Ինչպես լուսահոգի տատս կասեր. «Թե որ ծուռ նստենք ու շիտակ խոսենք», միշտ ավելի հաճույքով «Գրական թերթի» ընթերցողի դերում եմ եղել, քան հեղինակի: Անշուշտ, միշտ էլ ցանկալի է, որ գեղարվեստական կամ հրապարակախոսական խոսքդ, գիրդ հասու դառնա, ընթերցվի նաև այլոց կողմից, սակայն լինելով արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ վարչության անդամ, երբեք ինձ իրավունք չեմ վերապահել «Գրական թերթի» որևէ խմբագրի «խեղդել», նույնիսկ խնդրել, թե՝ տպագրեք իմ այս կամ այն գեղարվեստական գործը կամ հոդվածը: Ես էլ երկար տարիներ թերթ եմ խմբագրել, ուստի՝ լավ իմանալով, որ միայն խմբագիրն է որոշում, թե որ նյութի ժամանակն ու «հերթը» երբ է, ճիշտ եմ համարել ու նախընտրել սպասել խմբագրության՝ իմ համեստ ստորագրության անհրաժեշտ համարելուն: Ի դեպ, երբեք չեմ քննարկել, երբեք իմ ճաշակին կամ կարծիքին չեմ հարմարեցրել խմբագրությանն անհրաժեշտ, պատվիրվող նյութը:
Նաև չեմ նեղացել, «կռիվ չեմ արել», բացատրություն չեմ պահանջել, եթե մերժվել ու չի տպագրվել նույնիսկ պատվիրված գեղարվեստական գործս կամ հոդվածս: Իրեն ու իր իրավունքը հարգող հեղինակը պետք է հարգի նաև թերթի խմբագրին ու նրա իրավունքը: Ասեմ նաև, որ միշտ էլ շնորհակալ եմ եղել, երբ խմբագիրը իմ պատմվածքին, բանաստեղծությանը կամ հրապարակմանը, ընթերցողների դրական արձագանքի դեպքում, չի զլացել, զանգահարել և անկեղծ ուրախությամբ ասել է այդ մասին:
Խմբագրություն-հեղինակ կապը ստեղծագործական երևույթ է և միշտ պետք է հիմնված լինի ոչ թե միակողմ նպատակահարմարության, այլ գտնվի խմբագրություն-հեղինակ-ընթերցող եռակողմ հարթության վրա: Մեր պաշտոնաթերթի էջերը նաև բանավեճերի, քննարկումների ու տարակարծության համար են, բայց ոչ երբեք՝ գզվռտոցի ու նենգաձոներ հրապարակելու, ահա թե ինչու այն երբեք անձնական հրետանի չեմ դարձրել, չեմ համեմատել ու այլ հրապարակումներից ավելի լավ ու բարձր չեմ գնահատել իմ հեղինակածները: Գրող եմ, տպագրվելն անհրաժեշտ է, տպագրվել ու երբեք էլ հերթական հրապարակումս գլուխգործոց կամ դարակազմիկ չեմ համարել… Լույս տեսած համարում ամենավերջինն իմ գրածն եմ ընթերցել, նախապես լուռ համաձայնությամբ կամ չհամաձայնությամբ կարդալով այլոց:
Չգիտեմ, թե թերթի քանի համար է լույս տեսել այսքան տարում, չգիտեմ, թե որ թվին, որ համարում կամ որ էջում ինչ հրապարակում եմ ունեցել: Անշուշտ, ամենաառաջինը եղել է «ցնցող», բայց ափսոս, հիմա չեմ հիշում, թե որն էր դա… Սակայն, այնուամենայնիվ, պատմվածքների, բանաստեղծությունների, հրապարակախոսությունների, հուշագրությունների ու հարցազրույցների բավականին երկար շարքում հիշողությանս մեջ ընդմիշտ մնացել ու կա մեկը… Չեմ ասի, թե բարձր գեղարվեստականությամբ եմ գրել կամ շոշափել եմ աշխարհակազմիկ հարցեր: Չէ՛, ժանրային առումով սովորական ռեպորտաժ է, գրված, ինչպես ասում են, մի շնչով, անգամ անմշակ, միայն ռեպորտաժի վայրն է անսովոր, գուցեև՝ հերոսները… «Արծիվները լեռներում են ապրում»,- 2016 թվականի հունիսի 5-ի համարում է տպագրվել և նվիրված է Քառօրյա պատերազմի ժամանակ Հադրութի գոյամարտի մասնակից մեր կամավորական ջոկատին: Ուրիշ հետաքրքիր հրապարակումներ էլ եմ ունեցել անշուշտ, բայց այս մեկը հայրենիքի լինել-չլինելու, մեր հաղթել-պարտվելու, մեր գոյի մասին է, հայրենիքիս տված իմ սրբազան պարտքի մասին, ուստի՝ շատ ավելի հոգեհարազատ է ու անմոռաց։
Այնուամենայնիվ, ամենակարևոր հրապարակումս հենց հիմա եմ կատարում՝ շնորհավորելով շատ սիրելի մեր «Գրական թերթի» 90-ամյակը, մեր գրական անդաստանի, խմբագիր Կարինե Խոդիկյանի և ողջ աշխատակազմի տոնը:
Շնորհավորանքս ու խոնարհումս «Գրական թերթին»: