ԱՇԽԱՐՀԻ ԵԶՐԸ / ՄԱՐՍԵԼԱ ՓՈԼԵՅՆ

Մարսելա Փոլեյն-1«Տո՞ւն», – արձագանքել էր նա: – «Տո՞ւն»: Ապա ավելի էր սևեռվել խավարի մեջ. «Ձեր կի՞նը, ասացիք»` գիտենալով, որ ամեն տիպի խաբեություն կար, և կարող էր նույնիսկ օրը ցերեկով էշով մարդ տեսնել և ինքն իրեն խաբել` երևակայելով, թե Փրկչին էր տեսել, կամ պատահաբար հայտնվել ինչ-որ քաղաքում և հավատալ, թե բոլորովին այլ տեղում էր, կարող էր ինքն իրեն խաբելով տեսնել բիբլիական վայրը, սուրբ քաղաքը, և տեսնել, որ իր կողքով անցնում են միասին տղամարդն ու տղան, և ի՞նչ մտածել` իբր Հայր Աստվածն ու Որդին են: Կարող էր երևակայել, թե երազի մեջ էր օտարականի տանը և արթնանալով պարզել, որ մեկ այլ տանն էր երազ տեսնում: Եվ հիմա այստեղ, մթության մեջ պետք է հավատա այս տղամարդկանց, հենց սրան, որ ինչպես ինքն է ենթադրում, իր թիկունքում է, շնչում է աստիճանների ամենավերում, զույգ լապտերի լույսի մեջ, և հրեշտակի պես ցած է իջնում` դեպի Ներսեսն ու ծեր կինը, դեպի մյուսները, ում շարժվող ու վտիտ կերպարանքներն ինքը տեսե՛լ էր, ում ձայները լսե՛լ էր` փսփսո՜ւմ էին, փսփսո՜ւմ էին քնածի պես, Հովսաննայի պես, որ փսփսում էր մազերն ի վար իջնող քողի տակ, նրանց զավակների պես, որ չէին հանդարտվում անկողնում, ում ձեռքերն ու ոտքերը, ինքը լսե՛լ էր, քարշ էին տալիս սալահատակի վրա, ինքը նախկինում այդ քստքստոցը լսել էր կտուրներում, ուր առնետներն էին վխտում: Եվ պետք է հավատա իր դիմաց կանգնածին, որ գողի պես ցցվել է խավարի մեջ, մարդասպանի պես, նրա պես, ով իր համոզմամբ սովորաբար հանցագործ էր նշանակում, նախքան այս ամենը, նախքան այն պահը, երբ բոլորն էին հանցագործ, նախքան այս երկիրը կդավաճաներ ինքն իրեն, կդավաճաներ սեփական ճշմարիտ էությանը` բանտ, դիմակահանդես, մոգական խաբեություն: Նրանք կարծում են, նրանք մտածում են, որ կարելի է վերցնել այն, ինչ քեզ չի պատկանում, ուզածդ բանը վերցնել` դաշտերը, տները, եկեղեցիները, մարդկանց, և դրանց հետ ուզածդ բանն անել: Նրանք կարծում են, որ խցկվելով իրենց թալանի մեջ` դաշտերի, տների, մարդկանց մեջ, սեփականում են այդ ամենը: Կարծում են, հանկարծ նրան թվաց, թե ինչ-որ մեկի ձայնը լսեց, ի՞ր ձայնն էր, քիչ մնաց ծիծաղեր, նրանք կարծում են, որ կարելի է տաճարի կորագծով քառակողմ մինարեներ կառուցել, և տաճարը մզկիթ կդառնա: Նրանք կարծում են, որ ոչ ոք չի տեսնում, թե իրենք ի՞նչ են անում, ոչ ոք սեփական աչքի առաջ եղածը չի տեսնում, և չի տեսնում, թե ինչ կա դրա տակ, և թե իրականում ինչի՞ վրա է կանգնած: Նրանք կարծում են, իսկապես մտածում են, որ եթե բավական երկար ժամանակ ասեն, որ արեգակը լուսին է, բոլորս կհավատանք իրենց, որ ես կհավատամ իրենց, որ բոլորիս կթվա, թե գիշերը ցերեկ է:
Իսկ հիմա հանցագործը կնոջ ու տան մասին է խոսում` ի հեճուկս այն բանի, թե որտեղ ենք կանգնած, ի հեճուկս մեր ոտքի տակի զնդանի, պապանձված լռությունը պարտակած հողի, ի հեճուկս ճակատիս քրտինքի` ընկերոջս քրտինքին հանդիման, ի հեճուկս այն բանի, որ լա՜վ էլ հետևում է, թե ինչպես է իր մատը շարժվում մաշկիս վրա, այդ դանդաղ, որոշակի հպումը, դրա պատճառած մաշկացանը` բորբոքված ու վարդագույն: Եվ դրանով ի՞նչ առաջ բերեց, և ի՞նչ թողեց ետևում: Ինչպե՞ս խարանեց ինձ: Նրանք ճի՞շտ են: Ի վերջո, ես պարզապես անասո՞ւն եմ, հեծեծող անասուն: Համր ա՞յծ եմ: Այծի դուրս կախված լեզո՞ւ: Կտրած մսակտո՞ր, ընդամենը դա՞:
Բենյամինը հայացքը տղամարդուց դեպի դուռը շրջեց: Տեսավ, թե ինչպես նա առաջ պարզեց ձեռքն ու մի աստիճան էլ բարձրացավ, լսեց, որ տղամարդն արդեն ուզում էր ինչ-որ բան ասել, որ կրկին իր անվան սկզբնատառերի պես էր հնչելու: Հետո Բենյամինը զգաց, որ իր մարմինը մի կողմ թեքվեց, տեսավ, թե ինչպես թևը բարձրացավ, ապա զգաց, որ տղամարդու ատամները կտրուկ ու ծակող սրությամբ սահեցին իր արմունկի վրայով, լսեց, որ մի բան պոկվեց: Տղամարդը ճոճվեց, ձեռքերով ծածկեց դեմքն ու գետին տապալվեց: Եվ արյունոտ մատների արանքից տեսավ Բենյամին Վարդևարյանին, որ կանգնել էր իր գլխավերևում և ատամները մերկացրած ֆշշացնում էր` «Ստախո՛ս», տեսավ նրա աչքերը, բերանը, մաշկի գունատ շերտագծերը, որ շողշողում էին փայլատ լույսի մեջ, որ ի զորու էր արձակել լուսինը:
Նա գիտեր այդ լեզուն: Նրան էր հասել օվկիանոսի պես` մե՛րթ մոտենալով, մե՛րթ հեռանալով: «Ես ափ եմ», – մտածեց: «Աշխարհը տրվել է հոսանքին, մայրցամաքները շեղվել են: Ես հոսանք եմ, իմ զարկերակը` մտքի թել: Դատարկված խեցի եմ, ափ եմ շպրտվել, ցամաքին եմ իջել, ցամաք եմ դառնում»:

Թարգմանությունն անգլերենից` Արամ ԱՐՍԵՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.