Հոգեվիճակս ոչ թե ցավակցություն հայտնողի է, այլ ակնկալողի

Լևոն-Անանյան-3
Լուսանկարն արվել է Երևանի քաղաքային պանթեոնում 17.01.2012-ին` Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 135-ամյակի օրը կայացած հիշատակի երթի ժամանակ

Որքան էլ անհավատալի է, այսօր արդեն մեզ հետ չէ Լևոն Անանյանը: Եվ ես, երևի թե, պարզապես պիտի գրեի այսօրինակ դեպքերի համար վաղուց ի վեր հորինված, կարծրատիպային ճշգրտության հասցված մի տեքստ. <<Ցավակցում եմ հայ գրական աշխարհին, Լևոն Անանյանի մերձավորներին, ընտանիքի անդամներին` անդառնալի կորստյան կապակցությամբ>>: Բայց անկեղծ ասած` հոգեվիճակս ոչ թե ցավակցություն հայտնողի է, այլ ակնկալողի:

Տարիներ ի վեր իմ ունեցած շփումներն այս եռանդուն մարդու հետ միշտ ուժ են տվել ինձ չհուսահատվելու, չհրաժարվելու պայքարից, հավատալու, որ կարելի է ելք գտնել անգամ ամենաանելանելի թվացող իրավիճակներից: Չգիտեմ` ճիշտ պա՞հն է, պատշա՞ճ է, բայց չեմ կարող չխոսել այն կարևոր ծրագրից, որ սկսել էր Լևոն Անանյանը` Դերենիկ Դեմիրճյանի խոշտանգված շիրիմը բարեկարգելու, ի հիշատակ դասականի` նոր տապանաքար կանգնեցնելու ուղղությամբ:

Ես, որ անհաշիվ անգամներ ստիպված եմ եղել շփվել Դերենիկ Դեմիրճյանի հիշատակով իբրև թե մտահոգ մարդկանց հետ, լսել նրանց շռայլ խոստումները, հավատալ դրանց, ապա ապրել հիասթափություն, Լևոն Անանյանի ձեռնարկած քայլին ևս թերահավատորեն էի վերաբերվում: Թերահավատությունս, իհարկե, նրա անձին չէր առնչվում, այն ուներ այլ հասցեատերեր: Հասկանալով իմ պատճառաբանված մտահոգությունը` այդ բազմազբաղ մարդը, ի զարմանս ինձ, չէր զլանում յուրաքանչյուր մեծ կամ փոքր տեղաշարժից հետո զանգահարել ու, լրջությանը խառնած իրեն բնորոշ սարկազմը, հայտնել գործին առնչվող բոլոր մանրամասնությունները: Վերջին անգամ խոսեցինք մոտ քսան-քսանհինգ օր առաջ, ու երբ ես կրկին <<տառապանքս փորձ ունի>> ենթատեքստով արձագանքեցի իր հավաստիացումներին, ասաց. <<Օրացույցումդ հոծ գծով նշիր սեպտեմբերի 13-ը: Այդ օրը գնում ենք տապանաքարը տեսնելու: Դու ինձ լավ չես ճանաչում. եթե մի բան մտքիս դնում եմ, անպայման անում եմ: Էդ մարդիկ կամ պիտի իրենց խոսքի տերը լինեն, կամ էս երկրից պիտի արտագաղթեն: Ինձնից ազատվելու ուրիշ ճար չունեն>>: Անկեղծ ասած` միշտ հավատացել եմ այդ մարդուն ու երբեք չեմ զղջացել դրա համար: Այնինչ հիմա` սեպտեմբերի 13-ից հաշված օրեր առաջ, ոչ թե ՀԳՄ նախագահի հետ պիտի գնամ հայ դասականի նոր տապանաքարը տեսնելու, այլ վերջին հրաժեշտը պիտի տամ նրան` շատ սիրելի, շատ սրտացավ, շատ գործունյա այդ մարդուն, որի մահը նույնքան անհավանական է, որքան որ ծանր է ու ցավալի:

Թող խաղաղվի այդ անհանգիստ հայի հոգին երկնային տիրույթներում, քանզի երկրայինում նրա հոգու խաղաղության միակ նախապայմանը, ցավոք, այս չարաբաստիկ մահն էր:

 Կարինե Ռաֆայելյան

 Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։