ՆԱԽԱԱՊՐԻԼՅԱՆ ԴԺՎԱՐԻՆ ԽՈՀԵՐ / Զավեն Բեկյան

Ի՞նչ հուշապատկերներով են երկինք վերացել Ադանայից, Տարոնից, Ուրֆայից, Դեր Զորից` բռնազատված հոգիները, և Տիրոջ հրեշտակներն ինչպե՞ս են դիմավորել նրանց… Ահեղ Դատաստանի օրը երկնքի էկրան-պաստառը դիմանալո՞ւ է այդ տեսարանների դատական ցուցադրությանը…
ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանության սահմանումը` դրանով դատապարտելու համար, հետադարձ ուժ չունի, այսինքն՝ այնպես է արված, որ, օրինակի համար, հնդկացիների ոսկորների վրա բարձրացած, վճռորոշ ձայն ունեցող մի պետություն… չընկնի երբևէ այդ «հոդվածի» տակ և հետագայում էլ «հավատամ-չհավատամ» խաղա մեր ցեղասպանության աղաղակող փաստի հետ:
Մարդասպանը` մարդ սպանող մարդը, դեռևս գտնվում է մարդ կոչվելու տիրույթում. նա սպանել է սպանելու համար: Կա սպանության մի տեսակ` գազանության տիրույթում է: Չգիտեմ, աշխարհում կա՞ կտտանքների, դրանց գործիքների ու մեթոդների հանրագիտարան: Եթե լիներ` այնտեղ տեղ կգտներ ճիզվիտական բաժինը, ապա` թուրքականը… Կան արդարամիտներ, որ ասում են, թե ոչ բոլոր թուրքերն են սպանել: Հայ փրկողների հոգին… թող Աստված փրկի: Բայց` հարգելի իմ վիճակագրություն կոչվող գիտությունից հեռու բարեկամ, եթե հազարից երեքը հայ են փրկել, ոչ թե կոտորել, ես ի՞նչ եզրակացություն անեմ: Միայն Աստված կարող է այդպիսի հաշվարկ անել` Սոդոմ-Գոմորն ավերելու հարցում, թե քանի արդարի առկայության դեպքում կարելի է խնայել…
Համանման մի ուրիշ միֆ է շրջանառվում մեր օրերում: Ասում են` թուրք հասարակությունը չգիտի` ինչ է եղել… Ե՞րբ ենք ձերբազատվելու մեր ավանդական ազգային միամտությունից (մեր էպոսի հերոսների միամտությունը` մեզ դաս): Նրանց հետ մոտիկից շփվողներն ասում են` լա՜վ էլ գիտեն: Գիտեն, որ մենք ընդվզել, անկախանալ ենք ձգտել, ու եթե դա մեզ հաջողվեր` Թուրքիայից բան չէր մնալու: Գիտեն, որ կոտորել են, գիտեն` ինչի համար, ու բացահայտ ասում են, որ լավ են արել… Նույնիսկ ամենաարդարամիտ, ցեղասպանությունն ընդունող թուրք մի մտավորականի հետ եթե փոխհատուցման, հողային հարց քննարկես` արցունքները կփոխարկվեն կոկորդիլոսայինի: Բա ո՞նց, Բայկալ լճի մոտերքից, Ալթայից եկել` հրով-սրով, արյուն-քրտինքով, դարերով… վաթան են ստեղծել, որ քեզ քո հողից մի պատա՞ռ տան: Նրանք և իրենց կրտսեր եղբայր Ադրբեջանը մեզնից ձեռք չեն քաշի նույնիսկ այն դեպքում, երբ Արցախի հետ իրենց տանք նաև Զանգեզուրը: Հայտնի Օստապ Իբրահիմովիչի պես նրանք ամբողջն են ուզում…
Նրանք գիտեն` ինչ են ուզում և հարմար, խառը ժամանակների են սպասում (ինչպես` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ): Տեսեք` ինչպես է ակտիվանում Ադրբեջանը, հենց որ Ռուսաստանը խրվում է գլոբալ միջազգային թնջուկների մեջ:
Մենք գիտե՞նք՝ ինչ ենք ուզում: Մենք պիտի ազատվենք թշնամու ջրաղացին ջուր լցնող, երկիրը թուլացնողներից, պիտի հզորացնենք մեր փոքր երկիրը` այն հաշվով, որ պատմության մեջ սպասենք մեր ժամին. չես կարող ասել, թե մի հիսուն տարի հետո ինչ իրավիճակ կլինի այս տարածաշրջանում: Իսկ եթե պատմության մեջ նորից, Աստված չանի, ի վնաս մեզ լինի այդ իրավիճակը, գոնե կունենանք դիմակայող, հզոր մի նոր Մուսա լեռ-պետություն,- ու եթե վիճակված լինի կռվել՝ կկռվենք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։