Հասարակական-քաղաքական կյանք մտնելով եռացող կաթսա հիշեցնող 80-ական թվականներին` Իգդիրի ծխական դպրոցի ուսուցիչ Ա. Ահարոնյանն սկսեց թղթակցել «Արձագանք», «Մշակ» թերթերին: 1887 թ. ապրիլին «Արձագանքում» տպագրվեց նրա առաջին թղթակցությունը, որը շաղախված էր հայության ճակատագրի նկատմամբ խոր անհանգստությամբ: Ռուս-թուրքական վերջին պատերազմը ավելի էր պարզել հայ ազատագրական շարժման, սուլթանի և ռուսական ցարիզմի նկատառումները Հայկական հարցում: 1894 թ. «Մշակում» տպագրված «Լուրեր սահմանի այն կողմից» հոդվածում, վերլուծելով առկա իրադրությունը, Ա. Ահարոնյանը հանգեց այն կարծիքին, որ սուլթանը նախապատրաստվում է ողբերգական ավարտի հասցնել Հայկական հարցը:
1907 թ. սկսվում է Ա. Ահարոնյանի դիվանագիտական գործունեությունը: Խրիմյան Հայրիկի հանձնարարությամբ նա ընդգրկվում է Հոլանդիայի Լա Հեյ քաղաք մեկնող պատվիրակության մեջ, որը մտադրություն ուներ այնտեղից գումարվելիք խաղաղության համաժողով ներկայացնել Հայկական հարցը և օժանդակություն ստանալ ազատագրության հարցում: Պատվիրակությունը հաջողություն չի ունենում:
Ականատես ու մասնակից լինելով ցարիզմի ու սուլթանիզմի հակահայկական քաղաքականության ու նրանց դեմ միջոցառումների իրականացմանը՝ Ա. Ահարոնյանի համար գաղտնիք չի մնում, որ երկու բռնակալներն էլ, միասնաբար, ձգտում են ասպարեզից վերացնել այնքան անհանգստություն պատճառող Հայկական հարցը:
– Խորհելու, չափելու, կշռելու ժամանակ չկա… Մեր հայրենի լեռնալանջերից ծփծփան ու պղտոր հեղեղն է իջնում մռնչալով, – անհրաժեշտ է ոտքի ելնել, դեն շպրտել պատրանքներն ու հույսերը, այդ «անձնական հոգու ու վայելքի, պերճութեան ու պչրանքի, զեխութեան ու զազիր, տարփանքի այս ախտաւոր ծովը, որի մէջ օրօրւում են բիրտ ու գօսացած հոգիներ»:
– Հատուցման ժամն է հասել,- ահազանգում էր գրողը և զենքի կոչում բոլոր դասալիքներին, Հայրենիքի նկատմամբ «զգացմունքների ամրություն» ունեցողներին:
Հայ ժողովուրդը արթնացավ քնից և Արամների, Բեկ Փիրումյանների, Դրոների, Նժդեհների գլխավորությամբ ոչնչացրեց դարավոր թշնամու հայակեր ծրագիրը ու ձեռք բերեց դարեր առաջ կորցրած անկախությունը, կերտվեց Հայոց նոր պետականությունը, որը դարձավ երկու իրար հարազատացած ու իրար ոչնչացնող գաղափարախոսությունների հարձակման նշանակետ:
Բոլշևիզմը համեմատելով քեմալականության հետ՝ Ա. Ահարոնյանը գտնում է, որ երկուսի ակունքն էլ Առաջին աշխարհամարտն էր, երկուսն էլ «արկածախնդիր ու անգութ» են և այդ «պատճառով կարողացել են կորաքամակ ու մութ ամբոխների թիկունքին նստել և ամենախաւար դարերի հրեշավոր բռնութիւնները կիրառել …»:
Քեմալականությունը, յուրացնելով Հայկական հարցում սուլթանի և երիտթուրքերի գաղափարները, դրանք շաղախելով մարդատյացության նոր որակներով, խաբելով ոչ միայն իրենց հարազատ տեսությունը դավանող բոլշևիկներին, այլև Եվրոպային, սրի ու կոտորածների նոր ձևերով է ուզում լուծել կիսատ մնացած Հայկական հարցը:
Տրապիզոնում Իտալիայի հյուպատոսը, ով ականատես է եղել թուրք մարդակերների խժդժություններին, կոտորածի սահմռկեցուցիչ տեսարաններին, ինքն իրեն հարց է տալիս ու պատասխանում, որ համոզված է՝ «բնութեան բոլոր գազանները թուրք կառավարութեան անդամներ են», և իր տեսածները բավարար հիմքեր են տալիս կոչ անելու բոլոր քրիստոնյա պետություններին՝ միանալու և թուրքերին կոչելու «նզովուած»:
1918 թ. Ա. Ահարոնյանին բաժին հասավ առավել ծանր ու հոգեմաշ պարտականություն` Հայոց նորանկախ պետականության շահերի պաշտպանությունը, Հայկական հարցը ցանկալի հանգրվան հասցնելու նվիրական առաջադրանքը: Նա էր նույն թվականի հունիսին թուրքերի հետ անհավասար, անարդարացի պայմանագիր ստորագրողը, նա էր, որ թեկուզ այդ նվաստալից պահերին, սրտի անհուն բերկրանք էր ապրելու, երբ քարտեզի վրա գծագրվում էր փոքրիկ, շատ փոքրիկ Հայրենիքի սահմանները:
1919 թ. հունվարին, որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Ա. Ահարոնյանը մեկնեց Փարիզ, որպեսզի այնտեղ պաշտպանի Հայկական հարցը, որպեսզի հնարավոր լինի քոչվորական լավայի տակից բերել հայության պատմական Հայրենիքի գոնե մի մասը:
1919 թ. Փարիզում հանդիպելով տերությունների ներկայացուցիչների հետ՝ Ա. Ահարոնյանը եկավ այն համոզման, որ հուսալ, թե լուծում է ստանալու Հայկական հարցը, դեռևս վաղ է: Ելնելով այդ դրույթից՝ նա ծանրացավ հանրապետությանը գոնե տնտեսական ու ռազմական օգնություն կորզելու խնդիրների վրա: Այստեղ ևս տերությունների ներկայացուցիչները, բացի խոստումներից ու կարեկցանքից, որևէ քայլ չձեռնարկեցին: 1919 թ. ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնն ընդունեց հայկական պատվիրակությունների ղեկավարներին և Հայաստանի հովանավորության (մանդատ) մասին արտահայտեց իր կարծիքը. «Ես էլ ցանկանում եմ, որ Հայաստանի մանդատը Ամերիկան ընդունի: Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ Ամերիկայի բոլոր լավագույն քաղաքացիների մտածումն ու զգացումն էլ այդ է: Եվ եթե երբևիցե Ամերիկան որևէ մանդատ հանձն առնի, այդ կլինի Հայաստանինը»:
Փարիզի խաղաղության խորհրդաժողովից հետո, հաշտության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներով զբաղվեց իտալական Սան Ռեմո քաղաքում գումարված խորհրդաժողովը (1920 թ. ապրիլ): Քննարկելով Հայկական հարցը՝ մասնակից տերությունները` Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, թեև ընդունում էին հայկական միացյալ պետություն ստեղծելու գաղափարը, սակայն չէին կողմնորոշվում նրա սահմանների ու պաշտպանության խնդիրներում և որոշեցին այդ և հարակից հարցերը լուծելու նպատակով Հայաստանի հովանավորությունը հանձնել ԱՄՆ-ին, որի նախագահի վրա էր դրվում նաև Հայաստանի սահմանների որոշման պարտականություն-լիազորությունը:
Կազմված զեկուցագրի համաձայն՝ հովանավորությունն իրականացնելու համար պահանջվում էր 757 միլիոն դոլար: Զեկուցագրի կրճատ տարբերակն ընդունելով հիմք՝ ԱՄՆ Սենատը 1920 թ. ապրիլի 24-ին փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը: Սենատի դիրքորոշումը հույս էր ներշնչում, որ կընդունի նաև Հայաստանի հովանավորությունը: Սակայն 1920 թ. հունիսի 1-ին Սենատը, 23 կողմ, 52 դեմ ձայների հարաբերությամբ, մերժեց հովանավորությունը:
Մինչ այդ հուսախաբող իրադարձությունը, Փարիզում զգալով Անգլիայի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպման անհրաժեշտությունը, Ա. Ահարոնյանը մեկնեց Լոնդոն և 1920 թ. հունվարի 8-ին հանդիպեց ռազմական նախարար Ու. Չերչիլի հետ, որպեսզի նա աջակցի Հայաստանում 40.000-անոց բանակ կազմավորելու և զինելու հարցում:
– Ես ըմբռնում եմ դրության լրջությունը: Ցավում եմ, որ ես մենակ իրավասու չեմ Ձեզ գոհացում տալու…
Լոնդոնի խորհրդաժողովում, երբ նորից քննարկվում էր Հայկական հարցը, սահմանների խնդիրը, հայկական պատվիրակությունը հանդիպեց Լազիստանի խնդրի լուծման դժվարությանը, որովհետև դիմադրություն կար թե՛ տերությունների և թե՛, հատկապես, Անգլիայի կողմից, որը ցանկանում էր այդ տարածքը միավորել Բաթում կենտրոնով անկախ պետությանը: Վտանգն այն էր, որ եթե չլուծվեր Տրապիզոնի հարցը, ապա Լազիստանը միացնելով այդ միավորմանը, Հայաստանը նորից զրկվում էր Սև ծովի ելքից: Ուստի Ա. Ահարոնյանը կտրուկ պահանջում է Լազիստանը:
Վերջնական պայմանագիր կնքելու նախապատրաստական աշխատանքներն ավարտվեցին, և Ա. Ահարոնյանը հիմքեր ուներ կաթողիկոսին ուղղված վերոհիշյալ նամակում հուսադրող մտքեր արտահայտել. «Երջանիկ եմ հայտնել Ձերդ Սրբության, որ միացյալ Հայաստանի անկախության պաշտոնական հռչակումը այլևս հապաղելու չէ և հազիվ թե շաբաթների գործ է: Որպես գերագույն շնորհ պիտի խնդրեմ Ձերդ Սրբությանը և դարերից ի վեր արցունքով ցողված այդ նվիրական մեծ օրվա լուրը երբ Վեհափառությանդ հաղորդելու գերագույն երջանկություն ունենամ, հաճեք հրամայել, որ Հայոց Աշխարհի բոլոր տաճարների զանգակները հնչեն, որպես մեծ օրվա նվիրական ավետիսը արդարաբար արձագանքներով ի սփյուռս աշխարհի ցրված հայության` Ձեր վտարանդի և տառապած զավակների ականջներին հասնի»:
Վերջապես, 1920 թ. օգոստոսի 10-ին, ժամը 16-ին, ստորագրվեց Սևրի դաշնագիրը. «Կյանքիս երջանիկ օրն է այս: Երեսուն տարվա պայքարս, բողոքս, տառապանքս ու հույսերս պսակվեցին փառավոր հաջողությամբ: Թուրքական դաշնագիրն ստորագրվեց, և բոլոր դաշնակից պետությունների համաժողովն այսպիսով հռչակեց Միացյալ, Անկախ, Ազատ Հայաստանը Սևրի սրահում», – գրում էր Ա. Ահարոնյանը: Հետագա իրադարձություններն ապացուցեցին, թե ինչքանով էին տերությունները շահագրգիռ Հայկական հարցը լուծելու: Իսկ երբ այդ տառապալից խնդիրը դարձավ նաև թուրք-բոլշևիկյան հայակուլ քաղաքականության առհավատչյան, դաշնակից անվանյալները հեռացան իրենց իսկ մշակած դիրքերից, և ինչքան էլ Ա. Ահարոնյանը փորձեր օգնության պարզած ձեռք տեսնել իրար հոշոտելու պատրաստ մեծերի շարքերում, հնարավոր չէր:
Տերությունների, Ռուսաստանի, Քեմալի դավերին ավելացավ ևս մեկ արյունոտ դրվագ` Կիլիկիայի հանձնումը թուրքերին: Ֆրանսիական իշխանությունները փաստն արդարացնում են ֆինանսական դժվարություններով: Սակայն Ֆրանսիայի վարչապետ Պ. Բիրանի հետ
1921 թ. դեկտեմբերի 7-ի հանդիպման ժամանակ Ա. Ահարոնյանը, բացելով բոլոր փակագծերը, իր ժողովրդի անունից հայտարարում է. «Պ. Նախագահ, թույլ տվեք Ձեզ ասել, որ մենք այսօր Ձեզ բերում ենք համայն հայ ազգի սուգը և ողբը… Այդ արցունքը ոչ միայն մեր ցեղի ճակատագրի համար է, այլ նաև Ֆրանսիայի վարկի` Արևելքում կրած այս ծանր հարվածի, այս մեծ նվաստացումի համար»:
1922 թ. դեկտեմբերի 26-ին, ելույթ ունենալով Լոզանի խորհրդաժողովի ենթախմբում, Ա. Ահարոնյանը ներկայացնում է մինչև խորհրդաժողով ընկած ժամանակահատվածում Հայկական հարցի նկատմամբ իրականացված անարդարությունները և, իբրև հատուցում այդ դաժան հաշվեհարդարի, իբրև հայ ժողովրդի կամքի արտահայտություն, հայտարարում, որ չնայած գործադրված և գործադրվելիք հակահայկականության` «… մենք միշտ ճգներ ենք մեր հայրենիքի ազատության, և Միացյալ Հայաստանը պիտի լինի մեր իտէալը»: Այս և դիվանագիտական այլ պարզաբանումներ ամփոփվեցին Ա. Ահարոնյանի «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» 1943 թ. տպագրված գրքում:
Վերջին ելույթում, դիմելով համայն հայությանը, Ա. Ահարոնյանն ասում է. «Ժողովուրդ Հայոց, գիտցի՛ր, սպասման վիճակ է այս: Հավատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը: Եկել ենք այստեղ չմնալու համար, եկել ենք վերադառնալու համար… Գիտցի՛ր, հայ ժողովուրդ, որ արժէք ես դու, եւ խօսք ունիս ասելու այս նամարդ աշխարհին»:
Ականավոր գրողն ու դիվանագետը ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ – 150 / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Ցարիզմն ու սովետը-ռուսաստանը- հայ ժողովրդի բոլոր իրավունքներն ու պահանջները խորտակեցին, դարձրին փետրաթափ Հայաստան։