«Գրական թերթը» եղել և մնում է գրեթե մեկ դար գրական սերունդների կայացման այն հարթակն ու բարձր նշաձողը, որը հաղթահարելուց հետո այլևս գրական դաշտում քեզ զգում ես ինչպես տանը կամ հայրենիքում: Սկզբում «Գրական թերթի» ընթերցող, ապա գրական աշխարհ նոր մուտք գործող երիտասարդ հեղինակիս երկու հարթությամբ արտահայտվելու հնարավորություն ընձեռվեց թերթի էջերում՝ իբրև թատերագետի և գրողի: Այդ տարիներին թերթի խմբագիր Սամվել Կոսյանը գրկաբաց ընդունեց թատրոնն ու գրականությունն ամեն բանից շատ սիրող ուսանողուհուս՝ դառնալով մասնագիտական առաջին պինդ քայլերիս ամուր հենարան: Այդպես սկսվեց իմ բեղուն ու երկարամյա համագործակցությունը թերթի հետ: Հաջորդ խմբագիր Կարինե Խոդիկյանը նույն հոգածությամբ շարունակելով՝ խթան հանդիսացավ, որ թերթում ներկայանամ նաև արդեն որպես հրապարակախոս ու էսսեիստ: Ավելի ուշ՝ «Գրականում» ուսանողների՛ս նույն ջերմ ու գրկաբաց վերաբերմունքով ընդունեցին՝ առաջին պրոֆեսիոնալ քայլերի հնարավորություն ու հարթակ ընձեռելով: Այսպես է կայանում սերունդների միջև կապը, այսպե՛ս են կամրջվում ժամանակները:
Ձեռքը մշտապես երկրում առկա խնդիրների զարկերակին՝ «Գրականը» նաև մեզ՝ հեղինակներիս է սթափ պահում, պահում է Քաղաքացի, որը պարտավոր է քաղաքացիական դիրքորոշում ունենալ ու հրապարակել այն: Եվ հանկարծ հայտնաբերում ես, որ ճանապարհ ես անցել «Գրականի» հետ, կնքահայր ու կնքամայր ձեռք բերել գրականության այս ամենաանշահ տարածքում, որի միակ շահը հենց գրականությունն է: Մտովի թերթում եմ խնամքով պահած համարներն ու քայլ առ քայլ կայացման ուղին գծագրում. ինչո՞ւ չխոստովանել, եղել են նաև հրապարակումներ, որոնց համար հպարտ եմ, որոնց համար այնպիսի ջերմ գնահատականներ եմ լսել, որ թևավորվել եմ: Մեր շուռ եկած իրականությունում, երբ ո՛չ արվեստի ու գրականության միջավայր կա, ո՛չ ստեղծագործական մթնոլորտ, ո՛չ էլ չափանիշներ, «Գրական թերթը» մնում է այն օազիսը, որտեղ գրվածն ու հրապարակվածն անպայման արձագանք կգտնեն, եթե արժեքավոր են՝ անտես չեն մնա, ափսոս՝ հանրության լայն զանգվածներն են անհաղորդ այս վայելքին:
Արդի դրամատուրգիային նվիրված լիանիստին հնչած զեկույցս անթաքույց սուր էր ու անողոք, մերկացնում էր դրամատուրգիայի շուրջ ստեղծված անտարբերության մթնոլորտը, հոգածության պակասը ոլորտի գրեթե բոլոր օղակների կողմից, և բացահայտ պատասխանատվության էր կանչում հենց գրական ու թատերական շրջանակներին: Հոդվածս տեղ գտավ թերթի համարներից մեկի առաջին էջում՝ խմբագիր Խոդիկյանին հատուկ է ճշմարտությունից չվախենալը, ավելին, համարձակորեն ընդառաջ գնալը դրան, հատկապես, որ մեր մտահոգությունները նույն շրջանակից են:
Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմի» անգլերեն թարգմանության հրատարակման շնորհանդեսի մասին «Նամակ-էսսես» գրական շրջանակներում լայն քննարկման առիթ դարձավ, եղան նաև նեղացողներ, համատեքստը՝ արդյո՞ք մենք գնահատում ենք մեր մեծերին ըստ արժանվույն: Իսկ «Պատերազմը» պատմվածքս ու «Հայրենիքս, միակս, ուրիշս» բանաստեղծությունս «Գրականի» էջերում առիթ դարձան ինձ համար մեծ հեղինակություն իմ ավագ գրչընկերների հետ երկխոսություն ունենալու, կարծիքներ լսելու, նաև՝ երիտասարդ քննադատների վերլուծական խոսքին արժանանալու նույն «Գրական թերթի» էջերում: «Գրականը» ոգևորում է, մտքեր է հուշում, երբեմն՝ ինքդ քեզ վրա զարմանալու առիթ տալիս. արդյո՞ք կանդրադառնայի նման հարցի, թե հեռախոսի մյուս կողմից չլսեի Սամվել Կոսյանի կարճ ու հատու, գրեթե հրաման հնչող «հանձնարական» խնդրանքը, կամ էլ Խոդիկյանի պահանջկոտ, քո նախորդ սահմանած նշաձողից ոչ մի միլիմետր պակաս, քեզնից նոր որակ ակնկալող ձայնը, թե՝ կսպասեմ…. Այսօր գրական շրջանակներում ավելի շատ է գրականության իմիտացիան, քան հենց գրականությունը, բայց միայն ոչ «Գրական թերթում»: Այստեղ ամեն բան իրական է, ապացույցը՝ նրա պատկառելի տարիքն ու թերթի շուրջ չմարող մշտառկա հետաքրքրությունը ամեն եկող հաջորդ սերնդի կողմից նաև:
«Գրական թերթը» եզակի օղակ է, որը կարողանում է գրական մթնոլորտ ստեղծել, վավերացնել ժամանակը ու երկխոսության հրավիրել: Իսկ սա փայփայել է պետք, ինչպես մի հազվագյուտ, կարմիր գրքում գրանցվելու արժանի երևույթ, որ չընդհատվի սերունդների կապի շարունակականությունը, որ օղակների շղթան շարունակի արժեքներ սահմանել: