Ռոլանդ Շառոյանը 65 տարեկան է: Բայց դե` ճշմարիտ գրողի տարիքը որն է… Եթե Ռոլանդ Շառոյանը կենսաբանորեն ծնվել է 1952-ին Թալինի Աշնակ գյուղում, ապա գրականությամբ ու թեմատիկայով` հենց 1915 թվականին, որի մեծ ցավից, հայրենազրկումից ու կարոտից հյուսվեց նրա գրականությունը: Գրողն ու իր գրականությունը երբեմն մերձենում-նույնանում են: Ցավի այդ կարմիր երակից վերջերս միանգամից ծնվեցին երկու գիրք` «Բառերի խրխինջը» չափածո և «Էրգրի Աստվածները» արձակ ժողովածուները:
Ռոլանդ Շառոյանի տողում բառերը խրխնջում են այնպես, ինչպես «Սասնա Ծռերի» Քուռկիկ Ջալալին, տարերքով գրիչն էլ Թուր Կեծակի է դառնում ու զարկում չարին: Դե՛ չարն էլ էնքան է շատացել, Աստված տվել է` չի խնայել: Հենց դրա համար էլ նրա բառերը խրխնջում են…
«Էրգրի Աստվածները» վիպասքը Էպոսի շնչից է ծնվել: Էրգրի Աստվածները ռանչպար մարդիկ են, ովքեր ոտքի ելան, զենք վերցրին, հայոց հին առասպելները արթնացրին, ու իրենք էլ աստվածներ դարձան:
Այս ամենը հատկապես պատանիներին մեկ անգամ ևս հիշեցնելու և ոգեշնչելու ակնկալությամբ մայրաքաղաքի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տաղանդավոր գրողի հետ հրաշալի հանդիպում էր կազմակերպվել: Արժանին մատուցենք գրադարանի կոլեկտիվին և մասնավորապես տնօրեն Ռուզան Տոնոյանին` հիշարժան միջոցառման համար:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, իրեն հատուկ պատկերավորությամբ ու հումորով, ներկայացրեց դրվագներ գրողի կյանքից ու գրականությունից և խորհրդանշական հուշանվեր-գրիչ հանձնեց շուրջ հիսուն տարվա ընկերոջն ու գրչեղբորը:
«Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը ներկայացրեց Ռոլանդ Շառոյանի հատկապես մանկական գրականությունը:
Գրող Արմեն Շեկոյանը արժևորեց Ռոլանդ Շառոյանի գրական հավատամքը` «Գրողը նախ պիտի իմանա` ինչի մասին չգրել»:
Հոբելյարի մասին պատանեկան տարիներից հետաքրքիր հուշեր պատմեց գրող Վրեժ Սարուխանյանը, որոնք հրաշալի բնութագրում են մարդուն և գրողին:
Ինչևէ՛, Ռոլանդ Շառոյանը 65 տարեկան է: Բայց դե` ճշմարիտ գրողի տարիքը որն է, երբ միանգամից երկու բարձրարժեք գիրք է նվիրում ընթերցողին…
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ – 65

2 thoughts on “ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ – 65”