ՎԱԼԵՆՏԻՆ ՌԱՍՊՈՒՏԻՆԻ ՀՈԳԻՆ ՓԽՐՈՒՆ ԷՐ, ՈԳԻՆ՝ ԵՐԿԱԹԵ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Z13_12_4

Վերջին անգամ նրա հետ հանդիպել եմ Կրեմլյան պալատում, 1991 թվականին: Մենք այն ժամանակ ԽՍՀՄ պատգամավորներ էինք: Այսօրվա պես հիշում եմ, որ նրան նվիրեցի իմ «Դիմակայություն» գիրքը Հայաստանի երկրաշարժի մասին: Վալենտինն իմ ներկայությամբ սկսեց թերթել ողբերգական լուսանկարներով պատկերազարդ գիրքը: Ժամանակ առ ժամանակ ուշադիր զննում էր լուսանկարները: Մի պահ խախտեց լռությունը և ցածրաձայն հարցրեց.
– Իսկ նրա, այն աղջկա նկարն այստեղ չկա՞:
Ես գիտեի՝ նա ում մասին է հարցնում, և պատասխանեցի.
– Ո՛չ, ցավոք սրտի:
– Մոռացել եմ նրա անունը: Անկեղծորեն ասեմ, հաճախ եմ հիշում նրան:
Ես ասացի, որ այդ անունը երբեք չեմ մոռանա, քանզի նրան էլ կոչում են ինչպես մորս՝ Գոհար:
Մեծ ընդմիջմանը մոտեցավ ինձ և խոստովանեց, որ «համագումարի դատարկ ջուրծեծոցի» մեկուկես ժամվա ընթացքում հասցրել է ծանոթանալ գրքին և ողջ ընթացքում հիշել է, թե ինչպես էինք ողջ երկրով, ողջ աշխարհով այն օրերին վերապրում Հայաստանի ողբերգությունը: Եվ հավելեց. «Ճիշտ է, անհարմար էի զգում, որ աշխարհով մեկ պատմել ես իմ մասին»:
Ես ցանկանում եմ իմ գրքից մեջբերել այն տողերը, որոնք նա կարդացել էր այն ժամանակ՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի նիստի ընթացքում. «Երկրաշարժի հաջորդ օրը Վալենտին Ռասպուտինն ինձ հեռագիր ուղարկեց… Մի քանի օր անց ռուս նշանավոր գրողից ստացա հազար ռուբլի և գրություն՝ «Այս փողը հանձնիր այնտեղ, որտեղ առավել անհրաժեշտ ես գտնում…»: Պետք էր միայն որոշել, թե կոնկրետ ում հանձնել: Մտածեցի, որ պետք է գտնել հիվանդանոցում պառկած մի երեխա, որի կերակրողը զոհվել է: Ես դեռևս չէի գտել երեխային, բայց արդեն գիտեի, որ Ռասպուտինը հիանալի գաղափար հուշեց. մեր գրողներին անհրաժեշտ է հիմնադրամ ստեղծել կերակրողից զրկված ընտանիքների երեխաների համար: Մանկական հիվանդանոց կատարած հերթական այցելության ժամանակ ծանոթացա 11-ամյա Գոհար Կարապետյանի հետ: Անդամահատել էին ոտքը: Ծնկից վերև: Հայրը՝ Արտյոմ Կարապետյանը (տանը նրան Ալիկ էին կոչում), իր հզոր մարմնով ծածկելով դստերը, ինքն էր զոհվել: Հիվանդասենյակում երեխայի կողքին մայրն էր՝ Օլյա Կարապետյանը… Նա ինձնից վերցրեց գումարը և խնդրեց ռուս գրողի հասցեն:
1989 թվականի սկզբին Գոհարիկին, վերջույթներից զրկված հարյուրավոր երեխաների հետ, հատուկ չվերթով ուղարկեցին ԱՄՆ՝ պրոթեզավորման: Երեք ամիս անց նրանց այցելեցի Լոս Անջելեսում: Բոլոր երեխաներն արդեն պրոթեզավորված էին: Նրանք ծիծաղում էին, ուրախանում, քրքջում: Նրանց մեջ էր նաև Գոհարիկ Կարապետյանը: Երբեք չեմ մոռանա այդ պահը: Զանգահարեցի Իրկուտսկ, Վալենտինին, առանց մտածելու, որ այնտեղ առավոտյան ժամը հինգն է, և ասացի, որ իմ կողքին է գտնվում Գոհարիկը, ով աշխույժ քայլում է երկու ոտքով: Լսափողը պատասխանում էր լռությամբ, որն, ինչպես ինձ էր թվում, բավական երկար ձգվեց: Գիտեի, որ նրա աչքերը խոնավացան: Նրա հոգին նուրբ էր, փխրուն և մաքուր, իսկ ոգին՝ հզոր, երկաթե:
…Միջազգային բնապահպանական կազմակերպության ստեղծման համար Բայկալում առաջին հանդիպման նախաձեռնողը Ռասպուտինն էր, ով նախօրեին (1986 թ.) հյուրընկալվել էր բնապահպանական թեմաներով գրող ճապոնացի գործընկերների մոտ: Այդ ժամանակ էլ առաջարկեց, որ Բայկալում հավաքվեն մի խումբ խորհրդային և ճապոնացի գրողներ ու հասարակական գործիչներ: Հավաքվեն ոչ միայն ծեծված խոսակցություն վարելու մեր մոլորակում խմելու ջրի աղետալի խնդրի մասին, այլ սկսեն գործուն և արդյունավետ աշխատել համամոլորակային մակարդակով: Առաջին միջազգային հանդիպումը տեղի ունեցավ Բայկալում, որտեղ պաշտոնապես ստեղծվեց «Բայկալյան շարժումը»: Նախքան ԽՍՀՄ փլուզումը հասցրեցինք կազմակերպել ևս չորս հանդիպում քաղցրահամ լճերի տերերի մոտ՝ Արալում, Սևանում, Բիվեում (Ճապոնիա) և Խուբսուգուլում (Մոնղոլիա): Արդեն պայմանավորվածություն կար հյուսիսամերիկյան և կանադական գործընկերների հետ Մեծ լճերի (Վերին, Հուրոն, Միչիգան, Օնտարիո) ափերին հանդիպումների մասին: Ավաղ, ամեն ինչ ձախողվեց ԽՍՀՄ փլուզման հետ կապված: Եվ այդ ժամանակից ի վեր խնդիրը սրվեց աղետալի աստիճանի:
Սևանի հանդիպման ժամանակ գրողների և գիտնականների մեծ խումբն այցելեց աղետի գոտի (Լենինական, Սպիտակ, Ստեփանավան, Կիրովական), նաև ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Երբեք չեմ մոռանա ցավի արտահայտությունը Վալենտինի դեմքին:
Նա խենթանում էր իր Ռուսաստանի համար: «Լիտերատուրնայա գազետա» թերթում կարդալով իմ հոդվածն այն մասին, որ տարեցտարի կորցնելով մեր գյուղերը, կորցնում ենք նաև հայկական փիլիսոփայության ու ազգային հեռանկարի էությունը, զանգահարեց ինձ և ասաց. «Ես քո հոդվածը կվերնագրեի շեքսպիրյան հարցով՝ «Լինե՞լ, թե՞ չլինել»»:
Հիշեցնեմ և այն, որ տեղեկանալով որպես բողոքի նշան Գորբաչովի կողմից ԼՂԻՄ-ի ըստ էության վերացման դեմ մեր քաղաքական հացադուլի մասին, Վալենտինը հեղինակավոր գրական գործիչների խմբի հետ հանդես եկավ «Լիտերատուրնայա գազետա»-ում՝ արտահայտելով իր համերաշխությունը:
Նա շատ էր սիրում Սիլվա Կապուտիկյանի պոեզիան: Տեղեկանալով մեծ բանաստեղծուհու մահվան մասին՝ Ռասպուտինը զանգահարեց ինձ և ցավակցություն հայտնեց: Մենք այն ժամանակ «Կիլիկիա» առագաստանավում էինք: Ասացի, որ նախորդ օրը անձնակազմի անունից մեր վշտի խոսքն եմ ուղարկել, նյութը վերնագրելով «Նա գնաց, որպեսզի մնա»: Վալենտինին դուր եկավ այդ վերնագիրը: Ավա՜ղ, այսօր գնաց նաև ինքը՝ մեծերից մեկը: Եվ նույնպես գնաց, որպեսզի մնա մեր սրտերում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։