Վերջերս մեզնից հեռացած Աշոտ Աբրահամյանը, որի սոսկ ուրվանկարն եմ տալիս այստեղ, բոլոր հնարավորություններն ուներ` հասնելու գիտական բարձրագույն տիտղոսների: Պարզապես մեր դժվար ժամանակներում իր համար այդ անկարևոր բաների ժամանակը չուներ: Ի վերջո, տիտղոսների նկատմամբ քամահրական վերաբերմունքի նախատիպերն էլ ուներ` ի դեմս հանրահայտ փիլիսոփա-լեզվաբան Էդմոն Ավետյանի, որ ընդամենը թեկնածուի գիտական աստիճանով բավարարվեց (ինչ խոսք, նաև այլախոհի հանգամանքն իր դերակատարումն ունեցավ այստեղ), Լևոն Ներսիսյանի, որ գիտական աստիճան էլ չուներ: Հիշում եմ, տարիներ առաջ, երբ հրաժեշտ տվեց կյանքին Լևոն Ներսիսյանը, ժամանակի բռնակալի հրահանգով անթույլատրելի համարվեց սիրված դասախոսի և մեծ մարդու աճյունը, ի նշան հարգանքի, մի պահ փառավորել Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքի ճեմասրահում հանգուցյալի` «դոկտոր» չլինելու մտայնությամբ…
Ահա շատերի համար կյանքի իմաստը արտաքին պայմանական տարազներով «փաթեթավորելուն» հակառակ` Աշոտ Աբրահամյանը հասցրեց թողնել իր սաներին և գալիքի ընթերցողներին այն, ինչը լցնելու է նրանց ներաշխարհը աբրահամյանական մտքից սերած դժվարամարս, բայց առողջարար պտուղներով: Անկախ իր ոչ տարածուն համբավից` Աշոտ Աբրահամյանը համաշխարհային ընդգրկման մտածող էր` լեզուն արտաքին իրականության հանդիպադրությամբ քննող իմաստասեր, մերօրյա եզակի նշանագետ: Լինելով Էդուարդ Աթայանի սիրելի սանն ու հետևորդը, նրա ուսմունքը ստեղծագործաբար յուրացնողը` Աշոտի մտքի ճախրն ի հայտ եկավ դեռ հոգևոր ուսուցչի ներկայությամբ, և եթե Էդ. Աթայանը նորագույն լեզվաբանական փուլի հիմնադիրը եղավ, ապա Աշոտ Աբրահամյանն իր քննախոսությամբ ամրապնդեց աթայանագիտության հեռանկարների` իր համար պարզորոշ տեսանելի հաստատունությունը: Դա արեց ուսուցչի ուսմունքի խորքային գնահատումներով և ամեն անգամ վերահաստատեց իր յուրաքանչյուր նոր հետազոտությամբ: Դա այդպես է, որովհետև Աշոտ Աբրահամյանի տեսությունը սոսկական լեզվաբանություն չէ նույնիսկ լեզվի կառուցվածքային մակարդակների զննության պարագայում: Այն, ինչ զուտ կառուցվածքաբանություն էր ժամանակին, Աշոտի գրչի տակ դարձավ լեզվի ստորակարգային մակարդակների նշանագիտական փիլիսոփայություն: Հետևելով այսօր Աշոտ Աբրահամյանի գիտական հետագծին` վերջերս մի առեղծվածային բացահայտում արեցի ինձ համար: Նա բարդ քննախոսական հետազոտությունների հեղինակ է. ո՛ր ուսումնասիրությանն էլ հաղորդակից ենք լինում, նվազագույն միավորի մեջ անգամ տիեզերական իրականության բացահայտմանն ենք բախվում: Եվ զարմանալին այն է, որ այդ քննախոսությունների մեջ կա մեկը` իր խորհրդավոր կերպարին հարիր խորհրդավոր վերնագրով` «Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում», որն Աշոտի հետազոտությունների շարքում առաջինն է ժամանակագրորեն, բայց մարդկային տրամաբանության բոլոր կանոններով դա պիտի գրվեր վերջում: Դա չի նշանակում, թե հետագա աշխատանքներն Աշոտ Աբրահամյանը կատարել է այդ հնարավոր վերջին, բայց իրականում առաջին հետազոտությունից արված մակերեսային արտածումների եղանակով: Բնա՛վ: Բայց սա չի էլ նշանակում, թե դրանք չեն հանգում ընդհանրական ուժով անգերազանցելի առաջին հոդվածին: Աշոտի` լեզվի ողնաշարի պրպտումը նրանում արտալեզվական և ներլեզվական վերաբերությունների` ինչ-որ կետում ներդաշնակության որոշ խախտման բացահայտմանն է հանգեցրել, չափավոր անհամաչափության ստուգության վերհանմանը: Այդ խախտումը լեզվի տրամաբանականությունը ներդաշնակում է խոսքի ոճական ազատության սկզբունքին, և որքան մեծ գալարով է կատարվում տրամաբանության և հոգեբանության խախտված բևեռների միահյուսումը, այնքան մեծ է մարդկային հոգու ստեղծագործականության թափը: Աշոտ Աբրահամյանն ինքնատիպ է ամեն ինչով` նաև հետազոտությունների վերնագրերով: Նրա բազմաբարդ ու տարողունակ լրջությամբ ուսումնասիրությունները մի զարմանալի թեթևությամբ էին շաղախված` շնորհիվ անսպասելի կատակաբանության: Ամենից ծանրամարս ուսումնասիրությունները հաճախ ամենաթեթև ու անսպասելի խորագրերով էին արևերեսվում: Դրանցից է «Գովք ստախոսության» քննախոսությունը, որում բացառիկ ճշմարտախոս Աշոտը փառաբանում է ամեն մի բարձր ստեղծագործության հիմքում ընկած սրբազան սուտը…
Աշոտ Աբրահամյանը որքան լեզվաբան, նույնքան էլ փիլիսոփա, նշանագետ, մաթեմատիկոս և բնագետ էր: Նա համահեղինակ էր մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի, մաթեմատիկոսները հրավիրում էին նրան` իրենց համար դասախոսություն կարդալու մաթեմատիկայից, որոնք, հմուտ մաթեմատիկոս լինելով, կարոտ էին նաև դրսից մաթեմատիկական աշխարհին նայող և մաթեմատիկայի գոյությունը լեզվի մեջ տեսնող-գնահատողի իմաստավորման:
Առանձին խոսակցության նյութ է դասախոս Աշոտ Աբրահամյանի կերպարը: Այստեղ էլ առեղծվածային մի բան կար: Լեզվաբանական ամենաբարդ գիտակարգեր դասավանդողը, որի քննություններից դողում էին ուսանողները, ակամա մի անմեկնելի ջերմությամբ էր համակում նրանց դեպի իր անձը: Մեղմ ասած` շատ չեն դեպքերը, երբ միջանցքում դասախոսին տեսնելով` ուսանողուհիներն անկառավարելի մղումով էին ձգվում նրան` հոգում լեռնացած երախտագիտությունը ողջագուրանքով հատուցելու ուսուցչին: Այսպիսի՛ն էր Աշոտ Աբրահամյանը: Աշոտ Աբրահամյանով լեցուն մթնոլորտի ներկա դատարկությունը, ի՛նչ խոսք, ցավ է նրան մոտիկից ճանաչող ընկերոջ համար:
Չգիտեմ` ինչ ընթացք կունենար իմ մասնագիտական ուղին, եթե, պատահականորե՞ն ասեմ, թե՞ ճակատագրի բարեպատեհ պարտադրանքով, ինձ բախտ չվիճակվեր սանը լինելու Էդուարդ Աթայանի: Նույն բարեպատեհությամբ է շաղախվել Աշոտ Աբրահամյանի կյանքը Էդ. Աթայանի աշխարհին: Ջերմորեն էր ընդունում Աթայանը հոգեհարազատ սաներին: Կրկնապատկվում էր ջերմությունը, երբ երկուսիս միասին էր տեսնում իր տանը: Երկուսիս համար թանկ հիշողություն էր, ի թիվս այլոց, նաև Աթայանի կարոտագին բացականչությունը մեզ տեսնելուն պես. «Իա՛, դուք կա՞ք»… Եվ եթե Էդ. Աթայանի հեռացումով մասնագիտական «որբության» զգացողությունս որոշ ժամանակ անց փարատվեց Աշոտ Աբրահամյանի գոյությամբ, ապա հիմա սփոփվելիք էլ չունեմ: Չկա այն մեկը, ում հետ անմիջականորեն կամ հեռախոսով տևական զրույցներ ունենամ, որովհետև եթե լեզվական իրողությունների մեկնության համար նրան էի դիմում, պարզապես վստահ էի` սպառիչ պատասխան էլ չունենար, գործի կդներ իր ուղղորդող զորությունը: Աշոտի հեռացումը լեզվաբանական վայելքիս մեջքը կոտրեց…
Դավիթ ԳՅՈՒՐԶԱԴՅԱՆ
Հոգուց ու գիտակցությունից ծնված ազնիվ ընկերոջ և բարձր մտավորականի, հմուտ լեզվաբանի ո ւլեզվի փիլիսոփայության գիտակի խոսք մեր շատ սիրելի ընկերոջ գործի ու հիշատակի համար։