Կյանքի 87-րդ տարում մահացել է հայ արձակի տաղանդավոր ներկայացուցիչ, հրապարակախոս, լրագրող և հանրային գործիչ Մաքսիմ Հովհաննիսյանը:
Նա 1960-ականներին Արցախում սկզբնավորված ազգային զարթոնքի մունետիկներից էր, հայտնի «13-ի նամակի» փաստացի հեղինակը: Երկար տարիներ աշխատել է մարզային ռադիոյում` որպես գլխավոր խմբագիր: 1988-ին նշանակվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագիր: Այդ տարիներին թերթը համահայկական հեղինակություն էր վայելում:
Ղեկավարել է նորանկախ Արցախի Լրատվության և մամուլի դեպարտամենտը, այնուհետև կրկին խմբագրել հանրապետական թերթը: Մաքսիմ Հովհաննիսյանն Արցախի Հանրային հեռուստառադիոյի խորհրդի առաջին նախագահն էր: Մեծ է նրա ավանդն Արցախում մամուլի կայացման գործում: Մաքսիմ Հովհաննիսյանը պատմվածքների և վիպակների մի քանի ժողովածուի հեղինակ է: Նրան գրական հռչակ են բերել «Արցախ իմ, ցավ իմ», «Տերունական աղոթք», «Ամարասի զանգերը» պատումները: Կյանքի վերջին տարիներին հրատարակել է «Չաստվածների խնջույքը» խոհափիլիսոփայական մանրապատումների շարքը:
Մաքսիմ Հովհաննիսյանի մահը ծանր կորուստ է Արցախի և հայկական իրականության համար:
Արցախպրեսս
***
Վարդգես ԲԱՂՐՅԱՆ – Ինչի մասին հիմա խոսում ենք, Դուք արտացոլում եք Ձեր գրականության մեջ, և այդ ամենը ցավ է Ձեզ համար: Ձեր գրքերից մեկը կոչվում է «Արցախ իմ, ցավ իմ»…
Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Արցախյան պատերազմի տարիներին, երբ սաֆոնովյան ռեժիմն էր գերիշխում Ստեփանակերտի փողոցներում, մի ողբերգական պահի ես բացականչեցի` Արցա՛խ, ինչո՞ւ դու եղար իմ հայրենիքը: Սա իմ ցավի արտահայտությունն է: Եվ ոչ միայն իմը: Հենց նրա համար, որ Արցախը շատ ենք սիրում, արյուն չխնայեցինք և հաղթանակ տարանք: Սա գործի գլխավոր մասն է, բայց ոչ բոլորը. մենք պետք է հիմա տնտեսություն զարգացնենք, երկիր կառուցենք, շենացնենք: Սրանք այն հարցերն են, որոնք պետք է հուզեն բոլորիս անխտիր` շարքային բանվորից մինչև պաշտոնյա: Այս ներքին համախմբվածության կոչն եմ անում` ժողովուրդ-իշխանություն, այս միասնականության կարիքն այսօր մենք շատ ենք զգում:
(հատված հարցազրույցից, ԳԹ, 26.11.2014 )