Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՄԱՏԻՏԸ
Լինում է և կա մի տղա, անունը՝ Էդվարդ, նա 5 տարեկան է և ունի մի մատիտ, որի քիթն այնքան է քսվել թղթերին, պատերին, որ մաշվել ու համարյա անպիտան է: Էդվարդի հայրը տուն է կառուցում, պատերն արդեն ութ շարք բարձրացել են, և երեխաները խաղում են պատից քիչ հեռու:
Էդվարդի քույր Տաթևիկը ինը տարեկան է և մի օր գաղտնիք ասելու պես շշնջաց պապիկի ականջին.
– Պապի՛, թոռդ մատիտով ուզում է քանդել տան պատերը:
– Ո՞նց,- զարմացած հարցրեց պապը:
– Նա մատիտը դնում է պատի տակ ու քրթմնջում կախարդական բառեր,- կամացուկ ասաց Տաթևիկը:
– Ա՛յ քեզ բան,- գլուխը քորեց պապն ու իր մոտ կանչեց Էդվարդին:
Երբ նա մաշված քթով մատիտով մոտեցավ, պապը հարցրեց.
– Էդուլի՛կ ջան, ինչո՞ւ ես ուզում տունը քանդել, որը ձեր տունն է, հայրիկդ ձեզ համար է կառուցում:
– Ի՞նչ անեմ,- շատ սառը պատասխանեց Էդվարդը:
– Բայց այդ մատիտը կարո՞ղ է քանդել, չէ՞ որ հալից ընկել է:
– Հա՛, կարա՛,- համոզված պատասխանեց Էդվարդը,- ես կախարդական բառեր եմ ասում, ինքն էլ է կախարդական:
Տաթևիկը խնդաց.
– Չէ մի չէ՝ կախարդական, մի գիծ էլ չի կարա քաշի:
– Նայի՛,- վիրավորվեց Էդվարդը և մատիտը ամուր սեղմեց տան պատին,- նայի՛:
Բաց գույնի պատին պարզորոշ կարմիր գիծ երևաց:
– Տեսա՞ք,- հպարտ հարցրեց Էդվարդը:
– Հա՛ էլի,- հաստատեց Տաթևիկը:
– Ճիշտ է,- ասաց պապը,- բայց ո՞նց կքանդես այս ամուր պատը:
– Չգիտեմ, մատիտը կարա, կախարդական է, համ էլ ես կախարդական բառեր գիտեմ,- համոզիչ պատասխանեց Էդվարդը:
– Տաթևի՛կ, արի չվիճենք Էդուլիկի հետ, ես հավատում եմ, որ եթե ցանկանա, ամեն ինչ կարող է, անգամ անպիտան մատիտով,- ժպտալով խոսեց պապը:
– Անպիտան չի, պապի՛, ուզո՞ւմ ես էլի գիծ քաշեմ,- վստահ ասաց Էդվարդն ու պատին մի նոր գիծ քաշեց, որից հետո լրիվ մաշվեց մատիտը:
– Լա՛վ, լա՛վ, հավատում ենք: Այսօր լավ օր է, իրիկունը պահմտոցի խաղանք:
– Ճիշտ որ,- ճչաց Տաթևիկը:
– Դո՛ւ առաջինը կփակես,- հրամայեց Էդվարդը:
– Չէ՛, դո՛ւ,- նեղացավ Տաթևիկը:
Վեճին վերջ տվեց պապը, նրանց խոստանալով հենց հիմա գնալ խանութ և գնել գունավոր մատիտներ Էդուլիկին, իսկ ջրաներկ՝ Տաթևիկին:
Տունը կառուցվել էր, Տաթևիկը տասներեք տարեկան էր, Էդվարդը՝ ինը, և մի երեկո պապը հարցրեց.
– Էդուլի՛կ, հիշո՞ւմ ես, քո մատիտով ուզում էիր քանդել ձեր տունը:
– Հա՛,- շեշտակի պատասխանեց Էդվարդը և գնաց իր սենյակ:
Քիչ հետո մաշված, փոքրիկ մատիտը ձեռքին վերադարձավ:
– Պապի՛, տես, էն մատիտն է, բայց էլ կախարդական չի:
Տաթևիկը կողքից հեգնեց.
– Իբր էն ժամանակ կախարդակա՞ն էր:
– Հա՛, բա ինչ էր, ես էի սովորեցրել կախարդական բառեր, նա էլ կատարում էր, ինչ ուզեի:
– Իսկ ո՞ւր են բառերդ,- հարցրեց պապը:
Էդվարդն արդեն մեծ տղա էր և լուրջ պատասխանեց.
– Բառերը մտքիս մեջ են, նրանք այնտեղ են քանդում ու շինում, թռչում ու սուզվում ծովերի մեջ:
– Պա՜հ-պա՜հ,- միջամտեց Տաթևիկը,- երևի կախարդական գորգ են:
– Բա ի՞նչ են,- վիճելու պատրաստ՝ վրա տվեց Էդվարդը,- պատմվածք եմ գրել, կկարդաս, կիմանաս:
– Բեր կարդանք,- անհամբեր ասաց պապը:
Էդվարդը մի պահ լռեց ու պատասխանեց.
– Մտքիս մեջ եմ գրել, էս մատիտով, համ էլ տուն եմ նկարել,- ու խնդաց Էդվարդը:
Պապն էլ խնդաց, Տաթևիկն էլ խնդաց:
Այս պատմվածքի վերջում բոլորն ուրախացան, որովհետև կախարդանքը ոչ միայն պիտի երևա, այլև չերևա, բայց ծավալվի, վեր ու վար թռչի մտքի մեջ, մաշված քթով մատիտի պատկերած կախարդական գորգի հրաշք սավառնումով:
Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ
ԼԻՆՈՒՄ Է, ՉԻ ԼԻՆՈՒՄ
ՄԻ ԿԱՊԻԿ
Լինում է, չի լինում մի կապիկ: Նա ապրում է Հնդկաստանի ջունգլիներում: Մի օր մի խելառ որսորդ հանդիպում է նրան անտառում: Այն ժամանակ է տեսնում, երբ կապիկը ծառի վրա նստած ախորժակով բանան է ուտում: Եվ քանի որ այդ որսորդը շատ բկլիկ է լինում, խնդրում է, որ կապիկը իրեն էլ բանան տա: Կապիկը պատասխանում է.
Դու ինձ որևէ մի բան տուր, ես էլ քեզ բանան կտամ:
Որսորդը հրացանից բացի ուրիշ բան չի ունենում: Եվ քանի որ շատ բկլիկ է, ստիպված հրացանն է տալիս: Կապիկն էլ նրան մի քանի բանան է տալիս:
Բայց արի ու տես, որ կապիկն էլ է խելառ: Հրացանը գցում է ուսն ու ծառից ծառ թռչկոտելով՝ շրջում անտառով մեկ: Եվ ի՜նչ զարմանք, ով տեսնում է կապիկին, գլուխը բռնում է ու խելակորույս փախչում: Իսկ կապիկը քա՜հ-քա՜հ ծիծաղում է նրանց վրա և կարծում է, թե իրենից են վախենում ու փախչում:
Եվ մինչև այսօր էլ այդպես է մտածում:
Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՋՐԱՀԱՐՍՆ ՈՒ ԱՂՋԻԿԸ
Խորհրդավոր Դագո կղզու ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Կապտականաչ ջրերը արտացոլում են արեգակի վառ կարմիր սկավառակը: Ջրից դուրս է եկել ջրահարս Յանայի երկար, ջրիմուռ հիշեցնող վարսերով գլուխը: Նա սպասում է, թե արեգակը երբ կբարձրանա զենիթ, որպեսզի վերադառնա օվկիանոսի խորքերում գտնվող իրենց դղյակը: Այսօր Յանան դառնում է տասնհինգ տարեկան: Արծաթափայլ մարմինը թափահարելով՝ Յանան սուզվեց օվկիանոսի հատակը: Օվկիանոսի բնակիչները բազմաթիվ նվերներ էին բերել արքայադստեր համար: Թագուհին ուրախ դիմավորեց դստերը և ցույց տվեց մարջաններից սարքված արկղը, որը լեցուն էր թանկարժեք քարերով՝ կանաչ զմրուխտներ, կարմիր հակինթներ, փայլփլուն ադամանդներ, որոնք ձուկ-զինվորները հավաքել էին խորտակված նավերի միջից: Ոստրեները բացել էին խեցիները և բազմագույն մարգարիտներից մանյակներ էին հյուսել գեղեցկուհու համար:
Ձիուկ ձկները բերում են կառքը. կառքում նստած է օվկիանոսի արքա Նեպտունը: Հայրը բազմեց գահին, և սկսվեց խնջույքը: Սեղանները լցված էին ջրային բարիքներով, կակղամորթների բուրգ. խավիարներ՝ սև, կարմիր, ծովակաղամբի աղցանները համեմված էին յուղով: Հայտնվեց թանաքաձուկը՝ ջրերը ներկելով բազմագույն, մեդուզաները լողում էին բազմաձև, տոնական մթնոլորտը ամբողջացրեց օվկիանոսի արքա Նեպտունը՝ եռաժանին բարձրացրեց և թափով խփեց: Ջրերը խառնվեցին, սկսվեց փոթորիկ, խփեց կայծակների փունջը:
– Տե՛ս, դստրի՛կս, ինչ գեղեցիկ հրավառություն է քո պատվին,- բամբ ձայնով ասաց արքան:
Յանան ծափ զարկեց և ոլոր-մոլոր լողալով վերև բարձրացավ՝ փոթորիկով հիանալու:
Նույն այդ օրը Դագո կղզում ևս նշում էին ծնունդ: Մայրը, հայրը և եղբայրը տունը զարդարել էին ծաղկաշղթաներով, չէ՞ որ գեղեցկուհի Աննայի տասնհինգ տարին էր լրացել:
Սեղանի զարդը ծննդյան տորթն ու մրգերի զամբյուղներն էին: Աննան զվարթ վազվզում էր ու բացականչում. «Այսօր իմ ծննդյան օրն է, և հայրիկը կկատարի իմ ցանկությունը՝ մեր նավակով կգնանք ծովի մայրամուտը տեսնելու»:
Ծովը շատ հանդարտ շողշողում էր արևի ճառագայթներով: Հայրիկը իջեցրեց նավակը, և նրանք լողացին սահուն ջրերի վրայով: Չգիտես որտեղից հայտնվեցին ջրի հսկայական ալիքները, խփեցին կայծակն ու որոտը: Ջուրը գրկեց աղջկան և տարավ հեռու, իսկ նավակը նետեց ափ:
Այդ ամենը տեսավ ջրահարսը, նա գրկեց ուշագնաց Աննային և լողաց դեպի դղյակը:
Յանան արտասվում էր և խնդրում էր հորն ու մորը փրկել աղջկան: Նեպտուն արքան խոժոռվեց և խփեց եռաժանին: Ո՜վ հրաշք՝ Աննան բացեց աչքերը և դարձավ… ջրահարս: Ոտքերը վերափոխվեցին արծաթափայլ պոչի, ու նա սկսեց լողալ: Ճիշտ Յանայի նման: Ձեզ ասեմ, որ հենց Աննան խոսել սովորեցրեց օվկիանի բնակիչներին, որոնք մինչ այդ հաղորդակցվում էին միայն ձեռքերի շարժումներով: Քույր դարձած ջրահարսները, Աննայի ծնողներին սփոփելու համար, մարգարիտներով լեցուն խեցիներ, մարջանե ճյուղեր, սադափե զարդեր լցրեցին նրանց նավակի մեջ:
Յուրի ՍԱՀԱԿՅԱՆ
ԿԵՌԱՍ
Գարնան-ամռան արանքում,
Որպես մրգի այգաբաց`
Շողշողում է սեղանին
Երկար կոթով մի նուրբ միրգ:
Բարձր է ծառը նրա,
Ճյուղատարած, լայնսաղարթ,
Բերքը` կլոր, անուշիկ,
Մինչդեռ կյանքն է շատ կարճլիկ:
Բացի օրվա հաճույքից,
Կոմպոտից ու չրերից,
Այդ միրգն աշխարհ է գալիս,
Հայտարարում քաղցրաձայն`
Շուտով մրգե՜րն են գալիս:
Երվանդ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՆՁՐԵՎԱԳԻՐՔ
Անձրև ալիք-ալիք,
Անձրև վարար-վարար,
Ուղիղ ու շեղ անձրև,
Անձրև բարակ-բարակ:
Եվ բոլորն այդ՝ մեկտեղ,
Հենց նույն անձրևի մեջ,
Անձրևագիրք է նա՝
Գույն-գույն ու բազմաէջ:
Գալիս է ու գալիս,
Թվում է՝ վերջ չկա…
Բայց արևն է ելնում,
Ծիծաղելով՝ կա՜, կա՜…
Հենրիկ ՍԵՎԱՆ
ՏՂԱՆԵՐԸ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԸ
Գիտե՞ք ինչից են պատրաստված
Տղաները երեսառած.
Ծույլ խխունջից, գորտից կանաչ
Ու շլդիկից երկարականջ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Տղաները երեսառած:
Գիտե՞ք ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած,
Կարկանդակից, մեղրից անուշ,
Ծաղիկներից, վարդից քնքուշ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած:
Թարգմանությունը` անգլերենից
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԼԻԼԻԹԻ ՆԱՊԱՍՏԱԿԸ
Պատրաստել եմ բամբակից
Մի սիրունիկ նապաստակ,
Ականջները` խլշկան,
Ձյունի նման սպիտակ:
Փետուրի պես թեթև է,
Հենց որ փչում եմ վրան,
Ոստոստում է դեսուդեն,
Սլանում է նա արագ:
Ես Ձյունիկ եմ անվանել
Իմ սիրունիկ շլդիկին,
Նրա առաջ լցրել եմ
Կաղամբ, գազար անուշիկ:
Խոր ձյունի մեջ Ձյունիկս
Իր մարմինն է թաքցնում,
Բայց մատնում են աչքերը`
Փայլեցնում է, ճպպացնում:
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ԿԱ ՄԻ ԱՂՋԻԿ
Կա մի աղջիկ չարաճճի,
Անունը Սոֆի,
Ո՞վ կարող է նրա կամքին
Հակառակն անի։
Թե չսիրեց ինչ-որ մեկին,
Բառ իսկ չի ասի,
Թե հավանեց,
պարզ է արդեն,
Սիրտը կբացի։
Մեջտեղ կգան
խաղալիքներ,
Կոնֆետ, երգ ու պար,
Եվ զրնգուն իր ծիծաղը
Կբռնի շուրջպար։
Կպարզվի աչքերիդ դեմ
Պայծառ ծիածան,
Եվ կդառնա ցուրտ տնակը
Անուշ մրգաստան։
ԼԻԼԻԹ
ՄՐՋՆԱՆՈՑԸ
Մրջնանոցը գտնվում էր կակաչների բացատում: Այն շատ բնակիչներ ուներ: Այնտեղ էին ապրում հայրիկներն ու մայրիկները, պապիկներն ու տատիկները և փոքրիկ, չարաճճի մրջյունիկները: Բոլորը համերաշխ էին և օգնում էին միմյանց: Ամեն մեկն իր գործն ու պարտականությունն ուներ: Մայրիկները զբաղված էին տնային գործերով, պապիկներն ու տատիկներն աշխատում էին բանջարանոցում, իսկ փոքրիկ մրջյունիկները դպրոց էին գնում: Ամենից շատ չարչարվում էին հայրիկները: Մինչ ուշ գիշեր աշխատում էին: Նրանք հողե պահարանները լցնում էին ծղոտե շյուղերով և ուտելիքներով, որպեսզի մրջնանոցում հաճելի ջերմություն լինի, իսկ տատիկները կարողանան համեղ կարկանդակներ պատրաստել:
Սակայն գարնանային մի օր աղետ եղավ մրջնանոցում: Մի անճոռնի, մեծ արջ կոտրեց մրջնանոցի դուռը և ոտնատակ տվեց հավաքած ուտելիքների պաշարը: Հայրիկները, տեսնելով այդ, ծղոտե նիզակներով սկսեցին հարվածել նրան: Բայց ծղոտե նիզակներն արջին չէին վնասում, որովհետև շատ էին բարակ: Արջը հարյուրավոր հայրիկներին լեզվով հավաքեց ու ճպճպացնելով ասաց.
Ի՜նչ թթվաշ են, ի՜նչ համեղ…
Մրջնանոցը լցվեց վշտով ու տխրությամբ: Բայց երբ սգի օրերն անցան, մրջյունները նորից սկսեցին առավոտից մինչև ուշ գիշեր աշխատել, որպեսզի ձմռան ցրտին ուտելիք ունենան: Փոքրիկ մրջյուններն օգնում էին մեծերին և դպրոց գնալու ժամանակ չուներին այլևս:
Մի աստղալից գիշեր մրջնանոցի բնակիչները հավաքվեցին, որպեսզի որոշեն, թե ինչպե՞ս վարվեն արջի հետ, եթե նա նորից գա: Մի ծեր մրջյուն պապիկ պատմեց, որ շատ տարիներ առաջ էլ մի այդպիսի արջ էր ներխուժել մրջնանոց, և ինքն իր ընկերների մի մեծ խմբի հետ մտան արջի ականջների, քթի մեջ ու սկսեցին ուժեղ խուտուտ տալ: Արջը, մրջյուններից ազատվելու համար, թափահարում էր ականջները, թաթերով խփում քթին, բայց ապարդյուն: Մրջյուններն արջին հանգիստ թողեցին միայն այն ժամանակ, երբ նա սկսեց հողերի մեջ թավալվել ու մռնչալ, ասես զղջալով արածի համար: Ի վերջո թքելով հեռացավ և այլևս չերևաց:
Ուժեղ թշնամուն պետք է խելքով ու խորամանկությամբ հաղթել,- պատմությունն ավարտեց մրջյուն պապիկը:
Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ ԵՐԱԶ
Երազում մի մեծ
Կտավ էի ես
Փռել դաշտերի՜,
Ծովերի՜ վրա:
Ծիրանի ծառ էր,
Հասած ծիրաններ՝
Անթիվ, անհամար՝
Ճյուղերին նրա:
Ծիրանագո՜ւյն էր
Աշխարհը դարձել
Ու ծիրանահամ,
Դեղին ու կարմիր
Մի հեքիաթի էր
Աշխարհը նման:
Երբ ժամացույցի
Զանգից արթնացա,
Կտավը չկար,
Մերկ էր աշխարհը,
Դատարկ, հիրավի,
Առանց այդ հեքիա՜թ,
Հրա՜շք կտավի…
Ո՞Վ ԷՐ ԳՈՂԱՑԵԼ ՄԵՂՐԸ
Արջը սաստիկ քաղցած՝ արթնացավ: Թափով ձեռքն առավ մեղրագավաթն ու տեսավ, որ այն դատարկ է: Նա խիստ բարկացավ:
– Ո՞վ է համարձակվել… Գուցե գա՞յլը: Բայց նա մեղր չի ուտում: Դե, ուրեմն՝ նապաստակը: Իհարկե, նա է…
Եվ արջը սկսեց թափառել անտառում՝ գտնելու նապաստակին: Ի վերջո գտավ նրան: Նապաստակը նստած՝ բեղերն էր սղալում:
– Ահա թե որտեղ ես դու, փոքրի՛կ գող,- գոռաց արջը,- հիմա կստանաս…
– Նախ՝ բարևիր,- կշտամբեց նապաստակը,- ապա միայն կարող ես ինձ հետ խոսել և հայտնել ժամանումիդ նպատակը:
– Ես մեղրս եմ ուզում, որ դու ես գողացել ինձանից:
– Ի՞նչ մեղր, ի՞նչ բան. ես արդեն վաղուց է՝ ոչ մի մեղր էլ չեմ տեսել…
– Ստում ես,- գոռաց արջը:- Ինձ չես խաբի…
– Ի՞նչ ես վրա տալիս, հիմա՛ր արջ: Կրկնում եմ, որ չգիտեմ՝ որտեղ է քո մեղրը և ինչպես կարող էր անհետանալ:
– Փչում ես,- ասաց արջը:- Եթե հենց հիմա ինձ չհայտնես մեղրի տեղը, առանց որևէ խղճմտանքի, տեղնուտեղը կսպանեմ: Սաստիկ քաղցած եմ:
Նապաստակը հասկացավ, որ միայն խորամանկելով կարող է ազատվել արջի թաթերից:
– Արի ինձ հետ, ցույց կտամ՝ որտեղ է պահված մեղրդ,- ասաց նա և արջին ուղեկցեց մեղվանոց:
– Ահա, տե՛ս, այս միջատներն են ուտում մեղրդ: Նայիր փեթակների ներսը ու վերցրու, եթե ինչ-որ բան մնացել է…
Արջն իսկույն հայտնաբերեց մեղրահացը, սակայն հենց որ թաթը մեղրին մեկնեց, մեղուների մեծ պարսը նետվեց նրա վրա… Սուր, ցավոտ խայթոցներ ստանալով՝ արջը մի կերպ փախուստ տվեց՝ առանց հետ նայելու:
Նապաստակն այսպես խորամանկեց արջին:
Վերապատմեց
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
Սուրեն ԴԱՎԹՅԱՆ
ԽՆՁՈՐՆ ՈՒ ՏՂԱՆ
Շատ սիրուն ես դու, խնձո՛ր,
Հա՛մ կատարյալ, հա՛մ կլոր,
Ասես արևը ամռան
Հենց քո թուշն է աննման:
Ասես ներսից ամրակուռ
Մի ամրոց ես դու,
փակ դուռ,
Դրսից շողում ես,
փայլփլում,
Համ ու հոտ ես տարածում:
Ապրի՛ ծառը խնձորի,
Որ ծաղկել է այս տարի,
Թող արևը հայրենի
Թուշը կարմիրով ներկի:
Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ
ԾՆԾՂԱ
Ձուլված պղինձ ու անագից՝
Ափսեներ ենք մենք երկու,
Եղբոր նման իրար գալիս,
Ծափ ենք տալիս զրնգուն:
Մեր զնգոցը լսվել է դեռ
Այն օրերին հեռավոր,
Երբ որ Հայկը
Բելին զարկեց
Նետ-աղեղով իր հզոր…
Այո՛, շատ վաղ ենք
արարվել,
Եվ մի բան էլ ասեմ ձեզ.
Ոչ մի հանդես
չի կատարվել,
Տոն չի՛ նշվել առանց մեզ:
Արմեն ՇԵԿՈՅԱՆ
ՍԱՐԻ ԾԱՂԻԿ
Սարի ծաղիկ,
Քարի ծաղիկ,
Միշտ անթառամ
Ու բաղձալի,
Ո՞նց ես հաղթում
Քո թշնամուն՝
Անխիղճ շոգին
Ու գիժ քամուն:
Ի՞նչ թշնամի,
Սիրո՛ւն Արտակ,
Իմ եղբայրն է
Այս գիժ քամին,
Իմ քույրիկն է
Արևն այս տաք:
Սարգիս ԿԱՐԵՅԱՆ
ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ
***
Շրջանակ ու ապակի,
Աշխարհի հետ կկապի:
(ակնոց, պատուհան)
***
Պատը ունի մի մեծ ակնոց,
Վարագույրն է կոպերը գոց:
(պատուհան)
***
Շարվել են նորից
սև-սև ուլերը,
Նրանց չեն սիրում միայն
ծույլերը:
(տառեր և տող)
Սերգեյ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՁԻԵՐԸ
Ձիերը վրնջում ու դոփում են ձիանոցում… Ցանկապատի մասրենու վրայից ձյունը հալվում է` հուլունք դարձած կաթելով բնի մաղված հողի վրա, գլորվելով՝ իր ետևից թողնելով փոքրիկ առվակ: Գարուն է… Ձիերը վրնջում ու դոփում են` ռունգերից գարուն արտաշնչելով: Ձյունը հալվելով, հովտից նահանջում է լեռներն ի վեր` իր ետևից թողնելով կանաչ թավիշ: Ձիերը կանաչների հետքերով հետապնդում են ձյանը` տանելով դեպի լեռները: Լեռներում ձյունը նահանջել է մինչև գագաթը: Ձիերը վրնջում են ու դոփում` պահելով ձյունը լեռան գագաթին: Ամառ է… Ձիերը վրնջալով պտտվում են գագաթի շուրջը` հսկելով կանաչի ու ձյան սահմանը: Լեռան գագաթի վրա կռունկների երամը, պտույտ գործելով, գնում է դեպի հարավ: Ձիերը կամա՜ց-կամա՜ց իջնում են դեպի հովիտը` վրնջալով դոփում լեռան փեշերը: Աշուն է… Ձիերը վրնջում ու դոփում են աշնան թավշե կանաչին: Ձիերն իջել են հովիտ` բաշերին եղյամ: Նորից վրնջում են ձիանոցում: Ձմեռ է… Ձիերը գարունը տարան լեռան գագաթ, պահեցին ձյունը և ձմեռը վերադարձրին: Ձիերը դոփում ու վրնջում են. նրանք երազների պես հրեղեն են, գնացին ու վերադարձան…
Ալվարդ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՆԱՐԵԿԻ ՀՐԱՑԱՆԸ
Նարե՛կ, դու էլ մեզ հետ արի,
Գնանք, քաղենք մոշ ու մորի,
Բայց վերցրու զենք ու զրահ
Ու Բողարին ձեր դռնապահ:
Մեծ անտառ է՝ հազա՜ր փորձանք,
Պիտի լինենք շատ համարձակ,
Մեկ էլ տեսար՝ անակնկալ
Դուրս գա մեր դեմ աղվես կամ գայլ:
Հենց որ տեսնի քո ձեռքին զենք,
Չի մոտենա նա մեզ երբեք:
Ի՞նչ իմանա այդ գազանը՝
Խաղալիք է հրացանը:
Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
(Ծաղկաձորյան հեքիաթ)
Մի անգամ, անտառում որոշեցին խոհարարական փառատոն կազմակերպել: Այդ միտքը տվել էր կաչաղակը: Նա թռչում էր բացատից բացատ և չրթչրթացնելով աղմկում: Որտեղ որևէ հետաքրքիր բան էր տեսնում, միանգամից մտապահում էր և պատմում իրեն հանդիպող կենդանիներին: Նա նաև կտուցով հավաքում էր փայլփլող ու տարօրինակ իրեր և բերում լցնում իր բույնը: Այդպես, նա նաև մի սրինգ էր բերել: Փառատոնը որոշվեց սկսել սունկերի բացատում. կաչաղակը շտապեց իր բույնը և բնում եղած փայլող իրերը նետեց բացատ:
Սունկ աղջնակն, իր Դեղնեզր գլխարկով, արագ կապեց ճերմակ գոգնոցն ու համաձայնեց ապուր եփել: Այդ ժամանակ մոտ վազեց և Սպիտակ գլխարկ դրած սունկ աղջնակը: Նա համառեց այնքան, մինչև համոզեց, որ մյուս ապուր եփողն ինքը լինի:
Եվ այսպես, հավաքվեցին թռչունները, կենդանիները և նայեցին, թե ինչպես են սունկ աղջնակները ապուր եփում:
Փայտփորիկը կտցահարեց, նապաստակը վազքի մրցման հաղթող դարձավ, դեղձանիկները երգեցին, իսկ գայլերն ու արջերը կռփամարտի անկրկնելի խաղ ցուցադրեցին: Այդ ընթացքում ապուրները եփվեցին: Սունկ աղջնակներն ապուրը լցրեցին տերևների մեջ, որոնք թասանման թեքված էին, և տվեցին համտեսի: Բայց, ա՜յ քեզ բան, ոչ ոք չէր ցանկանում համտեսել Դեղնեզր գլխարկով գեղեցկուհու եփած ապուրից, իսկ Սպիտակ գլխարկով աղջկա եփած ապուրն ամբողջը կերել էին և խնդրում էին, սպասում, որ էլի եփի:
Դեղնեզր գլխարկով գեղեցկուհին բարկացել ու լաց էր լինում: Ահա մոտեցավ իշայծյամը, լուռ խոնարհեց գլուխն ու կերավ Դեղնեզր գլխարկով սունկ աղջկա եփած՝ թունավոր սնկերով ապուրը և հեռացավ: Բոլորը միաբերան ու վախեցած բացականչեցին. «Թունավո՜ր է», իսկ կաչաղակը, որն ամեն ինչ գիտեր անտառի կենդանիների մասին, կչկչալով բացատրեց, որ իշայծյամները թունավոր սունկ են ուտում, երբ հիվանդանում են: Այդ լսելով՝ անտառի բնակիչները ծափահարեցին Դեղնեզր գլխարկով աղջկան: Եվ այսպես, փառատոնն ունեցավ երկու հաղթող, որովհետև մեկի եփածը շատ համեղ էր, իսկ մյուսինը՝ օգտակար:
Անահիտ ԹԱՐՅԱՆ
ԹԻԹԵՌՆԵՐ, ԹԻԹԵՌՆԵՐ
Շատ վազվզեց Հայկն այգում ծաղկագորգ.
Մի մեծ թիթեռնիկ բռնեց վերջապես.
Հրճվանքից ճչաց.-« Շուտ արի՛, Գևո՛րգ,
Վագրաթիթեռ եմ ես բռնել, ա՛յ, տե՛ս»:
– Ի՞նչ վագրաթիթեռ, գժվեցի՞ր, ա՛յ Հայկ,-
Գևորգը զննեց,- թիթե՜ռ է կարգին:
– Չէ՛, դու թևերի այս հաստ ու բարակ
Շերտերի՛ն նայիր. նման չէ՞ վագրի:
– Լա՛վ, որ պնդում ես, Հա՛յկ, ձեռքդ մո՛տ բեր՝
Ես իմ թիթեռը դնեմ ափիդ մեջ:
Նայի՛ր թևերի պուտերին մեծ-մեծ.
Ես էլ բռնել եմ հովազաթիթեռ:
Վարդգես ԽԱՆՈՅԱՆ
ԳԵՏԸ
Գետ իմ, Եղեգի՛ս,
Վազող արահետ,
Դու հոսում էիր
Իմ մանկության հետ:
Ջահել ես հիմա,
Ջահել, ինչպես ես,
Գիտեմ, ինձ նման
Երազներ ունես…
Զրնգում անվերջ,
Պատմում ես կրկին,
Ափիդ՝ ծառերի
Զմրուխտ ականջին…
Սամվել ԿՈՍՅԱՆ
ԿՐԿԵՍՈՒՄ
Մինչև մտնեք դուք կրկես,
Լսեք, թե ինչ կասեմ ձեզ:
Ծաղրածուի թևի տակ
Կա գունավոր մի գնդակ:
Թե որ վերև բարձրանա,
Իսկույն թմբուկ կդառնա:
Թե որ ներքև նա իջնի,
Կքայլի ոնց գետաձի:
Թե որ խփես դու նրան,
Կկանգնի ոնց պահարան:
Իսկ թե ազատ արձակես,
Կհոշոտի իսկույն քեզ:
Գնդակ չէ, այլ՝ մի գազան,
Ո՞վ է տեսել նման բան:
Ու թե ինձ չեք հավատում,
Ահա կրկեսն, ահա դուք…
Օլգա ԴԱՐՅԱՆ
ԱՄՊԵ ՁԻՈՒԿ
Ճերմակաբաշ, ամպե ձիո՛ւկ,
Մի օր կրիա ես, մի օր՝ ձուկ,
Մի օր՝ ծաղիկ խոպոպավոր
Կամ էլ փափլիկ բարձ ես կլոր:
Մի օր՝ տխուր մի ծաղրածու,
Որ ստեղծես իրարանցում:
Հանկարծակի մի պահ մթնես
Ու մեր գլխին անձրև թափես:
Կամ խշրուկ թափես սառցե,
Մի ուրիշ բան էլի գուցե…
Ամպե ձիուկ, ի՞նչ ես լռում,
Ինչո՞ւ երբեք ցած չես իջնում,
Որ քեզ պայտեմ,
թամբեմ, սանձեմ
Ու հանդերով մեր սլացնեմ:
Երջանկություն լինի մի օր՝
Դու ձի լինես, ես՝ ձիավոր:
Զեմֆիրա ԵՆՈՔՅԱՆ-ՄԿՐՏՉՅԱՆ
ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ
Վաղ ժամանակներում տիեզերքի երջանիկ ընտանիքներից մեկը համարվում էր երկնքի աստված Ուրանոսի և երկրի աստվածուհի Գեայի ընտանիքը: Նրանք ունեին երկու աղջիկ՝ Արևն ու Լուսինը: Երբ երեխաները փոքր էին, նրանց ընտանիքում միշտ լսվում էին ուրախության ու ցնծության ճիչեր, երեխաները խաղում էին բազմաթիվ խաղեր, երգում էին մայրիկի և հայրիկի սովորեցրած երգերը: Նրանք շատ էին սիրում միմյանց, օգնում էին մայրիկին տնային գործերում, ինչպես նաև հայրիկին՝ երկնային հարցերում: Բայց երբ երեխաները մեծացան, ընտանիքի իրադրությունը փոխվեց: Խաղաղությունը փոխվեց կռվի ու վեճի, երեխաները հարկի և անհարկի կռվում էին իրար հետ, հաճախ վնասում իրար:
Լուսինը շատ էր նախանձում Արևին.
– Մայրի՛կ, ինչո՞ւ են Արևի զգեստները փայլուն, ոսկեգույն, շողարձակող, իսկ իմ զգեստներն՝ արծաթափայլ, և մի կարգին չեն փայլում:
– Աղջի՛կս, դա այդպես է, որ շրջապատում տարբերեն և լավ ճանաչեն ձեզ:
Մայրիկի պատասխանը չէր հանգստացնում Լուսնին, նա ավելի էր չարանում: Մի անգամ, երբ Արևը տանից դուրս եկավ և գնաց զբոսանքի, Լուսինը պահարանից հանեց Արևի շողարձակող զգեստները, պատռեց, փչացրեց և մեկ-մեկ ջարդեց փայփլուն շողիկները: Նա անվրդով տեսք ընդունեց, երբ երեկոյան տուն վերադարձավ Արևը:
Արևը անմիջապես նկատեց փշրված շողիկներն ու պատռված զգեստները և հասկացավ, լուռ մոտեցավ մյուս պահարանին, բանալիով բացեց, հանեց շողացող մեծ մահակը.
– Դե՛, ստացի՛ր պատասխանը, անզգա՛մ,- ասաց ու այնպիսի ուժգնությամբ խփեց Լուսնին, որ համարյա երկու կես եղավ:
– Վա՜յ, վա՜յ, մայրի՛կ ջան,- հազիվ հասցրեց բղավել Լուսինը և ուշաթափ վայր ընկավ:
Այս անգամ էլ Արևն էր գոհ իր դաժան վարմունքից: Ծնողները շատ վշտացան, բազմաթիվ բժիշկներ բուժեցին Լուսնին, բայց ապարդյուն, ամսվա մեջ երբ մի փոքր մրսում էր, այնպես էր ցավից կուչ գալիս, որ դառնում էր կիսալուսին: Լուսինը այդ դեպքից հետո երբեք չներեց Արևին:
Հայրն ու մայրը մտահոգ էին։ Ուրանոսը որոշեց.
– Ես այնպես կանեմ, որ աղջիկներս չհանդիպեն իրար:
– Ինչպե՞ս,- զարմացավ մայրը՝ Գեան:
– Ես օրը կկիսեմ, կբաժանեմ ցերեկի և գիշերի:
Հայրը կանչեց աղջիկներին:
– Արև՛, դու դուրս կգաս ցերեկը երկնակամարում շրջելու, քո շողերով կարթնացնես բնությունը, կյանք կպարգևես մարդկանց, կենդանիներին, կծաղկեցնես բուսական աշխարհը: Դա կլինի քո աշխատանքը, կվերադառնաս գիշերը, այն ժամանակ, երբ Լուսինը տանը չի լինի:
– Լուսի՛ն, դու դուրս կգաս երկնակամարում շրջելու գիշերը, երբ բնությունը, մարդիկ քնած են: Քո արծաթափայլ լույսով կպարուրես աշխարհը: Տուն կվերադառնաս այն ժամանակ, երբ Արևը տանը չի լինի: Այսպես լուծվեց խնդիրը, քույրերը չէին հանդիպում, և կռիվ ու վեճ չէր լինում: Ծնողները շատ ուրախ էին, որ հարթվել էր նրանց վեճն ու կռիվը, նրանք արդեն հասունացել և տիեզերքում իրենց հաստատուն տեղը ունեին:
Մանկական գրքի շաբաթի համարը կազմեց Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ