Մեր մանկագրությունը մի տարով էլ «մեծացավ», ու նրա «երիտասարդացման»՝ բազմիցս հնչեցրած մտահոգությունն, ըստ էության, այդպես էլ չի իրականանում: Կրկին «մանկագրության մոլորակի» հիմնական բնակիչները «հին» և միջին սերնդի գրողներն են, ովքեր արդեն հատել են 60-80-ի սահմանագիծը և 2015-ին էլ ընթերցողներին ներկայացան իրենց նոր գրքերով՝ մասնավորապես «Ծիծեռնակ» հրատարակչության ջանքերով. Սուրեն Մուրադյանն իր «Ուրախ հատընտիրով», որտեղ ներառված է իր ապրած տարիները խորհրդանշող 85 բանաստեղծությունների ու հանելուկների մի փունջ, Էդվարդ Միլիտոնյանն իր «Բարձերի կռիվով»՝ հյուսված ընթերցողներին երևակայական-հեքիաթային զվարճալի մի նոր աշխարհում պահելու եզակի ստեղծագործական տարերքով, Երվանդ Պետրոսյանն այս անգամ երեխաներին նվիրել է «Թիթեռաբույլ»՝ դրսևորելով թիթեռագետի իր տաղանդը՝ մանրադիտակով զննել ու երևակել է այդ «նրբաթև, ոսկեփայլ, նախշանկար» փոքրիկ էակի «բնավորության» ու վարքագծի, գունագեղ առօրյայի «թրթիռները», Ռուզան Ասատրյանն իր «Կոկոս փղիկի» հետաքրքրաշարժ արկածներով, Վազգեն Առաքելյանը՝ «Խռովկան ելակով»՝ ժողովրդական բանահյուսվածքների հեղինակային հաջողված մշակմամբ, Նունե Գրիգորյանը՝ «Փիսիկն ու արևի շողիկը» գրքով, Արզուման Այվազյանը՝ «Հեքիաթի արքայադուստր»-ով, Սամվել Մարգարյանը՝ «Շշնջում են ծաղիկները» ժողովածուով… «Ծիծեռնակը» չի մոռացել մեր մանկագրության երախտավոր Էդուարդ Ավագյանին՝ ի հիշատակ ներկայացնելով անտիպ և ընտրանի բանաստեղծությունների «Չորս քույրեր» ժողովածուն: Տարիների ընդմիջումից հետո «մանկագրության մոլորակ» են վերադարձել Հռիփսիմէն՝ «Ուրախությունը, տխրությունը և հույսը» հեքիաթների գրքով (այն անցած տարի արժանացավ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակին), Սամվել Կոսյանը՝ «Ամենատխուր և ամենաուրախ քառասունոտնուկը» արկածային վիպակով: «Հների» տարեկան այս ստեղծագործական «հունձքում» կարելի է առանձնացնել միջին սերնդի մանկագիր Սաթենիկ Ղազարյանին, ով պատմվածքների, հեքիաթների, պիեսների իր նախորդ հետաքրքիր ժողովածուներից հետո 2015-ը «փակեց» «Գիշերային երգիչը» հեքիաթագրքով: Մանկագրության սերնդային նույն «միջնատարածքում» իր նորամուտը նշեց բանաստեղծուհի Հասմիկ Աջամյանը՝ «Պինգ Վինը» հեքիաթների ժողովածուով: Եվ «երիտասարդացման» մի նվազ համալրում՝ Էսթերն իր «Էսթերի հեքիաթները» անձնախորագրված գրքույկով, առաջին անգամ որպես մանկագիր ներկայացող, Նարինե Ավագյանը՝ իր խոսքերով, ոչ ավելի, ոչ պակաս, «աշխարհի բոլոր երեխաներին» հասցեագրված «Մանկության մոլորակով»… Ահա հիմնականում այսպիսի մանկական «հունձք»՝ հրատարակված պետական աջակցությամբ կամ հեղինակների միջոցներով:
Ու այս ամենի շարքում վերջապես մի գիրք, որ մեր թվարկած «հեքիաթակերտ», «բուսակենդանագրական» գրքերի չարչրկված աշխարհից մանուկ ու տարեց ընթերցողներին տեղափոխում է ազգային ցավի ու անմար հիշողության կենսադաշտ՝ ներկայացնելով Եղեռնի դժնդակ տարիներին բնօրրանից տեղահանված հայ որբուկների «մահվան թափորը»՝ արևակեզ անապատում, ավազե «գրատախտակին» նրանց սերտած «հայերենի հերթական դասը»: Հենց այսպես էլ կոչվում է «Հայաստան» հրատարակչության կողմից լույս ընծայված ծավալուն պատմվածքը, որի հեղինակն անվանի արձակագիր Մկրտիչ Սարգսյանն է:
Վերջին մեկ-երկու տարիներին այս «բերքի» մեջ նաև թարգմանական «հատիկներ» կան: ՀԳՄ-ի, մեր առանձին հրատարակչությունների, հատկապես «Ծիծեռնակի» ջանքերով մանկագրությունը կամաց-կամաց դուրս է գալիս ներազգային «փակ խեցուց»՝ նաև արտերկրների նշանավոր մանկագիրների լավագույն ստեղծագործությունները հայ մանուկ ու պատանի ընթերցողներին և մերոնց ուշագրավ գործերն էլ թարգմանաբար օտարներին հասու դարձնելու առումով: Նախորդ երկու-երեք տարիներին այդպիսի երկկողմանի քայլեր արդեն արվել են: Այլ երկրներից այդ ճանապարհով հայ երեխաներին են «այցելել» «Կարմիր թռչունի առասպելը» ժողովածուն, որտեղ տեղ են գտել եվրոպական ազգերի լավագույն մի քանի մանկագիրների հեքիաթներն ու պատմվածքները՝ Արամ Արսենյանի թարգմանությամբ, բուլղարացի արձակագիր Վրբան Ատամատովի «Պատմվածքներ և զրույցներ ծովից» գիրքը (բնագրից թարգմանել է Մարգարիտ Թերզյանը), պարսիկ մանկագիրների պատմվածքների ժողովածուն (թարգմ.՝ Վրեժ Փարսադանյան), «Չուվաշական հեքիաթները» (ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը), «Զանգակ» հրատարակչության նախաձեռնած «Մանկապատանեկան գրականության մատենաշարը»՝ անգլիացի անվանի մանկագիրների ստեղծագործությունների ներառումով և այլն:
Անցյալ տարի էլ հայ ընթերցողները հյուրընկալել են բուլղարացի դասական գրող Էլին Պելինին՝ «Յան Բիբյան» արկածային վիպակով, բելառուս մանկագիր Ալեիս Կոռլյուկևիչին՝ «Սկյուռիկը գրում է շարադրություն» հեքիաթների գրքով…
Հայ մանկական մի շարք գրողների գրքերն էլ ներկայացվել են այլազգի ընթերցողներին: Երևույթ էր «Ծիծեռնակ» հրատարակչությամբ ռուսերեն լույս տեսած «հՍՈջՍՌ Ռ ՐՈրրՍՈջօ Պսÿ ՉջՐՏրսօւ Ռ ՊպՑպռ» ժողովածուն, Սուրեն Մուրադյանի «Հեքիաթները» մոսկովյան «Դետսկայա լիտերատուրայի» հրատարակությամբ, Էդվարդ Միլիտոնյանի «Արևային ճուտիկները»՝ ուկրաիներեն, հեքիաթ-վիպակների ընտրանին՝ ռուսերեն, «Օդեղեն տունը»՝ բելառուսերեն…
Ազգամիջյան «մանկական» այս հաղորդակցությունը չափազանց կարևոր է համամարդկային արժեքների փոխճանաչման, խաթարված գրական-մշակութային կապերի վերականգնման ու զարգացման ճանապարհին:
Վերջին տարում հրատարակված մանկական գրքերին այս հոդվածում մենք հանգամանալից բովանդակային անդրադարձի նպատակ չունենք: Հիշատակված մանկագիրների նոր գրքերի ծնունդը, անշուշտ, ողջունելի է, և դրանց շատ էջեր, հավատում ենք, ընթերցողները սիրով կընդունեն: Մտահոգիչն այլ խնդիր է: Երևի նկատվեց, որ նորածին գրքերի (հատկապես՝ արձակ) մեծ մասի ժանրային այցեքարտը… հեքիաթն է, և հեղինակները հիմնականում մանուկ ընթերցողներին հեքիաթով են «կերակրում», լավագույն դեպքում՝ բանաստեղծություններով: Թող չտպավորվի, որ դարերի կյանք ունեցող այդ ժանրը մեր ժամանակների երեխային հարկավոր չէ: Այո՛, ինչպես Հռիփսիմէն է իր գրքում իրավացիորեն հաստատում՝ «երբեք հեքիաթները չեն ծերանում»: Բայց մեր մտահոգությունը վերաբերում է նորօրյա հեքիաթների բովանդակությանը և… դրանց «հերոսներին»: Եթե Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շարլ Պերոյի, Աստրիդ Լինդգրենի, առավել ևս՝ Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և այլոց հանրահայտ լավագույն հեքիաթների հերոսները մանկանց սերունդներին խիզախության, հավատարմության, բարության, աշխատասիրության և մնայուն այլ արժեքներով կյանքում առաջնորդվելու «դասեր» էին ավանդում, ապա նորօրյա՝ հիմնականում պարզունակ նկարագրություններով հեքիաթների մեծ մասի գլխավոր «հերոսները»… կենդանիները, թռչուններն ու բույսերն են, և իրենք են չափազանց միամիտ, շրջապատող աշխարհից անտեղյակ մանչուկներին ուսուցանում աշխարհաճանաչողության այբուբենը: Հիշեցնեմ մեր թվարկած գրքերից մի քանիսի «բուսակենդանական» խորագրերը՝ «Խռովկան ելակը», «…Քառասունոտնուկը», «Կոկոս փղիկը», «Պինգ Վինը», «Գիշերային երգիչ» ծղրիդը… Իսկ թե «ներս մտնենք», այդ գրքերում երեխաներին «դաս» են ավանդում այդ նույն շնչավոր ու անշունչ «հերոսները»… Այլ կերպ ասած՝ մեր մանկագիրները, թվում է, հիմնավորապես «բարեկամացել» են միայն նրանց ու «օրորոցային» կամ նախադպրոցական տարիքի երեխաների հետ, իսկ ահա, որքան էլ տարօրինակ է, նրանցից շատերը, համենայն դեպս՝ 2015-ին, չեն փորձել «բախել» դպրոցական ցածր և կրտսեր տարիքի մանկանց աշխարհի դռները: Ըստ էության, այս հասակի երեխաներն իրենց առօրյայով ու հետաքրքրություններով դուրս են մնում մեր գրողների տեսադաշտից: Երեխաներ, ովքեր նախորդ սերունդների իրենց հասակակիցներից «մի գլուխ բարձր են», առավել տեղեկացված ու հասու շրջապատող աշխարհի երևույթները նոր ժամանակների մտածողությամբ ու հոգեբանությամբ ընկալելու և յուրովի մեկնաբանելու առումով: Ովքեր աշխարհին նայում են նաև համացանցի «աչքերով»՝ քաջատեղյակ «մեծական» շատ հարցերի, և, ինչու չէ, հաճախ հենց իրենք են «դասեր» տալիս մեզ՝ ավագներիս:
Ու ակամայից այս առիթով ստիպված ենք կրկին բարձրաձայնել ևս մի հուզող խնդիր, որ մեր մանկագրության «բաց տարածքներից» է: Այդպես էլ չեն ծնվում մեր ժողովրդի նորագույն ժամանակների կարևորագույն իրադարձություններին, առաջին հերթին՝ Արցախյան ազատամարտին ու ազգանվեր հերոսներին, հայոց սահմաններն անառիկ պահող անձնուրաց զինվորներին նվիրված մանկական գրքեր, այդպես էլ մեր երեխաների առօրյա կյանքը դպրոցում, շրջապատող միջավայրում, ընտանիքում գեղարվեստական լուրջ արտապատկերում չի գտնում մեր մանկագիրների ստեղծագործություններում՝ նրանց մտածողությանն ու հոգեբանությանը համահունչ ներհյուսվածքով:
Եվ վերջում՝ մանրուք թվացող մի դիտարկում. տեսեք, թե ընթերցողներին ինչպես են այդ գրքերի հանձնարարականներն (անոտացիա) ուղղորդում, ավելի ճիշտ՝ ապակողմնորոշում, առանձին հեղիակներ կամ հրատարակչություններ՝ ինքնամեծարումի կանխակալ այսպիսի «ձոներգային» բառերով… «Ուրախ կլինեմ՝ եթե իմանամ, որ ձեր բալիկների շուրթերից երբևէ հորդում են իմ մանկության գունագեղ անձրևները» («Մանկության մոլորակը»), «Գիրքը… արտասովոր է իր կերպարներով» («Ուրախությունը, Տխրությունը և Հույսը»), «…Այն համով-հոտով մշակումների գիրք է» («Խռովկան ելակը») և այլն:
Ահա այսպիսի ուրախ, տխուր, բայց և մեր «մանկագրական մոլորակում» նոր, ավելի լավ գրքերի հետ այս տարում հանդիպելու հույսով էլ ավարտում եմ այս հոդվածը: