Գիրը, որ մի գիշերվա մեջ երկու փորձություն է լուսացնում, գրություն չէ այլևս, այլ ճակատագրի հեգնանք:
«Գիշերը» համարենք 2020 թվականը, «երկու փորձությունը»՝ համաճարակն ու պատերազմը, «ճակատագրի հեգնանքը»՝ մեզ վիճակվածը, որ ինչ կանխատեսում էինք, իբրև «գեղարվեստի նյութ», իրականությունը ճաշակել տվեց որպես նզովք, անիծյալ զուգորդություն, գրեթե գուշակվածի ու մեր «միս ու արյունով» այդքան թանկ վճարածի միջև:
Այսպես պատահեց նաև այս գրվածքիս հետ, որի վերլուծական մասը («Պատերազմի խանութ» շարքի իտերացիոն քննափորձ) գրվեց 2020 թ., որ իր ամփոփությամբ այնքան էլ չէր բավարարում ինձ, պարփակ չէր, հատվածական էր, նույնիսկ կարելի է ասել՝ տեղ-տեղ անկապ,- ու պատճառներից մեկն էր սա, որ հապաղում էի տպագրել,- ապա պարզվեց՝ նյութը ամբողջական դարձնելու ու վերանայելու առիթ պիտի տար հենց պատերազմ կոչված ախտը – այն, որ անիծվածորեն պատուհասվեց մեզ ու մեր թվացյալ խաղաղությանը:
Միայն թշվառ ժողովուրդը չունի այլ բան ցույց տալու աշխարհին ու հպարտանալու դրանով, քան իր վարած պատերազմների պատմությունն է: Մարդկային ցեղի տարեգրությունում չես գտնի մի դեպք, մի անցք, նույնիսկ մի դիպված, որ այնուհետև հիշատակվել է ճակատագրական, վերերկրային ինչ-որ անեծքով ամբողջացած չլինի իբրև իրադարձություն: Ոչ մի Մակեդոնացի, ոչ մի Հուլիոս Կեսար, Նապոլեոն ու հերցոգ Վելինգտոն այդ «անեծքի» իրագործելիությունից վերև չէին կարող ցատկել, կարծելով՝ սերունդներին կմոլորեցնեն, թե իբր իշխում են դեպքը իրադարձություն դարձնելու նախախնամության վրա:
Եթե որևէ ժողովուրդ իր Մակեդոնացու վերևում չունի իր Հոմերոսը, եթե որևէ ժողովուրդ իր Հուլիոս Կեսարի վերևում չունի իր Վերգիլիոսը ու եթե որևէ ժողովուրդ իր բոլոր հաղթանակած ճակատամարտերի վերևում չունի ամենաանանցողիկ փառքը, որ իր մշակույթն է, ոչի՜նչ են ու ոչի՜նչ նրա ռազմական տրիումֆները, իզուր է նրա հպարտությունը ամենահմուտ իր զորավարներով ու նվաճողներով:
Գերանդու սրությունը հարցնում են հնձված ծաղկունքից: Թե ինչ ախտ է պատերազմը, հարցրեք որդեկորույս ծնողներից, ծնողազուրկ երեխեքից, ծաղկող հասակում հաշմանդամ դարձած զինվորներից: Ու ողբերգությունը անչափելի է: Պատերազմը մսագործների մասնակցություն չէ խոհարարների ինչ-որ մրցույթի, թե երկու կողմից ո՞ր մասնակիցը կգերազանցի մյուսին… վարպետությամբ: Պատերազմը մսագործների մղձավանջային պարն է զոհերի մորթոտված մարմինների շուրջը:
Որտեղ ողբը անպատմելի է, սկսում է ծաղրը «համաշխարհային կարգի» հանդեպ:
«Պատերազմի խանութ»* շարքի իտերացիոն քննափորձ
Իտերացիայի մասին խոսելիս, որ համառոտ լինեմ ու հասկանալի, ստիպված եմ առարկայական պատկերացում տալու համար հիշեցնել: «Իտերացիան մենք գործածում ենք միանգամայն նոր իմաստով հիմնված հետևյալ օրինակների վրա: Ջոսայ Ռոյսի իտերացիոն քարտեզը – A [1] քարտեզը պատկանում է A [1] տարածքին,- Ռոյսը նկատի ունի Բացարձակի ու վերջավորի հարաբերությունը: A1 տարածքում գտնվում է նույն A2 քարտեզը, որը պատկանում է նույն A2 տարածքին, որի մեջ նույն A3 քարտեզն է իր A3 տարածքով, ու այսպես շարունակ: A-ն չի փոխվում, փոխվում է քարտեզի մանրակերտը՝ միկրոկառուցվածքը անընդհատորեն փոքրանալով կամ մեծանալով: Բորխեսը «Դոն Կիխոտի թաքուն դյութանքներում», որպես արտացոլման հնարք, մեջբերում է Ռոյսի ամբողջական հատվածը, որ վերաբերում է իտերացիոն քարտեզին ու զուգահեռում է գրական նմանատիպ հնարքների հետ:
Է. Ֆինկը նույն իմաստով իտերումը գործածում է՝ խաղը գեղանկարչության մեջ բացատրելու համար: Ռուսական մատրյոշկայի կառուցվածքը հիշեք՝ մի տիկնիկը լրացնում է – կրկնում ու միաժամանակ դառնում է հաջորդի հակառակ կողմը» («Գիտելիք», N12, 2003, Շանթ Մկրտչյանի «Թանկաների պսակ Բասյոյին»): Նմանատիպ փորձ արվեց ժամանակին նաև Ա. Շեկոյանի մի բանաստեղծության առիթով («Բնագիր», N 8, 2004):
Հիմա փորձենք նույնը կիրառել Էդ. Միլիտոնյանի «Պատերազմի խանութ» շարքի քննասիրությամբ:
Բանաստեղծական շարք ներկայացնելու մեջ այսքան հաշվեկշռված ու նուրբ հյուսվածքով քչերին եմ տեսնում: Եթե մի բանաստեղծություն էլ բաց թողնենք, շարքը փլուզվում է: Վաղուց են նկատել Էդ. Միլիտոնյանի ոճին ներհատուկը` պարադոքս, աբսուրդ, սինթեզ և այլն: Չի նկատվել դրանց իտերացիոն բնույթը:
Սիրեցե՛ք ինձ,- Ջոկոնդայի ժպիտով ակնարկում է վաճառողուհին,- այսինքն՝ սիրեք պատերազմը, ու սա որպես հրամայական ծաղր, որովհետև եթե ծաղրով էլ չասվի, մարդը հակված է ոչնչացման կրքի, ավերումի, բռնության: Քաղաքակրթությունները սկսում ու ավարտվում են պատերազմներով: Եթե վաճառողուհին չխորհրդանշեր «պետական ապարատը», «թելադրողների» գաղափարախոսական ախտը, իշխանություն կոչված բռնակարգը, մենք նրա սերը («սիրեցեք ինձ»-ը) կընկալեինք առանց փոխաբերումի, որպես քրիստոնեական սիրո քարոզ: Ու հասկանալի է Էդ. Միլիտոնյանի անիրական ըղձականը. «Երանի պետությունները մարդկանց պես սիրեն իրար…», բայց նրանց «…որևէ հուզականություն հատուկ չէ»: Սա գրվել է պատերազմական մեր օրերում: Հեղինակի ներկա արձագանքներից մեկն է երեք տարի առաջ գրված «Պատերազմի խանութ» շարքին:
Պետությունը մարդի՞կ չեն, որ «մարդու պես սիրի»: Հարցը սադրիչ է, մանավանդ, այսօրվա Հայաստանում, նույնքան վտանգավոր՝ հարցից քաջալերված պատասխան փնտրելու մեր համարձակության դեպքում, ինչքան ամբոխ-ժողովուրդ, ժողովուրդ-ամբոխ տարբերակումներով զբաղվելիս լինեինք: «Ամբոխը» հորինվել է՝ ժողովրդին իր սխալներից փրկենք: Նույնը կարելի է ասել խաղաղություն-պատերազմ, պատերազմ-խաղաղություն իտերացիոն ըմբռնումի մասին:
Աստված տեսավ, որ պատերազմները ինքնին պատժված են խաղաղությամբ, և որ բնությունը չպետք է սրա վրա հոգ տանի: Բնության հոգսը պետք է լինի, որ խաղաղությունը չպատժվի պատերազմով: Բայց այսպե՞ս է:
Փորձենք լուծումը գտնել: Ինչպես նախընթաց «իտերացիաներում», այստեղ էլ պատասխանը անմիջապես «մի ոտքից մյուսին կհենվի», ու մենք կկորցնենք «հենման կետը»: Ու պարզ չէ՞ մեզ՝ ծաղրը, հեգնանքը «համաշխարհային կարգի» հանդեպ ինչո՞ւ է այսքան ընդգծված Էդ. Միլիտոնյանի «աբսուրդի խանութում»:
Իտերացիայի յուրաքանչյուր տեսարան վերախաղարկվում է մի քիչ այլ ռեժիսուրայով: Խաղը նախապատմություն ունի, ինչպես «Համլետում» «մկան թակարդը»: Ու այդ խաղը միջանցիկ է վաղվա խաղի համար: Կառուցվում է «մեկը մյուսի միջոցով» տիեզերական հիերարխիա, որի վերջնական նպատակը անընդհատորեն մարմնավորված լինելն է գոյության աստիճանակարգերում: Ինչ-որ տեղ, այո՛, դա կարող է դիտվել համատիեզերական վերամարմնավորման օրենքի միկրո-կառուցվածք երկրի վրա («Վերևից նայելիս ի՜նչ փոքր է կապույտ Երկրագունդը») (156):
Մենք ծաղրում ենք «համաշխարհային կարգը» ու պատուհասվում մեր հեգնալից անհնազանդության համա՞ր, թե՞ այդ «տիրապետող կարգը» ինքն է նախապես մեզ պատժում, որ մենք նրանից վրեժխնդիր լինենք մեր հեգնանքով: Այն, որ երրորդ համաշխարհային պատերազմը առայժմ հետաձգվում է` խաղաղության ճգնաժամից է: Զենքը երբ չեն կիրառում, զբաղվում են զենքի պատմությամբ: Զինագիտությունը նույնպես ճգնաժամ է ապրում, որովհետև զենքը դադարել է գործնական նշանակություն ունենալ («տեղային» պատերազմները չհաշված): Անհեթեթ բաներ եմ ասում, չէ՞: Բայց մի՞թե «Պատերազմի խանութը» նման աբսուրդով չէ, որ գրավում է:
Էդ. Միլիտոնյանը լեզվաոճական, պատկերաստեղծ ոչ այնքան «բանաստեղծական» շրջընթաց իրավիճակներ է «հրահրում» հանուն նաև գրականության մեջ խաղաղության.- Հանդուրժե՛ք միմյանց, պարոնա՛յք, պոեզիան նույնքան մեկս մյուսից փոխառած «նիզակախաղի» ներկայացում է, որքան պետությունների ցուցադրական հոխորտանքներն են, թե ով չի հանդուրժում իմ «խոցելու» իրավունքը, նա իր վրա կզգա «պատերազմի խանութի» պես սարկաստիկ թատերախաղ: Առանց այդ էլ բազմանում ենք, բազում ենք: Ինչո՞ւ եք անհանգստացած, մշակութային «պատերազմը» բոլորիդ էլ կհասնի:
Անմիջամտելի խանդոտությամբ իրեն շրջապատած գիրը դեռևս թաքնագրություն չէ, այլասացումների պարուրվածքով չէ, հակառակը՝ այն կարող է լինել մի քանի արհեստական սքողումով մանկունակ բարբառում-մակերեսային: Զարմանալի է, որ Միլիտոնյանը կարողանում է և՛ անխանդ միջամտելի իրավունք թողնել ընթերցողին իր տողերի մեջ, և՛ միաժամանակ պահպանել այլաբանումը,- իր և ընթերցողի միջև մետաֆորիկ «հեռավորություն»:
Ամենաարտառոցը ամենաովորականն է: Չեղած բանը չեն վաճառում: A. Երկրները անընդհատորեն նախապատերազմական վիճակում են: B. Նախապատերազմական վիճակները պատերազմների ժամանակավոր ընդմիջումներն են:
«Պատերազմ» գնելու համար «արտակարգ» իրավիճակ է խանութում: Խաղաղվելու հորդոր է անում հենց նա, ով պատերազմ է վաճառում («…վաճառողուհու ժպիտը սաստում է` սիրեցե՛ք ինձ», 142): «Սիրեցե՛ք ինձ» – որոգայթ է: Սիրել վաճառողուհուն, նշանակում է պատերազմը սիրել: Չսիրելը ենթադրում է` մնալ պատերազմ գնելու «հերթի» մեջ, բայց պատրաստ չլինել պատերազմելու: Իսկ պատրաստ չլինելը դեռ խաղաղության հանդեպ սիրուց չէ: Թվարկումների առատությունը շարքի «նախամուտքում» (պատերազմների «տեսականին», դրանք որպես քաղցրավենիք մատուցող վաճառողուհու արտաքին տեսքը, «քաղցրավենիքը թխող» պետությունների անվանումները) արդեն «փոխլրացողական» տրամադրություն է հրահրում, իբր, թող ընթեցողը ընտրի` այս անհեթեթություններից «ո՞րն է որի մեջ», կամ ո՞րն է որին հաջորդում ու նախորդում:
Ամենաեկամտաբեր վաճառքը պատերազմի տուրևառությամբ է, բայց նման շահույթաբերի հասնելու համար ծախու շատ «տաղավարներով» պիտի անցնենք: «Պատերազմի խանութը», եթե հեղինակի «ինքնախայթելու սաստկության» (156) նմանակումով պատկերավորենք, մի հսկայական բազմապրոֆիլ առևտրի կետրոնում է ներառված (փոխլրացված): Ու տարբեր տաղավարներում «տեսականին» հատուկ նպատակով է ուղղված իր շահույթից նպաստ բերելու գլխավորին` «հանրախանութում բացված պատերազմի բաժնին» (142), «արյան ու արցունքի» վաճառասրահին: Մինչև սրան հասնելը պետք է անցնել օրենքի ու իրավունքի, գաղափարախոսության ու ստի, բազում այլ պիղծ «պահուստների» միջով:
Վաճառողուհու «համբուրեք ինձ»-ը մատնություն է: Խաղաղության մեջ, նույնիսկ ամենաանմեղսունակ, Հուդա բան կա: Խաղաղությունն ասում է` համբուրեք ինձ, որ ձեզ մատնեմ պատերազմի: Եթե սա նկատի չունի Էդ. Միլիտոնյանը, ուրեմն խաղաղությունը «անբնական» է, որ կարիք ունի համբուրվելու: Պատերազմում զոհվում են: Իսկ եթե պատերազմում չենք ու զոհվո՞ւմ ենք…: Դա խաղա՞ղ պատերազմ է: Էդ. Միլիտոնյանի «Պատերազմի խանութը» խաղաղության մեջ է: Խաղաղության մեջ վաճառվում է պատերազմ, որ «…ունի լուրջ արդարացում.//նա աշխարհ է եկել//հանուն խաղաղության» (152), «…թշնամացածները նույն բանն են ասում`//մեղադրելով իրար//և միևնույն պահին մտածում ուրիշ բան://Դիվանագիտությունն այն է, որ պատերազմ ես //ուզում, բայց ցույց ես տալիս//անմեղ հրեշտակի թևեր» (150):
Կալամբուր: Ողբերգազավեշտ: Զուսպ անլրջություն: Յուրատեսակ միմոսատիպ ներկայացում («բեմի վրա բեմ»): Ու ծաղրանմանակողներն էլ հասկանում են` «….ամենածանրը ինքն իրեն խաբելն է լուրջ դեմքով» (150), թեև «…պատմության ինքնահեգնանքը,//ցավոք, չի փրկել մարդկանց//պատերազմներից» (155):
Պատերազմ սանձազերծողները սեփական արցունքներ չունեն, որ ունենան «սեփական» վախ այդ արցունքներում խեղդվելու: Ու ներկայացնելու խնդիր էլ չունեն` ինչպես են անվախ «կուլ գնում» իրենց լացին` պատերազմների անհրաժեշտությանը մեզ վարժեցնելով, որովհետև իրենց վարժանքը մեր մոռացկոտության վրա է: Մենք մոռանում ենք, որ նրանց արցունքը աղի ջուր է, որտեղ իրենցից դեռ ոչ ոք չի խեղդվել:
Բանաստեղծի ոճին առնչվող մի նկատում: Միլիտոնյանի սիրելի կոմպոզիտորներից Պենդերեցկին սիմֆոնիկ որոշ պոեմներում հաճախ «շրջակա ձայների» մշակված նմանակման էր դիմում,- ասենք, խողովակների ձայնը, երբ կեղտաջրեր են հոսում նրանցով, կամ «տրամվայի արգելակման խզզոցները»,- որ «խիստ» երաժշտագետների քմծիծաղն էր շարժում, ինչպես ժամանակին հեգնում էին երգչախմբի ներառումը Բեթհովենի 9-րդում: Ճիշտ այդպիսի լեզվաոճական «չընդունված դերակատարներ» է ընտրում Միլիտոնյանը իր արվեստում, «դեկորներ ու դետալներ», ոչ թե զարմացնելու կամ «հիասթափեցնելու» համար, այլ որ՝ գեղարվեստագետը պետք է կարողանա իրեն տեսնել, չկտրվել, չինքնամփոփվել համաշխարհային պրոցեսների «կոնտեքստում»: Զավեշտալի դրվագները «Պատերազմի խանութում» մեզ զվարճացնելու համար չեն: Դրանք գեղագիտական «քայքայումների», որ նորագույն ժամանակներին է հատուկ, արձագանքներ են: Իր քմահաճույքը չէ, իր օրիգինալության վրա կասկածից չէ, այլ «նորմատիվայինի» խախտման գնով հասնել բանաստեղծական ընկալումների թարմացման:
Այս «նորմատիվայինի» խախտումը փիլիսոփայական լուրջ հիմքեր ունի, քան ընդամենը «պարզունակի» վերագրենք: Պրիմիտիվիզմը պարզունակությունը չէ: Այն մշտապես «մանուկ» մնալու հանճարեղություն է:
Հզոր ու հաղթական վերջին արարվածի համար չէ գրված «Պատերազմի խանութը», որ ընթերցողն էլ սրահից սրահ անցնելով մինչև «Անավարտը» կոչվող շարքը, հիանա հեղինակի կառուցողական հմտությամբ (գիրքը բովանդակում է նմանատիպ այլ «շարքեր» ևս. «Բարձրահարկ շենքի առօրյան», «Դասեր», «Իտալական օրեր», «Ժամանակներ» և այլն):
Նախքան իր շարք կառուցելը, Էդ. Միլիտոնյանի մտահայացքի միջով անցնելու հնարավորություն եթե ունենայինք, էլի ձեռնունայն կմնայինք իր կարողությունից որևէ բան սովորելու, ոչ թե` բանաստեղծը այս խնդրում ավելի «հանրօգուտ» է մտածում, ինչից հետ ենք վարժվել մենք, այլ որովհետև նա դրամատուրգի ռեակցիայով է մշակում իր երկկողմ-լրացյալ կառուցումները:
Հաղթականը «Պատերազմի խանութում» առաջին բանաստեղծությամբ էլ («Իրարանցում», 143) առկա է` «համբույրը հավերժ է»: Երկակիությունն այն է, որ այս «համբույրը» չպետք է շփոթենք վաճառողուհու «համբուրեք ինձ» մատնության հետ: «Համբույրը հավերժ է» ասվածը իտերացվում է իսկապես «սիրո համբույրով»: Ոչ ոք չի ասի, չէ՞, համբույրը «ըստ Ռոդենի»՝ Հուդայի համբույր է: Եթե պատերազմ է` ես սիրո «պատերազմ» եմ բերում.//…հրեշտակի թևից պոկած փետուրով//հրաման է գրում բառերով աղոթքի`//Տուր մեզ այսօր բոլոր մարդկանցից քամած խիղճը,//Տուր մեզ այսօր բոլոր զոհվածների անմեռ կամքը,//Տուր մեզ այսօր բոլոր Աստվածների սերը,//Տուր մեզ այսօր այնքան բուժիչ թույն,//որ բժշկի վիրավոր Արդարին, խոցված Զավակին,//քարի պես լուռ Հորը, թաց կավի պես ճմլվող սիրտը//մոր (156):
Պատերազմի (անխուսափելի հոլովում է, որ տեքստն է թելադրում ինձ կրկնել… պատերա՜զմ… պատերա՜զմ) մեր հիշատակած «տեսականիի» միջով, ինչպես «համբույրի», «հերթի», «ագռավների», «հրեշտակների» և այլն, բառաձևերի ալիքն է անցնում «Իրարանցում» բանաստեղծությունից մինչև «Անավարտը»: Այդպես էլ «ժպիտն» է հայտնակերպվում անսպասելի փոխակերպումներով («մեկը մյուսի մեջ»):
Տեսե՛ք, որքան տարբեր են թվարկածս «ժպիտները». «…գեղեցկուհի, որի ժպիտն իսկը Ջոկոնդայինն է», «…ի՜նչ դյութիչ, գազանային է ժպիտը Ջոկոնդայի» (142), «…աղջիկը ժպտում է,//ես այդ պահին հիշեցի Լեոնարդո դա Վինչիի ինքնանկարը» (147): Թվացյալ ժպիտ:
«Վաճառողուհու ժպիտն է սաստում` սիրեք ինձ» (142): Մատնության կամ սպառնական ժպիտ: «Միայն վաճառող աղջիկն է ժպտում://Այն կարգազանց ջահելի հետ//նրանք համբուրվում են//պատերազմի ֆոնին» (143): Ցինիկ ժպիտ: «Վաճառող աղջիկը լաց չի լինում://Նա պարտավոր է անվերջ ժպտալ» (145): Դիվանագիտական ժպիտ: «Ուժի մրցավազքում ժպտալով//միմյանց ոտ են գցում գլխավոր//հրամանատարները…» (151): Դավադիր ժպիտ:
Սրանք իրենց այլաձայն հնչունակցությամբ մի Ձայնի մեջ են, որ տրոհում են բանաստեղծի հղումը լրացողական արձագանքների, նույն է թե՝ իտերացիոն խաղի:
*«Մի բուռ խոսք», Էդ. Միլիտոնյան, 2017, «Վան Արյան», էջանշումները ըստ այս գրքի: