Հոկտեմբերի 25-ին, Արցախի ու Հայաստանի գրողների միությունների համատեղ ջանքերով և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ու «Վալլեքս գարդեն հոթել» հյուրանոցային համալիրի հովանավորությամբ, Ստեփանակերտում կայացավ Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը, ով իր բացման խոսքում հիշատակեց, որ էպոսային տարրեր ունեցող վեպում Հացի գյուղն է, գյուղի մեջ` Արցախը, Արցախի մեջ` Հայաստանը` իր հաղթանակած զինվորով, հերոսներ ծնող Անահիտի աղբյուրով ու ճշմարտություններ ասող ժողովրդով: Ա. Արփենի գրական-կենսագրական դիմանկարը ներկայացրեց բան. գիտ. թեկնածու Ամալյա Գրիգորյանը: Գրականագետ, բանաստեղծ Սոկրատ Խանյանն իր խոսքում նշեց, որ հեղինակը իրական կերպարներն ու դեպքերը կարողացել է տանել պատկերավոր մտածողության շրջանակ և լուրջ խորհրդածություններ է անում` «Այն, ինչը հիշում ենք, անցյալն է, ինչ երազում ենք` ապագան, իսկ ինչը չենք զգում, ներկան է»: Պատմաբան, թարգմանչուհի Նվարդ Ավագյանը վեպում արժևորեց առկա պատմական էքսկուրսները, որոնք որոշակի բացահայտումներ են բերում: «Հայրենյաց պաշտպան» թերթի խմբագիր, բանաստեղծ Ռոբերտ Եսայանը հավելեց, որ պատումը զուգակցվում է հեղինակային հետաքրքիր մեկնաբանություններով, պարունակում է իր մեջ առասպելական շնչառություն, ավանդապատումային նրբերանգներ, հեղինակը հետաքրքիր ընդհանրացումներով է կերպավորում իր ապրած ժամանակաշրջանը: Գրականագետ, բանաստեղծ Արկադի Թովմասյանը հաճելիորեն զարմացած նշեց, որ եթե հեղինակի կենսագրության մասին չընթերցվեր, ինքը համոզված կլիներ, որ նա արցախցի է: «Մտածելակերպը, կերպարներն այն արցախցիներն են, որոնց արյան մեջ դեռ կարկաչում, բողոքում, այսօր էլ նրանց մեջ ապրում են 1988-ի մեր երևակայական, մեր իրական, մեր արյունոտ օրերը: Այս ամենը ես տեսա այս ստեղծագործության մեջ և ակամայից վերադարձա այն տարիներին»,- ասաց Ա. Թովմասյանը: Արցախի Հանրապետության նախագահի օգնական, արձակագիր, ծնունդով հացեցի Աշոտ Բեգլարյանը նույնպես հավաստեց, որ «Անահիտի աղբյուրը» վեպն ընթերցելիս ինքը ճանաչում էր իր ծննդավայր Հացին ու իր ընկերներին և հեղինակին նվիրեց հացեցի գրող Էռնեստ Բեգլարյանի բանաստեղծությունների ժողովածուն: Անահիտ Արփենը գրքեր ստացավ նաև շնորհանդեսին ներկա արցախցի գրչակիցներից ու հուշանվեր` Արցախի գրողների միությունից: Դահլիճում ներկա էին «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպի արցախցի իրական կերպարներ, զոհված ազատամարտիկներ Աբել Առստամյանի և Սամվել Դավթյանի ծնողները, դիպուկահար Մարգարիտա Սարգսյանի մարտական ընկերուհիները, ջոկատի ղեկավար մարտիկ Վարդուհի Գևորգյանը, մարտիկ Կարինե Դանիելյանը, բուժքույրեր Անահիտ Պետրոսյանը և Եվգենյա Առստամյանը, 1992 թ. օգոստոսի 16-ի գիշերը Հացիի դիրքերում օրհասական մարտ մղած ազատամարտիկներ Արա Վարդանյանը, Վիգենը, Հրայր Դանիելյանը և այլք: Վեպի գլխավոր կերպարի, արմավիրցի կամավոր ազատամարտիկ Հրանտ Մկրտչյանի և բոլոր զոհվածների հիշատակին նվիրվեց «Ծաղկած բալենի» հուզիչ մենապարը «Բարդիներ» համույթի պարուհի Արփեն Թադևոսյանի կատարմամբ: Իր խոսքում Անահիտ Արփենը խորին երախտագիտություն հայտնեց զոհվածների ծնողներին և սրտի խոսք ասաց նախկին մարտիկներին` հանդիսատեսին ներկայացնելով ազատամարտում նրանցից յուրաքանչյուրի լուման:
Կարդալ նաեւ․․․

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ
Մարտի 11-ին տեղի ունեցավ նախագահության նիստ, օրակարգում՝ ընթացիկ հարցեր, ՀԳՄ…
Հնչեց Սիլվա Կապուտիկյանի խոսքը
Օրերս Հայ-ռուսական համալսարանում հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից կազմակերպվել…
ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՝ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Լոնդոնում և Քեմբրիջում միաժամանակ հրատարակվող «Երկար բանաստեղծության հանդես»-ի («Long Poem…