ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Երկրապահ կամավորներին
Ինքնաձիգները լռել են, տղե՛րք,
Էլ տագնապները ականջ
չեն ծակում,
Զուգվել է հույսը նոր հանդերձներով
Եվ խաղաղության սերմեր է ցանում:
Ձեզ` ազգի սերն ու օրհնանքը սրբին,
Ձեզ, որ ծառացաք խղճի պահանջով,
Թռչում էին հաղթ հոգիները ձեր
Այն հրահեղուկ օրերի միջով:
Ամենքիդ սրտում մի վաշտ էր նստած
Ու պատերազմի հոգսը դժվարին,
Ընկնում էինք ու հառնում շարունակ
Եվ ձեզ անմահ էր կարծում թշնամին:
Գնահատելով վայրկյանը կյանքի`
Գնացիք երգով մահին ընդառաջ,
Ու ձեր ետևից բանակներ ելան,
Ելան երեկվա տղեկները քաջ…
Թնդանոթները լռել են, տղե՛րք,
Բայց մռլտում է թշնամին անել,
Ժամը չէ սուրը պատյան դնելու,
Մեր հորիզոնը արյունոտ է դեռ:
Դեպի Ծիծեռնակաբերդ
Լաց է լինում դուդուկն էլի,
Մղկտում է սրտառուչ,
Ազգս դարձած մի ձիգ թափոր,
Ընթանում է անմռունչ.
Գնում է նա նահատակաց
Հիշատակը հարգելու,
Մինչ կուզեի` ըմբոստանար,
Ելներ թմբուկ զարկելու:
Լիահավատ շեփոր առներ,
Հնչեցներ բարձրագոչ,
Զենքն ունենար որպես ընկեր,
Միտքը` ճկուն և առողջ…
Լաց է լինում դուդուկն էլի,
Ու նեղվում է իմ հոգին,
Ճեղքիր, ազգ իմ, ժայռն Ագռավա,
Հերիք քնի քո որդին:
Ձմեռ
Ձյան տակ կքած տանիքի վրա
Ծուխն էսքիզներ է անում եռանդուն,
Փաթիլը նազով պարում է ասես,
Վստահ, որ ունի իր երկրպագուն:
Վառարանի մոտ և պատուհանի,
Նստել, ճերմակն եմ շոյում հայացքով,
Ճարճատող փայտը մեռնում է մարմանդ,
Հեռվում ննջում է անտառն անխռով:
Ամեն ինչ` առկա, ամեն բան` երազ,
Կարճ երջանկություն, տևական մորմոք,
Կրկին ճռռում է ճախարակը հին,
Եվ ժամանակը նիրհում է անհոգ…
Վարարակնը
Վարարակնը վարարել,
Շառաչում է ամեհի,
Տակով արել ափերը,
Խենթացել է հիրավի:
Մոռացել է երգն անուշ,
Դարձել անսաստ մի հեղեղ,
Ոտից գլուխ պղտորված`
Դղրդում է խելահեղ:
Տանում է նա սարերից
Ձմռան հետքերը վերջին…
Եվ ուր, ո՜ւր էր, թե առներ
Մեր ցավերն էլ իր մեջքին:
Պարիր
Օ՛, մրսում եմ ամռան կեսին,
Արեգակը փայտ չունի,
Պարի՛ր, պարի՛ր նվիրումով,
Հոգեհմա՛ գնչուհի:
Ո՛չ գինին է ջերմացնում,
Ո՛չ ժպիտը աղջկա,
Ծաղկունքը` պաղ, մարդիկ` սառը,
Տաքանալու տեղ չկա:
Խփեց նեռը դեռ էն գլխից
Եվ փորձանքը չուշացավ,
Բախտը մոտ էր, բայց իմ կողքին
Աչքը փակեց ու անցավ…
Թախծամրմուռ այս օրերին
Ոչինչ ինձ չի ամոքում,
Գուցե հենց քո պարը կայտառ
Մի կայծ ծնի իմ հոգում.
Պարի՛ր, պարի՛ր ողջանվեր,
Մի՛ նայիր իմ ավերին,
Իրիկվա կողմ մի մեծ շալակ
Ցախ կտանեմ արևին:
Հյուր եմ…
Այս աշխա՞րհն է իմ հոգուն խորթ,
Թե՞ ես եմ խորթ այս աշխարհին,
Հրեշտակն ինձ չի ըմբռնում,
Չեմ գրավում սատանային:
Օրերը` գորշ, տենչերը` սին,
Հացի խնդիր, ոգու անկում,
Ասես վաղուց հյուր եմ այստեղ
Եվ սա ոչ ոք չի նկատում:
Ու ղռռում եմ առանց աղուն
Ջրաղացի քարի նման,
Եվ լռում եմ համակերպված՝
Ճարահատի, գերու նման:
Այստեղ, այս ծով մեղքերի մեջ,
Դիմանում եմ հույսի հաշվին,
Շուրջս` քաոս, թշվառություն,
Խրախճանքներ դժոխային…
Չէ՛, հյուր եմ, հյո՛ւր, կասկած չկա,
Եկել եմ ես այլ աշխարհից
Ու խառնելով ժամ ու կանգառ`
Ուշացել եմ աստղանավից:
Անձրևների շրջան
Անձրև, անձրև շռնդալի,
Դույլերով են թափում վերից,
Որ հեղեղը երկիրն առնի
Եվ իրենով ծածկի նորից:
Աշխարհի վե՞րջ, թե՞ դաս է սա,
Բարկացել է Տերը նորեն,
Բարկացել է մարդկանց վրա
Եվ պատժում է աստվածորեն:
Բայց գտե՞լ է մի նոր Նոյի,
Որ կառուցի փրկիչ-տապան,
Թե՞ այս անգամ որոշել է
Ողջ ապրողաց դնել պատան…
Անձրև, անձրև շռնդալի,
Տագնապներ են թափվում վերից,
Սա անձրև՞ է, թե՞ ոգեթափ
Արտասվում է Տերը ցավից:
Ավելի լավ է գրում քան թմբկահարված շատ գրողներ: