Թուրք-ամերիկյան հարաբերություններում ներկայիս լարվածությունը փորձագետները որակում են որպես աննախադեպ: Ամեն ինչ սկսվեց, երբ Ստամբուլում՝ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով, ձերբակալվեց ԱՄՆ դիվանագիտության առաքելության աշխատակիցը, ինչին հաջորդեց ԱՄՆ-ի դեսպանատան՝ Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին հայտարարությունը: Ժամեր անց համարժեք որոշում կայացրեց նաև պաշտոնական Անկարան: Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ընդգծեց, որ «Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզային ճգնաժամն այնքան էլ բարդ խնդիր չէ, ու մեկ օրում կարելի է լուծել», թվում էր` այս սկանդալը ևս Թուրքիայի համար հետևանքներ չի ունենա: Սակայն, ըստ երևույթին, խնդիրն ավելի խորքային է` պայմանավորված Մերձավոր Արևելքում Թուրքիայի վարած քաղաքականությամբ, Արևմուտքի նկատմամբ հաճախակիացած շանտաժի դրսևորումներով և որպես ինքնուրույն խաղացող ներկայանալու փորձով, ինչն ամերիկյան ղեկավարությանը հազիվ թե դուր գա: Էական է Ռուսաստանի հետ համատեղ գործարքը՝ կապված հրթիռային համակարգերի առքուվաճառքի հետ, երկակի խաղ, ինչը հավելյալ ազդակ է` նվազեցնելու Անկարայի նկատմամբ վստահությունը: Ըստ Էրդողանի` չնայած երկրների միջև հարաբերությունները չեն կարող ամբողջովին բարեկամական կամ թշնամական լինել, Թուրքիային անհանգստացնում է նրանց երկերեսանիությունը, ովքեր իրենց Անկարայի գործընկերներ են համարում: «Դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ նրանք խոստումներ և երաշխիքներ են տալիս, իսկ մեր մեջքի հետևում կեղտոտ խաղեր են վարում, որոնք այնպիսի բնույթ են ստացել, որ դրանք այլևս անհնար է թաքցնել»: Թուրքական տրամաբանություն, երբ իրենց գործելաոճը ուրիշներին վերագրելով, փորձ է արվում սեփական սխալների արդարացման բարիկադներն ամրացնել: Թուրքերն արդեն վարժվել են, որ, աշխարհաքաղաքական այլևայլ շահերով պայմանավորված, Արևմուտքը միշտ էլ լիբերալ է եղել իրենց նկատմամբ, առանձին դեպքերում զիջումների գնալով, ինչն էլ «թևեր» է տվել այդ երկրի հատկապես ներկայիս առաջնորդին՝ գերագնահատելու Թուրքիայի նշանակությունը և դիմելու գործողությունների, որոնք հակասում են ընդհանուր կանոններին: Արձագանքելով երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական սկանդալին` Էրդողանն արդեն հասցրել է ընդգծել, որ «Եթե Նահանգները չի ընդունում Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես որ կա, ուրեմն մենք ձեր կարիքը չունենք: Մենք ցեղախումբ չենք և ոչ էլ ցեղային պետություն: Սա Թուրքիայի Հանրապետությունն է, և դուք պետք է դա ընդունեք: Հակառակ դեպքում, կներեք, մենք ձեր կարիքը չունենք»: Ըստ Էրդողանի` ամերիկացիները վարժվել են «հին Թուրքիային» և չեն ուզում ընդունել «ուժեղ Թուրքիայի» գոյությունը, հայտնել է, որ Ամերիկան «կեղտոտ ծրագիր» է իրականացնում, նպատակաուղղված կասեցնելու «Թուրքիայի կառուցումը», չմոռանալով երկիրը համեմատել եղունգները քաշած առյուծի հետ, որին փորձում են սանձահարել: Սակայն մշտապես Ամերիկայի հովանու ներքո իր զարգացումն ապահոված երկրի համար միշտ չէ, որ այսօրինակ հանդգնությունը կարող է ցանկալի արդյունք գրանցել: Էրդողանն առայժմ փորձում է Ամերիկային շանտաժել, որպես այլընտրանք հայացքն ուղղելով Ռուսաստանի կողմը, թեև ռուս-թուրքական հարաբերություններում էլ խութերը քիչ չեն: Ինչպես նշում է ՌԴ ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, Թուրքիան երբեք չի կատարել իր պարտավորությունները: Փորձագետի խոսքով, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, առավել ևս չի կատարի Մոսկվայի առաջ ստանձնած պարտավորությունները, հավելելով, որ ծայրահեղ բարդ է նրա հետագա քայլերը գնահատելն ու հաշվարկելը, քանի որ Թուրքիան յուրօրինակ քաղաքական խաղ է խաղում մե՛րթ Մոսկվայի, մե՛րթ Վաշինգտոնի հետ: Թուրքիայի կուսակցական առաջնորդներից Հական Չելիկը հայտարարել է, որ հարկավոր է Ղրիմը Ռուսաստանից խլել և միացնել Թուրքիային: Թուրքական շատ պատմաբաններ նույնպես համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Քիրկուկը, Բաթումը, Սալոնիկը, Վարնան, Ղրիմը, Ղարաբաղը, Էգեյան ծովի կղզիները: «Երբ Թուրքիան կորցնի իր անկախությունը և կորցնի իր ապագան, այդժամ մենք կկորցնենք հետաքրքրությունն այդ և այլ շրջանների նկատմամբ»,- ասել է Էրդողանը: Թե որքանով են թուրքական այս ծրագրերը համահունչ ռուսականին, արդեն այդ երկրների դիվանագիտական ծառայությունների քննարկվելիքն է, որոնց բարեկամությունն այս պահին ընդամենը դեմարշ է Արևմուտքի դեմ: Պարզապես պիտի հասկանալ, որ Թուրքիայի վարքը դաս է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Անկարայի հետ երկարաժամկետ հարաբերություններ հաստատել: Մյուս կողմից էլ, դժվար է հավատալ, որ Թուրքիան վա բանկ կգնա և վերջնականապես կխզի կապերն Ամերիկայի հետ: Ծառի սունկը չի կարող առանց ծառի, իսկ որ Թուրքիան ԱՄՆ-ի բնին կպած սունկ է, կասկած չկա, որը միշտ պահանջում է ավելին, քան կարող է մարսել:
Կարդալ նաեւ․․․
Մանվել ՄԻԿՈՅԱՆ / Անթույլատրելի է դասագրքերի նման «մոդեռնացումը»
Մանվել ՄԻԿՈՅԱՆ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝…
Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՀԵՏՀԱՇՎԱՐԿ
ՀԵՏՀԱՇՎԱՐԿ – Տեսնես որքա՜ն կտևի Աստծո համբերությունը… –…
Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը… Սպասումներ, ակնկալիքներ…
Արամ ԱՐՍԵՆՅԱՆ Ջոնաթան Դեմիի հանրահայտ ֆիլմի հանգույն խելահեղ ոգևորությամբ ընտրելուց…