Բեմարվեստի մի խումբ գործիչներ, ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանի գլխավորությամբ մասնակցեցին Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի 80-ամյակի տոնակատարությանը:
Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով, 1935-ին բացվում է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնի վարագույրը: Դերասաններ Վ. Բալայանը, Ա. Հարությունյանը, Բ. Կիրակոսյանը, Ա. Մարտիրոսյանը, Մ. Դավթյանը, Խ. Սարգսյանը, Ռ. Սարգսյանը, Հ. Ստեփանյանը, նկարիչ Ա. Վանյանը, ռեժիսոր Ս. Միրզոյանը դարձան թատրոնի հիմնադիրներ, որոնց անունները երախտագիտությամբ են հիշում թատերախմբի անդամները: Բեմադրվեցին «Պատվի համար», «Նամուս», «Ռուզան», «Զոյա», «Երիտասարդ գվարդիա», «Օթելլո» և այլ պիեսներ: Կապանի թատրոնը նոր ոգևորությամբ ստեղծագործեց, երբ 1958-ին Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտները (Ե. Ղազանչյան, Գ. Նովենց, Ա. Մանուկյան, Գ. Մանուկյան, Ռ. Քոթանջյան և ուրիշներ) համալրեցին թատերախումբը: Բնական է, նորերը բերեցին նոր մոտեցում` թարմացվեց և հարստացավ խաղացանկը:
1984-ին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Հ. Ղազանչյանը և ստեղծագործական կյանքը նոր ժամանակաշրջան ապրեց: Երիտասարդ ռեժիսորի բեմադրած Ե. Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումն արժանացավ ՀԼԿԵՄ մրցանակի: Բեմադրիչը և մի քանի դերասաններ ստացան մրցանակներ:
Մոտ 25 տարի առաջատար դերասան Կ. Արզումանյանը ղեկավարում է թատրոնը: Նրա ղեկավարությամբ թատերախումբը ելույթներ է ունեցել զորամասերում, խրամատներում, առաջավոր գծում: Նա ստեղծեց իր պաշտպանության ջոկատը, մասնակցեց մարտերին, զոհեր տվեց, բայց ապրեց ու ապրեցրեց ժողովրդին: Բեմարվեստում ունեցած վաստակի համար Կ. Արզումանյանին և Վ. Սարգսյանին շնորհվեց ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:
Երջանկահիշատակ Սոս Սարգսյանի և Հրաչիկ Գասպարյանի ջանքերով Գորիսում բացվեց ԵԹԿՊԻ-ի մասնաճյուղ (ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Շ. Հովհաննիսյան), Կապանում` մասնաճյուղի կուրս (ղեկավար` Հ. Գասպարյան), որի ութ ուսանողները համալրեցին թատերախումբը:
Հոբելյանական երեկոյին ներկաներին ողջունեցին և պատվոգրեր հանձնեցին մարզպետ Ս. Խաչատրյանը և Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը: Գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի անունից մեդալներ և պատվոգրեր հանձնեց արժանավորներին: Ուշագրավ էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, երիտասարդ ռեժիսոր Ա. Գաբրիելյանի ողջույնի խոսքը: ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի անունից Ն. Հայրապետյանը ոսկե մեդալներ հանձնեց վաստակաշատ դերասաններ Ն. Բաղդասարյանին, Ա. Գրիգորյանին և պատվոգրեր` մի քանի դերասանների: ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանը, ով իր ստեղծագործական ուղին սկսել է Կապանի թատրոնից, հարազատ թատրոնին նվիրեց համակարգիչ և պատվոգրեր` մի խումբ դերասանների: Երևանից ժամանած արվեստի գործիչները շնորհավորեցին թատրոնի 80-ամյակը:
Սրտառուչ էր Երևանի Հ. Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ե. Ղազանչյանի խոսքը: – Չեմ կարծում, որ դահլիճում գտնվի մեկը, որ ինձ չափ հուզվի: Ժամանակին Կապանը հրաշք քաղաք էր, մարդիկ` բարի: Մենք երիտասարդ էինք, որ ավարտելուց հետո եկանք այստեղ, մեր նկատմամբ ունեին հատուկ վերաբերմունք, ջերմ ու անկեղծ, ինքնամոռաց նվիրում և՛ թատրոնի, և՛ նորեկներիս նկատմամբ: Վեց տասնյակ է անցել այդ տարիներից, իմ և իմ ընտանիքի աշխատանքային գործունեության առաջին շրջանը կապված է այս հրաշալի քաղաքի հետ: Նայում եմ բեմում նստած դերասաններին, հատկապես երիտասարդներին, հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք մեր ապագան են, թատրոնի լավագույն հերթափոխը:
Գեղարվեստական ղեկավար Կ. Արզումանյանը իր ջերմ շնորհակալությունը հայտնեց տոնակատարության մասնակիցներին: