Վահան ՍԵՎԱՆ

ԱՆՑՈՂԻԿ ԵՆ
Բավական է ինձ խորթ համարեք-
Տխուր երգերս ձեզ համար են…
Բավական է ինձ արհամարհեք,
Ասելը անգամ անհարմար է,
Որ վայելքներն ու նիրվանան ձեր
Նոր չեն և, իրոք, այնքան են ծեր,
Որքան բուրգերը այն փառավոր,
Թութանհամոնը այն փարավոն:

Այս հողի վրա և ամեն տեղ,
Ուր որ ապրում են շվայտ ու զեխ
Եվ ուրիշներին թողնում քաղցած-
Հանցանք է, իրոք, ծանր հանցանք,
Մարդ չի ունենում հանգիստ ու քուն,
Չարը մտնում է ամեն անկյուն,
Հետապնդում է մեզ անդադար,
Մեր մեջ սպանում միտքը արդար:

Եվ ամեն վայրկյան մահն անհեթեթ
Մեզ հետևում է միշտ ակնդետ,
Չէ՞ որ, հայտնի է, մեր նյութը հում
Միշտ էլ դիպվածն է տնօրինում…
Ուստի վայելքն ու գանձերը ձեր,
Ձեր պալատներն ու անձերը ձեր
Անցողիկ են, հանց փառավորը,
Անցողիկ են, հանց փարավոնը:

***
Աստված մեզ գետնի վրա արարեց,
Արեգակ ու լույս, գիշեր ու խավար
Պարգևեց թեև,
Վերևում կապեց մի երկնակամար,
Սակայն զլացավ, չտվեց թևեր`
Հենց իրեն, իրեն հասնելու համար:

ԼԵԶՈՒՍ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Ուրախ խոսքի համար, ափսո՛ս, լեզուս չի դառնում,
Ժամանակն է նրան թանձր իր լեղին խառնում:

Մռայլության սև դրոշմն է տողերս ներկում,
Ատելության նետն ուղղել եմ չգիտես թե ում:

Զարմանում եմ, ախր, ինչո՞ւ այսպիսին դարձա,
Խղճմտանքով մա՞րդ եմ հիմա, թե՞ քարե արձան:

Այդ ո՞ւր կորավ մեջս եղած այն լավն ու բարին,
Որ կապում էր կանաչ թելով ինձ ու աշխարհին:

Կարծես մի թաց վարագույր է աչքերիս իջել,
Իմ մեջ եղած կրակները մեկ առ մեկ շիջել:

Կարծես իմ մեջ մի նոր ցավ է հարություն առնում,
Ուստի ուրախ խոսքի համար լեզուս չի դառնում:

ԻՆՉԻ՞ ՀԱՆԳՈՒՅՆ
Սկիզբ չկա ոչ մի բանի,
Եվ չկա վերջ,
Գիտունները քանի՛-քանի՛
Ասել են, որ աշխարհի մեջ
Շրջանակ է կյանքը կլոր,
Ոսկեզօծված մի մատանի-
Անց ենք կենում նրա անցքով.
Սա էլ բան է չար սատանի,
Որ անցնում ենք մի տարածքով,
Որով անցել, անցնում են արդ
Ամբոխները` լի հիացքով:

Անց ենք կենում մենք այդ անցքով,
Եվ բոլորիս մի բան է պարզ.
Կյանք կոչվածը իր հայացքով`
Շիտակ ու թարս,
Զգեստ չէ կամ այլ հագուկապ,
Որ մեզ վրա հարմար կարենք-
Այդ նա է մեզ անվերջ ծամում,
Նրան պիտի մենք հարմարվենք
Եվ ընթացքով նրա քամու
Ունայնության դուռը բացենք:

Կյանքն օղակ է մի մատանու –
Պտտվում ենք նրա անցքով,
Չգիտենք` մեզ ուր է տանում
Մշտահոլով իր ընթացքով,
Ո՛չ սկզբին ենք մոտենում,
Ո՛չ էլ հասնում նրա վերջին,
Ուստի միշտ էլ մնում ենք նույն
Որդը չնչին,
Որին, ասեք, ինչի՞ հանգույն
Դիպել է շունչը Արարչի…

Ո՞ՒՐ ԵՆ …
Ո՞ւր են նրանք, ովքեր մի օր ձեռքս բռնած,
Ինձ մանկության եզերքներից այստեղ բերին
Եվ ասացին՝ թռիչք կտանք քո թևերին,
Ճախրիր, տղա, դեպի լույսի երակը բաց:

Ո՞ւր են նրանք` պոետները ճերմակահեր,
Ինձ ողջերթի խոսք մաղթելիս` չզլացան,
Այդ ե՞րբ նրանք անէության գիրկը անցան,
Ո՞ւր գնացին, որտե՞ղ հասան, ասա՛ ինձ, Տե՛ր:

Ո՞ւր են, ո՞ւր են… Ոչ ոք չկա շրջապատում,
Մենակ եմ ես անեզրության բիբերի դեմ,
Որից այն կողմ, սուտ է, չկա ոչ մի եդեմ,
Գնացողը կհայտնվի անապատում:

Մենակ եմ ես, իսկ առջևում չկա ուղի,
Կանգ եմ առել ինչ-որ կետում, որից այն կողմ
Անեզրության թաց հայացքն է, ցուրտ է ու հողմ,
Ծովն է անծայր` մշուշի ու մառախուղի:

ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀ
Ապրում եմ միշտ լուռ, ապրում եմ քչով,
Սպասում եմ, որ անց կենա տարին,
Կողքիս թոռնիկս համակարգիչով
Խաղեր է խաղում`
Մանրիկ մատները` ստեղնաշարին:

Ես չեմ հասկանա աշխարհը նրա,
Նրա աշխարհը ես չեմ թափանցի,
Ինքն էլ, իր հերթին, ինձ չի հասկանա,
Կնստի կողքիս,
Անհաղորդ, սակայն, իմ խինդ ու լացին:

Երկու աշխարհ ենք, երկու մոլորակ,
Կամոքն Աստծո
Արդ հայտվել են նույն ուղեծրում,
Իմ աշխարհն ահա` մթան քողի տակ,
Պայծառություն է նրա աշխարհում:

ՈՒՐԻՇ ՄԻ ՏԵՂ
Այսօր այստեղ եմ, վաղն, ով գիտի,
Թե ոտքերս ինձ ուր կտանեն,
Սովորություն է` գնամ պիտի
Ուրիշ տեղ սրտիս փուշը հանեմ:

Ուրիշ մի տեղ, ուր սիրտ չեն այրում,
Հոգի չեն հանուն երբևիցե.
Հեռավոր մի տեղ, մի այլ վայրում
Խաղաղությունս գտնեմ գուցե:

70-ՐԴ ՁՄԵՌ
Ձյունը ասում է` սպասիր դեռ,
Մինչև որ նորոգ գարունը գա,
Ապրել ես արդեն այդքան ձմեռ,
Այս մեկն էլ ապրիր` ինչպես որ կա:

Այս մեկն էլ ապրիր առաջվա պես
Երազներիդ հետ` շքեղ ու տաք,
Կյանքը էլ ոչինչ չի տալու քեզ`
Ո՛չ հող, ո՛չ երկինք, ո՛չ արեգակ:

Հոգուդ մեջ պահիր լույսի մի շող,
Երազներիդ հետ գնա, գնա,
Եկողներինն է աշխարհը լոկ,
Գնացողներին բան չի մնա…

Ձյան ասածը ես վաղուց գիտեմ,
Իմ իմացածն է կրկնում նա հար,
Ես կամ ու չկամ, սակայն իմ դեմ
Ինձ հետ կորչում է մի ողջ աշխարհ:

One thought on “Վահան ՍԵՎԱՆ

  1. Ինչ-որ չափով կարողանում է տրամադրություն ստեղծել: Լավն այն է, որ հավատարիմ է իր խառնվածքին, և չի զգացվում ինքնացուցադրման ու արտակարգ մի բան ասելու ճիգ, որն այսօր շատ տարածված է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։