ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐԸ

«Հրանտ Թամրազյան… Պատկառելի և փնտրված անուն: Նրա համար գրականագիտությունը ոչ թե գլուխ պահելու և տուն պահելու ապահով շտեմարան է, այլ տուն ու տանիք, կյանք է ու կռիվ, ինքնարտահայտում է և ինքնաիրագործում, ինքնաբաշխում ու գոյության խորհուրդ: Նրա մենագրություններից ու հոդվածներից և մինչև անգամ խոր գիտական ուսումնասիրություններից ես խելք ու խրատից ավելի գեղարվեստական հաճույք եմ առնում, ստեղծագործելու շարժառիթ, ներշնչանքի կիրք ու գրգիռ»:
Այսպես Համո Սահյանն է գնահատել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Հրանտ Թամրազյանի տաղանդը, վերջինիս ծննդյան 50-ամյակի առիթով:
1964 թվականին լույս տեսավ Հր. Թամրազյանի «Սիամանթո» մենագրությունը, որը, որոշ բարեփոխումներով, վերահրատարակվեց 1969-ին: Այն առաջին և հաջող փորձն էր խորհրդահայ գրականագիտության մեջ, որ ներկայացրեց նահատակ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը: Ժամանակի գրականագետները վկայեցին, որ համեստ ծավալով, բայց սպառիչ բնութագրումով այս մենագրությունը գրված է թրթռուն սրտով, կուռ, անսեթևեթ, պատկերավոր ոճով, և որ այդ գրքով հեղինակը նոր մոտեցում և վերաբերմունք է առաջադրել 1915 թվին գլխատված արևմտահայ բանաստեղծական սերնդի նկատմամբ: Այն, ամենայն իրավամբ, մի գեղեցիկ հուշարձան է մեծ բանաստեղծի անհայտ շիրիմի վրա:
Մենագրության մասին արձագանքներ եղան նաև սփյուռքում: Այսպես, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից և ականավոր դեմքերից Շահան Շահնուրը, 1965 թվականի հունվարի 28-ին, Սեն-Ռաֆայելից՝ «Հայկական տուն» կոչվող ծերանոցից, ուր նա բնակություն էր հաստատել նույն թվականին, գրում է.
«Սիրելի Հր. Թամրազյան
Հետաքրքրությամբ և լարուած ուշադրությամբ կարդացի ձեր գիրքը, որ առաջին ընդարձակ ուսումնասիրությունն է, որ նուիրուած ըլլայ Ատոմ Եորճանիանի անձին և գործին: Գրականագետի և խղճամիտ պրպտողի ձեր արժանիքներուն վրայ կուգայ աուիլնալ ձեր լեզուն, որուն գեղեցկությունը այնքան կը մոտենայ մեր հեշտալուր աշխարհաբարին: Այս երկրորդ անգամն է, որ Երևան ինծի կը պարգևե բացառիկ վայելքը, թրքահայ գրագետի մը գործին մեջ խրճուիլ և ատով իսկ վերապրելու՝ մեր գրական կիանքին խռովիչ երեկը: Առաջին հատորը, որ նուիրած էր Սրբուհի Տիուսաբ փաշային, զերծ էր այն ողբերգական մթնոլորտեն, որ կը յուզի և կը ճնշե ձեր գիրքին վրայ: Ես անոնցմե եմ, որոնց համար Ապրիլ 11-ը հեռու է տարուան մեկ օրը ըլլալե: Մեր ողբերգական կիանքին ամեն մեկ օրը, այո՛, ամեն մեկ օրը, իր մեջ կը հաշուե սև րոպե մը, որ կը կոչուի Ապրիլ 11:
Ատոմ Եորճանիան այնպիսի մեկն էր, որ կը սարսափեր ի՛ր իսկ ստուերեն: Ան վախկոտ էր՝ ծայր աստիճան. իր առնական քույրը կը վկայե, որ սենիակին խորը կերթար ապաստանիլ Ատոմ, երբ միայն լսեր հնչեղ ոտնաձայնը անցորդ ոստիկանի մը: Այս վկայությունը կասկածի տակ դնել դիուրին չէ, երբ խորհի, որ ճիչը և խժալուր աղաղակը օտար բաներ չեն դիուրայույզ երկչոտներու: Երբ այս այսպես է, մարդ կը փշաքաղի խորհելով թե ի՜նչ կրնայ եղած ըլլալ եղերաբաղդ հայորդիքին հոգեվիճակը, ի տես բարբարոս ջարդարարներու վոհմակին: Կան ողբերգություններ, որոնց խորը թափանցել հնար չկա:
Գալով իմ ցուցմունքիս (էջ 117), կասկած չիկայ, որ դեռատի Ա.Ե.-ն խորապես դրոշմուած է Մեբեռլիկի Serres Charls-ով, ինչպես Վարուժան ազդուած՝ հույն հեղինակեն՝ Avze Chansons-ներեն: Իմ ցուցմունքն ուրիշ բան չըներ, եթե ոչ ցույց տալ տաղանդին կազմության հանգրուանները: Ան երբեք չի կըրնար վնասիլ վերոյիշիալ գրագետներու համբաուին: Դիտելի է նաև, որ անոնք, որոնց անունը միշտ կը յիշուի զուգորդաբար, անոնք առավելապես սնած են, իրենց երիտասարդ տարիքին, պելճիկացի երկրորդական սեմպօլիսթներով, ինչպես՝ «Եմեռլինկ, Վեսհաուն, Մաքս Ելոքամբ, Ժորժ Ռօտենպաք, փոխանակ բարձրանալու դեպի ակը սեմպօլիզմին, այսինքն դեպի Ռեմպօ, Մալառմե, Վեռլեն, անշուշտ Պօտըլեռե վերջ: Ատով կը բացատրուի այն մասնայատուկ միսթիսիզմը, որ երբեմն տեղ կը կգտնե իրենց գրություններուն մեջ:
Գրական վերոյիշեալ ազդեցությունեն աուելի կարևոր է այն տարակարծությունը, որ միշտ տիրած է Ա.Ե-ի տաղանդին շուրջ և որ տեղ կը գտնե իր արձագանքը՝ ձեր աշխատասիրության մեջ (էջ 206 և 245): Թե այսօր Սփիուռքը ինչպե՞ս կը դատե Ա.Ե.-ի երկը, այդ բանը դուք պետք է գիտնաք, առանց որ ես խոսք առնիմ:
Մնաց որ շատ երկարեցու իմ նամակս: Ոչ տարիքս և ոչ ալ առողջութիունս կը թույլատրեն մանրամասնօրեն արտայայտելու բարդ խնդիրներու մասին: Տեսե՛ք ցավս:
Կաղանդի առթիվ Երևանեն ստացայ մեկե աուելի սիրազեղ բացիկներ, ցավ, որ ույժը չունիմ անոնց պատասխանել պատշաճօրեն: Կը խնդրեմ, որ ներողամիտ ըլլաք ինծի, բոլորդ ալ:
Ձերդ՝ լաուագույն զգացումներով
Շահան Շահնուր»:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։