ՆԱՐԵԿԻ  ԱՐՁԱԿՈՒՐԴԸ / Ալվարդ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արձակուրդ է, չունեմ դասեր,

Փոխարենը՝ ուրիշ հոգսեր,

Պտտվում եմ ես հոլի պես

Առավոտը բացվելուն պես:

Չեն թողնում ինձ՝ մնամ անգործ.

Ուղարկում  են բանջարանոց,

Թե՝ թարմ համեմ բե՜ր, տո՜ւր տատին,

Որ սպասի մեջ կտրատի:

Պապը լավ չի տեսնում մեխը

Ու չի խփում իր ճիշտ տեղը,

– Նարե՜կ, արի՜,- կանչում են ինձ,-

Ժամացույցը կախենք պատից:

Չարաճճի եղբայրս էլ, տես,

Հեծանիվն է նորից կոտրել:

– Նարե՜կ, հասի՜ր, շուտ նորոգիր,

Քույրիկիդ  տա՜ր զբոսայգի:

Բակը ջրի՜ր, գնա՜ հացի,

Դուռն են թակում, արագ բացի՜ր,

Գնա՜, շանն ու կատվին տո՜ւր կեր,

Այս բե՛ր, այն տա՛ր, այն տա՛ր, այս բե՜ր:

Մեկն ու մեկը  ձեռք չի գցի,

Ոչ  էլ  մեկի մտքով  կանցնի,

Ասի՝ Նարե՜կ, արձակուրդ է.

Մի քիչ էլ դու հանգստացիր: