ՀՈՒՆՈՆ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նորայր ԳրիգորյանՀունոն երևի գիտակցություն գալու օրվանից էր մտածել խելքով հարստանալու մասին: Իսկական անունը Հունո չէր: Հարևան Արտաշի հարյուր տարվա փչացած հեռուստացույցի մասերը լրիվ քանդել-թափել էր հատակին ու նորից հավաքել: Հեռուստացույցն աշխատել էր ինչպես գործարանից նոր բերած: Արտաշն էլ ուրախությունից ասել էր. «Ոտքից գլուխ խելք ա, հունար»: Ու անունը կպել-մնացել էր Հունո:
Հունոն հարստանալու համար խիստ գործնական միջոցների էր դիմում: Հետո էլ դրա հնարավորությունն ուներ, որովհետև օժտված էր երկու հատկանիշով` տեխնիկայի գել էր, մեկ էլ անթերի նմանակում էր մարդկանց և նրանց ձայները:
Երբ մենք դեսուդեն ընկած մի կերպ ճարել էինք Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» գիրքը և հերթագրվել էինք կարդալու, Հունոն, չգիտես ինչպես, մի սարք հորինեց, հարմարեցրեց իրենց նկուղում ու պատի վրա էդ սարքով անշարժ ֆիլմեր էր ցույց տալիս: Մի օր էլ իրենց տան պատին «աֆիշ» հայտնվեց. «Ռոբինզոն Կրուզո». ժամը 3-ին, տոմսի արժեքը` 10 կոպեկ, մեկ ձու կամ լիմոնադի մեկ դատարկ շիշ:
Ձուն ու շիշը խանութում էլի 10 կոպեկի արժեք ունեին: Միայն տեսնել էր պետք, թե Հունոն իր կալվածքում ոնց էր կերպարանափոխվել: Կոստյում-շալվարով, փողկապով, կոստյումի վերևի ձախ գրպանում եռանկյունի մի թաշկինակ, կոկիկ սանրված, լաքած մազերով: Նկուղում նստարաններ էր տեղադրել, աթոռ, լիմոնադի դատարկ արկղ: Պատին` անկողնային նոր գնած սպիտակ պաստառ-սավան, որի դիմաց հպարտորեն դրված էր լուսարձակող մի սարք, որ պաստառի վրա գունավոր կադրեր պիտի ցույց տար: Մինչև ֆիլմի սկսվելը դեսից-դենից 10 կոպեկ, հարևանների նկուղներից լիմոնադի դատարկ շշեր, հավաբներից հավի ձվեր էին թռցրել ու հավաքվել Հունոյի ընդհատակյա կինոդահլիճի փայտե թեքված, նոր ներկված և լրիվ չչորացած դռան դիմաց: Սկզբում Հունոն հայտարարեց.
– Ներս գան նրանք, ովքեր 10 կոպեկ ունեն, հետո ներս գան ձվով, վերջում` շշով ներս մտնողները: Առաջին շարքում նստեն կանխիկ փող ունեցողները, հետո՝ ձվով, վերջում` շշով ներս մտնողները:
Հնազանդորեն հետևեցինք Հունոյի հրամաններին ու տոմսի արժեքը մուծելով` ներս անցանք, նստեցինք:
– Ոչ մի ձայն, սկսում եմ,- խիստ տոնով ասաց Հունոն, դուռը ներսից փակեց, կանգնեց ու հանդիսավոր ասաց.
– Ուշադրությո՜ւն, ֆիլմն սկսված է՝ «Ռոբինզոն Կրուզոն` անմարդաբնակ կղզում»:
Ասաց, առաջին կադրը տեղադրեց խցիկում ու պաստառի վրա, երևաց մի հսկա նավ` կիսախորտակ: Հունոն սկսեց պատմել նավի պատմությունը: Ժամանակ առ ժամանակ կադրերը փոխվելով` պաստառին տարբեր գունավոր պատկերներ էին հայտնվում: Հունոն հրաշագործ ձեռքերով տեղադրում էր կադրերն ու պատմում, թե ինչպես խորտակվեց նավը, ինչպես փրկվեց Ռոբինզոնն ու հայտնվեց անմարդաբնակ կղզում: Նույնիսկ Ռոբինզոնի տպավորությունների մասին էր երկար-բարակ խոսում խիստ գրական հայերենով, տպավորիչ, և մեզ թվում էր, թե ձայնը պատկեր ստեղծող սարքից է դուրս գալիս: Երբ հերթը հասավ այն կադրին, որը պաստառի վրա պատկերում էր նավից բերած սնդուկը, որի մեջ գանձեր էին, Հունոն խորհրդավոր լռեց: Հետո դարձյալ հանդիսավոր շարունակեց:
«Ռոբինզոնը ոչ միայն այս կղզու, այլ աշխարհի ամենահարուստ մարդն է: Երբ նա հասնի Անգլիա, բոլորն իր հետ հաշվի կնստեն: Անգլիայի թագուհին անգամ իր հետ հաշվի կնստի»: Սովորականից երկար ցուցադրելով գանձերի պատկերը, կարծես ուզում էր պատկերը շարժվի ու սնդուկի տակից հանի Ռոբինզոնի բոլոր գանձերն ու մեկառմեկ ցույց տա: Մենք կլանված պաստառին էինք նայում, Հունոյին լսում, երբ մի ահավոր պայթյուն լսվեց, ու նկուղը մի ակնթարթում խավարեց: Կինոխցիկն էր: Ցիրուցան էր եղել. ապակին մի կողմ, «պլաստմասսան»` մի կողմ:
Տղաներից մեկը նկուղի դուռն անմիջապես բացեց, բոլորով դուրս թռանք, իսկ Հունոն շվարեց մնաց կտոր-կտոր եղած սարքի գլխավերևում: Ապակու մի կտոր խրվել էր Հունոյի ճակատի մեջտեղում: Արյունն ապակու միջից հոսում էր Հունոյի քթի, այտերի վրայով: Դա տեսնելով` մենք կարծես իրար ձեն տված, փախանք:
Հետո Հունոն առժամանակ կորավ, հազվադեպ էր դուրս գալիս: Իսկ երբ երևում էր, պատի անկյուններից, ծառերի բների հետևից, հաճախ կտուրներից երեխաներն իրար հաջորդելով` բղավում էին.
– Հունո՜, Լոբինզոնը ի՞նչ եղավ:
– Մտավ ձեր մամաների ծոցերը,- շպրտում էր Հունոն ու դարձյալ երկար ժամանակով անհետանում:
Ղարաբաղյան շարժման առաջին օրը Հունոն հասկացավ, որ իր տունը Ազատության հրապարակն է: Մեկ-երկու օր հրապարակում կանգնեց, «Ղարաբաղը մերն է» գոռաց ու գտավ, որ իր տեղը հարթակի վրա է, տղերքի կողքին: Ցուցարարներին հրմշտելով ու ներողություն խնդրելով` Հունոն կամաց-կամաց մոտեցավ ու ուրբաթօրյա թեժ միտինգից առաջ տղաների կողքին էր: Սկզբում կարծես լավ ընդունեցին, ժպտացին, ու Հունոն հասկացավ, որ մոտենում է ժամը միկրոֆոնը նվաճելու: Երբ առաջին փորձն արեց, տղաները երկար իրար նայեցին: Չստացվեց:
Երկրորդ փորձի ժամանակ մի ուս թափով կպավ Հունոյի ուսին, ու քիչ մնաց Հունոն հայտնվեր հարթակից ներքև: Այն ժամանակ թիկնապահ, բան չկար, բայց դե ուսը ոնց որ թիկնապահի ուս լիներ: Հետո տղաները ուսերի ու կոնքերի թեթև հարվածներով, ընդմիջումներով, էնպես, որ ժողովուրդը չնկատի, Հունոյին իջեցրին հարթակից: Հունոն մտածեց ու հասկացավ, որ սրանք իշխանություն են ուզում, որ ճիշտը Ղարաբաղ գնալն է, զենք բռնելը: Կանգնեց հարթակի դիմաց, ուղիղ նայեց Վանոյի աչքերի մեջ, որին ծանոթ էր Պապլավոկի ստեղծման օրից, որին մի օր հենց այնտեղ այնպես էր նմանակել, որ սեղաններից մեկի շուրջ հավաքված հայտնի դերասաններն ակամայից կանգնել էին ու քար կտրած ծափահարել: Մի խոսքով` էնքան նայեց, որ Վանոն էլ ճար չուներ աչքերը փախցնելու: Ու երկուսի հայացքները հանդիպեցին: Հունոն շպրտեց. «Ղարաբաղը մերն է. ո՞նց է մերը էստեղ կանգնելով. տղա ես` զե՜նք վերցրու, գնա՜»: Ասաց, շրջվեց ու հեռացավ:
Երկու օրից Հունոն Ղարաբաղում էր` զենքը ձեռքին, մորուքը նոր ծլարձակող: Հենց առաջին օրից Հունոն կարող էր հրամանատարի «պոստը» վերցնել: Չուզեց: Կռվեց ամենաթեժ կետերում: Երկու անգամ վիրավորվեց, բայց կիսատ ապաքինված` վերադարձավ դիրքերը: Հաղթանակի օրը ոմանք թալանով էին զբաղված, ոմանք` խմելով: Հունոն անտառի փեշին մի առու էր գտել, ոտքերը դրել ջրի մեջ, ծխախոտը շուրթերին` մտածում էր. «Էս կռիվն էլ պրծավ՝ բա հետո՞»: Էդ մտքի վրա էր, երբ դիմացի թփերի միջից ձայն լսվեց: Զենքը ձեռքն առավ, մոտեցավ: Մի վիրավոր ջահել թուրք էր. պլշած աչքերով նայում էր Հունոյին: Կողքին մի հունգարական ձայնագրիչ էր ընկած, մի մեծ, կաթնագույն միկրոֆոնով: Իսկը Ազատության հրապարակի միկրոֆոնը: Հունոն քարացավ միկրոֆոնի վրա, թուրքը` Հունոյի: Նայեց, նայեց միկրոֆոնին, հետո դարձավ թուրքին.
– Ցեղդ փախչելու վարպետ է, թույլ եմ տալիս, փախի՜ր:
Թուրքը կարծես ամաչելով՝ հայացքն ուղղեց վիրավոր ոտքին: Հունոն վիրակապեց թուրքի վիրավոր ոտքը, չորացած թփերից ձեռնափայտի համար մի փայտ կտրեց, խոթեց թուրքի աջ ձեռքը, ձայնագրիչը հարմարեցրեց ձախ թևատակին ու ասաց` գնա՜: Թուրքը պլշած նայում էր Հունոյին:
– Գնա՜,- նորից ասաց Հունոն,- բայց էնտեղ ճիշտը կպատմես:
Թուրքը դանդաղ կռացավ, ձայնագրիչը միկրոֆոնի հետ դրեց Հունոյի ոտքերի դիմաց ու փախավ:
Մարտի 1-ից հետո, երբ Ազատության հրապարակը դարձել էր խաղահրապարակ, երբ ժողովուրդը սկսեց հավաքվել Մատենադարանի մոտ ու գոռալ` Լևոն նախագահ, Հունոն պատահաբար անցնում էր էդ կողմերով ու հիշեց, որ թուրքից թալան բերած միկրոֆոնը նկուղում է: Հաջորդ միտինգին ներկայացավ` միկրոֆոնը ձեռքին: Առանց երկար-բարակ մտածելու բարձրացավ հարթակ: Ուղիղ Լևոնի կողքին: Կաթնագույն միկրոֆոնը միացրեց բարձրախոսներին ու սպասեց իր հերթին: Միտինգավարին համոզել էր, որ միկրոֆոնը 88-ի հարթակի առաջին միկրոֆոնն է: Միտինգավարը Հունոյի ասածը փոխանցեց Լևոնին:
Լևոնը զննող հայացքով նայեց Հունոյին ու միտինգավարին գլխով դրական շարժում արեց: Միտինգավարը միկրոֆոնի մասին հպարտությամբ տեղյակ պահեց միտինգավորներին, ու ելույթի հերթը Հունոյինն էր: Հունոն դանդաղ էր մոտենում միկրոֆոնին ու մոտենալիս կերպարանափոխվում էր մեկ այլ մարդու: Ինչքան մոտենում էր, նմանությունը դառնում էր ավելի ընդգծված: Միտինգավորներից մեկը առաջին շարքերից նկատեց` Ռոբերտը: Հետո մի քանիսը գոռացին` Ռոբերտը: Հետո լռություն եղավ, ու միկրոֆոնի մոտ ոչ թե Հունոն էր, այլ Ռոբերտը:
– Ռոբե՜րտը, Ռոբե՜րտը,- սկսեցին գոռալ, հայհոյել ու սուլել:
Հունոն բանի տեղ չդրեց: Բարձրացրեց աջ ձեռքը, ու ժողովուրդը քարացավ: Ու խոսեց Հունոն, ասաց ընդամենը մեկ նախադասություն` ճիշտ Կարեն Սերոբիչի ձայնով. «Ղարաբաղը գրպանումս չէ, որ հանեմ ու տամ»: Էս ասելն էր, ու քար կտրած ժողովուրդն ուշքի եկավ: Լիքը, կիսատ ու դատարկ շշերի տարափ տեղաց Հունոյի գլխին: Բախտը բերեց, որ Լևոնի կողքին էր, ու Լևոնի թիկնապահները, Լևոնին պահելով, Հունոյին էլ պահեցին: Հունոն հասցրեց միկրոֆոնը թռցնել ու պոկվել: Իջավ դեպի Ազատության հրապարակ: Շրջվեց, նայեց երեխաներին, թանկարժեք ու անճոռնի խաղալիքներին, հիշեց 88-ը, ու կարճ միացման նման մի բան գլուխը խառնեց:
Կանգնեց հարթակի տեղում ու շատ քնքուշ ձայնով ասաց. «Երեխանե՜ր, մոտեցե՜ք, ես ձեզ համար ուզում եմ արտասանել»: Մի քանի երեխա զգուշորեն մոտեցան, կանգնեցին հարթակի դիմաց ու զարմացած հայացքներով սկսեցին ուսումնասիրել Հունոյին: Հունոն ձգվեց, բերանի պոչին մի թեթև ժպիտ խաղացրեց, մի քիչ մարմինը ծռեց, մի քիչ էլ` վիզը, հայացքն ուղղեց դեպի անորոշություն և ճիշտ Վանոյի ձայնով սկսեց. «Այ իմ գնդակ, իմ գնդակ, կանաչ, կարմիր, կապուտակ…»:
Ոստիկանների մի հոծ խումբ, որ շոգից պատսպարվել էր Արամեի բարձրադիր «աֆիշի» հովին, լսողությունը սրեց: Վանո՜ն` բղավեց նրանցից ավագն ու տարիքավորը: Վայրկյան չտևեց. Հունոյի ձեռքերը ոլորեցին, ձեռնակապեր դրեցին ու խցկեցին «Վիլիսի» խցիկը:
Հետո Հունոն էլի անհետացավ, էլի հազվադեպ էր դուրս գալիս: Դուրս գալուց էլ թաղի տղաները պատերի անկյուններից, ծառերի բների հետևից, կտուրներից գոռում էին.
– Հունո՜, կանաց, կալմիլ գնդակը ի՞նց եղավ:
– Ուրիշի պապաները տշել են ու թողել ձեր մամաների կիսադաշտում, գնացե՜ք, գտե՜ք,- շպրտում էր Հունոն ու էլի օրերով անհետանում:

One thought on “ՀՈՒՆՈՆ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.