Արցախը թմբիրից արթնանում է՝ պահպանենք այդ երակը:
Այս դիմումը ինձ երկար մտածելու առիթ տվեց, երբ ծանոթացա Արցախի կաթողիկոսների պատմության հետ:
Անցյալ ու կենսագրություն չունեցող քոչվոր օղուզ և 1921 թ. Ատրպատական անվան հեռանկարային ֆոնի վրա ստեղծված Ադրբեջան հորջորջվող պետությունը, որն ըստ Աթաթուրքի պանթուրքիստական ծրագրերի՝ Հայաստանի թիկունքում ստեղծվելով, նպատակ ուներ Հայաստանի արևելյան հատվածի բնաջնջումով հետագայում ստեղծել Մեծ թուրան, և որն իրականացվում է արդեն 100 տարուց ավելի՝ պարբերաբար մեր ազգային գենի ոչնչացմամբ, և որը 2020թ. սեպտեմբերին իր վերջնագծին հասավ… Եկել է մեր գործելու ժամանակը, բավական է արդեն, արթնացե՛ք…
Հայրենակիցնե՛ր, հարազատնե՛ր, եթե որևէ ազգի ուզում ես արմատապես բնաջնջել, դու նրանից խլում կամ ոչնչացնում ես նրա պատմական մշակույթը, ինչը որ արվեց Արևմտյան Հայաստանում, Նախիջևանի խաչքարերի ու եկեղեցիների հետ, և ինչը փորձում է այսօր անել Ալիև կոչված ամբարտավանը Արցախի հայոց հնագույն մշակույթը կրող հազարավոր եկեղեցիների հետ՝ նրանց պատերի վրայից քերելով հայկական գրերը, փորձ անելով փոխել ժամանակի և տարածության ձեռագիրը՝ այն աղվանականի վերածելով: Աղվանները ազգ չեն եղել, դա տեղանք է, ըստ պատմաբան Անժելա Տերյանի վերջերս տպագրված գրքի՝ «Պատմություն Հայոց արևելյան կողմի՝ Աղվանք, Գարդման, Ուտիք», մանրամասնորեն նշված է հիշյալ տարածքների հայկականությունը, որից մեջ եմ բերում մեկ հատված. «Ի սկզբանե հայաբնակ Աղվանքը, ըստ Մովսես Խորենացու, իր անունը ստացել է Հայկից սերված Սիսակի քաղցր (աղու) բնավորության պատճառով, երբ Սիսակի որդի Առանը հայոց Վաղարշակ թագավորի կողմից նշանակվել է հայոց երկրի հյուսիսարևելյան կողմի՝ Կուր գետի Մեծ Դաշտի (Աջափնյա Կուր, Ձախափնյա Կուր) և այդ դաշտի լեռնակողմի՝ Կովկասյան լեռների ստորոտի կողմնակալ»: Եթե դեռ չեն քերել տապանաքարերի վրայի գրությունները, գնացեք և Գանձասարի ու Դադիվանքի բակերում ամփոփված տապանաքարերի վրա կարդացեք գրառումները, նրանցից մեկի վրա նշված է Արցախի վերջին կաթողիկոսի՝ Հասան Ջալալյանի անունը, գրված՝ Աղվանքի կաթողիկոս Հասան Ջալալյան… Ջալալյանները 100 տարի զբաղեցրել են Արցախի կաթողիկոսության աթոռը: Այդ ժամանակներում օղուզ քոչվորների մասին շշուկ անգամ չի եղել: Այս գրառումը փաստում է, որ Աղվանքը, ինչպես Սյունիքը, Շիրակը, Ջավախքը և մյուսները, տեղանքի անուն է, ոչ թե ազգի, որը հորինել են այդ տգետները՝ թաքցնելով իրենց բռնատիրական նկրտումները և խաբելով աշխարհին: 1815 թ. ռուսական կայսեր հրամանով դադարեցվում է Արցախի կաթողիկոսության գործունեությունը… գաղութացված հայ ժողովրդի միջից վերացնելով հոգևոր կայունությունը, և ինչպես այսօր Ալիևն է հարձակվում հայկական եկեղեցիների վրա, հայերին արմատապես իրենց հողից կտրելու հեռանկարով, այն ժամանակ էլ ռուսները վերացրեցին Արցախյան թեմի կաթողիկոսությունը՝ նրանց միասնությունը խաթարելու նպատակով, զի հավատն ու Հայրենիքն էին պահում ազգին իր հողի վրա:
Հայրենակիցնե՛ր, որպեսզի կարողանանք փրկել արցախյան փառավոր մշակույթը ազգովի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի թեմի առաջնորդի, հոգևոր դասի, ժողովրդի պահանջով անհրաժեշտ է վերականգնել Արցախի կաթողիկոսության թագը, որպես Մայր տաճարի միաբանություն, ինչպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ կհամախմբվի ողջ արևելյան եկեղեցական հայկական բարձրարժեք մշակույթը և կփրկվի բարբարոսի կողմից սպանդի ու կոտորածի ենթարկվելուց:
Շտապե՛ք, պարոնա՛յք, քանի Ալիևը նավթի ու գազի միլիարդները գործի չի դրել, դուք քիչ վաշ-վիշ արեք, քիչ ճառեր ասեք և սկսեք գործել. պահանջեք վերականգնել Արցախի կաթողիկոսությունը որպես անկախ պետականության հոգևոր կայուն դաս, վաղ թե ուշ այդ խնդիրը լուծում է ստանալու… Հայերս մշտապես պարտություն ենք կրել, երբ պետական և կաթողիկոսական աթոռները ապրել են իրենց նկրտումներով և անհաշտ ու ծախու գործողություններով դավել են ազգին ու նրա ինքնությանը: Մտածեք այս մասին, ճիշտ ժամանակն է, ձեր անտարբերությունը կծառայի միայն բռնատիրությանը՝ Հայոց Արցախյան թեմի մշակույթը նույնպես կանգնեցնելով կործանման եզրին…
ՀԳ. 1994 թ. Սիլվա Կապուտիկյանի տանը ծանոթացա պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի պատմության ամբիոնի վարիչ Լենդրուշ Խուրշուդյանի հետ, նա ինձ հարցրեց՝ ես Արցախի՞ց եմ, որովհետև Արցախի մասին շատ էի գրում: Պատասխանեցի, որ ծնունդով Արցախից չեմ, բայց Հայաստանից եմ…