«Ուշացած գրախոսականներ» շարքից`
էսսե
Ի՞նչն է մղում ինձ այս առավոտյան արթնանալով` գրելու իմ վաղամեռիկ ընկերոջ «Գիշեր» վիպակի մասին: Իրականում այդ մղումը չէր կարող չսկսվել առաջին անգամ կարդալուց ու զարմանքից կարկամած այն մի կողմ, ոչ, ոչ թե մի կողմ, այլ աչքիս առաջ, երևացող տեղում դնելուց անմիջապես հետո: Այն ժամանակ` սրանից մոտ 6 տարի առաջ (ուրեմն այդքան ու դեռ դրանից էլ ավելի չկա՞ իմ ընկեր Սասունն այս աշխարհում) կարդացի, երբ Սասունն արդեն այս աշխարհում չէր: Դրանից առաջ կարդացել էի «Ափնարոտիկը», մյուս գործերը, շշմել էի: Ուրեմն, համալսարանում` իմ ետևի նստարանին նստող լուռ ու մունջ գերազանցիկ տղան, որ հետո թերթերում էր աշխատում, ում մոտ «Նաիրի» հրատարակչություն էի մտնում իմ հերթական ստեղծագործությունը թևիս տակ` կարծիքն իմանալու կամ պարզապես դարդերս պատմելու, գրող էր վաղուց և, իհարկե, ի ծնե… Երբ «Կանաչ, ուրախ ճամփորդներ» հեքիաթիս առաջին տարբերակը կարդալուց հետո ասաց.«Էնքան էլ ոգևորված չեմ», (ես գիտեի, թե ի՞նչ ընդամենը մի քանի, բայց հույժ կարևոր բառ կասեր նա, եթե ոգևորված լիներ, ու թե ինչքան պիտի մշակեի, որ իր ուզածը ստացվեր), արդեն 30 տարի առաջ գրած ու դարակի մի անկյունում դրած է եղել «Գիշերը»: Խոնարհումս կնոջդ` Հռիփսիկին, որ պահեց, որ քեզնից հետո, քո աչքից շա~տ հեռու հանձնեց «Նաիրի» հրատարակչություն, և ընկերդ` Հրաչ Թամրազյանը, երկու անգամ տպագրեց` առանձին գրքով և «Արևոտ ձյուներ» գրքում` մյուս անգին գոհարներիդ հետ: Մղումս նաև գալիս է նրանից, որ մի քիչ նեղսրտած եմ համատարած ու անհեռանկար այս երևույթից. թանաքը չչորացած վազում են ճանաչում ու փառք ստանալու և հաճախ ստանում (ե՞րբ է այսպիսի հաճախականություն գրանցվել), սկսում են այդ իրենց հավաստագրերը ճոճել բոլորիս աչքի առաջ` սպառնալիքի պես` ազդարարելով, թե նոր գրականություն են բերել նոր աշխարհ: Որտեղի՞ց, այդ ո՞ր չգոյության աշխարհից են բերում իրենց գրականությունը… Բայց սա էլ ոչինչ… Նորարարության ճամփին շատ բերդեր ու եկեղեցիներ են քանդվել, մի քանիսն էլ թող սրանք քանդեն… Մղումս նաև նրանից էր, որ այս տարվա օրերից մեկում մտածեցի ինքնասպանություն` սուիցիդ հասկացության մասին: Հիշեցի մեծերի ինքնասպանության, կամ գոնե դրա փորձերի մասին: Հիշեցի Տոլստոյի Լևինին, որ ինքնասպանության միտքը լրջորեն որոճում էր, ինչպես շատերն են նշում, այդ թվում և ինքը` Տոլստոյը (այս հարցում ևս որպես նախատիպ ունեցել է իրեն): Ինքնասպանների մի մասը անհուսությունից է դիմում փախուստի, մյուսները հարմարվելու անկարողությունից, այլք այս երկրի վրա անելիք չունենալու մտքից, մի որոշ տեսակը շիզոֆրենիա հիվանդության բացիլն իրենց մեջ ունենալուց… Ոմանք ընտրում են միանգամից կյանքին վերջ տալու տարբերակը, մյուսները շարունակում են կյանքը` աստիճանական մահվան դատապարտելով իրենց, մի հատված էլ կա, որ կտրում է իրեն կյանքի հետ կապող թելերը` գիտակցելով կամ չգիտակցելով, որ ուրիշ կյանքեր է ոչնչացնում իր հետ… Այսպես էլ ազգերն են իրենք իրենց ոչնչացնում` կամ միանգամից, կամ դանդաղ… Իմ կարծիքով, այսօրվա գրականություն կերտող «հերոսները» հենց սրանով են զբաղված…Եթե լիներ այսպիսի մի հասկացություն` գրականության ուծացում, ապա դա շատ հեշտությամբ կարելի կլիներ վերագրել այսօրվա մեր գրականության մի շարք դրսևորումների: Չէ՞ որ ուծացումը հենց ինքնության ոչնչացման ձև է, սա ինքնասպանության` սուիցիդի դանդաղեցված տեսակը լինելուց շա՞տ է հեռու: Բայց երբ ուծացումը տեղի է ունենում մայր հողի վրա, դարերի խորքից մեզ նայող, փարթամ մորուքներով իմաստուն արձանների տեսադաշտում… Մի պահ է լինում, երբ գրականագիտությունը փորձում է սթափ հայացքով նայել գեղարվեստական գրականության գաղափարակիր լինել- չլինելու խնդրին, մի պահ նույն գրականագիտությունն սկսում է սթափ հայացքով հետևել նորարարությանը` մոռանալով, որ այն սերունդ դաստիարակելու և սերունդներին կարևոր մտքեր փոխանցելու խնդիր էլ ունի` բացի իրականության հոռի և դեպի խավարը տանող ուղիների տեղերը մեկիկ-մեկիկ ցույց տալուց, մյուս կողմից կա ամենակարևորը` բոլորովին նոր խոսք ասելը, որ պետք է անպայման ներառի իր մեջ նախկինում ամբողջ կուտակվածը… Մեր այսօրվա տիեզերագնացությունը սկսվել է հենց Արքիմեդի լծակից, և մենք հիմա քիթներս ցցած չէինք կարողանա բջջային հեռախոսներով աշխարհից աշխարհ խոսել, նույնիսկ միմյանց տեսնելով խոսել, եթե չլիներ մորզեի այբուբենը կամ հեռագրի գյուտը… Մենք ուծանալով և մեր գրականությունն ուծացնելով մայր հողի վրա` գործադրում ենք մեր մեջ աներևույթ գործող սուիցիդը:
Հոգեբանները գտնում են, որ ինքնասպանը պարտադիր չէ, որ ֆիզիկապես անառողջ լինի: Շատ ավելի հաճախ նա ֆիզիկապես առողջ է, բայց նրա մեջ բուն դրած գաղափարը հետևողականորեն նրան տանում է դեպի անխուսափելի, խոստացված մահ:
Սասունի այս գործը գրվել է 1976 թ. և մի կողմ է դրվել հեղինակի կողմից: Այն ժամանակն էր, երբ դեռ «գլավլիտն» էր կանգնում գլխիդ գերանդիով, բայց ընթերցասիրությունը դեռ անկում չէր ապրում, և գրականագետներն էլ դեռ անտարբեր չէին հայ գրականության ճակատագրի հանդեպ: Իրականում` դարակի մի անկյունում այս արտասովոր գործը քնեցնող գրաքննիչը հենց ինքը` գրողն է եղել:
Երբ առաջին անգամ կարդացի «Գիշերը», ամենևին կարևոր չթվաց, թե վեպի ողբերգական, անանուն հերոսը որտեղի՞ց, ինչո՞ւ է հեռացել կամ փախել, ինչո՞ւ է հայտնվել սուիցիդի ճանկերում: Այն, որ նա իր ընտանիքն է կորցրել` կնոջը, զավակներին, գերդաստանը, հայրենի տունը, հեղինակը կարծես միտումնավոր բովանդակային առումով առաջին պլանում չի դրել: Այդ է պատճառը, թերևս, որ սրան անդրադարձա 2-րդ, ավելի խորը` 3-րդ ընթերցումից հետո: Մարդու ողբերգությունն աստիճանաբար ընկալելիս հասկացա, որ առհասարակ ողբերգությանը` տրագեդիային արվեստում շփվելիս, նախ ուզում եմ հասկանալ ողբերգականության չափը, քանի որ համապրումի իմ ավտոմատ մեխանիզմը պետք է անպայման գտնի միացման ճիշտ կոճակը: Մեր անանուն հերոսի անհուսությունը չափելը դժվար է լինելու. նա բարդ անձնավորություն է բառի բազում իմաստներով:
Առաջին ընթերցումն ինձ տվեց արվեստի վայելքը… Գեղագիտական համուհոտի զգայարանքս միանգամից բացվել էին, շնչեցին, անկուշտ կլանեցին «Գիշերը» որպես երաժշտություն, պոեզիա: Ընկալելուս չխառնվեցին ժամանակակից արձակին, գուցե նաև իմ արձակին բնորոշ պատկերավորման միջոցները կամ` խառնվեցին աննկատ: Սասունը ո~նց է գտել իր սիմֆոնիայի նախամուտքը, բոլոր երաժշտական անհրաժեշտ գործիքների պարտիաները, դրանք հնչեցնելու բոլոր նրբերանգները` իր ալլեգրոներով և անդատեներով, հերոսական բարձրակետերին հասնելով և իջնելով մինչև մեղմիկ պիանոները և կրեշենդոներով նորից բարձրանալով մինչև գագաթ, ի վերջո հասնում է հոգու ալեկոծումների ավարտին… միայն` թե՛ կյանքի և թե՛ մահվան պատճառաբանված իմաստին հասնելուց հետո:
1976 թ. դեռ սթրեսների, ընկճախտների, առհասարակ հոգեբանական այլևայլ երևույթների մուտքը չէր երևում ո՛չ կենցաղում, ո՛չ էլ գրականության մեջ, թերևս` միայն հոգեբանության ձեռնարկներում… Այսինքն, վստահ եմ` իմ ընկեր Սասունը չէր ուսումնասիրել Ֆրոյդին կամ մյուսներին, երևի պետք էլ չէր, բնական հունից կշեղվեր նրա բացառիկ նուրբ ներհայեցողությունը: Երբ ունկնդրում ենք Բեթհովենի 5-րդ կամ 3-րդ սիմֆոնիաները, մտածո՞ւմ ենք, թե հերոսի հատկապես ո՞ր սխրանքը, ո՞ր ալեկոծումը կամ պարտությունն է արտացոլվում նրանում: Ո՛չ: Ամենքս մեր ներսում եղած պայքարները, հուզումները, պարտություններն ենք լսում` մարդկային հոգու բոլոր չարչարանքների ու ճղճիմի` ամենայն ինչ ներդաշնակության բերող աստվածային կամքը:
Սասունի անանուն հերոսի ճակատագիրը ի սկզբանե ներկայանում է արվեստի վերացարկման, փիլիսոփայորեն կյանքի իմաստին մոտենալու փուլերով անցած, բյուրեղացած և այդ պատճառով էլ բանաստեղծությո՛ւն դարձած: Պատմական դեմք լինելը, գործողության վայրը, հանգամանքները էական չեն, երբ ըմբոշխնում ենք գեղեցիկ հոգու երաժշտությունը. կարևորը նրա հետ մեկտեղ պայքարելն է, թեկուզև` պարտվելը… Մենք գիտենք, որ արվեստի ողբերգականը հիմնականում հաղթական լինելն է: Որքան ավելի մեծ է համապրումից առաջացած հիացմունքը, այնքան ավելի մեծ է ցասումը մեր հերոսին կործանող հանգամանքների հանդեպ, եթե անգամ դրանք ծովի փոթորիկն ու նավաբեկությունը լինեն:
Միայն 2-րդ և 3-րդ ընթերցումից հետո ուզեցի վերծանել ամենազգայուն լարերին չդիպչելու համար` զգուշավոր շրջանցումների մեջ հազիվ նշմարվող ակնարկներն այն մասին, թե ո՞վ է եղել ինքը, թե ո՞վ է հիմա: Գեղեցիկ տղամարդ է. բեղերը երբ ոլորվում էին` ականջից ականջ էին հասնում, գյուղացի է` նրանց տնից ամեն օր յոթ եղբայրներ էին դուրս գալիս` չորս գութաններով, գերդաստան ու ընտանիք ուներ, կին, երեխաներ, տալիս է կնոջ անունը` Անգին, մի անգամ նշում է`. «Մորս սիրած հարսն էր», տալիս է զավակների, հարևանների, հորեղբայրների, բայց ոչ երբեք` իր անունը: Մեկ ամսվա դեգերումների մասին ասում է. «Ես փախստական չեմ, գաղթական եմ»: «Ես այնքան ուժեղ եմ, շուն շան որդի, որ կամաչեի փախչելու համար: Եթե չեմ ամաչում, ուրեմն փախստական չեմ»: Իրենից առաջ գյուղում հայտնված ծերունին ու հարսը օտարականներ են իր նման. թեև չի տեսել, բայց գիտի, որ բախտակիցներ են, անցել են նույն ճանապարհներով, կորցրել են նույն ամեն ինչը… Եթե այս գործի մասին լուրջ ուսումնասիրություն գրվի, ապա ուշադրության կառնվի, թե ինչո՞ւ հատկապես ծերունին ու հարսն էին մնացել ընտանիքից… մնացել էր սայլի ամբողջությունից փրկված երկու անկապ հատված…
Ինքնասպանությունը հասունանում է մարդու մեջ այնպես, ինչպես ցանկացած միտք կամ գաղափար, որ նրա մեջ բույն է դրել` պնդում են սուիցիդով զբաղվող հոգեբանները: Համաձայն վիճակագրություններից մեկի` ինքնասպան տղամարդկանց թիվը երեք անգամ գերազանցում է ինքնասպան կանանց թվին, իսկ ձախողված ինքնասպանությունների թվով երեք անգամ գերազանցում են կանայք: Այս և այլ բազում սուիցիդային հատկանիշներ կան, որ միանգամայն համընկնում են մեր անանուն հերոսի յուրաքանչյուր քայլի հետ: Հանգամանքները լրիվ փոշիացրել են նրա նախկին ինքնությունը: Թեև ըստ հոգեբանների` ինքնասպանը կարող է հայտնվել անխտիր բոլոր խավերում, ինտելեկտի տարբեր աստիճան ունեցողների մեջ, սոցիալապես թե՛ ապահով, թե՛ անապահով ընտանիքում: Բարեբախտաբար, ոչ Տոլստոյը, ոչ էլ նրա հերոսը չկատարեցին վերջին քայլը, ինչպես դա արեցին Ջեկ Լոնդոնը, Հեմինգուեյը, Վան Գոգը, Վիրջինիա Վուլֆը, մյուսները…
Մեր անանուն հերոսն իր գործողություններով մի գիշերվա ընթացքում ինքն իր հետ խոսելով, դառնում է մեկը, ում չենք ուզում պարանից ճոճվելով տեսնել: Նա իր անձի սպանության սցենարը ստեղծելիս մեծ տաղանդ ու հմտություն է դրսևորում, քանի որ թեև գեղջուկ է, համալսարան չի ավարտել, բայց ժողովրդի հենց այն առանձնյակն է, ով կերտում է նրա հավաքական իմաստությունը, որով այնպես սիրում ենք հիանալ, հպարտանալ, մանավանդ, երբ մերն է` միակ եզակին: Ինտելեկտը դրսևորվում է նրա յուրաքանչյուր քայլի մեջ. նա իր դիտողականությամբ հավասար է մի մեծ նկարչի կամ բանաստեղծի. «Հարևան տան աքլորի կանչը այս անգամ ավելի բարձր լսվեց: «Սրանք մի ժամանակ թևել են երկնքով»: Ավելի ուշադիր սկսեց ականջ դնել աքլորների կանչին, և նրան թվաց, թե նրանց ծուղուրուղուները այն ժամանակների հիշողություններն են: «Նրանց այդ կանչի մեջ երկնքի երազանքը չի լսվում, հիշում են, բայց էլ չեն երազում, հիշողություն չկա նույնիսկ երազանքի համար: Թևերը շատ են կծկվել, թուլացել»: Սա մտածելու պահին նա լրիվ չէր կորցրել երազելու հատկությունը և չէր կորցնելու մինչև վերջին պահը… Ուրեմն, ո՞րն է նրա ինքնասպանության բուն պատճառը…
Սա շատ մեծ ու խորը ստեղծագործություն է ինքն իր անապահով պատյանի մեջ բույն դրած անհատի մասին, մեծ նույնքան, որքան Կնուտ Համսունի «Սովը», որ շատ լեզուներով թարգմանվելուց հետո թարգմանվել է նաև հայերեն (բնագրից 1995-թ.ին առաջին անգամ թարգմանեց Արտաշես Յայլոյանը) և դեռ էլի կթարգմանվի: Մեր անանուն հերոսի մտորումները մոնոէպոս կարելի է անվանել: (Համսունի` մոտ 100 տարի առաջ ապրած հերոսը նույնպես անուն չունի): Նա տեղում կերպարներ է հորինում, նույնիսկ այդ կերպարներին անուններ է տալիս, նրանց բնավորության գծերով օժտում, սկսում է նրանց մտքերը կարդալ… Նաև առնացի տղամարդ է, չնայած քրքրված են կոշիկները, բլուզի կոճակները չկան… Մտքով Մարիամ անվանված կնոջը տղամարդու հայացքով նայելուց հետո գնահատում է. «Մեջքից ավելի լավն է, քան դիմացից. «Բայց դու իմ Անգինի ձեռքին ջուր լցնելու էլ արժանի չես»:
Ստեղծագործությունը 33 տարեկան թարմ և խոսքի անվիճելի նորույթ է մեր գրականության մեջ, բոլորովին նոր ոճ, ասոցիատիվ, մտքի հարահոս… Գործողությունները կատարվում են գրեթե փակ միջավայրում. միայն գյուղ մտնելու պահն ու գիշերվա մի ժամի բակ դուրս գալն է շփումը բաց տարածության հետ: Հոգեբանները պնդում են, որ ինքնասպանը հատուկ է նեղացնում իր միջավայրը` երբեմն լուսանկարչական օբյեկտիվի ընդգրկածի չափ, որ չշեղվի իր մտադրությունից, կենտրոնացման դաշտ է ստեղծում` հնարավորինս քիչ տարողությամբ, շեղող հանգամանքներից զերծ:
Բոլորովին այլ կերպ կդասավորվեր նրա կյանքը, եթե մի գյուղացի հրավիրեր տուն, ինքը նստեր ընտանիքի հետ, նայեր երեխաներին: Իրեն հանձնել էր հանգամանքներին, և հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ միայն իր մտքում Մարիամ անվանված կինը նրան կացարան տրամադրեց` լքված մի տուն… Կյանքի հնարավոր շարունակումը նույնպես քննարկվում է սցենարում… Նույնիսկ փորձում է ինքն իր հետ համաձայնել` այդ գիշեր գյուղում մեռած Գրիգորի փոխարեն հովվություն անել, երբ հայտնի չէր` կառաջարկե՞ն իրեն այդ գործը, սկսում է գործնական հաշվարկներ անել, եթե ինքը համաձայնի, թեև երբեք հովիվ չի եղել և չի սիրել այդ գործը… Ենթադրում ենք, որ նա ֆիզիկական մեծ ուժի տեր է, քրտինքով է արարել 40 փութ կարմիր ցորենը, լցրել իր մեծ ընտանիքի տան ամբարը…
Ինքնասպանության մեջ ելք փնտրողը չհարմարվողն է նաև… Բայց այստեղ հարմարվելու արտահայտված մտադրություն ենք տեսնում… Նույնիսկ ուզում ենք, որ այդ ուղղությամբ զարգանան գործողությունները: Ինքնասպանը նաև սովորաբար վճարում է պարտքերը, հաշտվում երբեմնի խռովածների հետ, կարգի է բերում գործերը: Նույնն է անում մեր անանուն հերոսը: Անպայման ուզում է տեղը մեխել իր պոկած ճրագակալը… Նա նույնքան ակտիվ ու միաժամանակ պասսիվ է ինչպես մեռնելու, այնպես էլ ապրելու հարցում: Այս հավասարակշռությունը պահպանվում է ամբողջ վիպակի ընթացքում և կարծես պատահաբար է միայն մահվան ելքով լուծվում: Նրա ներքին խոսքն աննկատ անցումներով հանկարծ երկխոսություն է դառնում, երբ ավելի մոտ է կյանքին, քան մահվանը, իսկ երբ «մտածում է», ապրումն ավելի խորքային է, անցյալի փորձն է, քանի որ, որոշ առումով մեքենայացած` կյանքին հարմարվելու փորձառություն բոլորս և ամեն մի արարած ձեռք ենք բերում աշխարհ մտնելու օրից: «Ասաց նա», «մտածեց նա», «պատասխանից խուսափեց», «հետաքրքրվեց նա»… Բոլոր այս տարբերակները նրա բարձրաձայն ներքին խոսքի մեջ իրենց տեղում են: Ինքը հարցեր է առաջադրում, երբեմն խուսափում է պատասխանից, երբեմն պայմանավորվում ինքն իր հետ. «Մտքում ասաց. «ամոթ է. իմ ձեռքից չեմ պրծնի, միևնույնն է»… Ի վերջո որոշում է. «Չէ՛, գիտեմ` նրանք ինձ կդիմեն վերջիվերջո, ես էլ ստիպված պիտի համաձայնեմ, ուրիշ ճար չկա: Մարդկանց ոչխարը ինչո՞ւ կոտորվի… Լավ էր, էդ սատանի գործը գլուխ չեկավ: Նեղն են ընկել, կհանեմ նրանց այդ նեղությունից»: Ներքին խոսքը բարձրաձայն է գուցե այն պատճառով, որ այլ կարեկից չունի. ուզի թե չուզի ինքը պետք է կարեկցի իրեն, և եթե դատավճիռ է, ինքը հնչեցնի, ինքն էլ լսի սեփական ականջներով: Եվ ինչպես է Սասունը գտել եղերերգի պարզ ու միակ ճշմարիտ ավարտը. «Համարյա չճոճվեց: Փորձեց մատները կոխել վզի և օղակի արանքը: Զգաց, որ եղունգները խրվեցին վզի մեջ, և իր տաք արյունը գիտակցեց: Օդը պակասեց և ամենավերջին պահին փորձեց, բայց չկարողացավ ասել. «Փորձանքներից անցար, կրակներից անցար և եկար դու էլ այս բերեցիր գլխիդ, էշի մեկ»: Մինչդեռ երևի շատ կուզենար բերանից ելած վերջին այս բառերն էլ լսած լինել…