«Գրական թերթի» հետ իմ ծանոթությունը շուրջ կեսդարյա պատմություն ունի և սկսվում է դպրոցական տարիներից:
Հայրս՝ Ադամ Միկոյանը, լրագրող էր և արձակագիր: Լոռու մարզի հետ սահմանամերձ Խոժոռնի գյուղում թերթերն ու ամսագրերը ժամանակին էինք ստանում: Հայրս պարտադիր բաժանորդագրվում էր «Գրական թերթ», «Սովետական գրականություն» (այժմ՝ «Նորք»), «Գարուն», «Լիտերատուրնայա գազետա», «Լիտերատուրնայա Ռոսիա», «Ոզնի», «Կրոկոդիլ» և «Սովետական Վրաստան», որի թղթակիցն էր մեր շրջանում: «Գրական թերթի» լույսընծայման օրերին դասերս ավելի շուտ էի սովորում և մինչև չկարդայի ինձ հետաքրքրող գեղարվեստական գործերն ու մյուս հրապարակումները, չէի գնում ֆուտբոլ խաղալու: Այն ժամանակ, երբ դեռևս չափածո տողեր գրելու փորձեր էի անում, չէի կարող պատկերացնել, որ մի օր դառնալու եմ իմ սիրելի թերթում առավել հաճախ տպագրվող հեղինակներից մեկը: Երևանում ուսանողական հինգ տարիներին միայն արձակուրդներին էի գյուղ մեկնում և «Գրական թերթն» ամեն անգամ գնում էի կրպակներից: Անձնական արխիվումս պահպանվել է թերթի միայն վերջին երկու տասնամյակի հավաքածուն՝ իմ շուրջ 60 հրապարակումներով (բանաստեղծությունների շարքեր և հոդվածներ): Դժվարանում եմ առանձնացնել ամենահիշարժան հրապարակումը թերթում: Սակայն 2016 թվականի հուլիսի 29-ի (թիվ 26) համարում տպագրված իմ «Թուրքերն են մեղավոր» քննադատական սատիրական հոդվածը, ինչպես օրեր անց տեղեկացա իմ մտերիմներից մեկից, Երևանում հարյուրավոր օրինակից պատճենահանվել էր և տարածվել բնակելի շենքերում: Իսկ մեկուկես տասնամյակ առաջ, երբ բանաստեղծություններիս հերթական շարքն էր տպագրվել «Գրական թերթում» և սկսվում էր «Երկրորդական հումքի բազա» գործով, գրչակից ընկերներից մեկը Երևանից զանգահարեց և հարցրեց. «Դու որտե՞ղ ես հիմա, բան ասող չի՞ եղել»: Պատասխանեցի, որ աշխատավայրում եմ: «Բա ասում եք՝ դեմոկրատիա չկա, տեսնո՞ւմ ես, որ մեկուսացված չես»,- ասաց նա:
Շատ քիչ բան կլինեի ասած, եթե ասեի, որ հայ գրականության զարգացման վերջին 90 տարվա տարեգրությունն է ամփոփված «Գրական թերթի» հավաքածուներում:
Թերթը, մանավանդ վերջին տասնամյակում, անդրադառնում է մեր երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, այն յուրօրինակ հարթակ է գրողների տեսակետների, նրանց մտահոգությունների համար: Բազմաթիվ անգամ, երբ որևէ առիթով գրել եմ խիստ բնորոշումներով քննադատական հոդվածներ, միշտ համոզված եմ եղել, որ դրանք տպագրվելու են, ու երբեք հուսախաբ չեմ եղել:
Տպագիր մամուլի մասին խոսելիս հաճախ ասել եմ, որ Հայաստանում մամուլի ազատությունն իր տեղը զիջել է ամենաթողությանը: Խոսքս չի վերաբերում «Գրական թերթին», որը բարեբախտաբար, միշտ ունեցել է և այժմ էլ ունի բանիմաց ու խոսքի արժեքը գնահատող խմբագիր: «Գրական թերթը» նաև մեծ դեր ունի երիտասարդ գրողների կայացման գործում: Երբ ինձ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է տպագրվել այդ թերթում, պատասխանում եմ՝ քո միակ միջնորդը գրածիդ գեղարվեստական արժեքն է: Եվ շատերն են համոզվել դրանում:
«Գրական թերթի» 90-ամյա հոբելյանի առթիվ մաղթում եմ երկարակեցություն, իսկ խմբագրակազմին՝ համբերություն, տոկունություն և նորանոր մտահղացումների իրականացում:
