Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ կյանքից վաթսունմեկ տարեկանում հեռացած բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-երեկո: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը շեշտեց, որ ճիշտ որոշում էր բանաստեղծի 70-ամյա հոբելյանը նրա ծննդավայրում նշելը: Որտեղ էլ ապրել ու ստեղծագործել է վաստակաշատ գրողը, նրա ուշադրության կիզակետում մշտապես եղել են հարազատ լեռները, հայրենի եզերքի կապույտ քամիներն ու նժույգների աչքերում ցոլցլացող աստղերը:
Իրենց մտերմիկ, հուշառատ ու նաև գնահատող խոսքն ասացին ՀԳՄ վարչության անդամ, ՀԳՄ Տավուշի մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, Ի. Մամյանի մանկության ընկեր, գրող Ռուսլան Մալինյանը, Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, գրադարանավարուհի Հերմինե Մամյանը, ուսուցչուհիներ Անահիտ Ղարախանյանը, Արևիկ Աղաբաբյանը և ուրիշներ: Ի. Մամյանի մասին հիշողություններով հանդես եկան տիկինը` Արմենուհի Ծատուրյանը և ավագ որդին` Սասուն Մամյանը, ասմունքեցին թոռնիկները` Արմենն ու Իգնատը: Ելույթ ունեցան կիթառահարուհի Կարինե Ալեքսանյանը, պատանի երգիչ, նվագող, ասմունքող փոքրիկներ ու պարուհիներ: Միջոցառումը վարում էր դերասանուհի Նաիրա Աբրահամյանը: Սրահում ցուցադրված էին նկարիչներ Հրանտ Կիրակոսյանի և Նորայր Մալխասյանի գեղանկարները:
Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ