Տարին ափիս մեջ եմ առել, փորձում եմ չափակշռել այն. լեցուն է, խառն է, բազմերանգ, ու քանի որ վերջում շատ է ծանրանում, ցած եմ դնում ձեռքիցս. փխրուն կառույցս չի կարող այդչափ ծանրություն կրել: Կզննեմ նրան կողքից: Գրողի համար ապրելը հաճախ հենց զննումն է, հայեցումն է: Ապերախտ լինելը իմ գուներանգի մեջ չի մտնում, հետևաբար, աչքերս չեն կարող չտեսնել կառուցիկ գույների թրթռոցը. արժանացել եմ Naji Naaman 2020 ամենամյա միջազգային գրական մրցանակի՝ ստեղծագործական մրցանակ անվանակարգում (creative prize): Մրցանակաբաշխությանը մասնակցել էին 3034 գրողներ 48 երկրներից, որոնցից մրցանակների են արժանացել 75-ը՝ 4 տարբեր անվանակարգերում: Մրցանակը ինձ հնարավորություն տվեց դառնալ Naaman մշակույթի միջազգային տան անդամ, իսկ մրցանակակիր գործերը երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, տպագրվեցին մրցանակաբաշխության տարեգրքում: Պատիվ ունեցա նաև դառնալու Կոլումբիայի Արվեստների միացյալ ազգությունների կազմակերպության անդամ, ինչպես նաև արժանացա Unilettras կազմակերպության բարի կամքի դեսպանի կոչման՝ «Ambassador of good will of Naciones Unidas de las Letras» (Կոլումբիա): Պատմվածքներս և բանաստեղծություններս թարգմանվեցին և տպագրվեցին իսպաներեն՝ Մադրիդում և Կոլումբիայում, արաբերեն՝ Սաուդյան Արաբիայում, մակեդոներեն՝ “Современи Диалози” մակեդոնական գրական ամսագրում:Վերանշանակվեցի Չանգուայի համալսարանի (Թայվան) «Կրթություն, գրականություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
Տարեվերջին տպագրվեց նաև պիեսներիս գիրքը՝ «Ագռավն ասաց», որտեղ ընդգրկված էր 2019 թ. երևանյան Բուքֆեսթում Դրամատուրգիա անվանակարգում մրցանակ շահած համանուն պիեսս: Այս ամենը գրողի համար կենսագրություն է ու ճանապարհ, բայց դառնում է կատարելապես ՈՉԻՆՉ, ՓՈՇԻ, երբ հայրենիքն է վտանգվում, երբ երկիրդ պատերազմի մեջ է ներառվում: Իմ սերունդը հասցրեց շատ բան տեսնել՝ Արցախյան ազատամարտ, մութ ու ցուրտ տարիներ, երկրաշարժ, պետականաշինության ընթացք, բայց երբեք, երբեք արժանապատվության նսեմացում ու հոգևոր նման անկում մենք, համենայնդեպս ես, չեմ ունեցել: Սոցիալական անարդարություններ, կոռուպցիայի դրսևորումներ եղել են նախկինում, հասարակությունն էլ երբևէ աչք չի փակել դրանց վրա՝ ազատորեն բարձրաձայնելով այդ արատները, բայց մեր ողնաշարը եղել է ամուր, արտաքին թշնամու մարտահրավերներն ընդունել ենք արժանապատվորեն և եղել ենք անսասան: Պատերազմում մեր պարտությունը առաջին հերթին մեր անկազմակերպ, փնթի գործունեության, առաջնայինը հազարերորդականից չտարբերելու արդյունքն էր, ղեկավարելու անկարողության և ամենուր քաոս ստեղծելու մեծ ձիրքն էր, մասնագետներին իսպառ չլսելու և բոլոր ոլորտներում նրանց ետին պլան մղելու հետևանքն էր, պոպուլիզմով առաջնորդվելու և հասարակության վրա ազդեցիկ տպավորություն թողնելու չնահանջող մոլուցքն էր, ինչը պիտի հանգեցներ կեղծիքի իրականության, մինչդեռ երկիրը ավազե ժամացույցի պես ցած էր հոսում այդ ընթացքում… Բոլոր կոչերն ու խոստումներն այդպես էլ մնացին փողոցի մակարդակում՝ չվերաճելով պետականաշինության, հստակ գաղափարախոսության, համակարգված կառավարման: Չուրանամ կատարյալ, մինչև վերջ արվածը. հետևողական աշխատանքի շնորհիվ հասարակությունը պառակտվեց, բաժանվեց նախկինների ու նորերի, սևուսպիտակի բաժանարար գծի, ու գեներացվեց չլսված-չտեսնված ատելություն:
Մենք սխալվել ենք՝ թերագնահատելով թշնամուն: Թշնամին ուշադիր է հետևել մեր երկրում ընթացող գործընթացներին և ճշգրիտ հաշվարկել պատերազմ սկսելու ժամանակը: Հազար, հազար ողորմի մեր լույս դարձած հերոս երիտասարդներին: Առաջին օրերից իսկ նրանցից շատերը կամավորագրվեցին հայրենիք փրկելու սրբազան գործին: Նրանք ուժեղ էին, ոգեղեն, կյանքով լի… Բայց նրանք անպաշտպան էին, կարելի է ասել՝ մերկ ու բառիս բուն իմաստով՝ բաց, չպաշտպանված երկնքի տակ նետվեցին մինչև ատամները զինված թշնամու երախը: Մեր անվերջ օրհնությունը, աղոթքներն ու Աստծո ողորմությունը նրանց… Դուք՝ պայծա՛ռ, ընտրյա՛լ տղաներ, ազգիս երակն էիք, դուք իսկապես լույս էիք ու լույս դարձաք, և ձեր տեղը, հավանաբար, հենց երկնքում էր…
Հազարավորների կորստյան անդառնալի ցավը տապալում է ինձ ու մշուշում աչքերս՝ ամեն ինչ դարձնելով անիմաստ ու սին… Մենք պարտվող չէինք, մենք մեծամիտ էինք ու պոռոտախոս, թշնամուն ոչխար էինք համարում, ինքներս առյուծ լինելուց լիովին հեռացած: Այդ ոչխարը պետական մակարդակով հայերեն էր սովորում՝ թշնամու ուղնուծուծը ճանաչելու և մեզ հետևելու համար, իսկ մենք հպարտ-հպարտ «դուխով» էինք պարապում… Նրանք, մանկապարտեզից սկսած, ազգային, թեկուզ և սուտ գաղափարներով էին դաստիարակվում, հայատյացությամբ սնվում, իսկ մենք՝ տիրաժավորում թշնամու հետ հաշտեցման բազում ծրագրեր արվեստի, լրագրության, գիտության, այլազան ոլորտներում: Մենք աշխարհաքաղաքացի էինք դաստիարակում՝ ծաղրելով «հայու գենը», ամոթ ու հետամնացություն համարելով ազգայինը առաջնահերթելը, այնինչ, արտասահմանյան այդ վեհ, հումանիստական կարգախոսներով ծրագրերը ֆինանսավորվում էին հենց թուրքի կողմից՝ պատերազմը սկսելով շատ ավելի վաղ՝ հայ երիտասարդների ու պատանիների ուղեղներում… Մենք միայն պատերազմում չենք պարտվել, մենք պարտվել ենք գաղափարական, կառավարման, անվտանգության, ռազմավարական, դիվանագիտական, վերահսկողության, կրթության և շատ այլ ուղղություններով։ Ավելի հուսալքված, խաբված, ստորացված և ջղայնացած երբևէ իմ երկրում չեմ զգացել և… դժվար է դառնում ապրելը… Ամեն օր բացել աչքերը և կրկին ցանկանալ փակել՝ չառնչվելու համար այս ծանր իրականության հետ… Սակայն սարսափեցնում է այն միտքը, որ ապրելը դժվար կարող է դառնալ շատերի համար: Ո՛չ, չի կարելի թույլ տալ, «թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»… Տառապանքը հաղթահարելու համար հարկ է մինչև վերջ խմել այն և սկսել նոր, մաքուր էջից: Ինչպես սիրելի Կարինե Խոդիկյանն է ասում՝ «թուղթ ու գիր» պիտի անել: Գրողի գործը գիր անելն է: Շարունակենք գիր անել՝ հանուն կյանքի և նոր, արժանապատիվ օրեր բացվելու: Հայաստանը դեռ պիտի՛ դառնա այն երկիրը, որտեղ ապրելը պատիվ է, և որտեղ կրկին կուզեն գալ օտարերկրացիներ՝ ճանաչելու և ըմբոշխնելու հայկական գանձերը՝ որպես յուրահատուկ և տարբերվող գույն՝ աշխարհի բազմազան ներկապնակից: Պիտի՛ ապրել…
Շատ առողջ և տեղին վերլուծություն, Բրավո բրավիսիմո🧡💙❤️🇦🇲 տիկին Սիսիան!