Հոկտեմբերի 1-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր, բանաստեղծ, Գոնկուրի մրցանակակիր Ժակ Շեսսեի (Շվեյցարիա) «Մարդակեր Դևը» (թարգմ.՝ Ալեքսանդր Թոփչյան) վեպի շնորհանդեսը: Վեպը 1973 թ. արժանացել է Ֆրանսիայի ամենաբարձր` Գոնկուր մրցանակին և թարգմանվել է աշխարհի ավելի քան տասը լեզուներով: Այս ստեղծագործությունը սեփական երեխաներին խժռող` Քրոնոս աստվածահոր առասպելի արդիականացված մշակումն է: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ար-ժևորելով թարգմանության դերը տարբեր երկրների մշակութային համագործակցության, գրականությունների փոխներթափանցման գործում, նշեց, որ Ա. Թոփչյանը երկար տարիներ զբաղվելով թարգմանությամբ` բազում գրքեր է մատուցել հայ ընթերցողին հատկապես շվեյցարական գրականությունից: Փաստելով, որ Հայաստանն ասես թարգմանական քաղաքականություն է վարում, ասաց. «Թարգմանելով այլ ժողովուրդների գրականություն, պիտի նաև ակնկալենք, որ հայ գրականությունն էլ կթարգմանվի այդ երկրների լեզուներով»: Ըստ բանաստեղծ Արտեմ Հարությունյանի` հազվագյուտ երևույթ է 82 թարգմանության հեղինակ լինելը, այն դեպքում, երբ Թոփչյանը «հրաշալի վիպասան է, քննադատ և պամֆլետիստ»: Անդրադառնալով վեպին` բանախոսը այն համարեց Արևմտյան աշխարհում և հատկապես Շվեյցարիայում զարգացող իրողությունները մարդուն մոտեցնելու փորձ: «Վեպը զարմանալի կերպով տալիս է մի հասարակություն, որտեղ մարդու ներկայությունը` հատկապես երիտասարդի, վտանգված է բոլոր կողմերից: Հայր բռնակալի թեման է հիմքում»,- ասաց նա: Գնահատելով Ա. Թոփչյանի թարգմանական տեխնիկան` նա վստահեցրեց, որ վեպը պետք է կարդալ նաև որպես վարպետության դասընթաց երիտասարդ գրողների համար: Ըստ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանի` վեպի գլխավոր թեման` հոր և որդու ողբերգական առնչությունները, հավիտենական ցավ է, որ ուղեկցում է սերունդներին և բոլոր ժամանակներում գտել է իր արտահայտությունը: Գնահատելով թարգմանության գործընթացում բառաստեղծական քայլեր անելը` գլխանեցուկ, աճյունադարան, գործազգեստ, դեղնադառն, ուտեստարան և այլն, ընդգծեց. «Այնքան հայեցի է թարգմանված, որ թվում է՝ վեպը հայ գրողի գրչի տակից է դուրս եկել»: Պետրոս Դեմիրճյանը ևս փաստեց, որ վեպը հայրերի ու որդիների հավերժական պայքարի պատմություն է, բայց ընդարձակված մինչև պետություն-քաղաքացի, նյութ-մարմին-հոգի, անցողիկ ու հավերժական ժամանակ հարաբերությունների ոլորտները, որի կենտրոնում մարդ անհատի` գիմնազիայի համեստ ուսուցիչ Ժան Կալմեի «ես»-ի ազատության հիմնախնդիրն է: «Նա ուզում է ապրել ազատ, անկաշկանդ, լիարժեք, բայց չի կարողանում, որովհետև նրա էությունը կանխորոշված է ամենազոր հոր, հասարակության տերերի, պետական մեքենայի ճնշող իշխանությամբ»,- ասաց նա: Պ. Դեմիրճյանը նաև ընդգծեց, որ վեպում նատուրալիստական նկարագրությունները չեն հասնում գռեհկության, ընդհակառակը, ծառայում են հերոսի կերպարի ամբողջական ու լիարժեք բացահայտման նպատակին: «Թոփչյանը գրեթե անթերի է թարգմանել այս վեպը, որովհետև այն ընթերցվում է այնպես, ասես հենց հայերեն է գրված, պահպանվել են բնագրային բազմաթիվ պատկեր-գյուտերը»,- ասաց նա և գնահատեց նոր բառեր ստեղծելու փորձը, ինչը, իր կարծիքով, հաջողվել է Թոփչյանին: Ալեքսանդր Թոփչյանը տեղեկացրեց, որ «Մարդակեր Դևը» վեպը Գոնկուրի մրցանակ ստանալուց հետո ենթարկվել է քննադատության, ինչը խթան է դարձել թարգմանելու գաղափարի համար: Տարբեր թերթերում իրար հաջորդած ագրեսիվ հոդվածները` միջակ մարդկանց հալածանքը անպաշտպան տաղանդի հանդեպ, պատճառ դարձան «Ռուսսկայա միսլ» շաբաթաթերթում հանդես գալ պատասխան կարծիքով: Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Լուկաս Գասսերը իր ուրախությունը հայտնեց շվեյցարական գրականության կարևոր գործերից մեկը թարգմանելու առումով և կարևորեց հատկապես այն փաստը, որ վեպը թարգմանվել է հնագույն ժողովուրդներից մեկի լեզվով: Ելույթ ունեցան նաև Սաթենիկ Ավետիսյանը, Վիտալի Ասլանյանը: Գրքում, վեպից բացի, զետեղված է երկու նյութ` Ժակ Շեսսեի պատասխանն իր չարակամներին և թարգմանչի` Ալ. Թոփչյանի հոդվածը, որը գրվել է ի պաշտպանություն գրողի և 1997 թ. լույս է տեսել Փարիզի «Ռուսսկայա միսլ» շաբաթաթերթում:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ