Ճանապարհ դեպի Լույսը… / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Վերջերս աշխուժացել են համաշխարհային հանրության կողմից Հայաստանի՝ որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած երկրի ու ժողովրդի կերպարի ընկալմանն ուղղված ջանքերը: Վկա՝ Հռոմի պապի արդեն հաճախակի դարձած Հայաստանյան այցերի ժամանակ արված հայտարարությունները, Գր. Նարեկացուն Տիեզերական վարդապետ հռչակումը… Բայց, իհարկե, հայոց քրիստոնեացման պատմությունը շատ ավելի հին արմատներ ունի: Ավելին՝ մարդասիրական քրիստոնեական հավատքի համար նահատակվածների մեջ ևս կան նշանավոր հայերի անուններ, ինչպես Նեարքոսը, Պողիքտոսը և ուրիշներ: Հայ ու համաշխարհային, մասնավորապես, արվեստասեր հանրությանը շատ ավելի ծանոթ է մ.թ. 3-րդ դարակեսին (249-251-ի միջև) նահատակված Մալաթիացի (Մելիտինեցի) արքունի զորական Պողիքտոսը (թարգմ.՝ բազմաղոթք), շնորհիվ դարեր անց Պիեռ Կոռնեյլի 1641-42-ին գրած և 1643-ին բեմադրված համանուն ողբերգության, ինչպես նաև դրա հիման վրա Գայետանո Դոնիցետիի 1838-ին ստեղծած օպերայի: Հատկանշական է, որ Պողիքտոսի կասկածի տակ առնված հայկական ծագումը Կոռնեյլը հերքել է՝ նրան ներկայացնելով որպես հայ՝ իշխանական տոհմից (Seigneur ArmՌnien): Նրա հայկական ծագումը հաստատել է նաև Ղևոնդ Ալիշանը իր նշանավոր «Յուշիկք հայրենեաց Հայոց» երկում: Դժվարին ճանապարհ է անցել նաև Դոնիցետիի օպերան: Նեապոլի «Սան Կարլո» թատրոնի համար գրված այդ գործը վերջին պահին արգելվել է: Վերափոխված «Մարտիրոսներ» խորագրով օպերան, ի վերջո, բեմադրվել է 1840 թվականին ֆրանսիական բեմում, իսկ Նեապոլի հիշյալ թատրոնում առաջնախաղը տեղի է ունեցել 10 տարի անց՝ 1848-ին:
Հայաստանի անկախացումից հետո «Պողիքտոս»-ը ներկայացվել է նաև Հայաստանում՝ երջանկահիշատակ Տիգրան Լևոնյանի ջանքերով ու բեմադրությամբ: Ի դեպ, օպերայի պարտիտուրան Հայաստան էր բերվել դեռևս 1970-ական թվականներին՝ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Պապի միջև եղած բանակցություններից հետո, և այն հայերեն էր թարգմանել Գոհար Գասպարյանը:
Այս ամենի շարադրման առիթը Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» չափածո դրամատիկական երկն է, որ վերջերս լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ՝ Արշակ Մադոյանի և Տ. Ոսկան քահանա Հովհաննիսյանի հանգամանալից նախաբաններով: Անահիտ Պարսամյանը առաջին անգամը չէ, որ դիմում է պատմական կամ պատմա-կրոնական թեմատիկային: Վերջին տարիներին Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել նաև նրա «Շուշան-Վարդենի» (2007), «Օշինդրի բույրը կամ սուրբ Վահան Գողթնացի» (2010), «Աշոտ Երկաթի խաչը» (2013) վիպակները:
«Պողիկտոս»-ում ներքին դրամատիզմը կառուցվում է գլխավոր հերոսի ներաշխարհում կատարված հեղաշրջման և շրջապատի հետ բախման հիմքի վրա: Կայսր Դևկոսի կողմից Մելիտինեի՝ Հայաստանի, կուսակալ նշանակված հռոմեական սենատոր Ֆելիքսի դուստր Պաուլինեն (Պողինեն), հանդիպելով «հպարտ հայ» Պողիքտոսին, գրավվում է նրանով, ստիպված լինելով հրաժարվել Սևերոսի նկատմամբ ունեցած սիրուց: Եթե դարեր անց Օթելլոն պալատական անձուկ միջավայրում խեղդվող Դեզդեմոնային նվաճում է հերոսական ճակատամարտերի մասին ռոմանտիկ պատմություններով, ապա նույն պալատական «նենգախաղերի սարդոստայնի», «փառաբանության սին խաղերի» և ոսկու փայլի մեջ հոգեկան գալարումներ ապրող Պողիքտոսը դեպի Պաուլինեի փխրուն սիրտը տանող ճամփան գտնում է կռապաշտ, «դավերով լեցուն» աշխարհը փոխելու, մարդկանց հոգիներում Արդարության, Հավատի և Հույսի սերմերը ցանելու իր երազանքով:
Պողիքտոսն ու Նեարքոսը, իհարկե, ձերբակալվում են: Պաուլինեն կանգնում է հոգեկան երկընտրանքի առջև. մինչ կարծում էր, թե իրենց «Սե՜րն է երազը հավիտենական», ամեն բան, թվում է, գլխիվայր է շրջվում: Ծնվում է դժվարին հարցադրումը.
…Ասա՛, Պողիքտո՛ս,//Գտածդ արժե՞ մեր կորցրածին…
Ըստ էության, իրար դեմ են ելնում երկրային-հողեղեն կյանքի թրթիռներով ապրող կինը և հավիտենական կյանքի համար վերածնված այրը, ով համոզված է, թե հենց Պաուլինեի երկրային սերն է «ծնել հավատն այս անծիր»:
Պողիքտոսը, ճիշտ է, ի վերջո, մահապատժի է ենթարկվում՝ կայսեր Սուրբ հրովարտակը պատռելու համար, նահատակվում է՝ ընդառաջ գնալով ճառագած «երկնային լույսին», բայց դրանով իսկ խորին կասկածի մի սերմ նետելով ամենքի սրտում: Մեծազոր Ֆելիքսն անգամ սկսում է տարակուսել՝
…Ինչո՞ւ այսպես եղավ, նա ի՞նչ գիտեր ուրիշ,// Նա ի՞նչ գաղտնիք ուներ, որ ավելի էր քան//Կյա՛նքը անզուգական…
Իսկ քաջ ռազմիկ Սևերոսը նույնիսկ հիացմունքով ու հարգանքով է լցվում Պողիքտոսի ու նրա նման անձնազոհների հանդեպ, քանզի՝ «Նրանք մի ուժ ունեն՝ մեզպեսներին անհաս…»: Իսկ այդ ուժը, «ելքը» երկրային կյանքի բոլոր չարիքներից՝ պա՜րզ մի բան է՝ Հույսն ու Լույսը, որ մարմնավորված է «Մարդակերպ Աստծո»՝ Քրիստոսի կերպարի մեջ:
Դրաման ավարտվում է Պողիքտոսի մենախոսությամբ, որի բուն ասելիքը խտացած է հետևյալ տողերում.
…Նեարքոս, արժե՛ ապրել, թե նա կա,//Որպես Ուսուցիչ, Փրկություն և Հույս:// Կա՛մ անդունդ, կամ՝ Լույս,//Ես Լո՜ւյսն եմ ընտրում…
Այս տողերը խորհրդանշում են նաև Անահիտ Պարսամյանի՝ գրողի և մարդու հոգեկան ձգտումների էությունը, որն ուղղված է հավիտենական Լույսի հանգրվանին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։