Նոյեմբերի 27-ին` Եղիշե Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Գրողներ, մտավորականներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտներ մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` թեև Եղիշե Չարենցը ապրեց ընդամենը 40 տարի, սակայն լիքն էր Չարենցի ամեն վայրկյանը, րոպեն, ժամն ու օրը հայոց պատմության էջերով՝ և՛ բերկրալից, և՛ ողբերգական: «Պատահական չէ, որ պատմության քառուղիները նա վերլուծեց և պոեմի տեսքով տվեց մեզ՝ որպես ուղենիշ»,- ասաց նա և ընդգծեց, որ Չարենցի և՛ պոեզիան, և՛ արձակը, և՛ նրա իմաստուն մտքերը համաշխարհային գրականության մի սինթեզ էր, որի մեջ կարող էիր Հոմերոսից մինչև Վերհարն, Մայակովսկի ու Օսիպ Մանդելշտամ, այդ բոլորի համանվագն զգալ: Ապա հիշելով 1930-ական թվականներին երկրում ստեղծված իրավիճակը, «եղբայրական» մատնությունների այն մթնոլորտը, որի զոհը դարձան և՛ Չարենցը, և՛ Թոթովենցը, և՛ Բակունցը, նշեց, որ Չարենցը կարծես բռնադատվածների մի ընդհանուր խորհրդանիշը լինի, և առաջարկեց նոյեմբերի 27-ը նշել որպես բռնադատվածների օր: «Մենք պիտի հիշենք Չարենցին` նրա պոեզիան կարդալով, նրա բոլոր էջերը և նաև մեր բոլոր բռնադատվածներին ճանաչելով, որովհետև Չարենցը միայն իր ճակատագրով չէր ապրում: Հիշելով ու մեծարելով մեծ պոետին` մենք պետք է անցյալի, այսօրվա ու նաև ապագայի մեր ողջ գրականության ուժն զգանք, որովհետև Չարենցը նաև ապագայի մեծ երգիչ է»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի կարծիքով, Չարենցը հսկայական դերակատարում ունի հայ ժողովրդի դեմքն ու դիմագիծը կերտելու գործում՝ դառնալով սինթեզը մեր դարավոր պատմության ու մշակույթի: Նա Չարենցին նմանեցրեց մեր էպոսի Փոքր Մհերին, որի ոտքերի տակ հայրենի հողը չէր դիմանում: «Չարենցի վիթխարի մեծությունը չտեղավորվեց իր միջավայրի հեղձուկ սահմաններում: Նա կա՛մ պիտի խորտակեր այդ սահմանները, պայթեցներ դրանք, կա՛մ պիտի դառնար այդ սահմանների զոհը»,- ասաց բանախոսը և հավելեց, թե Չարենցը, հիրավի, խորտակեց այդ հեղձուկ սահմանները, նաև դարձավ այդ սահմանների զոհը: Կ. Վարդանյանի հավաստմամբ՝ մեզ համար նա ուրվագծեց այնպիսի հայրենիք, որի սահմաններն անեզր են, տիեզերական: Մեր պատմության խորխորատներից Չարենցն այնպիսի լույս բխեցրեց, որն այսօր ավելի ու ավելի շլացուցիչ է դառնում և հավերժ պիտի լուսավորի մեր գրականության, մշակույթի, մեր գեղագիտության անդաստանները: Ամփոփելով խոսքը` Կ. Վարդանյանը խորհուրդ տվեց լինել այդ լույսի, Չարենցի պատգամների կրողը, քանի որ հզորացնող ուղին հենց Չարենցն է, նրա մատնանշած ճանապարհները:
Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, վստահեցրեց, որ Չարենցը կապրի այնքան ժամանակ, քանի կա հայ մարդը աշխարհում: «Չնայած նա չհասցրեց իրագործել իր բոլոր մտահղացումները, բայց իր ժառանգությունը թողեց՝ հարստացնելով համաշխարհային գրականությունը, և իր տեղը գրավեց հայ մեծերի շարքում»,- ասաց Գ. Չարենցը:
«Մեծերը հենց նրանով են մեծ, որ յուրաքանչյուր սերնդի ուղեկիցն են դառնում: Համոզված եմ, որ Չարենցը յուրաքանչյուր սերնդի հետ վերստին արթնանալու է, վերստին ուղեկցելու է, նրա իսկապես հրաշալի տողերը դառնալու են բարի ուղեկից»,- իր խոսքում նշեց «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը:
Թորոս Թորանյանը հավաստիացրեց, որ իրենք Սփյուռքում խանդավառվում էին Չարենցի անունով, նրա մեծությամբ, առաջնորդվում Չարենցի ստեղծագործություններով:
Ելույթ ունեցան նաև դերասան-ասմունքող Սամվել Բաղինյանը, բանաստեղծ Էդվարդ Անտինյանը: Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի սաները:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
Չարենցը` համաշխարհային գրականության սինթեզ
