Դառնամ ու չտամ ողորմի (Խառը խոհեր) / ՀՐԱՉՕ

Հրաչօ
…Զգում եմ, որ դաժան վերնագիր է: Ծնողներիդ, նախնիներիդ ողորմի են տվել, ողորմին չի կտրվել, դու էլ էնպես ապրիր քո վերջին օրը, որ ցեղիդ, տոհմիդ վրա քարի նման ծանր խոսք չշպրտեն: Դու արդեն տարիքդ առած, կյանքդ մաշած, էլ ի՞նչ գործ ունես, որ փորձում ես լավ ու վատ ջոկել: Եթե ոչ էսօր, վաղը կլինի մեկը, որ հարց կտա. «Ողորմի անցավորացդ, Հրաչօ, էս տարիքում բարություն պիտի թափվի մարդու վրայից, բայց դու շատ ես չարացած ինքդ քո վրա ու դաժան վերնագիր ես ընտրել: Քեզ չի սազում, ողորմի չտալը ո՞րն է»: Կասեմ, իհարկե, մեկը լավ կասի, մյուսը՝ վատ, բայց խոսքը էնտեղ չի հասնելու, որ մարդը մարդուն, հայը հային վերջին խոսք ասի: Բայց ի՞նչ կատարվեց ժողովրդի հետ: Բաժան-բաժան եղան, թշնամացան, ամեն տեղ խլխլոցի է, փախցնոցի է, թշնամանք է: Պառակտում բառը գործի է անցել: Հեշտ ու հանգիստ մտել է ամեն մի ծակուծուկ ու իր ավերածություններն է անում: Ա՛յ բառ, թեկուզ լինես «պառակտում», նման բան կանե՞ն: Մեղադրվելուց չե՞ս վախենում: Էսքանը հենց էնպես, ասելու համար: Իսկ հիմա…
Հոգիս խաղաղ էր: Ճիշտ է, մի թեթև կռիվ ունեի ինձ հետ, բայց կարողացա ժամանակին առաջն առնել՝ կափարիչը դնել վրան, ինչպես մերոնք են ասում՝ ղփլել, դե թող հիմա էլ եռա: Դու գործդ տես: Լավ, էս թերթն էլ նայեմ ու շարունակեմ կիսատ պատմվածքս: Էս հեղինակի դեմքը ծանոթ է թվում, որտե՞ղ եմ տեսել, որտե՞ղ եմ կարդացել, թե՞… Հա՛, հեռուստատեսությամբ եմ նայել, հիշում եմ, անունը Հրաչյա էր: ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ է, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր է: Հաղորդումը ուշադիր լսեցի ու ասացի՝ դե, Հրաչիկները եթե խենթ չեն լինում, ուրեմն խելոք են լինում: Ասում են՝ խենթի խելոքությունն է խելացի լինում: Բայց ամեն ինչ մի կողմ: Էս ի՞նչ վերնագիր է. «ՀՀ կառավարությունը արդեն թույլատրել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»: Այ քեզ բա՜ն: Դեռ չկարդացած, չգիտեմ՝ սարի՞ մասին մտածեմ, կառավարությա՞ն մասին մտածեմ: Ի՞նչ անեմ: Եվ թալանչիական եղանակով հանքավայրի շահագործումը՝ «հանցագործություն է ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի էկոհամակարգի հանդեպ»: Սա էլ՝ ենթավերնագիրը: Պատմվածքիս շարունակությունը արդեն մոռացա և տեղափոխվեցի մի ուրիշ աշխարհ: Էս կառավարությունը էս ո՞ր երկրում, ումի՞ց, ինչո՞ւ, ո՞ւմ համար սովորեց հանցագործություն անել: Ո՞վ ստիպեց կառավարությանը, որ հանցագործություն անի ժողովրդի, հայոց պետականության, հենց իր՝ կառավարության հանդեպ: Կառավարությունն էլ անտեր պատանու նման բա՞ն է. հսկող աչք չկա, վատ շրջապատ է ընկել, խելք էլ չունի, որ իր խելքով շարժվի, տեսնես ո՞ւմ ազդեցության տակ է ընկել: Հեռու դրսերում կամ եկել, հայոց հինավուրց հողի վրա կանգնել են ու ասել. շո՛ւտ արեք, շահագործման հանձնեք Ամուլսարի հանքերը: Մի բան էլ ձեզ կհասնի: Մինչև ենթադրություններ անելը էսօրվա հայոց քարտեզն եմ խնդրում… Մինչև դես-դեն, մինչև նորից հուսահատու­թյուն, մտքով գնա Վայոց ձոր, բարձրացիր Ջերմուկ, հպարտացիր քո լեռներով, քո ժողովրդով, ուժ հավաքիր, նորից կարդա Հրաչյա Ավագյանի հոդվածը, մինչև նորից հուսահատություն, նորից մթնեց անպտուղ, նորից եկավ տանջալից գիշեր, ու հուսո առավոտ բացվեց նույն տեղերից, Արևն էլի ծագեց արևելքից, որ պիտի հավատաս բանաստեղծուհու բանաստեղծածին… «Իմ հայ ժողովուրդ (և այլն), վերջին զինվորն էլ թե ընկնի մարտում, քո ժողովրդի հավերժու­թյանը չհավատալու իրավունք չունես»… Նույնանուն թերթն եմ առնում և նույն հեղինակի տագնապախռով, տագնապասույզ, տագնապահունչ ձայնն եմ լսում. «Ոչնչացման վտանգի տակ են մեր գյուղերն ու քաղաքները»: Իբր գյուղ ու քաղաք, ժողովուրդ են մնացել, էն էլ ոչնչացման վտանգի տակ են: Հեղինակն արդեն քոնն է: Կարդում ես հոդվածը, կարծես երկրորդ կրակահերթն են սկսում քո կրծքի մերձակայքում: Մոռացա, որ դեղահաբ կլլելու ժամը վաղուց է անցել, չեմ մոտեցել կիսատ պատմվածքին: Գիտեմ՝ էս անտեր աշխարհում շատ-շատերի աչքն է մեր երկրի, մեր տարածքների վրա: Դա դարերի «ավանդույթ» է, որ տարբեր ցեղեր տրորել են մեր հողը, հիմա նույնն է շարունակվում, թեև այլ ձևով: Բայց ուրախ եմ, որ Հրաչյա Ավագյանը խելացի է, բանիմաց, մտահոգ, իր երկրի վերջին նշխարը գուրգուրող գիտնական: Բայց ես ինչո՞ւ ուժ չունեմ, որ դիմանամ ճշմարիտ խոսքին, ինչո՞ւ չեմ կարողանում փակել չարի ճանապարհը՝ քո ժողովրդին վտանգ է սպառնում…
Լավ-վատ՝ պիտի լուսանար, ու Արարիչը իր առավոտը նվիրեց բոլորիս: Էսօր թերթ առնելու օր է: Նորից նույն հեղինակն ու նույն թեման: Վերնագիրը՝ «Ոսկին տարվելու է դուրս, մեր ժողովրդին թողնելով պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը»: Պոչամբար բառը հիշեցրեց, որ ունենք կանաչների միություն, որ Հակոբ Սանասարյան ունենք, որ բնապահների ընտիր ջոկատներ ունենք, որ Կարինե Դանիելյան ունենք, Զառա Զառիֆյան ունենք, Մարիամ ունենք, ում Վաչագան Ա. Սարգսյանը Մարիամախոտ է անվանում, բայց մեկ է, ոչնչի չենք հասնում: Հանցագործ իշխանությունները շարունակում են ավերել, հնձել անտառները, հիմա էլ Զանգեզուրում և այլ վայրերում հանքեր են, որ շահագործման են հանձնում մի քանի հոգու համար: Կարդում ես գիտնականի հոդվածն ու սարսափում: Սա տեռոր է: Սա ավելին է, քան էն, որ հազարամյակների ընթացքում եկած-գնացած սմբակավորները, կճղակավորները հետքեր են թողել մեր հողերում ու քարերի վրա: Էս նոր ահազանգում՝ SOS-ում հեղինակը տող ունի՝ «Ովքե՞ր են ջուր լցնում թուրքի ջրաղացին»: Ու հարցեր, հարցեր, հարցեր… Տեղդ նեղվում է, կասկածանքն է ետուառաջ, վերևներքև անում, խառնում հոգիդ: Շատ ասացինք, չէ՛, չպարծեցանք, բայց ասացինք՝ հայոց ոգին անմահ է, մեր ոգին է մեզ փրկել: Ճիշտ է, մեր թշնամին ավելի շատ զենք ու զրահ ունի, բայց նա կռվել չգիտի, չունի ոգի, ասացինք՝ մենք ոգով ենք հաղթում: Այսօր 14 թվականի հոկտեմբերի տասնինն է, կիրակի, եթե այսօր էլ չթելադրեմ հոդվածս, պիտի ամաչեմ տարիքիցս, սպիտակ մորուքիցս, սիրելի խմբագրապետին ու շռայլ գրողին տվածս խոստումից: Երկուշաբթի կհանձնեմ: Փորձեմ շարունակել. էն թուխս մայրիկը, որ ընդամենը հավ է, բայց մայր է, ճուտիկների հետ դուրս է եկել բակ, զբոսնում է, չափարատակերին իր դասն է սովորեցնում, բայց երբ մի բազե-ուրուրի ստվեր է սահում իր վրայով, հատուկ ձայնով կանչում է, իր ճուտիկներին առնում թևերի տակ, ստուգում՝ հո երևացող տեղ չունե՞ն, և պատրաստ է մենամարտելու, փրկելու: Մա՜յր է:
Հազար վտանգներ են պտտվել ու այսօր էլ պտտվում են մեր ժողովրդի գլխին: Պապենական իր հողի վրա սթրված մեր ժողովուրդը մի՞թե հանդարտ ապրելու իրավունք չունի:
Շատ ու շատ հարցերում՝ վա՜յ մեզ: Խոսքի ազատության նման էս ասել-գրելն էլ թե չլիներ, մեր վառված սիրտը ինչո՞վ պիտի հովանար: Արդեն նախկին ընթերցողները ճիշտ են նկատում. որ գրում եք, որ տպում եք, որ հեռուստատեսությամբ, լրատվամիջոցներով դիտում եք, միտինգներ եք անում, դրանից մի բան փոխվո՞ւմ է: Ավերմունք է հայոց աշխարհում: Ավերողն իր ավերմունքն է անում բոլոր բնագավառներում, կողքից նայողն էլ ձեռքը տանում է սրտին: Էս ի՞նչ դժվարին ժամանակներ ենք ապրում: Իբր երկրի զավակ ենք կոչվում: Էսպե՞ս են զավակություն անում: Էսպե՞ս են երկիր պահում: Հայ մարդը ե՞րբ, որտե՞ղ է էսպես դաժան վարվել ինքն իր, ասել է՝ ինքն իր հողի՛, ի՛ր բնության-բնավորության հետ: Երբե՛ք: Նորից եմ կարդում մտահոգ գիտնականի, իրոք որ, ժողովրդի մասին մտածող Հրաչյա Ավագյանի հոդվածաշարը և մնում ապշած: Այո՛, ո՞վ, ովքե՞ր են ղեկավարում երկիրը: Ո՞ւմ սցենարով են խաղում իրենց սև դերերը մեր աչքերի դեմ, ու բան չենք հասկանում: Դեռ քսանութ տարի առաջ եմ գրել, որ Արարատյան դաշտը մի օր ճկվելու-նստելու է: Էն ժամանակ «նստել էր քառասուներկու միլիմետր»: Արմավիրում (Հոկտեմբերյան) ու մայր դաշտի այլ բնակավայրերում աղա մարդիկ իրենց համար արտեզյան ջրհորներ էին բացում… ու ջրի խնդիր չունեն: Հիմա էլ մի պարծենկոտ պաշտոնյա, իր արևով ունեցած ձեռքը դնում է չունեցած խղճի վրա ու ասում՝ մենք ավելի շատ ձուկ ենք արտահանում, քան ծովեր ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Էս ձկնակոլոլ Արարատյան դա՛շտ եք ոչնչացնում, երկի՛ր եք կործանում, ա՛յ ոչուփուչ արարածներ: Փոխում եք և՛ դաշտավայրի, և՛ հայոց երկրի դիմագիծը: Հին Երևանն եք անապատացման տանում: Ծառաստաններ ու անտառներ էիք ասում. լավ տղերք ու աշխարհի քսանհինգ երկրներ անտառանյութ ուղարկող Հայաստան ասա, օր օրի իրար հրմշտելով ու երկրից տանող ճամփաները բռնած հոծ հայության զանգվածներ ասա, չիր ու չամիչ ասա, ամեն եկած չինովնիկի համար մի 100-200 լիտրանոց բուրումնալից կոնյակի տակառ ասա: Որպես հայ և ասենք թե՝ Գանայի ժողովուրդների բարեկամությունների առհավատչյա:
Ասելու լիքը բան կա: Բայց ո՞ր մեկն ասես ու ինչո՞ւ ասես: Խոսքը պարտություն է կրում: Կարող ենք նաև հպարտությամբ ասել՝ հայ ժողովուրդը, որ ծնված օրից առաջ էլ եղել է հինավուրց ու հյուրասեր, միայն անկախության շնորհիվ կարողացավ հայոց իր օդային առատ ավազանը բացել բարեկամ մի երկրի առաջ: Եվ հայ ժողովուրդը, որ ապրել է բոլոր հասարակարգերում ու զգացել ամեն մեկի համն ու հոտը, իր ջրերն է վստահել ջրասեր մի երկրի, որը ջուր է տալու նաև մեզ՝ հայերիս, էնքան ժամանակ, որքան մեր սիրտը կուզի, մինչև վերջին հայի մեկնելը: Եվ հայ ժողովրդի մեծ իշխանավորները հպարտ են, որ մեր երկրին Հայաստան են ասում ու գալիս են ոսկեհանդես հագուստով մարդիկ ու … Նրանց երկրի հետ մեր նախնիների բարեկամությունը հենված է ոսկու վրա: Ոսկեհուռ Հայաստանը տեղով մեկ ոսկի է ու ոսկու սարեր է խոստանում բոլոր նրանց, ովքեր ոսկե սարերը հետախուզելուց և խուզելուց հետո մեզ էլ բաժին կթողնեն պոչամբարները…
Ի՜նչ գեղեցիկ է ամեն բան: Գիտե՞ք, թե որտեղ է գտնվում Ամուլսարը: Հայաստանում, Ջերմուկում: Պատիվ է, որ էնտեղ 2006-ից երկրաբանահետախուզություն է անում անգլիական, ավելի ճիշտ, բրիտանական «Lydian international» ընկերության «գեոթիմ» դուստր ձեռնարկությունը: Դուստր… Ի՜նչ լավ բառ ունենք հայերենում, տեղով մեկ ոսկի է: Եվ մենք զարմացրել ենք բրիտանացիներին, որ ոչ միայն ոսկու սարեր ունենք, այլև Երևանի կենտրոնում հիմնել ենք և ունենք շեքսպիրյան գրադարան, որ մեր վարպետ թարգմանիչներն ավելի լավ են թարգմանել սիրասուն տաղանդին, քան բնագրում է: Իհարկե, նրանք ուրախացել են դրանով, Շեքսպիրը իրենցից առաջ է եկել Հայաստան, բայց չեն մոռացել իրենց գործը, ասելով՝ նախնական տվյալներով Ամուլսարը 70 տոննայից ավելի ոսկի ունի: Սարը ոսկու հետ ունի նաև «թանկագին ու ծանր մետաղներ»: Կարդում ու ասես լսում ես գիտնականին, սարսափում ոչ միայն տեղի բնակչության վաղվա, այլև էսօրվա համար: Ուշքի գալու կամ ուշաթափվելու համար նորից կարդամ վերնագիրն ու փորձեմ հավատալ գրավոր խոսքին. «ՀՀ կառավարությունը արդեն թույլատրել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»: Եվ դա «հանցագործություն է ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի էկոհամակարգերի հանդեպ»: Մի՛ ասեք, խնդրում եմ, թե Ջերմուկն՝ ո՜ւր, Սևանն՝ ո՜ւր: Մի՛ մոռացեք, որ Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան թունելով հասնում են Սևան: Ու թե երեկ աղբրաջրեր էին տանում ու խառնվում աղբյուրաջուր, խմելու Սևանին, ապա շահագործման հանձնելուց էլ առաջ, ընթացքում, ապա և հետո Որոտանի թունել կլցվեն «նոր որակի» ջրերով…
Ասելու ոչինչ ունեմ: Ասում եմ՝ Սասնա լեռներից մենակ մնացած վիրավոր ֆիդային օգնու­թյուն է կանչում: SOS է հնչեցնում գիտնականը. «Ոչնչացման վտանգի տակ են մեր գյուղերն ու քաղաքները», շունչ առ, մի կում ջուր խմիր ու շարունակիր կարդալ մյուս հոդվածի վերնագիրը՝ «Ոսկին տարվելու է դուրս՝ մեր ժողովրդին թողնելով պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը»:
Քիչ է ասել, թե վտանգված է ժողովրդի գոյաբանությունը: Օրը ցերեկով, մեր աչքի առաջ պայթուցիկներ են դրվում մեր տան բոլոր ան­կյուններում: Ո՞վ է ստիպում, և ի՞նչն է ստիպում, որ մեր կառավարությունը թույլ է տալիս Ամուլսարի հանքավայրից տարեկան արդյունահանվի ու մշակվի տասը միլիոն տոննա հանքաքար: Այն դեպքում, երբ նման հանքավայրերը իրեն հարգող երկրներում շահագործման են հանձնվում 150-200 տարվա ընթացքում: Կամաց-կամաց: Ուր 10 տարին և ուր 200 տարին: Մի՞թե դա ցեղասպանության շարունակու­թյուն չէ: Եկել և քամելու են քո երկիրը, ոսկին տանելու են, մեզ են թողնելու պոչամբարներում կուտակված մահաբեր թույնը՝ ծանր մետաղներն ու թունահարույց տարրերը՝ ուրանով հանդերձ: Գիտնականը շեշտում է՝ սա վկայում է, որ մեր ժողովրդին պատկանող հարստությունը շահագործվելու է թալանչիական եղանակով, բարբարոսաբար, շատ արագ՝ թունավորելով շրջակա միջավայրը: Ու լսում ես Հրաչյա Ավագյանի ձայնը. «Սա ի՞նչ թշնամություն ու ավազակություն է մեր ժողովրդի հանդեպ, ո՞վ է այս թշնամության հեղինակը, ի՞նչ հեռահար նպատակներ են հետապնդում այն անձինք, ովքեր ջուր են լցնում թուրքի ջրաղացին»:
Ի՞նչ է հիմա կատարվում մեր փոքրիկ Հայաստանում: Թվում է, թե ցեղախմբերի արշավանք է: Գիշեր-ցերեկ գալիս ու գալիս են: Գալիս ու անկախության դասեր են տալիս: Մենք չէ, որ մեզ հին, քաղաքակիրթ ազգ ենք համարում: Ամեն ինչ ոտնուգլուխ էնպես է խառնվել, որ չենք էլ հասկանում, թե ով է ղեկավարում անկախություն նվաճած մեր երկիրը: Ամեն ինչ որոշող կադրերը վաղուց են անիծել ժողովրդի հերը՝ ցաքուցրելով աշխարհով մեկ: Ո՞ւմ անշնորհք շնորհքի շնորհիվ է, որ այսօր է՛լ ավելի առատորեն է դատարկվում Հայաստանը: Վախը, դողը ընկել է ժողովրդի մեջ: Հեռանալ… Սա հենց Պատերազմ է. ոչ թե զենք ու զորքով են մտնում Հայաստան, այլ ընդամենը ոսկեբեռ մի սար նվաճելով ամայացնում են այդ շրջանը: Դրա համար են սյունեցիները կարողանում ըմբոստանալ: Որովհետև նրանց ստիպում են դուրս գալ թեկուզ պապենական՝ տոհմականչ տնից, հարազատ եզերքից: Նոր հանքավայրեր պիտի շահագործման հանձնեն: Մի քանի հոգի պիտի հարստանան, հարստանան: Ի՞նչ հրաշալի է եղել, երբ նորապսակները մատանիներ են փոխանակել, իսկ հիմա ոչ թե ոսկե սարեր են խոստանում, այլ միանգամից նվիրում են: Ունենում ես, քոնն է լինում և այն նվիրում ես՝ ում ցանկանաս: Ու հիմա շատ կանայք ունեն սեփական ոսկու հանքեր, ոչինչ, որ գոյամարտի տարիներին արյուն թափած կանայք այսօր դեղի փող չունեն: Մենք պառակտվել ենք, մենք ձուլված չենք իրար: Փրկության ոչ մի ափ չի երևում: Կեղեքվում է ժողովուրդը:
Փորձիր մտնել հայոց բնության մեջ. էլ ի՞նչ բնություն, ի՞նչ բնապահպանություն: Հայ մարդը վաղուց է զրկված իր բնությանը ձուլվելու երջանկությունից: Բնությունը հիմա իր պարտքն է տալիս, որ էս խելոքների ապուպապերը ժամանակին տվել են բնությանը: Էս հաստագլուխները վերցնում, հա՛ վերցնում են, գերում-քերթում են բնությունը: Սրանք ի վիճակի են ամեն ինչ անել, անգամ գետեր շրջել, գետերի հունը փոխել: Մարտունու հինգ գյուղերի ծարավ հագեցնող, հողերին աչքի լույս տվող, բնակիչների հույս ու հավատի աղբյուր Ագրիջա գետի հունը փոխել, շուռ տալ դեպի Եղեգնաձոր… Օ՜, ՀԷԿ է կառուցում, ո՞վ կարող է ծպտուն հանել: Օլիգարխները կարողանում են հաղթել ամենուր, հաղթել հենց օրենքին: Հիշո՞ւմ եք՝ հենց օրումեջ կամ ժամ ու մեկ լսում էինք, թե Սևանն ամիսն էսքան կամ տարին էսքան պիտի բարձրանա իր բոյբուսաթով: Ո՞ւր է, լավ տղերքը ավելի հզոր դուրս եկան, քան պետությունն է մեր անկախ, հայոց կառավարությունն է իր եռագույն դրոշով ու պատի մե՜ծ ժամացույցով: Լավ տղերքից մեկն էլ, ըստ փաստաթղթերի, տեղեկանքների, Երևանում աշխատել է որպես Հայաստանի նախագահ, կարողացել է պահպանել իր ընտանիքի գոյու­թյունը, փոքրիկ-փոքրի՜կ խնայողություններով Սևանում կառուցել է իր դղյակը: Հազար Սևան էլ լինի՝ ինքը չի թողնի, որ իր պալատին մի բան պատահի: Օլիգարխների հետ ինքն էլ կպայթեցնի Սևանն էլ, կառավարությանն էլ հետը: Էլ ես ի՞նչ ասեմ, ամենուր ապականություն է: Հեշտ ու հանգիստ ասում ենք՝ ո՞ւր է առաջվա Ծաղկաձորը, ո՞ւր է առաջվա Արարատյան դաշտավայրը, հրաշալի հրապարակագիր Վրեժ Առաքելյանը ցավով է նկատում, որ Արտաշատի կործանումը, որպես հայկական քաղաքակրթության այլակերպման նախերգանք, ուշքի է բերելու բոլորիս: Դաշտն արդեն փոխում է իր հագուկապը: Մխչյան գյուղից մինչև Երասխավանի ձկնաբուծարանները գլխիվայր շուռ է եկել դաշտի դասական պատկերը: Եվ ի՞նչ ասես էն իշխողներին, ում պատճառով այլակերպվեց Երևանի դեմքը: Ինչո՞ւ չեն անհանգստանում Երևանի քաղաքագլխից մինչև մեծարգո նախագահ, ամեն մի ճարտարապետ ու շինարար, երբ ասում-գրում են, որ փոքրիկ երկրաշարժի դեպքում Երևանի կենտրոնը կկորցնի իր կառույցների 82 տոկոսը, և 300 հազար զոհ կունենանք:
Ասես հին ու նոր ցավեր քիչ ունենք, հիմա էլ ներխուժել են աղանդավորները, որոնք հաշվվում են հարյուր հազարներով: Աղանդավորականները ՀՀ-ում հողեր են գնում, որ հետո դառնում են աղանդավորական տվյալ կառույցի սեփականությունը: Ի՞նչ է նշանակում. մեր փոքրիկ-փոքրիկ երկրում հուսահատ ժողովրդին բաժին հանել 350 հազար աղանդավոր, երբ երկրաշարժից առաջ 6 հոգի են եղել: Ինչո՞ւ չենք դիմում մեր Վեհափառին: Տարիներ առաջ նամակ էի գրել Վեհափառին՝ «Հոտդ անտեր մի՛ թող, տեր հովիվ» վերնագրով: Շատերը գոհ մնացին: Եղան նաև նեղացողներ, ասացին՝ ում ուզում ես քննադատիր, բայց չի կարելի Վեհափառին անհանգստացնել: Ուրիշ մարդ չէի տեսնում, որ դիմեի: Մեր վիճակն էի նկարագրել ու խնդրել. «Հովվապետ, ո՞ւր է մեր փրկչական աղոթքը, հոտիդ աղոթքի հանիր»: Իսկ այսօր շատ ու շատացել են աղանդավորականները: Մեր ցավը մեկ ու երկուս չէ: Ու արդեն տեսնում ենք նրանց, ովքեր պարզապես կուլ են տալիս երկիրն ու ժողովրդին: Փրկվել է հարկավոր: Պիտի խոնարհվենք հայի անունը բարձր պահած բոլոր զոհերի առջև և նույն պահին հիշեցնենք թալանչիներին, գողերին, որ ժամանակն է դարձի գալ, այլապես չեք արժանանա Աստծու ողորմությանը: Դառնամ ողորմի չտամ… Կարողանանք «չտամ» բառից ջնջել «չ» ժխտականը:

Հ.Գ. Ուզում էի ավարտել դեռ ասելիք ունեցող խոսքս, երբ ձեռքս ընկավ նույն Հրաչյա Ավագյանի մեկ այլ հոդված՝ «Գրեթե համլետաբար՝ կառուցե՞լ, թե՞ չկառուցել», որն հիշեցնում է, որ մետալուրգիական գործարանների կառուցումն ունի ռազմական ու ռազմավարական նշանակություն:
Պիտի փորձենք փրկվել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։