ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹԱՄԲ / Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մանկագրությունը գրականության այն ժանրն է, որը շատ կարևոր առաքելություն ունի և առանձնանում է որոշակի բաղադրիչներով՝ ամենակրտսեր տարիքից մանուկներին տեղեկություններ և գիտելիքներ հաղորդել շրջապատող աշխարհի, բնության երևույթների, բարոյական արժեքների, բարու և չարի, գեղեցիկի զգացողության, լեզվական կարողությունների զարգացման, հասարակության մեջ պատշաճ վարվեցողության կանոնների, հայրենաճանաչության և այլ կարևոր իրողությունների մասին։ Դրանք երեխայի հոգում սերմանվող այն առաջին հունդերն են, որոնք աճելով նպաստում են ապագա հասուն մարդու և քաղաքացու արժեհամակարգի ձևավորմանը։

Ահա այսպիսի շնորհակալ աշխատանք է կատարում արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը։ Միայն նրա հեղինակած մանկական գրքերի վերնագրերի թվարկումը բավական է՝ լիարժեք պատկերացում կազմելու համար այս ուղղությամբ նրա կատարած հսկայական աշխատանքի մասին. «Հետաքրքրասերի գրադարան. իսկ գիտե՞ք որ…» (2002), «Զարմանահրաշ բնություն» (2003), «Ինչպես դառնալ կատարյալ» (2002), «Զրույցներ էթիկայի և էթիկետի մասին» (2003), «Մանկական հանրագիտարան. ճանաչենք և սիրենք կենդանիներին» (2005), «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին» (2007), «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» (2008, 2010), «Հայոց աշխարհի առասպելները» (2014), «Գրեթե իրական հեքիաթ դաշտամկան մասին» (2015). գրքեր, որոնք իրենց տեղեկատվական, դաստիարակչական, գեղագիտական, լեզվական և այլ առավելությունների շնորհիվ արժանի են գնահատանքի։

Կրթության ոլորտի երկարամյա աշխատող Սիլվա Աչոյանի վերլուծության մի հատվածը ավելի քան խոսուն ձևով է գնահատում գրող-հրապարակագրի աշխատանքը. «…Կրթական գործընթացում նպատակային օգտագործել և օգտագործում եմ Սեյրանուհի Գեղամյանի հեղինակած «Ինչպես դառնալ կատարյալ», «Մանկական հանրագիտարան», «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին» և այլ գրքեր։ Դպրոցական դաստիարակության համար այս գրքերը պարզապես անգնահատելի են… Սակայն մի առանձին կարևորություն ունի նրա «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գիրքը։ Ես՝ իբրև ընթերցող, այս գրքին մոտենում եմ հոգևոր ուժ ստանալու, մտավոր պաշար վերցնելու ակնկալությամբ։ Այն խորապես շոյում է մեր ազգային հպարտությունը և տալիս է Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու վսեմ գիտակցությունը…»։ Այսպիսի գնահատականները բազմաթիվ են և խոսում են նման գրականության մեծ անհրաժեշտության մասին։

Բոլորովին վերջերս փոքրիկ ընթերցողներին Սեյրանուհի Գեղամյանն ուրախացրեց իր նոր՝ «Գրեթե իրական հեքիաթներ» շատ հետաքրքիր և գեղեցիկ ձևավորված գրքով: Հեքիաթին միահյուսված պարզ և անմիջական զրույցի ժանրում գեղեցիկ, պատկերավոր հայերենով շարադրած ստեղծագործություններով («Սևուկը», «Դաշտամուկը», «Մայրիկին վերագտած խատուտիկները» և այլն) հեղինակը իր ընթերցողներին պատգամում է սիրել բնությունը, ուշադիր և հոգատար լինել ոչ միայն մարդկանց, այլև մեզ շրջապատող կենդանիների, բույսերի հանդեպ:

Ուշագրավ է, որ ժողովածուում հրապարակված ստեղծագործությունների զգալի մասը նկարազարդել են հեքիաթ-զրույցները ընթերցած 10-14 տարեկան երեխաները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության մանրանկարչության կենտրոնի սաները: Սա, անշուշտ, մեծ գնահատանք և երջանկություն է մանկագրի համար:

Փոքրիկ ընթերցողներին մարդկային բարձր արժեքներ՝ ազնվություն, բարություն, աշխատասիրություն, մեծահոգություն սերմանող այս ժողովածուն հաճելի նվեր է մեր մանուկներին և, անշուշտ, կատարելու է իր բարձր առաքելությունը:

 

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բան. գիտ. թեկնածու

Գրեք մեկնաբանություն