Հունիսի 5-ին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված բանաստեղծ, գեղագետ, մշակութաբանության պրոֆեսոր Ռոմանոս Սահակյանի ծննդյան 75-ամյակին և նրա հեղինակած «Անկրկնելի Պարույրը» գրքի շնորհանդեսին: Ցերեկույթը վարող Գայանե Սամվելյանի բացման խոսքից և մի քանի բանաստեղծություններ ասմունքելուց հետո ելույթ ունեցան Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը, ով իր ելույթի վերջում ընթերցեց ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանի ուղերձը հոբելյարին, ապա այն հանձնեց Ռ. Սահակյանին` արժեքավոր նվերի հետ:
Ելույթ ունեցավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ով հանգամանալից անդրադարձավ Ռ. Սահակյանի բանաստեղծական, գիտամանկավարժական գործունեությանը, ելույթն ամփոփելով ՀՀ մշակույթի նախարարի հրամանի ընթերցմամբ, Ռ. Սահակյանն արժանացել է նախարարության ոսկե մեդալին: Ելույթ ունեցավ ՀՀ հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը: Լեզվաբան, գրականագետ Ռոմա Դալլաքյանը ըստ ամենայնի գնահատեց Ռ. Սահակյանի գրական, մշակութային վաստակը և հանգամանալից անդրադարձավ Ռ. Սահակյանի «Անկրկնելի Պարույրը» գրքի արժանիքներին: Պատմաբան Ռուբեն Նահատակյանն անդրադարձավ Ռ. Սահակյանի գործունեությանը` այն բնորոշելով որպես 60-70-ական թթ. բացառիկ երևույթ, ինչը նա շարունակում է մինչև այսօր` խորապես ուսումնասիրելով վաղնջական հայ մշակույթի ակունքները: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Սարգսյանը Ռ. Սահակյանին բնորոշեց որպես տաղանդավոր բանաստեղծի և գիտնականի, միաժամանակ շեշտելով, որ նրա հայրենակիցն է` Ղարաբաղից, և շատ է հավանում Ռ. Սահակյանի հետևողական աշխատասիրությունն ու նվիրվածությունը հայ մշակույթին: Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը Ռ. Սահակյանին բնորոշեց որպես գրադարանի բարեկամի և ընթերցեց հոբելյարին հանձնեց գրադարանի կոլեկտիվի ուղերձը Ռ. Սահակյանի հոբելյանի առթիվ: Ցերեկույթի ընթացքում Գայանե Սամվելյանը ասմունքեց Ռ. Սահակյանի ստեղծագործություններից: Վերջում ելույթ ունեցավ հոբելյարը` խորին շնորհակալություն հայտնելով ելույթ ունեցողներին և ներկաներին: Ապա տեղի ունեցավ գինեձոնի հանդես` նվիրված «Անկրկնելի Պարույրը» գրքի լույս ընծայմանը:
Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մշակութաբան