ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

Լևոն-Անանյան(հարցազրույց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի հետ)
Գ.Թ. – Օտարագիր հայ գրողների հերթական` 5-րդ համաժողովը ի՞նչ էական տարբերություններ և առանձնահատկու­թյուններ ունի նախորդներից:
Լևոն ԱՆԱՆՅԱՆ – Հայտնի է, որ օտարագիրների առաջին համաժողովը տեղի ունեցավ 2005 թ., մի ժամանակ, երբ Հայրենիք-Սփյուռք գրական կապերի պատասխանատվությունը սփյուռքահայերի հետ մշակութային կապի կոմիտեի և ՀՀ Սփյուռքի նախարարության չգոյության պայմաններում ստանձնել էր Գրողների միությունը: Դեռևս 2002 թ. հենց մեր Միու­թյան նախաձեռնությամբ էլ մեկնարկեց Գրողների համահայկական համաժողովների ավանդույթը: Անցած տարիներին մեզ հաջողվեց հիմնավորապես լուծել մեր առջև դրված հիմնախնդիրը` հաշվառել, միավորել և հայ գրական ընդհանուր դաշտ բերել աշխարհասփյուռ համայնքների հայագիր ու օտարագիր գրական ուժերը: Այս ընթացքում բազմաթիվ բացահայտումներ արվեցին, որոնցից մեկն այն իրողությունն է, որ օտարագիր հայ գրողները, գրեթե անխտիր, անկախ բնակության վայրից և լեզվից, իրենց գրականության առանցքում պահում են Հայոց ցեղասպանությունը, Մայր հայրենիքը և հայ մարդուն:
Միայն այն հանգամանքը, որ նրանք այցելում են Հայաստան (շատերն առաջին անգամ), ծանոթանում նախնիների երկրին ու նրա մշակույթին, շփվում գրչընկերների հետ,- արդեն ողջունելի է: Եվ, իհարկե, այլևս անդարձ կապվում են հայ գրականությանն ու մշակույթին:
5-րդ համաժողովի առիթով կարելի է նշել մի քանի բնորոշ առանձնահատկություն: Նախ` ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրական քարտեզը և թվաքանակը` 16 երկրից շուրջ 40 պատվիրակ: Այս գործում մեզ մեծապես աջակցեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը` դիմելով մեր դեսպանու­թյուններին, որոնց օգնությամբ հրավերներ առաքվեցին արտերկրում բնակվող գրողներին: Անկեղծ ասած, նախապես ծրագրել էինք համաժողովին հաղորդել երիտասարդական բնույթ, սակայն օտարագիր գրական նոր սերունդը ֆինանսական պատճառներով չկարողացավ ծանրակշիռ ներկայություն ապահովել: Լիահույս եմ, որ հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2015-ին` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին, առավելապես կապահովի սերունդների բազմաձայնությունը:
Հաջորդ առանձնահատկությունն առնչվում է համաժողովի խորագրին` «Համաշխարհայնացում և ազգային ինքնություն», չափազանց արդիական թեմա թե՛ Հայաստանում և թե՛ հատկապես Սփյուռքում. անվիճելի է, որ գրողները համաշխարհայնացման մարտահրավերների դիմակայու­թյան առաջին խրամատում են, իսկ ազգային ինքնության տագնապը մեզ համար օրակարգային է:
Եվս մի էական հանգամանք. ինչպես Պոեզիայի միջազգային առաջին փառատոնին (ապրիլ, 2013), այնպես էլ հիմա, մենք հավասարապես ներգրավել ենք հայաստանյան կողմը` տեղաբնակ օտարագիրներ, թարգմանիչներ, տեսաբաններ, ինչն է՛լ ավելի կսերտացնի մարդկային և գրական առնչությունները:

Գ.Թ.- Սովորաբար նման համաժողովի արդյունքները երևում են ամիսներ անց: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մեկից:
Լ. Ա. – Փորձը ցույց է տալիս, որ գրական այսպիսի հանդիպումները խոր հետք են թողնում մասնակից գրողների ստեղծագործության վրա: Նրանք պարբերաբար թարգմանվում են հայերեն, տպագրվում Հայաստանում և հոգեբանորեն իրենց զգում արդի հայ գրականության բաղկացուցիչը: Նաև մշտական կապ են հաստատում ՀԳՄ-ի հետ, լավագույնները ներգրավվում են վերջինիս կազմում` որպես լիիրավ անդամներ, ինչպես Փիթեր Սուրյանը, Դայանա Տեր-Հովհաննեսյանը, Վարուժան Ոսկանյանը և այլք:

Գ.Թ.- Ձեր կարծիքով, Համահայկական համաժողովները ինչպե՞ս են ազդում գրական ընդհանուր մթնոլորտի վրա:
Լ. Ա. – Անտարակույս, գրական շփումները երկուստեք շատ բան են տալիս` նոր հայացք, գրական նոր տարածքներ և ընթերցողական նոր լսարաններ:
Ընդհանուր առմամբ դժգոհելու շատ առիթներ չունենք մեր գրական մթնոլորտից (չհաշված հատ ու կենտ բացառությունները, որոնք նույնպես հաստատում են օրենքը), իսկ նման միջոցառումներն ավելի են ամրապնդում մեր գրական համայնքը և համերաշխության ոգին: Ինչպես Իսահակյանը կասեր` մի ժողովուրդ-մի գրականություն: Սա ինքնին կարևոր ձեռքբերում է:

Հարցազրույցը՝ Շաքե ԵՐԻՑՅԱՆԻ

One thought on “ՕՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ ԳՐՈՂԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ

  1. Սգում եմ ցավալի մահը քանքարավոր մտավորական, գրող, հրապարակագիր, մշակույթի և հասարակական վաստակավոր, անխոնջ գործիչ, Հայաստանի Գրողների Միության Նախագահ Լեվոն Անանյանի։ Վշտակցում եմ նրա հարազատներին։

    Գրիշ Դավթյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։