Սամվել ԿՈՍՅԱՆ – Դուք բազմաժանր հեղինակ եք` մանկական բանաստեղծություններ, հեքիաթներ, պիեսներ: Չե՞ք կարծում, որ հեքիաթի ժամանակը սպառվել է, թե՞ հեքիաթն իր առանձին ժամանակն ունի:
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ – Հեքիաթ սիրում եմ մանկուց: Սակայն ընկալման տարբեր փուլեր եմ ունեցել: Երբ փոքր էի, մայրս էր կարդում, հետո երբ երեխա ունեցա, ինքս էի կարդում: Հեքիաթը սեփական հոգու ու երազանքների արտահայտման միջոց է, երբ իրականությունն ու երևակայությունը չեն համընկնում, ծնվում է հեքիաթը, որը ցանկալի իրականությունն է: Ես շատ վախկոտ ու երազող էի, խոսում էի ինձ շրջապատող ամեն ինչի` քարերի, ծառերի, ծաղիկների, ջրի հետ, պատկերներ էի տեսնում ամենուր:
Հեքիաթը միշտ էլ եղել է, սակայն տպագրության բացակայության պատճառով այն փոխանցվել է բերանացի: Հեքիաթը երկրագնդի նման հին է ու մանուկ: Այն ծնվել է մարդու հետ ու երբեք էլ չի հեռանում մարդուց: Մանուկի երևակայությունից մինչև հասուն ծերունու երևակայություն այն ենթարկվում է տարբեր խաղային, փիլիսոփայական փոփոխությունների ու մնում է ինքն իրենով, վերջինիս նայող ու ընկալող հայացքներն են տարբեր: Հեքիաթի ազդեցությունն ու հասկանալու մոտեցումներն են տարբեր:
Անհասկանալին, անտեսանելին, անհնարինն ու աներևակայելին, անհաղթահարելին ու հաղթելու ցանկությունը, հարստությունը, գեղեցկությունը, սերը, երջանկությունը, ապրելու ուժը, բարօրությունը, իշխանությունը, գիտելիքը, իմաստությունը, բնությունն ու արհավիրքները հասկանալու ցանկությունը, մարդկային հարաբերությունները, սոցիալական անարդարությունները… այսպես կարելի է թվել, որովհետև հեքիաթը ծնվում է ներքին ու արտաքին ազդեցություններից: Հեքիաթը բնության նման հավերժ է:
Հեքիաթի ժամանակն անսահմանությունն է:
Ս. Կ. – Ինչպե՞ս կգնահատեք մեզանում մանկական գրականության արդի վիճակը, և ինչո՞ւ մանկագիրների նոր սերունդ չի ձևավորվում:
Ս. Ղ. – Ժամանակները դժվար են: Համաճարակի օղակում մեկուսացած մարդիկ տրվեցին գրականությանը, առավել հաճախ` հեքիաթին: Առցանց ընթերցվում են հեքիաթներ թե՛ մեծերի, թե՛ երեխաների կողմից: Համացանցը լեցուն է ընթերցվող ու նոր գրված հեքիաթներով: Գրում են և՛ երեխաները, և՛ մեծերը: Լինելով «Ծիծեռնակ» ամսագրի աշխատակից` ամսագրի համար հավաքել եմ երեխաների ստեղծագործություններ: Նրանց մեջ կան և՛ հեղինակային, և՛ դասագրքի ազդեցությամբ գրված ստեղծագործություններ: Խոսքը և՛ բանաստեղծության, և՛ հեքիաթի մասին է: Այսինքն` նոր սերունդ ունենք: Համացանցի մանկական բանաստեղծությունների մեծ մասը ներբողներ են: Տպագրված գրքերում էլ կան այդպիսի գործեր: Ժամանակը կառանձնացնի:
Ս. Կ. – Դուք հաճախ եք հանդիպումներ ունենում Ձեր ընթերցողների հետ: Հանդիպումներն ի՞նչ են տալիս` պատասխանատվության հավելո՞ւմ, նոր մտահղացումնե՞ր, թե՞ հավակնությունների բավարարում:
Ս. Ղ. – Հետաքրքիր է: Արդյո՞ք կարդում են այն, ինչ գրում ես, արդյո՞ք հավանում են քո ստեղծածը, ի՞նչ են մտածում դրա մասին: Ուզո՞ւմ են կրկին կարդալ ու ապրել ընթերցածով: Երբեմն պատմում են, որ բարձի տակ են պահում գիրքը: Իհարկե, շոյում է ինքնասիրություն-փառասիրությունը: Ուրախանում ես, փոխադարձ էներգիա ստանում, ոգևորվում, նոր մտահղացումների ես պատրաստվում, մտածում ես, որ ապարդյուն չես ապրում: Նաև հաճելի է տեսնել այն մարդուն, որ քեզ համար արարում է, ապրող գրող է, քո ժամանակակիցը: Երեխաները ոգևորվում են. բացի նրանից, որ քեզ են կարդում, նաև իրենք են ստեղծագործում և ցանկանում գրող դառնալ, եթե ոչ, ապա կարդալն իրենց ապագայի իմաստությունն է: Սիրում եմ հրաշապատում հեքիաթները, երբեմն ինքս եմ հնարում աշխարհը, որում գործում է հերոսը, երբեմն օգտվում եմ բնությունից, գիտական տեղեկություններից: Իսկ դա ընթերցողին դուր է գալիս:
Ս. Կ. – Գրելը Ձեզ համար մասնագիտությո՞ւն է, թե՞ կոչում:
Ս. Ղ. – Գրում եմ հոգուս պահանջով: Մի ժամանակ ներքին երաժշտության ռիթմով պոռթկում էր: Կար ժամանակ, որ չէի շտապում թղթին հանձնել. մտքում բառերը կրճատում ու ձևավորում էի ամբողջությունը: Հետո փոխվեց, գրում եմ` նախապես որոշելով, թե ինչի մասին պետք է գրեմ: Օրագիր պահելու սովորույթ ունեմ դպրոցական տարիներից, որն էլ ինձ օգնում է հետադարձ նայել գրիս: Կարծում եմ` ես ապրում եմ ու դատարկություն չեմ սիրում: Բնությունը դատարկություն չի սիրում, այն լցվում է: Փորձել եմ իմ կյանքի ժամանակը լցնել անընդհատ` թատրոն, կինո, պոեզիա, նկարչություն, մոդելավորում, գրականություն… այդ բոլորն ինձանով ու ինձանից դուրս միմյանց շարունակում, անջատվում ու միավորվում են, միմյանց ամբողջացնում ինձ տրվածի սահմանում: Ասվում է, որ գոյություն ունի մարդ-տեքստ հարաբերություն, և այդ տեքստը տարբեր ձևերով ու ընկալումով կարող է արտահայտվել:
Չեմ հասկանում այդ երկուսն էլ` մասնագիտություն, թե կոչում. ես ապրող տեքստ եմ: