Հայերենի «կարոտ» բառի ընդգրկումները լայն են այլոց կարոտն արտահայտող հնչյունախմբերից: «Կարոտի գրականությունը» հատկապես հայ մշակութաբանական եզրույթ է: Այդ գրականության ակունքները, թերևս, պետք է փնտրել դեռևս միջնադարյան հայ պանդխտության երգերում, սակայն դրա գրականագիտական ձևակերպումը տրվեց 20-րդ դարում, իսկ վերջինիս նմուշներ համարվեցին դարասկզբի հայոց նախճիրից հետո ստեղծված գրական երկերը, որոնցում կորուսյալ հայրենիքի ցավն էր, կարոտը՝ վաղեմի կյանքի, և որոնցում առանձին գուրգուրանքով մտովի վերաստեղծվում էր կորսվածը: Կարծիք կա, որ այդ գրականության ժամանակն իրեն սպառել է, և որ այն այլևս չի համապատասխանում նոր ժամանակների թե՛ գեղագիտական և թե՛ գաղափարական պահանջներին: Սակայն քանի տրոփում է հայի արյան հիշողությունը, քանի կարմիր գնդիկների հետ ժառանգվում է ցավի զգացողությունը, կորստի հետ անհաշտությունը, ետվերադարձի հավատը և պահանջատեր լինելու անկասելի վճիռը, կստեղծվեն կարոտի կանչի արձագանքով թաթախված տողեր: Այդպիսի տողերը գերակշում են նաև արձակագիր, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանի ստեղծագործություններում, մասնավորապես «Խնկաբույր աղոթքներ» բանաստեղծությունների գրքում:
Բայց մինչ այս գրքում զետեղված գործերին անդրադառնալը՝ պետք է հիշատակել Ռ. Սահակյանի ստեղծագործության, իմ կարծիքով, «թագը» հանդիսացող «Էրգիրս տեսա հորս աչքերով» վեպ-հուշագրությունը, որում գեղանկարչի վրձնի հանգույն հարուստ բառապնակով, բազում գունախաղերով տրված են կարոտի բոլոր երանգախաղերը՝ ափսոսանքից մինչև կորստի ցավը: Երբ ձեռքս առա այդ գիրքը, մի քանի էջ թերթելուց հետո սկսեցի մատիտով ընդգծումներ անել բազում հատվածներում՝ յուրահատուկ նկարագրություններ՝ աչքերի միջոցով հոգու մաղով անցկացված, բառահայտնություններով լեցուն: Ասես հայերենի բառապաշարը չէր բավարարում հեղինակին՝ հաղորդելու ապրումների այն ամբողջ աշխարհը, որ կրում էր իր կորուսյալ երկիրն այցելելիս: Ահա այդ ապրումները, որ վեպ-հուշագրությունում են իրենց արձանագրությունը գտել, փոխադրվել են չափածո տողերով «Խնկաբույր աղոթքներում»: Կարոտի, ափսոսանքի, սիրո կանչերի, տեղ-տեղ օրորոցայինների երգեցողության հնչերանգներով, պատանության ջինջ երազների կանչերով, վերընձյուղման հավատով՝ դրանք նկուն տրամադրություններ չեն հաղորդում. լուսե՛ղ են, ո՛չ անկումային տրամադրությամբ: Կարոտը բանաստեղծի համար այն ոգեղեն բնակարանն է, որում ապագա արարումներին նախորդող աղոթքներ են հնչում:
Իր «ոսկեման» երգերի մի փունջ ամփոփված է վաղեմի սերերի, մանկության հուշերի, մայրության առաջ իր բառեղեն ծնրադրումներով հյուսված բաժնում: Նրանում «ծիածանվող շշուկներ» կան, այնտեղ սիրո պատկերների «անձրևաշաղ է», բանաստեղծական պատկերների «ծաղկաքաղ» է:
Ու քանի որ գիրքը սկսվում է թվածս բառահյուսքերով կառուցված երկու քառատողով, մեջբերենք դրանք՝ վերջիններիս հաղորդած կարոտները վերապրելու, բանաստեղծական տողի ծնունդով և բառահայտնության հրաշքով հիանալու համար: Նրանցում շունչը «բուրվառ է գոցված», շշուկները «ծիածանածամ են», արփին «շվարել է» մոր աչքերում, և հուշը քնած է «աստեղադարձի մակույկներում».
Այնքան մոտիկից շունչդ զգացի՝ բուրվառ էր գոցված, //Ծիածանածամ շշուկը շուրթիդ տիրամոր տաղ էր,//Սիրո պատկերը քո աչքերով էր իմ առջև բացված,//Ամպը հրեղեն իր ձին էր թամբել՝ անձրևաշաղ էր://Դեռ քնած էին աստեղադարձի մակույկներն անգին,//Հեռվից ինձ կանչող մանկության լույսը տխուր ու պաղ էր, //Ինձ ո՞ւր էր տանում մորս աչքերում շվարած արփին,//Ես չգիտեի՝ մեր հին ձորափում ի՞նչ ծաղկաքաղ էր…
Վաղեմի սիրո առասպելներ է հյուսում հեղինակը. սար ելնող և իջնող աղջկա ու պատանու մասին տողերը՝ անպաճույճ ու պարզ, միամիտ, անեղծ մի աշխարհ են մեզ տեղափոխում: «Գիշերվա աչքերին լույս տանող» մատղաշ զույգի հետ բարձրանում ենք դեպի «լեռան խաչերը», «աչքերում հրեշտակ աղջկա աստղուն լանջերից» սահող տաղեր ենք կարդում.
…Երբ հասանք լեռան խաչերին,//Մեզ թվաց՝ վերևում ահ չկա,//Ի՜նչ տաղ էր աստղուն լանջերին՝//Աչքերում հրեշտակ աղջկա…
Աղոթք թե խաչակնքում լինի, սիրո ու ծաղկումի բույրերով են լեցուն: Հոգու ներսում մանուշակներ կան, աչքերը «ծրարված են» երազներով (սա ևս մի սիրուն բանաստեղծական պատկեր է), իր հոգում ծածկագրեր չկան, աղոթքն ու խաչակնքումը հնչում են իմովսանների պես.
Խաչակնքումի արարի պահին//Ծաղկիր քո ներսի մանուշակներով,//Խորանաշշուկ արարի առջև//Երազածրար աչքերդ փակիր,//Տես՝ ո՞ւմ հառաչն է քո սրտում խաչվել,//Հոգիդ ինչո՞ւ է դարձել ծածկագիր,//Ո՞վ է քրոջ պես քեզ հեռվից կանչել.//Աղոթի՜ր նրան՝ աչքերդ փակիր:
Բնության, պտղահասի կենդանի պատկե՞ր է, թե՞ սիրո օրհներգություն. չէ՛, երկուսը միասին, միախառն: Մեջբերում անեմ նրա այլ մի քերթվածքից, որ տաղ է՝ երգի վերածվելու արժանի. ու նաև հիացման ծնրադրում է՝ բնության հասունության այն պահին, երբ ծառերը «ծոցվոր են ու ամոթխած», իսկ բանաստեղծի «երակներում գինու ծփուն կարոտն» է ելել: Գինու պես ծփուն պոետական հիացումն է այս տողերում.
…Ի՜նչ արար է բացել աշունն ավետաբեր՝//Խումար օրվա հյուսքը թելիկ-մելիկ նարոտ,//Վազն է արբունքահոտ՝ խանդոտ ու անհամբեր,//Նրա երակներում գինու ծփուն կարոտ,//Ինքը՝ սեր ու սարսուռ, շուրթին՝ շոգ ու շանթեր:
Գեղագետն է նկարագրել բնության պատկերին ներդաշնակ, նրան ներհյուսված աղջկան. պարզ, անեղծ պատկեր, անթաքույց հիացում, շոշափելի այնքա՜ն ու նույնքան՝ տեսանելի. «Շաղերի հետ ծիրանի // Անէանում է մեկեն // Ու վայրենի վեհությամբ // Արձակում է գոտին, // Եվ կապկապած թելերի // Թալիսմաններն ազատ // Կույս խայտանք են արձակում, // Որ բերկրանք է ու մրրիկ, // Այրող բոց է ու հրդեհ…»։
Աղոթքների պես են հնչում բազմաթիվ բանաստեղծական տողեր, հավատով են գրված և ներքին լույս են կրում իրենցում. «Մթնած օրը լուսեդարձով վաղը կգա»,- հավատում է և հավաստիացնում բանաստեղծը: Նույն լույսով ողողուն ափսոսանքներ կան՝ բնության պատկերների լեզվով նկարագրեր՝ վաղեմի սիրո հուշերում, որ հեքիաթի հանգույն են հյուսված.
Նույն ծառերն են էլի, երկինք նետված,//Նույն ջրերն են էլի անվերջ հոսում, //Իմ ստվերն է հնից մի քիչ բեկված՝//Ու քեզ հետ եմ հիմա՝ լուռ եմ խոսում…
Կարոտի «խասբուռ» (սա էլ Ռ. Սահակյանի բազմաթիվ նորաբանություններից մեկն է) թախիծների մի այլ արտահայտություն ևս. «…Եվ այս պահին նմանվում ես նրանց, // Ովքեր հույսի դեղնած շրշյուններով // Սեր են հայցում աշնան այգիներում…»:
Իր մանկության, ծննդի պատկերը քնարական մի գունեղ պատկերով է տվել.//Երբ արևը քեզ նամակ էր գրում,//Բացվել էր սիրո կապույտ առավոտ,//Ծննդյան օր է, բայց քո աչքերում/Մաշված թախիծ կար ու ծաղկած օրոր:
Բնության պատկերներում քնքշանում, նույնանում է իր գծած պատկերների հետ. դրանք, ասես, նույն սիրո խոստովանություններն են. խոսում է բնության հետ՝ ասես սիրելի կնոջը սիրո խոստովանություն շշնջա: Ահա մի սիրուն պատկեր-մեղեդի.
Դուք ինձ ներե՜ք, ներե՜ք, լուռ ծաղիկներ դաշտի,//Ձեր ծնրադիր վերջին՝ հուղարկավոր չեղա,//Այնտեղ ձյուն է հիմա ու քամին է վշտի,//Ես ուշացած, շատ ո՜ւշ, շշնջում եմ՝ մեղա՜://Ձեզ չհիշեց ոչ ոք, ոչ ոք չեկավ մոտիկ,//Թող ձեր երազներին աշնան անձրև տեղա,//Ինչ-որ մեկն էլ հիմա, գիտեմ, ինձնից բացի,//Ափսոսում է անդարձ և շշնջում՝ մեղա՜:
Հուշերը միայն կարոտ ու ափսոսանք չեն բերում, այլ նաև հրճվանքներ.
«Եվ հրճվանքն է բուրվառում չորս դին…»,- կարդում ենք «Խնկաբույր աղոթքներում»: Աղոթք ու հաղորդություն՝ էլի բնության նկարներով պատկերազարդված լուսապատկերներ են.
Հաղորդության առավոտին հոգեհմա,//Սոսեհասակ սրինգներին անտառների,//Ամպերն ի վար մթնշաղին ձյունածամիկ,//Մանուշակե ոսկե զնգուն վտառներին…:
Ռաֆայել Սահակյանի բնանկարները մարդու շնչառության են նման, իսկ մարդկային հարաբերությունները բնության շարժով ու գույնով են նկարագրված, և այդ ներդաշնակությունն ամենուր է այս գրքում:
Օրհնանքներ կան անգամ տեղացող ձյան մեջ.//«…Սուրբ նամականին՝ աստղոտ ամպերի//Մի ամբողջ տարվա ասելիք ուներ,//Բայց թե ծրարում այն վերևների//Օրհնանքի ծոցով մի պատառ ձյուն էր…»:
Բնության օրհներգ-բանաստեղծական պատկերները բնականորեն տանում են դեպի իր հայրենակարոտ երգերը. «Ես ո՞ւր հեռանամ, // Երբ այս կապույտը սարերի վրա // Իմ օրորոցի ծածկոցն է եղել»: Հայրենակարոտության անուղղակի տող-կանչեր են նաև բնապատկերները. «Ծառերը օրոր են ասում, // Գարունն է հանդերից գալիս, // Անտառը հեքիաթ է լսում, // Բնավեր մի լոր է լալիս»:
Իր պատրանքներն իր ծնողների պատկերին հյուսված հայրենի եզերքի հետ են կապված.
Հորս պատկերով մեր ձորն է ծաղկել,//Աստվածություն կար այդ բարիլույսին,//Մայրս երկնքից օրհնանք էր բերել//Հրեշտակների ճերմակ ուսերին…:
Իր մանկության «վտարանդի կապույտ օրերի» պատումները սահունորեն տանում հասցնում են դեպի պապերի էրգիր, դեպի Ծովասար, դեպի կորուստների բերած ցավերի անամոք ակունքներ: Այն, ինչ հանդիպել է ընթերցողին նրա վեպ-հուշագրությունում, իր չափածո արտահայտությունն է ստանում «Ծովասարից ծուխ էր բարձրանում» բանաստեղծությունների շարքում: Հայրերի երկիր այցը ցավ, հպարտություն, վերադարձի հույս, կոչ ու կանչ է. ճամփին ամեն հանգրվան, ամեն մի մասունք բանաստեղծական նկարագիր է ստանում, իր արձանագրությունը՝ գրողի հոգեաշխարհի արձագանքներով: Սրանք զուտ նկարագրություններ չեն՝ տվայտանքներ են. Առաքելոց վանքում, Նեմրութի գագաթին, Անդոկ սարի փեշերին, Բայազետում, Էրզրումում, Կարսում, այլուր իր պապերի ու հայրերի կարոտն ու ցավը կրող անհատն է, հայը, որ անհաշտ է ու հավատով լեցուն, որ վերադարձի ճանապարհները բացվելու են… Այս երգերը նաև ծնրադրումներ են, խոնարհումներ՝ սուրբ հիշատակների առաջ՝ դարձյալ բնության պատկերներով լեցուն.
Սարիղամիշում ծառերը մեզ հետ վանկարկում էին,//Ամպերն էլ վերից հնաբույր հևքով խնկարկում էին,//Անտառի ճերմակ տիրամայրերը ո՞ւր էին ճախրել,//Մամռոտ ստվերից փշերը քինոտ ծիկրակում էին:
Գիրքը վերջակետվում է Գևորգ Չավուշին նվիրված պոեմ-հերոսապատումով, որ հայրենիքին անձնվիրության դաս է այսօրվա սերունդներին։ Բազմանշանակ է հնչում այդ պոեմի ավարտին հնչող հարցադրումը, որ հռետորական է ու արձագանքում է այդ կարոտը կրող ցանկացած հայի սրտում, ով ունի արյան հիշողություն և իր արմատների զգացողություն.
Սասնա ծռերի կեծակն ո՞ւր գնաց,//Արծիվներ թռա՞ն Անդոկա սարից,//Մըր խաս փեթակի մեղրն ո՞ւր մնա՜ց,//Մհե՛ր, դո՛ւրս արի Ագռավու քարից: