«…Եթե հայերին երբևէ հնարավորություն տրվի, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որևէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան: Նրանք կխանգարեն հասնելու մեր բաղձալի նպատակին` տիրելու Հայկական բարձրավանդակին` ստեղծելու Մեծ Միջին Արևելք»,- Լոուրենս Արաբացի (1919 թ., Փարիզի «Խաղաղության կոնֆերանս», հարցազրույցը վարել է ամերիկացի լրագրող, Տրոցկու մերձավոր բարեկամ Լինկոլն Ստեֆենսը):
Արաբացին հայերիս առավելությունները, որպես բացառիկ ազգի արձանագրելով՝ միաժամանակ հրեշավոր ծրագրեր է առաջ քաշել հայերի բնաջնջման վերաբերյալ: Օրինակ` ամերիկացիներին խորհուրդ է տալիս հնդկացիների նման աստիճանաբար բնաջնջել հայերին, Հայաստանը զրկել բնիկներից, հեռու պահել իրենց իսկ բնական հանքավայրերից: Հանքերը, հողը տրամադրել մի պետության, իսկ հայերին արտամղել այլ երկրներ: Հարցազրույցն արվել է անցյալ դարի երկրորդ տասնամյակին, սակայն, մեկ դար անց, մեզ «անկախություն» պարգևելուց հետո զարմանալիորեն դեռ ուժի մեջ են անգլիական հետախույզի կանխատեսումներն ու ծրագրերը:
Հայը շարունակում է օտարված մնալ իր պատմական տարածքների վրա ապրելու, նրա կենսական ուժից ու բարիքներից օգտվելու հնարավորությունից, հայն աշխարհի դռներն ընկած հաց է հայթայթում: Այս ամենի մեջ ամենացավալին խաղաղ օրերին իր հայրենիքից հեռացող հայն է: Նա այսօր հեռանում է սեփական ազգի օտարների վերաբերմունքից, որոնք ակամա, իրենց անձնական շահերից ելնելով, գործիք են դարձել միջազգային կառավարող ուժերին: Իսկ կամավոր հեռացողներն իրենց միջից նախապես հանում են հային, որը, դժբախտաբար, դարեր շարունակ եղել է արաբացիների բարոյահոգեբանական զենքը: Ահա թե ինչու Առաջին համաշխարհայինի ժամանակ մեր էթնիկ տարածքների վրա հայաթափելու մոլուցքով տարված թուրքերի ձեռքը ոչ մի եվրոպական պետություն չցավեցրեց, հակառակը` սպասեցին մինչև Տեր Զորի անապատներում հայերը փչեցին վերջին շունչը, ու վերջին բեկորները ցրիվ եկան աշխարհով մեկ: «Առաջադեմ» մարդկությանը ապագայում տեղ թողնելու համար ընդամենը մի քանի մարդասիրական պատուհան բացվեց՝ հանձին Նանսենի «Թռչնոց բնի» ու մյուսների, որպեսզի մարդասիրության հիպոթեզը չմոլորվի մեկ ու կես միլիոն զոհերի ողբերգության քաոսում:
Այս հոդվածը նախապատրաստելու անհրաժեշտությունը ծագեց, երբ հայտնի դարձավ, որ արքայազն Չարլզը Ամուլ սարի նկատմամբ լուրջ հետաքրքրություններ ունի: Լոուրենս Արաբացին չկա, սակայն Հայաստանի հանքավայրերը դեռ իրենց են գրավում նրա հայրենակիցներին:
Այո՛, հայերի և Հայաստանի գոյությունը միշտ էլ մտահոգել է Արևմուտքին: Հանքային հանածոներով հարուստ Հայկական բարձրավանդակը ոչ թե եղել է միջոց հայոց պետականության հզորացման, տնտեսական զարգացման ու դիվանագիտության լեզվի կիրառման, ինչպես իրենց նավթով ու խավիարով այսօր դա անում են ադրբեջանցիները, այլ դարեր շարունակ Հայաստանը դարձել է կռվի թատերաբեմ, իսկ բնակիչները՝ ենթարկվել արտագաղթի ու կոտորածի: Հենց անգլիացի հետախույզի խոսքերով հիշատակած «քաղաքակրթության տեսակետից ամենաբարձր զարգացած ցեղն աշխարհում» պարբերաբար սրի է քաշվել՝ նրան վերջնականորեն իր էթնիկ տարածքներից վերացնելու նպատակով: 1879 թ. Անգլիայի Լորդերի պալատի նախագահ Դիզրայելիի որոշմամբ՝ աշխարհագրական քարտեզներից ջնջվում է Հայաստան անունը` այն վերանվանելով Անատոլիա, նպատակ ունենալով անվան հիշողությունն անգամ սերունդների միջից վերացնել և կտրել էթնիկ կապը իրենց նախնիների հայրենիքի հետ: Մինչդեռ, մենք գիտենք, որ Անատոլիան հունարեն բառ է և նշանակում է Արևելք: Ի՞նչ իմաստ ուներ Արևելքը` Արևելքի մեջ: Հենց այդ ժամանակներից, գուցե և դրանից վաղ մշակվեցին հայերի զանգվածային ջարդերի ծրագրերը, որոնք իրագործվեցին 1894-96 թթ., իսկ մեծ մասշտաբով շարունակվեցին 1915 թվականին ու դրանից հետո: Հիշենք, թե 1924 թ. Կարաբեքիր փաշայի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինչ էր ասել Ստալինը. «Այն, ինչ չհասցրիք անել դուք, կանեն հայոց լեռները»:
Հայաստանն առանց հայերի. Արևմտյան Հայաստանն այսօր այդպիսին է` թաքնված, թրքացած ու քրդացած հայերը արտաքին ու ներքին ճնշման տակ, աներկբա է, կորցրել են իրենց էթնիկ առանձնահատկությունները, օտար լեզվի ու բարքերի պարտադրանքով փոխել մտածողությունը: Ճիշտ է, հողն իրենցն է, սակայն կեցությունը` ոչ: Ահա թե ինչու ենք մենք այսօր անհանգստացած հայոց լեզվի արտագաղթով և մեր ազգային ավանդույթների կորստով հենց մեր հայրենիքում: Արևելյան Հայաստանը, որ սովետներից ժառանգեց երեք միլիոն բնակչություն, աստիճանաբար սկսեց հայաթափվել Ստալինի ձեռքով: Հիշենք 1937թ. անձի պաշտամունքի անվան տակ հազարավոր մարդկանց արտաքսումն ու սպանությունը, հիշենք 1949 թ. զանգվածային աքսորները, իսկ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ հայերս տվեցինք այնքան զոհ, որքան քառասուն միլիոն բնակչություն ունեցող Անգլիան: Այդ ջարդերը կազմակերպել են պարբերաբար, յուրաքանչյուր 20-25 տարին մեկ, երբ նոր սերունդ է ձևավորվել: 1988 թ., կարճ դադարից հետո, ըստ մամուլի տեղեկությունների, Հայաստանի հյուսիսային շրջանում ռուսական լիտոսֆերային զենքի առաջին փորձարկման պատճառով տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որի ընթացքում 25 000 զոհ ունեցանք: Իսկ թե որքան էր արտագաղթողների թիվը, մինչև այսօր էլ անհայտ է:
Հայաստանն առանց հայերի. ովքե՞ր են այս ծրագրի նոր հեղինակները: Ես չեմ խոսում «բղդեների ու ցեցերի» մասին, ինչպես Պռոշյանն էր գրում, չեմ ուզում խոսել «Մսրա մելիքների» կողմից «քառսուն գազ հորերում» թաքցրած ճշմարտության, թշվառ թոշակների ու այդ ֆոնդը թալանողների մասին, չեմ ուզում խոսել վերջին օրերին աղմուկ հանած օֆշորների մասին. կարծում եմ` դա նվաստացուցիչ է 21-րդ դարի հայ գրողի համար, դա ներքին բարոյականության սանդղակ է` «ազգի ջոջերի» խղճի չափանիշ, սակայն ոչ միջոց երկիրը լքելու և երկրի կարոտախտով օտար հողին հանգուցվելու պայման նաև մեզ համար: Հրեաներն ու ճապոնացիները կարողացան այս վտանգից խուսափել ու պայքարել իրենց պետականության կառուցման ու հզորացման համար, իսկ մենք արձակեցինք ագահության ու արժեզրկումների սահմանները:
Հողը դատարկվեց իր բնիկներից՝ ուրիշները կտիրեն: Ովքե՞ր են այսօր ապրում Նախիջևանում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում… Այսօրվա Հայաստանը Արցախի հետ միասին մեր սերնդի աշխարհին նայող բաց պատուհանն է, որն անխոցելի պիտի պահենք արաբացիներից, քանզի նրանք շատ վաղուց դաշն են կնքել թուրքերի հետ: Մեր ազգային պայքարի հրամայականը պիտի դառնա մեր կենցաղն ու ժողովրդի հանդեպ ունեցած վերաբերմունքը սրբագրելը: Հայաստանն առանց հայերի, այո՛, շատ վաղուցվա ծրագիր է, նույնիսկ հայկական ծագում ունեցող անիծյալ Մորիկ կայսրի օրերից: Այն կրկին շարունակվեց Արցախի ազատագրության զարթոնքի մեր ժամանակներում, սումգայիթյան եղեռնագործությամբ, երբ Արևմուտքի մերձավոր բարեկամ Գորբաչովը 3 օր ուշացումով փորձ արեց կանխել բազմաթիվ անմեղ զոհերի կոտորածները: Եվ այդ պարագայում էլ մենք 6000 զոհեր ունեցանք և անհետ կորածներ: Աշխարհի վերաբաժանման խնդիրը շարունակական է, և այն այսօր էլ չի մարել: Ինչ-ինչ նպատակներով, մեր բարեկամ ռուսներն այսօր Հայաստանում ստեղծել են «Հայրենակիցներ» հ/կ-ն, որի միջոցով նախկինում աքսորավայր համարվող Ալթայի երկրամաս և այլուր բնակության են տանում սեփական հայրենիքում մի կտոր հաց ու վերաբերմունք որոնող և սեփական հայրենիքից խռոված մեր հայրենակիցներին… Վայ հայրենիք, ո՞ւր է քո ազգային գաղափարախոսությունը:
20 տարի առաջ գրեցի «Գենոֆոնդը վտանգի տակ» գիրքը` քաջ գիտակցելով, որ գերտերությունները հսկայական ջանքեր են ներդնում Հայաստանի հայաթափման համար՝ նպատակ ունենալով բնիկ հայրենիքում մեկ միլիոնից պակաս հայ թողնել: Մի բուռ հայրենասերներս ճաք ենք տալիս ոչ թե անզորությունից, այլ իրականության ու մեր ոգու հայրենիքի խոր ու անդարմանելի հակասություններից: Այսօր էլ, դրսից պարտադրվող օտարալեզու համալսարաններն ու դպրոցները ծաղկաքաղ անելով, տանում են տաղանդավոր սերնդին` նրանց սովորեցնելով իրենց լեզուն, իրենց մշակույթն ու սիրել տալով իրենց երկրները: Անանիա Շիրակացու, Դավիթ Անհաղթի, Նարեկացու, Մոմիկի ու Տրդատի, Չարենցի ու Թումանյանի… երկիրը վերածվելու է ծառայություններ մատուցող և ծառայություններ ախտահանող միջանցիկ երկրի՞…
Հիշում եմ` 1993-ին Թուրքիայում տպագրված մի թերթ ընկավ ձեռքս: Հայերին վերաբերող մի հոդվածում նշված էր, որ եթե Հայաստանը իր գիտաարդյունաբերությամբ մնա ու զարգանա, ապա տարածաշրջանում կդառնա նոր «Իսրայել», ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ: Մի՞թե պետական հանցագործություն չէր երկրի ծանր ու թեթև արդյունաբերության ոչնչացումը, ցրտի ու սովի մատնելով սեփական ժողովրդին` մահվան ու արտագաղթի դատապարտելը:
Հայահալածության մոլուցքն աշխարհում դեռ շարունակվում է: Խոշոր կորուստների հազարամյա պատմության մեջ մեր միակ կայուն ձեռքբերումը Հայոց ազգային բանակն է: Ողջ հույսս նրա մարտունակության հետ եմ կապում, թող Աստված հազար ձեռքով պահի ու պահպանի նրան գիշատիչներից: Առավել ևս, որ սաֆարովյան կացնասեր ցեղը այսօր մեծ զինանոց է կուտակում՝ ի լուր մեզ և մեր դաշնակիցների: Մենք վախեցող չենք: 1990-92 թթ. առանց զենքի ու բանակի հաղթանակ տարանք մի քանի տերությունների կանոնավոր զորքի դեմ: Անհրաժեշտ լինի՝ դարձյալ ազգ-բանակի ենք վերածվելու: Սակայն զգոնությունը միշտ պետք է հետապնդի մեզ: Վերջերս ռուսական մամուլից և Հայաստանի լրատվամիջոցներից հայտնի դարձավ, որ ռուսները 1 մլրդ զենք են վաճառել Ադրբեջանին: Այդ թվում` մեկ դիվիզիոն «Սմերչ», որի մեկ կայանքի համազարկը 67 հեկտար հողատարածք է ոչնչացնում: Երկու դիվիզիոն «Սմերչը» հավասար է մոտավորապես մեկ ատոմային ռումբի: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Կարապետյանը այս փաստի առիթով ասել է. «Ինձ ամենաշատը մտահոգել է «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի ձեռբերումը: Ի՞նչ կլինի «Սմերչի» կիրառումը Ստեփանակերտի ուղղությամբ»: Հայատյաց հայտարարություններով ամեն օր հանդես եկող Ադրբեջանի ղեկավարությանը նման հզոր զենքի վաճառքը մեզ կրկին փաստի առաջ է կանգնեցնում՝ մեր ազգային պաշտպանվածության մասին առավել քան լրջորեն խորհելու… Քանզի այդ զենքը թանգարանի համար չի նախատեսված և մի օր այն կրակելու է: Կրկին ու հազար անգամ այլ պետություններից խնդրողի դերում չհայտնվելու համար մեր հույսը մեր համախմբվածության ուժին պիտի վստահենք, քանզի պատմությունը շատ փաստեր ունի ապացուցելու մեր դաշնակիցների «հավատարմության» մասին: Անկախ թե գաղութատեր պետությունների իշխանության ներքո՝ փոքրաթիվ ժողովուրդները միշտ էլ ապրել են սեփական գենի ինքնապաշտպանության տագնապով: Եվ որքան էլ օտար և ազգային իշխողների կողմից փորձ է արվել ժամանակ շահելու համար սքողել վերահաս վտանգը, միևնույն է, ազգային բնազդը իրեն յուրահատուկ արհեստավարժությամբ ահազանգում է վտանգից առաջ: Բոլորին վստահելով` մենք մեզ պետք է առաջի՛նը վստահենք: Եվ քանի դեռ լիովին չի դատարկվել երկիրը, մեր ազնվագույն ժողովրդի գենետիկ սթափությունը ինքն իրեն սրբագործելու հրատապ պահանջ ունի` մեկ վայրկյան, մեկ ժամ առաջ:
ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԵՐԱՆԸ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Կարդացածս հիշողությամբ ասեմ, որ. նույն անիծյալ անգլիացի գործակալ Լաուրենսը, հարցազրույցում ասում է, թե հայերը շատ հին ազգ են, այլեվս պետք չեն, և թուրքերը լավ են անում նրանց ոչնչացնելով։ Ցեղասպանության տարիներում, և այնուհետ էլ, Մեծ Բրիտանիան հայերին օգնության մատ նույնիսկ չշարժեց, ոչ մի որբ չփրկեց։ Բրիտանիան միշտ էլ թուրքի բարեկամն է եղել, և շարունակում է այդպես մնալ։
Տիկին Ռուզան Ասատրյան, կարդացի, հիացա, իմացածիս էլ մի բան ավելացավ:Հետո՞:Հետո ես ի՞նչ անեմ, գրում եմ, որ սիրտս չպայթի:Դուք գիտեք, շատերը գիտեն այս ճշմարտությունը, բայց ի՞նչ կարող ենք անել:Ես վաղուց դադարել եմ ինչ-որ բան գրել:Ո՛չ կարդացող կա, ո՛չ լսող:Առաջ եթե առաջին դեմքերը չէին կարդում, կարդացողներն էին հասցնում նրանց:Հիմա ո՛չ մեկը կա, ո՛չ ՝մյուսը:Համատարած անտարբերություն է:Գրածդ շատ է ցավոտ:Ես ու Դուք ի՞նչ անենք, ասա՛: Խորհուրդ կտամ ծրարեք և ուղարկեք հանրապետության առաջին դեմքին:Մտքեր կան, որ կարող է սթափեցնեն նրան:Երևի միամիտ բան եմ ասում, հա՞…