Մայիսի 12-ին Ավ. Իսահակյանի անվան ԿԳ-ի դահլիճում տեղի ունեցավ արձակագիր Հրաչյա Մաթևոսյանին նվիրված ՙՄեր Հրաչօն՚ (Հրաչյա Մաթևոսյանը ժամանակակիցների հուշերում) գրքի շնորհանդեսը: Մաթևոսյան ընտանիքի ու Հրաչօի մտերիմների, ընկերների հիշատակի խոսքն է այս գիրքը, որի էջերում վերակենդանանում են գրողի կյանքի բազմաթիվ դրվագներ:
Պատմաբան, հասարակական գործիչ, գրքի խմբագիր Գևորգ Յազըճյանը, Հրաչյա Մաթևոսյանին համարելով ուսուցիչ, ով ճանապարհ է ցույց տվել իր գրչով ու իսկական հայի և մտավորականի իր կերպարով, ներկայացրեց երեք մասից բաղկացած գիրքը: Առաջին մասում, ինչպես նկատեց նա, ընդգրկված են գրողի հարազատների, գործընկերների, իրեն ճանաչող արվեստագետների ու մտավորականների հուշերը, ինչպես նաև մեջբերումներ նրա խոհափիլիսոփայական հայացքներից, որոնք ազգի, հայրենիքի նկատմամբ սրտանց, խորքային ցավի դրսևորումներ են: Երկրորդ մասը ներդիր է՝ ընտանիքի անդամների, գործընկերների, մտավորականների հետ լուսանկարներ: Երրորդ մասում ընդգրկված են հատվածներ գրողի տարբեր գրքերից: ՙԱյդտեղ կան այնպիսի տողեր, որոնք ասես այսօրվա համար են գրված և մեզ համար վաղվա մեր կյանքը ճիշտ ծրագրելու ուղենիշ են դառնում: Այսօրվա սերունդը պետք է մեր մեծերի փորձառության հիման վրա շարունակի ազգի և հայրենիքի հավերժացման ընթացքը՚,- ամփոփեց Գ. Յազըճյանը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ, բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, ուրախալի երևույթ համարելով այն ավանդույթի ձևավորումը, երբ զավակները նմանատիպ հրատարակություններով իրենց ծնողների արժեքային համակարգը փորձում են ամփոփել ու փոխանցել սերունդներին, հուշեր պատմեց Հ. Մաթևոսյանի հետ ՙԿարմրաքար՚ հանգստյան տանն անցկացրած օրերից: ՙՀրաչյան, Լոռի աշխարհից լինելով, հողի ուժը զգացող, հողի տիրոջ զգացողություն ունեցող մարդ էր՚,- ասաց նա:
ՙՄարդ մեծատառով, հայրենասեր, որ երբեք չկքեց, չխոնարհվեց, իր համոզմունքներին հավատարիմ մնաց բոլոր ժամանակներում՝ մեծագույն օրինակ դառնալով սերունդների համար՚,- նկատեց Օպերայի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը՝ պատմելով Հ. Մաթևոսյանի՝ իր ապագայի նկատմամբ պայծառ հավատի մասին:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանի հավաստմամբ՝ Հրաչյա Մաթևոսյանի գրվածքներն ուղղված էին նորանկախ պետության թերությունների դեմ: ՙՆա մարգարեաբար կանխատեսել էր այն օրերը, որ մենք տեսանք ապրիլի վերջին՚,- ասաց նա՝ իր ժողովրդին շարունակ քաջալերող գրողին նմանեցնելով այն ծնողին, որ շարունակ քաջալերում է իր երեխային:
ՙԳրական թերթի՚ խմբագիր Կարինե Խոդիկյանը, խոսելով Հ. Մաթևոսյանից բխող ջերմության, սրտացավ վերաբերմունքի, ուշադրության մասին, ընդգծեց, որ Հրաչօի գրիչը բացվեց անկախության տարիներին, և հրապարակախոսի ասելիքը շեշտավորվեց վերջին երեսուն տարիներին: ՙՆոր սերնդի գրականագետը, ուսումնասիրելով նրա ապրած ժամանակը և այն համադրելով Հրաչօի ամեն մի արձագանքի հետ, կնկատի, որ Հրաչյա Մաթևոսյանը եղել է իր ժամանակի գրող-հրապարակախոս, ով կարողացել է իրապես ցույց տալ իր ժամանակի խնդիրներն ու տագնապները՚,- վստահեցրեց Կ. Խոդիկյանը:
Ըստ արձակագիր Ալիս Հովհաննիսյանի՝ Հ. Մաթևոսյանը վերջին ժամանակներում անընդհատ տագնապների մեջ էր, և այդ տագնապները վերածում էր ոչ միայն հրապարակախոսության, այլև գրականության: ՙՆա ուներ իր գրական ոճը, գեղարվեստականություն ուներ նրա խոսքը և դրա համար էր այդքան հուժկու և տպավորիչ՚,- շեշտեց նա:
Գրականագետ Վազգեն Գաբրիելյանը, անդրադառնալով ՙՄեր Հրաչօն՚ ժողովածուին, որը թելադրում է կարդալ գրողի գեղարվեստական գործերը, ասաց. ՙԱյս գրքում տեսա նրան իր ամբողջության մեջ, տեսա իր հասակով, իր ՙլոռեցի շաշությամբ՚, տեսա հումորներով, կատակներով: Այդ հուշերի մեջ ամբողջացավ, կենդանացավ մի լավ անձնավորություն, որ սիրում էր բոլորին, և ում սիրում էին շատ-շատերը՚:
Ելույթ ունեցան նաև Հովհաննես Պապիկյանը, Վաչագան Սարգսյանը, Հովիկ Վարդումյանը, ուսուցչուհի Աիդա Մնացականյանը, Հրաչիկ Միրզոյանը, Թորոս Թորանյանը, Ահնիձորի Հ. Մաթևոսյանի անվան դպրոցի տնօրեն Համլետ Մաթևոսյանը, գրողի թոռնուհի Մանե Մաթևոսյանը: Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Արսեն Համբարյանը, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, երգիչ Մկրտիչ Մկրտչյանը: Գրքից հատվածներ կարդաց Գայանե Սամվելյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ