Մեր մշակույթի ոլորտում, ինչպես երկրում ընդհանրապես, խնդիրները շատ են ու բազմազան, արվեստի յուրաքանչյուր ճյուղ իրեն բնորոշ դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհներն ունի: Բայց, իմ խորին համոզմամբ, առանձնահատուկ տագնապալի է երգարվեստում տիրող վիճակը՝ իրենից բխող հետևանքներով: Իսկ հետևանքները ցավալի են ու վտանգավոր. ազգային նկարագրի ու հոգեբանության խաթարման, հատկապես մատաղ սերնդին ու երիտասարդությանը արմատներից կտրելու, հոգևոր բարձր արժեքներից օտարելու դանդաղ, շարունակական մի ընթացք: Ասածս չափազանցություն չէ բնավ. չէ՞որ մայրական օրորոցայիններից սկսած՝ մարդ արարածը նախ երգով է դաստիարակվում ու այնուհետ ևս, բոլոր տարիքներում, երգը միշտ ուղեկցում է նրան, ինչ զբաղմունքի տեր էլ լինի, ինչ այլ հրապուրանք ու հետաքրքրություններ էլ ունենա իր ճանապարհին: Ասված է, չէ՞, որ երգը արվեստի ամենադեմոկրատական ժանրն է…
Շատ են պրոբլեմներն այս ոլորտում, բայց քանի որ այս դեպքում ինձ ծավալվելու հնարավորություն չի տրված, նախ խոսեմ ամենացցուն և տեսանելի, վստահ եմ, բառ ու տողից շատ թե քիչ հասկացող յուրաքանչյուրին նյարդայնացնող իրողության մասին. ինչպիսի՞ տեքստեր են հնչում մերօրյա երգերում, և ովքե՞ր, ի՞նչ որակով ու մակարդակով են գրում դրանք: Ես կարող եմ, իհարկե, լեզվական վրիպումների, պարզապես անգրագիտության, ասելիքի սնանկության, հաճախ ուղղակի դրա բացակայության բազմաթիվ ու բազմազան օրինակներ բերել, բայց հիմա տեղը չէ, բացի այդ, տարբեր առիթներով դա արել եմ արդեն: Ուստի պարզապես նշեմ՝ տպավորությունն այնպիսին է, որ ով չի ծուլանում, երգեր է գրում այսօր: Ու եթե իրեն մի քիչ գրագետ է համարում, ինքն էլ իր համար տեքստեր է հորինում կամ, լավագույն դեպքում, դա գրական հակումներ ունեցող քրոջը, ընկերոջը կամ եղբոր որդուն վստահում. դե, գլխավոր խնդիրն ընդամենը ինչ-ինչ բառեր իրար կցմցել, երաժշտությանը հարմարեցնելն է, ու ոչի՛նչ, որ դրանք ոչ մի բան չեն ասում կամ, որ ավելի վատ է, հաճախ բոլորովին այլ բան են ասում, քան մեղեդին իր տրամադրությամբ, հնչյունային համակարգով: Քանի որ ձեռքները բռնող չկա, և գեղագիտական ամեն չափանիշ խաթարված է հիմա՝ շարունակում են «ստեղծագործել» աճող եռանդով ու առավել ինքնավստահ: Այդ «գլուխգործոցներն» անարգել եթեր են թափանցում, հնչում այլազան հեռուստաալիքներով ու ռադիոկայաններով, տարբեր համերգասրահներում, շրջանառվում համացանցում: Ու այդպես երգ առ երգ աստիճանաբար «ինքնահաստատվող» հեղինակներին, սովորաբար, սկսում են տեքստեր պատվիրել շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, և խոտանը սկսում է բազմապատկվել ու տարածվել: Իսկ պատրաստի տեքստի վրա երգ գրելու սկզբունքը, հայ դասական ու ժամանակակից քնարերգության նմուշները երգի վերածելու հրաշալի ավանդույթը, ավաղ, մոռացվել է կարծես: Նորերը այդ առումով իրենց բոլորովին նեղություն չեն տալիս, էլի միայն ավագ երգահաններն են փորձում ու կարողանում դա անել:
Ի՞նչ անել մշակութային այս աղետի դեմ: Քանի որ երգերի որակի, հատկապես խոսքերի վերաբերյալ անտարբեր, մեղմ ասած, անփույթ վերաբերմունքը գրեթե համընդհանուր է և՛ կոմպոզիտորների, և՛ կատարողների, և՛, իհարկե, առաջին հերթին հենց այդ տեքստերը «թխողների» մոտ, գոնե ռադիոն ու հեռուստատեսությունը պիտի զգաստ ու պահանջկոտ լինեն, մատների արանքով չնայեն այդ կարևոր խնդրին, հեշտ ու հանգիստ ասպարեզ չհանեն ինչ պատահի (երևի անհիմն չե՞ն այն խոսակցությունները, որ կասկածելի այդ երգերի հեղինակները փող են վճարում՝ իրենց եթերում «պտտելու» համար): Հայ երգի ճակատագրով մտահոգ լուրջ մարդկանց կողմից վերջին շրջանում հաճախ են կարծիքներ հնչում, որ հարկավոր է վերականգնել խորհրդային ժամանակներում գործող «գեղխորհուրդները»: Ստեղծված կացության մեջ դժվար է նրանց հետ չհամաձայնել, այո՛, հասունացել է նմանատիպ մի կառույցի ստեղծումը, որը կարող է արվեստի որոշակի չափանիշներ առաջադրել թե՛ հեղինակներին, թե՛ կատարողներին, փակել անվերջ գրոհող անճաշակության ճանապարհը (խոսքս, իհարկե, գաղափարական կաշկանդումներին չի վերաբերում): Ուզում եմ ընդգծել` նաև կատարողների՛ն, որովհետև մեր նույնիսկ տաղանդավոր, սիրված երգիչները, որ Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում են կրում, այսօր չեն կարողանում խուսափել տարածված «հիվանդությունից», որը և՛ իրենց հեղինակությանն է հարվածում, և՛ մեր երգարվեստին ընդհանրապես. գրեթե բոլորի առաջնային խնդիրն է դարձել, այսպես կոչված, «վեց-ութ» կամ «տաշի-տուշի» երգելը, հանդիսատեսից էժան ծափեր կորզելը (այս տարեմուտի տոնական «քեֆչի», ռեստորանային մակարդակի հեռուստահաղորդումները դրա վառ ապացույցն էին): Ասես գոյության իրավունքից զրկվել են հոգեմոտ, հուզական, մարդկային ներաշխարհը մաքրագործող, ասելիք ունեցող մեղեդային երգերը. իբր` մասսան «տաշի-տուշի» է ուզում, որ պարի՛, ուրախանա՛ (երևի այնքան անդարդ ենք, որ մեզ մնում է միայն թռվռալ ու պարե՞լ): Չասենք, թե դա պետք չէ: Բայց չէ՞ որ իրեն հարգող երգիչը, իսկական արվեստագետը չպիտի առաջնորդվի միայն պահանջարկով, այլ ինքը պիտի պահանջարկ ստեղծի, ճաշակ ձևավորի իր երգացանկով, իր ողջ գործունեությամբ…
Եթե որոշ երգեր (թեկուզ արդեն հոլովակի վերածված) խոտանվեն, ասենք, անճաշակ, անգրագետ տեքստերի, մերօրյա երգերի համար պատուհաս դարձած արաբա-թուրքական ելևէջների ու այլ լուրջ թերությունների համար, միգուցե մեր երգահանները սթափվե՞ն վերջապես, թեթև ու հեշտ չընդունե՞ն իրենց մատուցվող ամեն հորինվածք, երևի կզգաստանա՞ն այն երգիչ-երգչուհիները, որ հանձն են առնում դրանք կատարել ու նույնիսկ ջանում չեղյալ ինչ-ինչ հոգեվիճակ ու ապրումներ արտահայտել:
Մտահոգություններ ու նկատառումներ էլի կան, բայց ասելիքս ամփոփելով, ասեմ, որ պարզապես տխուր է պատկերը մեր երգարվեստում, գրեթե՝ աղետալի: Գորշությունը, անճաշակությունը, ապազգայինը պարզապես ավելի ու ավելի իշխող, տիրապետող են դառնում, ու չեմ վարանում ասել՝ ուղղակի ավերածություններ գործում մարդկանց մտածողության, հոգեբանության մեջ, հատկապես երիտասարդների, դեռահասների ներաշխարհում: Որովհետև եթե, ասենք, վատ գիրքը կարող ես մի քանի էջից հետո փակել, մի կողմ դնել, այնպես անել, որ նաև երեխաներիդ և այլոց ձեռքը չընկնի, ապա վատ երգերը (լեզվական թերացումներով, օտարամուտ ելևէջներով, տեսահոլովակների երբեմն գռեհկության հասնող կադրերով…) շուրջօրյա սփռվում են ռադիոհեռուստաեթերով: Մեծերս էլ, կամա-ակամա, ենթարկվում ենք դրանց բացասական ներգործությանը, էլ ուր մնաց, որ նոր-նոր ձևավորվող դեռահասներն ու պատանիները զերծ մնան: Հայտնի բան է, չէ՞, որ երաժշտությամբ ուղեկցվող ամեն ինչ առանձնահատուկ մատչելի է ու ներգործուն: Ներողություն համեմատության համար, բայց հո իզուր չեն կենդանի վարժեցնողներն այնքան հաճախ դիմում երաժշտության օգնությանը…
Շատ է արդեն խոսվել, ժամանակն է խոսքից գործի անցնել, հենց թեկուզ գեղխորհուրդները վերականգնելու, խոտանի դեմ արգելափակոց դնելու, ասպարեզը գրեթե սիրողներին զիջած մեր տաղանդավոր, սիրված երգահաններին ակտիվացնելու, որոշ պատճառներով հաճախ գզրոցներում մնացող նրանց ստեղծագործություններն ասպարեզ հանելու ու անճաշակությանը արժեքավորը հակադրելու առումով: Եթե պետական մոտեցում, սրտացավություն, խստապահանջություն չդրսևորվի (դեռ որ բոլորովին նման բան չի նկատվում), բանը բանից կանցնի պարզապես: Եթե արդեն չի անցել:
Գրական թերթ 24.04.2020 թ. Լևոն Սահակյան – Հարցազրույց