոհ միայնությունը օտար էլեկ­տրական գիշերվա մեջ, կամուրջի վրա, հրապարակում, կայարանում: Ու թեև հիմա գիտակցում ենք, թե որքան տարբեր ենք մենք, թեև երբեմն մեզ թվում է, թե աշխարհով մեկ թափառում են ոչ թե մեկ, այլ հազարավոր Ռուսաստաններ` հաճախ խեղճ ու չարացած, հաճախ միմյանց դեմ թշնամացած, կա, այդուհանդերձ, մի բան, որ միավորում է մեզ` ինչ-որ ընդհանուր ձգտում, ընդհանուր ոգի, և սա կհասկանա ու կգնահատի ապագա պատմաբանը:
Միաժամանակ նաև տոնում են ազատության տասը տարին: Այն ազատությունը, որ վայելել ենք մենք, որևէ այլ ժողովուրդ գուցե երբեք չի վայելել: Այն առանձնահատուկ Ռուսաստանում, որն անտես պարուրում է մեզ, կյանք ու կորով է տալիս, տարածվում է մեր հոգում, գունավորում է մեր երազները, չկա այլ օրենք, բացի իր հանդեպ սիրո օրենքից, և չկա այլ իշխանություն, բացի մեր սեփական խղճից: Նրա մասին մենք կարող ենք ամեն բան ասել, ամեն բան գրել, թաքցնելու ոչինչ չունենք, և ոչ մի գրաքննություն արգելքներ չի դնում մեր առջև, մենք մեր երազանքի ազատ քաղաքացիներն ենք: Այդ ազատությունն է զորություն տալիս մեր ցաքուցրիվ պետությանը, մեր քոչվոր տերությանը, և մի օր երախտապարտ ենք լինելու կույր Կլիոյին, որ հնարավորություն է ընձեռել մեզ՝ ըմբոշխնելու այդ ազատության համը և վտարանդիության մեջ ամբողջ սրությամբ զգալու մեր հայրենի երկիրը…
Այս օրերին, երբ տոնվում է անդեմ, ՍՍՌՄ-ադեմ հոբելյանը, մենք տոնում ենք քամահրանքի, հավատարմության ու ազատության տասներորդ տարեդարձը: Վտարանդիությունն այստեղ կապ չունի: Կրկնենք հին զինվորի այն խոսքերը, որ փոխանցում է Պլուտարքոսը. «Գիշերը, ամայի դաշտում, Հռոմից հեռու ես կանգնեցրի վրանս, և վրանս իմ Հռոմն էր»:

Ռուսերենից թարգմանեց
Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։