ԲԱՐԵ՛Վ, ՁԿՆԱՎԻՇԱՊ / Սաթենիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Ձկնավիշապը, որն ապրում էր ջրերի խորքում, երազում էր մարդու հետ ընկերության մասին։ Նա այնքան հզոր էր, որ ջրերում ապրող բոլոր կենդանի օրգանիզմները փորձում էին նրա հետ ընկերություն անել։ Չէին մերժում նրա ոչ մի խնդրանքը։ Գեղեցիկ իշխանաձուկն անգամ կողքից չէր հեռանում։ Սակայն Ձկնավիշապը տխուր էր։ Նա ամպրոպի ժամանակ դուրս էր գալիս ջրի մակերևույթ և զգույշ հետևում աղջկան, որն ապրում էր Գեղամա լճի ափին։ Լճի ափին ապրող աղջիկը տարօրինակ սովորույթ ուներ՝ սիրում էր կանգնել անձրևի տակ, լսել ալիքների շառաչը և մթության մեջ որոնել այն անտեսանելի ոգուն, որի մասին պատմել էր իր տատիկը։ Տատիկը միշտ պատմում էր, որ ամեն մարդ մի յուրահատուկ, խորհրդավոր ընկեր ունի, որին գտնելու համար պետք է լսել ու զգալ շրջապատում ամեն ինչ։ Եվ ահա նա փնտրում էր, լսում ջրի ու անձրևի ձայները, քամու ու ամպրոպի կախարդանքի ուժը և ամեն օր սպասում՝ զգալով լռությունը։

Ձկնավիշապը, որի ուժը անմարդկային էր, հույս ուներ, որ մի օր կկարողանա ընկերանալ աղջկա հետ։ Եվ ամեն անգամ, երբ երկինքն ու երկիրը միմյանց էին միանում ամպրոպով, ու երկնքից անձրև էր թափվում, նա, պարուրված մութ ջրերով, մոտենում էր ափին ու նայում աղջկան։

Եվ ահա մի անգամ Ձկնավիշապը որոշեց, որ գեղեցիկ չի լինի, եթե ինքը գնա աղջկան տեսության այդպես, առանց հագնվելու։ Նա նկատել էր, որ մարդիկ ինչ-որ բաներ են իրենց վրա կրում, որը մաշկ չէ և ոչ էլ՝ թեփուկ։ Մտածեց, մտածեց և թռավ քաղաք։ Իհարկե, նա խորհրդակցեց նաև լճի ամենածեր իշխան ձկան հետ, որը թեև երբեք չէր փորձել, բայց ինքն էլ էր տեսել այդ և նույնիսկ գիտեր՝ որտեղ են այդ իրերը։ Ինչքան չլինի, իշխան ձուկը ավելի մոտ էր տեսել ձկնորսներին և երբեմն էլ լսել էր նրանց զրույցները։

Եվ այսպես, մեր Ձկնավիշապը թևերը քշտեց, ավելի ճիշտ, տարածեց և թռավ քաղաք։ Մի քանի վայրկյան անց արդեն գեղեցիկ ցուցափեղկերով կոշիկի սրահում էր։ Վաճառողները սարսափից քարացել էին։

– Դե, այդքան էլ մի վախեցեք։ Ես կարծում եմ, որ այնքան էլ սարսափելի չեմ։ Չէ՞ որ ձեզանից հարյուր անգամ փոքր ձկնիկներն ինձանից չեն վախենում, որովհետև գիտեն, որ ես ձուկ չեմ ուտում, նաև գիտեն, որ ես սնվում եմ ջրային բույսերով,- հենց այնպես, ասես խոսում էր ինքն իր հետ՝ ժպտալով ասաց Ձկնավիշապը։

Այդ լսելով վաճառողներն ուշքի եկան և փսփսացին․

– Ավելի լավ է առաջարկենք և իրեն տանք՝ ինչ ուզում է, և որքան արագ, այնքան շուտ կհեռանա այստեղից այս հրեշը։

– Է՜յ, է՜յ, ես լսում եմ, իմացե՛ք, որ ես շատ կրթված Ձկնավիշապ եմ և սովորել եմ Տիեզերական համալսարանում։

– Լա՛վ, լա՛վ։

Վաճառողներն արագ-արագ, նայելով վիշապի թաթերին, բերեցին և նրա դիմաց շարեցին իրենց խանութի ամենամեծ համարի բոլոր կոշիկները։

Ձկնավիշապն ուրախացած փորձեց թաթը մտցնել կոշիկի մեջ, ապա մյուսը, ապա մյուսը, և սակայն՝ ապարդյուն։

Այնպես եղավ, որ ոչ մի զույգը նրա թաթերով չէր։ Քիչ էր մնում բարկացած մռնչար, երբ մի վախեցած հաճախորդ բացատրեց․

– Ես կարո՞ղ եմ ձեզ օգնել, չէ՞ որ դուք յուրահատուկ ոտքեր, չէ՛, թաթեր ունեք, որոնց համար հարկավոր է յուրահատուկ մոտեցում, միայն խնդրում եմ, դուք պետք է հետևեք ինձ։

– Ինչո՞ւ։ Բայց միևնույն է, համաձայն եմ, չէ՞ որ ես չափազանց կիրթ եմ մռնչալու համար,- ասաց վիշապն ու հետևեց հաճախորդին։

Ձկնավիշապն այդ մարդու ետևից գնաց նրա տուն։ Պարզվեց՝ նա արհեստավոր է՝ կոշկակար։ Երկար տանջվելուց հետո նա վերցրեց վիշապի հսկա թաթերի չափսերը և ասաց․

– Երկու շաբաթ հետո պատրաստ կլինեն։

Ձկնավիշապը չէր ուզում այդքան սպասել, սակայն հնար չուներ։ Նույն հերթականությամբ նա եղավ և՛ հագուստի խանութում, և՛ դերձակի տանը։ Նա ևս չափսերը վերցրեց և առաջարկեց սպասել։

Թեև դժվար էր, բայց Ձկնավիշապը սպասեց։ Երբ ժամանակը լրացավ, նա թևի տակ դրեց ամենահամեղ ծովաբույսերից և գնաց քաղաք։

Երեկոյան վերադարձավ գեղեցիկ կոշիկներ և հրաշալի կարված կոստյում հագած։ Նա երջանիկ էր։ Երբ լուսինը դուրս եկավ, և լճի ալիքները շողշողում էին լուսնացոլքից, նա մոտեցավ ափին, ուր տխուր նստած էր գեղեցիկ աղջիկը, և ասաց․

– Բարև։

Աղջիկը չվախեցավ։ Նա լսել էր լճում ապրող Ձկնավիշապի մասին և երազում էր տեսնել նրան։ Եվ երբ իր դիմաց ջրից դուրս եկած հսկան ասաց՝ «Բարև», ինքն էլ ժպտալով ու սիրով պատասխանեց։ Չէ՞ որ բարևը մտերմացնում է բոլորին։

– Բարև, Ձկնավիշապ։