ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ Վազգեն Սաֆարյանին ծննդյան 75-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1970 թվականին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտած Վազգեն Սաֆարյանի մասին երբ «Երևանի համալսարան» շաբաթաթերթի աշխատակից Վանո Սիրադեղյանը տպագրեց «Մշտաժպիտ այդ տղան» վերնագրով հոդվածը, միշտ ուժերի ու կատարածի նկատմամբ խստապահանջ շրջանավարտը իր ապագան տեսնում էր հայրենի Նոյեմբերյանում: Սակայն դեկան և հայ գրականության ամբիոնի վարիչ Մ. Մկրյանի փորձառու հայացքը նրա մեջ նկատել էր գիտամանկավարժական հեռանկարը: Եվ այսպես մայր բուհը արդեն կես դարից ավելի է՝ դարձել է նրա կենսագրության հիմնական բաղադրամասը:
Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Փավստոս Բուզանդը և հայ նոր գրականությունը», գիտահետազոտական աշխատանքի ոլորտ նախանշեց հին և միջնադարյան գրականությունը: Իսկ ամբիոնի դասաժամային հնարավորությունը լսարանային աշխատանքը կապեց 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության հետ: Հարկ եղավ կրկնակի լարվածությամբ հաղթահարել գրականության պատմության այդպիսի մեծ ընդգրկումները յուրացնելու դժվարությունները և դառնալ ուսանողների սիրելի ու խորիմաց դասախոսն ու գիտնականը:
Ազգային ճակատագրի ու գրականության ներդաշնակ ընկալումը Վ. Սաֆարյանին ուղղորդեց դեպի Կիլիկիայի հայոց թագավորության շրջան, քանի որ «եվրոպական» հորջորջված բարձր քաղաքակրթության հավերժական կրող հայը 11-րդ դարի անկումներից հետո՝ 12-րդ դարում, այստեղ ստեղծելով պետականություն, փաստորեն օտար ափերում շարունակեց ու զարգացրեց մշակույթի, գրականության ազգային ավանդները: Եվ ահա տարիների աշխատանքով ծնված «Կիլիկյան Հայաստանի գրականությունը» գիրքը գործընկերների պահանջ-պարտադրանքով դրվեց հրապարակային պաշտպանության՝ որպես դոկտորական ատենախոսություն:
1990-ականների սկզբի դրամատիկ ու հերոսական ժամանակներում գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Սաֆարյանը անցյալում և ներկայում ազգային-պետական ելևէջումների գրական արձագանքների և ուղենշումների մասին տպագրում է հոդվածներ, որոնց նյութը հայ գրականության մեծերն են՝ Խորենացին ու Նարեկացին, Աբովյանն ու Թումանյանը, Չարենցն ու Մաթևոսյանը: Հեղինակային ճանաչում ապահոված այդ գործերը ամփոփվում և հրատարակվում են «Գրականության բազմաձայնությունը» և «Գրականության պատմության դրվագներ» գրքերում:
Առաջնային է շարունակում մնալ գիտամանկավարժական ոլորտի պահանջը: Նոր գրականության իր դասընթացի շրջանակներում համակարգված նյութը ծնունդ է տալիս «Գրողի և կերպարի անհատականությունը» բարձրարժեք մենագրությանը, որտեղ կառուցվածքային ու հոգեվերլուծական մեթոդներով խորքային անցումներ են ներկայացվում գրող-կերպար ստեղծագործական բազմաձայնության մեջ: Իսկ դասախոսական աշխատանքի արդյունքը ամբողջացվեց «19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության» ուսումնական ձեռնարկ-1-ով, որը վերջերս է լույս ընծայել ԵՊՀ հրատարակչությունը:
Գրական-մշակութային յուրահատկությունն ու զարգացման տրամաբանութունը մնում են Վ. Սաֆարյանի՝ հին և միջնադարյան գրականությանը նվիրված ուսումնասիրություններում, որոնք, ուսանողական լսարանին հասցեագրված լինելով, իրենց նկատմամբ պահպանում են գրական միջավայրի հետաքրքրությունը ևս: «Միջնադարի հայ գրականության պարբերացման հիմունքները» մենագրության և դասավանդման կուտակած փորձի հիմքի վրա լույս տեսավ «Հայ միջնադարյան գրականություն» ուսումնական ձեռնարկը:
Վաստակաշատ գրականագետի ութ գրքերը և մոտ հարյուր հոդվածներն ու զեկուցումները, անշուշտ, կեսդարյա անձանձիր նվիրումի արգասիք են, բայց իր համար ամենակարևորը մնում են ուսանողների ակնածանքն ու սերը՝ թող որ կոչումներով ու պարգևներով ոչ միշտ վավերացված, որտեղ, սակայն, անակնկալ արժևորման հաստատում է դառնում «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվելը: Իսկ գործընկերներն ու բոլոր ճանաչողները պրոֆ. Վազգեն Սաֆարյանի հոբելյանի առթիվ ավանդական մաղթանքով պիտի ցանկանան առողջություն և ստեղծագործական բեղուն շարունակություն:
Ալբերտ ՄԱԿԱՐՅԱՆ
Բ. գ. դ., պրոֆեսոր