ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Ի նշանավորումն Լեհաստանում հայ համայնքի կազմավորման 650-ամյակի, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, լեհ բանաստեղծուհի Կալինա Իզաբելա Զիոլայի նախաձեռնությամբ, Պոզնանի «Լորենիների տակ» մշակութային կենտրոնում նոյեմբերի 24-ին կայացավ ժամանակակից հայ պոեզիայի երեկո:
Ցուցադրված էին երկու երկրների գրողների միությունների բեղմնավոր համագործակցության մասին պատմող նյութեր, մասնավորապես Լեհաստանում հրատարակված Գագիկ Դավթյանի «Աստանդական սիրտը», Էդվարդ Միլիտոնյանի «Որոնումներ» ժողովածուները, հայ պոեզիայի «Խաչվող զուգահեռներ» անթոլոգիան (թարգմ.` Կալինա Իզաբելա Զիոլա), ինչպես նաև մեզանում հրատարակված լեհական պոեզիայի «Որպես ձեռքսեղմում» անթոլոգիան, Դարիուշ Տոմաշ Լեբյոդայի «Հավատով նայիր Արարատին», Կալինա Իզաբելա Զիոլայի «Սառույցի պես փխրուն» բանաստեղծական ժողովածուները (թարգմ.` Գագիկ Դավթյան):
Ներկայացվեցին նմուշներ հայ և լեհ բանաստեղծների ստեղծագործություններից, դրանց հիման վրա իր ստեղծած երգերով հանդես եկավ պոզնանցի ճանաչված բարդ Տոմաշ Բատենչուկը:
Երեկոն իր ներկայությամբ պատվել էր Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով իր մշակութանպաստ գործունեության համար արժանացավ Լեհ գրողների միության «Բարի սիրտ» մրցանակի:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։