– Որո՞նք են այն չափանիշները, որոնցով հնարավոր է գնահատել արդի մշակույթի և հոգևոր դաշտի բացթողումներն ու ձեռքբերումները:
– Կյանքը ամեն բանից առաջ պատասխանատվություն է, և ամեն ոք հարկ է, որ հասկանա՝ որն է իր առաքելությունը, իր անելիքը, ո՞րը՝ Երկիր մոլորակի ափերին իր կարճատև ներկայության իմաստը:
Օրենսդրական ձևակերպումները, հասարակության՝ երբեմն չափազանց խիստ թվացող չգրված, սակայն գրվածներից ավելի մեծ իրավունքով հաճախ գործող և մարդկանց գրեթե պարտադրվող ընդունելին և ոչ ընդունելին, կրոնական կառույցների կողմից Աստվածային պատվիրանների հիշեցումները փորձ են մարդուն կողմնորոշելու այդ հարցում: Սակայն ինչո՞ւ կյանքի գիշերները սովորաբար ավելի երկար են տևում, խավարը լույսի բաժինն էլ իրենով է անում ու ծավալվում՝ վարգելով նաև մարդկային հոգիների միջով:
Իսկ պատճառն այն է, որ մենք ենք նրան ճանապարհ տալիս, ծառայակիցը դառնում, մեր գոյությունն «իմաստավորում» շեղված բարքերով, կրքերով, արժեքներով: Իսկ եթե դա անում է գրականության և արվեստի կրողը, ով իր ստեղծագործություններով այլոց ոգեշնչելու, օրինակ տալու, իր ետևից տանելու հնարավորությունն ունի, այն դուրս է գալիս մեկ անհատի սահմաններից և վտանգավոր դառնում ավելի ծավալուն մասշտաբներով:
Խոսքը ուժ ունի, սիմվոլներն՝ իրենց խորին իմաստները, որոնք ճակատագրեր են ձևավորում և կարող են անգամ մոլորակի դեմքն ու ընթացքը փոխել: Եվ հենց արտահայտված արժեքային շեղումներն են միշտ եղել մարդկության կյանքի ընթացքում մեծ կործանումների պատճառները:
Ահա թե որքան կարևոր է նախ մտքի, ապա գրչի, վրձնի ամեն մի շարժումը, որը հետո այս ու այն կողմ սփռվելով, այլոց կերպարների մաս կազմելով, դառնում է վարակի պես գրեթե անվերահսկելի:
Յուրաքանչյուր ոք երբեք չպետք է դադարի քննել սեփական գոյության ամեն պահը, հասկանալ, թե օրվա անցուդարձի մեջ, լույս ու խավարի անզիջում ու աննինջ պայքարում իր օգնությամբ լույսի՞ բաժինն ավելացավ, թե՞ խավարի ու սևի երանգներն ավելի թանձրացան:
Հաշվի պետք է առնվի նաև այն, որ ընդհանուր, համամարդկային արժեքներից բացի, յուրաքանչյուր ազգ, հատկապես մերի նման՝ պատմության հեռու խորքերից եկողները, ձևավորել են միայն իրենց բնորոշը, իրենց հոգու նրբերանգներին հարիր արժեքները: Այդտեղ անգամ հայրենի բնությունն իր ներդրումն ունի, հայրենի հող դարձած նախնյաց աճյունների՝ այլ կերպի մեջ ներկայությունը: Եվ մշակույթների ազգային տարբերությունները հենց դրանով են հետաքրքիր: Նրանց մեջ միայն այդ երկրին բաժին հասած թանձրացած պատմություն կա, ապրածի յուրահատուկ համ ու հոտը, հենց նրա գոյատևության կոդն ու բանալին: Այնպես որ, արժեքային համակարգը՝ լեզվի պես, ազգային անվտանգության մեջ էլ իր կարևոր դերն ունի. մատաղ սերունդը, դաստիարակվելով օտար և անկումի արժեքներով, այլևս հայրենիք-արժեքի հարգը չի հասկանա:
Եվ միջազգային նորմատիվներին նմանակելը, հնարավորինս ավելի այդ օտար արժեքների կրողը դառնալու ձգտումը ազգի թշնամու կողքին կանգնելու նման մի բան է, սեփական հիմնասյուները խարխլելու ընթացք: Այդպես կտրվում է նաև կապը սեփական ժողովրդի և մշակույթի միջև: Այս կերպ մշակույթը դառնում է ինքնանպատակ կամ միայն միջազգային մրցույթներում՝ հզոր նմանների մեջ գեթ մեկ ոտնատեղ սեփականելը իմաստ դարձրած մի երևույթ: Սակայն… Ինչի՞ հանուն… Նախ պետք է սեփական ազգին ծառայել, սեփական ժողովրդին մատուցել սեփական ջանքը և հետո միայն այդ պտուղներով ներկայանալ աշխարհին:
Վերջապես հասանք այն բանին, որ իշխանավորը եկավ ու հայտարարեց, թե ժողովրդին ծառայելն է իր պարտքը. միայն ու միայն: Հասարակության կյանքի ճիշտ ընթացքի դեպքում դա պետք է ամենուր լինի… Ամենուր պետք է ծառայությունը ժողովրդին, ճշմարիտ՝ Աստվածային, մարդկային, արդարության, ազգային արժեքներ նրա մեջ սերմանելը դառնա մարդկանց ուղղորդող ուժը՝ պետության վերին օղակներում, արվեստում և գրականության մեջ, ընտանիքների ներսում…
Երբ արվեստի ու գրականության գործերը ճիշտ արժեքներ են կրում և հոգու թելադրանք են միայն, դրանք չեն կարող և ժողովրդի հոգին չթափանցել. Նարեկացու «Մատյանը»՝ գրաբարով անգամ, անգրագետ գեղջուկին էր հուզում, որովհետև հոգու տարածքում ալիքային ընկալումներ են գործում. նյութի աշխարհի համար անհասկանալի՝ թրթիռ թրթիռի հետ ռեզոնանսի կանոններով:
Այո՛, այդպես է. և այսօր, վաղը ու միշտ հարկ է ճիշտ հասկանալ արժեքների արժեքը:
Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ / ՆԱՆԵ
